«Նիկոլը թող չհամարձակվի իր կողմից Արցախի վաճառելը ծախի մեզ վրա, այն էլ՝ կեղծ թղթադրամներով». Մետաքսե Հակոբյան

Նիկոլ Փաշինյանը նախընտրական ամբողջ քարոզարշավի ժամանակ, խոսելով Արցախից բռնի տեղահանված արցախահայերի մասին, հայտարարում է, թե՝ «Հայաստանում կան ուժեր, որոնք չեն ցանկանում, որպեսզի արցախահայերը տնավորվեն Հայաստանում»։

Այս նույն միտքը նա այսօր կրկնեց նաև Մալաթիա-Սեբաստիայում քարոզարշավի ժամանակ՝ ասելով, որ արցախահայերի համար միլիոնների ծրագրեր են իրականացնում Հայաստանում։

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ Հայաստանում, բացի ՔՊ-ից, չգիտի որևէ քաղաքական ուժ, որը դեմ է, որպեսզի արցախահայերը մնան Արցախում։

«Ակնհայտ է, որ այս ուժը հենց Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժն է, այսինքն՝ ՔՊ-ն, որովհետև իրենց հորինած և հանրությանը ներկայացրած միլիոնավոր ծրագրերն իրականում փուչիկ է։ Արցախահայերին որևէ առարկայական աջակցություն, եթե իհարկե համարում է, որ հանուն աջակցության պետք է արցախահայերը ապրեն Հայաստանում, ապա որևէ այդպիսին՝ գոյություն չկա։ Մարդիկ այսօր կանգնած են բնակարանային անլուծելի խնդրի առաջ, չունեն նաև աշխատանք։ Հիմա նրանք ավելի վատ վիճակում են, քան նոր տեղահանված ժամանակ, որովհետև սկզբում մարդիկ իրենց խնայած գումարներով են իրենց գոյությունը պահել»,- 168.am հետ զրույցում ասաց Մետաքսե Հակոբյանը։

Կարդացեք նաև

Ըստ նրա, արցախահայերը բազմաթիվ հարցեր ունեն ՀՀ իշխանությանը, թե ուր են մսխվել այն գումարները, որոնք, հայտարարվել է, թե իբր տվել են արցախահայերին։

«Նիկոլը թող չհամարձակվի իր կողմից Արցախի վաճառելը ծախի մեզ վրա, այն էլ՝ կեղծ թղթադրամներով, իր արտահայտությունները հենց սրա մասին են։ Այն բոլոր դավադրությունները, որոնք կազմակերպվում են, կազմակերպվում են Նիկոլ Փաշինյանի և իր թիմի կողմից, այլ ուժի կողմից դավադրություն չկա։ Բոլոր ազգային ուժերը, կազմակերպություններն ունեն նույն խոսույթը, որ արցախահայերը պիտի ապրեն ՀՀ-ում և պիտի ապրեն արժանապատիվ՝ մինչև Արցախ՝ իրենց բնօրրան վերադառնալը»,- հավելեց Մետաքսե Հակոբյանը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե՝ արցախահայերի վերադարձի հարցը մեկընդմիշտ փակել է, և Ադրբեջանի հետ այդ առումով կա համաձայնություն՝ «փախստականների հարցը փակելու վերաբերյալ», մեր զրուցակիցը նկատեց՝ ցանկացած պարագայում ու ընտրությունների ցանկացած ելքի դեպքում որևէ մեկը չպետք է համարի, թե արցախահայերի վերադարձի հարցը փակված է կամ Արցախի հարց գոյություն չունի։

«Եթե Արցախի հարցը փակված լիներ, Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի բռնապետը անդադար չէին խոսի դրա մասին, նրանք այդ մասին շատ լավ գիտեն։  Արցախի հարցի փակված չլինելու մասին միայն մենք չէ, որ խոսում ենք։ Դրա վերաբերյալ աստիճանաբար ավելի շատ հայտարարություններ են անում միջազգային հանրության երևելի դեմքեր, կազմակերպություններ։ Ինչ վերաբերում է «երկուստեք վերադարձին», այս խոսույթը Նիկոլ Փաշինյանն է օրակարգ մտցրել, որովհետև Ադրբեջանը լավ գիտի, որ արցախահայերի Արցախ վերադառնալու հարցը որևէ կապ չունի խորհրդային տարիներին Ադրբեջան տեղափոխված ադրբեջանցիների հարցի հետ։ Այնպես որ, մեր ժողովուրդը թող լավ հասկանա, թե սրանց վերարտադրվելու պարագայում ինչ աղետներ են սպասվելու մեր երկրին»,- ընդգծեց Մետաքսե Հակոբյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930