
«Ցնցումների մեջ են… Խայտառակ դավաճանություն է եղել». Գագիկ Մինասյան
ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանն այն կարծիքին է, որ գործող իշխանությունների լարվածությունը պայմանավորված է մեկ բանով՝ «զգում են, որ հողն իրենց ոտքերի տակ այրվում է»:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում նա նշեց, որ իշխանություններն էլ են զգում՝ ամեն չարիք, վերջիվերջո, բացահայտվում է. «Ժողովուրդը զարթնում է այն թմբիրից, որի մեջ իրեն գցեցին 2018թ., և հասկանում է, թե ինչ ահավոր իշխանություն է իր գլխին: Ճնշող մեծամասնությունն արդեն հասկացել է, դրա համար իրենք ցնցումների մեջ են»:
Մինասյանի դիտարկմամբ՝ գործող իշխանությունները «շպագատ են իջել» իրենց իշխանությունը պաշտպանելու նպատակով. «Ով կերաշխավորի իրենց իշխանությունը՝ նրանք այդ օտարերկրյա ուժերի հետ էլ կհամագործակցեն, միայն թե իշխանությունը պահպանեն»:
Նրա նշեց, որ ՀՀԿ-ն այս իրավիճակում իշխանափոխություն է առաջարկում, որով ըստ Գագիկ Մինասյանի՝ ամեն ինչ կփոխվի. «Մենք կվերադառնանք այն հարաբերություններին, որ ունեինք մեր բնական դաշնակիցներ Իրանի և Ռուսաստանի հետ, և տարածաշրջանում փորձելու ենք վերականգնել այն դիրքը, որն ունեցել ենք, երբ ունեցել ենք ճիշտ արտաքին քաղաքականություն»:
Դիտարկմանը՝ այն ժամանակ Հայաստանը տարածաշրջանում գործոն էր, որովհետև Արցախը հայկական էր, իսկ հիմա գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ, նա արձագանքեց. «Իրավացի եք, բայց Հայաստանը գործոն չէ ոչ միայն այդ պատճառով, այլ որովհետև ապազգային քաղաքականություն է վարում և՛ ներսում, և՛ դրսում: Եթե նույնիսկ այս իրավիճակում մեր պետության ներսում և մեր հարևանների հետ վարենք ճիշտ քաղաքականություն, էապես կփոխենք իրավիճակը: Ինչ վերաբերում է Արցախին, ապա Արցախի խնդիրն իսկապես խայտառակ դավաճանության արդյունք է, բայց ես շատ հեռու եմ այն մտքից, որ այդ խնդիրը փակված է հավերժ, ո՛չ: Կան չափազանց հզոր հիմքեր, որպեսզի հասնենք նրան, որ արցախահայությունն անվտանգ և ապահով կյանքը շարունակի Արցախում, որովհետև այնտեղ տեղի է ունեցել էթնիկ զտում»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում