ԵՄ-ն ժամանակավորապես վերացնում և կրճատում է հայկական ապրանքների մաքսատուրքերը. ի՞նչ է նախատեսում նոր կարգավորումը և որոնք են ռիսկերը
Եվրոպական խորհրդարանն այսօր տեղի ունեցած լիագումար նիստում ձայների 583 կողմ, 49 դեմ և 39 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց «Հայաստանից Եվրոպական միություն արտահանվող ապրանքների համար ժամանակավոր առևտրի ազատականացման միջոցների վերաբերյալ» զեկույցը։ Խոսքը Եվրոպական հանձնաժողովի կողմից ներկայացված՝ 2026/0189(COD) օրենսդրական նախաձեռնության մասին է, որի նպատակն է ժամանակավորապես հեշտացնել հայկական ապրանքների մուտքը ԵՄ շուկա՝ Հայաստանի արտահանողների համար ստեղծված դժվարությունների պայմաններում։
Նախաձեռնության հիմքում, մասնավորապես, դրված են 2026 թվականի մայիսից և հունիսից Ռուսաստանի կողմից հայկական մի շարք արտահանվող ապրանքների նկատմամբ սահմանված և ընդլայնված սահմանափակումները։ Եվրոպական հանձնաժողովի ներկայացրած հիմնավորման համաձայն՝ սահմանափակումները վերաբերում են, մասնավորապես, կոնյակին, գինուն, հանքային ջրին, գյուղատնտեսական արտադրանքին, ինչպես նաև որոշ հայկական ապրանքների՝ Ռուսաստանի տարածքով տարանցմանը։
ԵՄ գնահատմամբ՝ այդ քայլերը սահմանափակել են Հայաստանի մուտքը ավանդական շուկաներ, խաթարել են ձևավորված մատակարարման շղթաները և բացասաբար ազդել հայկական արտադրողների ու արտահանողների, հատկապես փոքր և միջին ձեռնարկությունների ու գյուղատնտեսական արտադրողների վրա։
Ի՞նչ է նախատեսում նոր կարգավորումը
Առաջարկվող կարգավորման առանցքային դրույթը հայկական ծագում ունեցող ապրանքների համար ԵՄ ներմուծման մաքսատուրքերի ժամանակավոր նվազեցումն ու վերացումն է։ Առաջին խումբը ներառում է այն ապրանքները, որոնց համար նախատեսվում է արժեքային մաքսատուրքերի ամբողջական ազատում։ Դրանք ներառված են կարգավորման առաջին հավելվածում։ Ցանկն ընդգրկում է գյուղատնտեսական ու պարենային ապրանքներ, հումք, քիմիական արտադրանք, կաշվե և տեքստիլ արտադրանք, մեքենաշինական և էլեկտրատեխնիկական արտադրանք, կահույք, խաղալիքներ և մի շարք այլ ապրանքատեսակներ։
Գյուղատնտեսական ապրանքների շարքում ներառված են, մասնավորապես, կարտոֆիլը, լոլիկը, սոխը, կաղամբը, գազարը, պղպեղը, սմբուկը, սունկը, սպանախը, լոբազգիները, տարբեր տեսակի մրգերն ու հատապտուղները, ընկույզը, նուշը, պիստակը, չրերը, մեղրը, քինոան և այլ արտադրանքներ։ Ցանկում ներառված են նաև վերամշակված սննդամթերք, ձկնամթերք, որոշ մսամթերք, կաթնամթերք, բուսական և կենդանական յուղեր, գինու արտադրության որոշ ենթամթերքներ, կերեր և այլ ապրանքներ։
Միաժամանակ առաջարկը նախատեսում է որոշակի բացառություններ, այսինքն՝ բոլոր ապրանքների նկատմամբ արտոնությունը ավտոմատ և անսահմանափակ կերպով չի կիրառվելու։ Երկրորդ բաղադրիչը վերաբերում է ութ գյուղատնտեսական ապրանքների, որոնց համար մաքսատուրքերի վերացումը նախատեսվում է ոչ թե անսահմանափակ ծավալով, այլ ԵՄ-ի սահմանած սակագնային քվոտաների շրջանակում։ Դրանց թվում են՝ վարունգը և թթու վարունգը, խաղողը, տանձը, ծիրանը, բալը, դեղձը և նեկտարինը, սալորը, ելակը։
Կարգավորումը միաժամանակ սահմանում է մի շարք պայմաններ, որոնց չկատարման դեպքում ԵՄ-ն կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել արտոնությունները։ Հայաստանը պետք է պահպանի ապրանքների ծագման կանոնները և ապահովի անհրաժեշտ մաքսային ու վարչական համագործակցություն ԵՄ-ի հետ։ Սա կարևոր է, որպեսզի արտոնյալ ռեժիմից օգտվեն հենց հայկական ծագում ունեցող ապրանքները և բացառվի երրորդ երկրների ապրանքների՝ Հայաստանի միջոցով ԵՄ շուկա արտոնյալ մուտքը։
Բացի դրանից, Հայաստանը պարտավորվում է չսահմանել նոր մաքսատուրքեր կամ դրանց համարժեք վճարներ ԵՄ-ից ներմուծվող ապրանքների նկատմամբ, չավելացնել գործող մաքսատուրքերը և չմտցնել նոր քանակական կամ այլ սահմանափակումներ ԵՄ-ի հետ առևտրում, բացառությամբ պատշաճ հիմնավորված և ԵՄ-ին ծանուցված դեպքերի։ Եթե ԵՄ-ն արձանագրի պայմանների չկատարում, Եվրահանձնաժողովը կարող է համապատասխան ընթացակարգով ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել արտոնյալ ռեժիմը։
Նախատեսվող կարգավորման մեկ այլ կարևոր հատվածը պաշտպանական մեխանիզմն է։ Եթե հայկական ապրանքների ներմուծումը ԵՄ շուկա այնպիսի ազդեցություն ունենա, որը վնասում է կամ կարող է լրջորեն վնասել նույնատիպ կամ անմիջականորեն մրցակցող ապրանքներ արտադրող եվրոպական արտադրողներին, Եվրահանձնաժողովը կարող է հետաքննություն սկսել և անհրաժեշտության դեպքում կիրառել պաշտպանական միջոցներ։
Այս մեխանիզմը ցույց է տալիս, որ ԵՄ-ն հայկական արտադրանքի համար բացվող լրացուցիչ հնարավորությունը դիտարկում է ոչ թե որպես անվերապահ և անսահմանափակ ազատականացում, այլ որպես ժամանակավոր արտոնություն։ Կարգավորման համաձայն՝ այս ամենը պետք է ուժի մեջ մտնի Եվրոպական միության պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու հաջորդող օրը և կիրառվի երկու տարի։
Այսինքն՝ խոսքը մշտական առևտրային համաձայնագրի կամ ԵՄ-ի կողմից Հայաստանի համար անժամկետ մաքսային արտոնությունների սահմանման մասին չէ։ Այն ժամանակավոր և բացառիկ միջոց է, որը ԵՄ-ն հիմնավորում է Հայաստանի առևտրային միջավայրի արտակարգ փոփոխությամբ և հայկական արտահանողների առջև առաջացած խնդիրներով։
Գործնական առումով այս որոշման նշանակությունը Հայաստանի համար մի քանի ուղղությամբ է։ Առաջինը՝ այն կարող է նվազեցնել հայկական ապրանքների՝ ԵՄ շուկա արտահանման մաքսային ծախսերը, այն կարող է հատկապես կարևոր լինել այն արտադրողների համար, որոնք Ռուսաստանի շուկայում կամ ռուսական տարածքով տարանցման ոլորտում առաջացած սահմանափակումների պատճառով ստիպված են վերանայել իրենց արտահանման ուղղությունները։
Միաժամանակ սա ինքնաբերաբար չի նշանակում, որ հայկական ապրանքները մեծ ծավալներով կփոխարինեն ռուսական շուկան։ ԵՄ շուկա մուտք գործելու համար պահպանվում են ծագման, որակի, անվտանգության, մաքսային և այլ պահանջներ, իսկ գյուղատնտեսական որոշ ապրանքների դեպքում գործում են նաև քանակական սահմանափակումներ։
Այդ պատճառով կարգավորման իրական ազդեցությունը մեծապես կախված կլինի նրանից, թե որքան արագ և արդյունավետ հայկական արտադրողները կկարողանան իրենք վերակողմնորոշվել։ Այս համատեքստում կարևոր է հիշել, որ Հայաստանը դեռևս 2014 թվականից ԵՄ-ի հետ օգտվում էր «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգի»՝ GSP+ արտոնյալ առևտրային ռեժիմից, որը հայկական ծագման ավելի քան 6200 ապրանքատեսակի համար նախատեսում էր ԵՄ շուկա մուտք գործելու հնարավորություն՝ զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով։ Սակայն այդ ռեժիմը Հայաստանի համար այլևս չի գործում:
Եթե GSP+ ռեժիմը շարունակվեր, ապա հայկական արտադրանքի լայն շրջանակ արդեն իսկ կունենար արտոնյալ մուտք եվրոպական շուկա, և ներկայումս նոր միջոցառումների կարիք չէր լինի։
Եթե GSP+ արտոնյալ ռեժիմը պահպանված լիներ, և դրա շրջանակում հայկական արտադրանքի՝ եվրոպական շուկա արտահանման ուղղությամբ տարիներ շարունակ հետևողական աշխատանք տարվեր, այսօր արդեն կունենայինք ԵՄ շուկայի հետ ավելի ամուր արտահանման հիմք և ձևավորված գործնական կապեր։ Այդ դեպքում ներկայիս գործընթացը շատ առումներով կարող էր ոչ թե նոր հնարավորությունների ստեղծման, այլ արդեն գործող արտահանման մեխանիզմների ընդլայնման և խորացման փուլում լինել։

