Հայաստան-Ռուսաստան. ո՞ւմ է ավելի շատ պետք Գյումրիի բազան. Անդրեյ Արեշև

Ռուսական գազի գնի բարձրացման դեպքում Հայաստանը կարող է բարձրացնել ռուսական ռազմաբազայի տեղակայման վարձավճարը, վերջերս ասել է Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Վիլեն Գաբրիելյանը:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանականի խոսքով՝ ֆինանսական պայմանների վերանայումը քննարկվել է Երևանի և Մոսկվայի միջև երկխոսության ընթացքում, քանի որ բազայի տարածքի և սպասարկման ծախսերի զգալի մասը բաժին է ընկնում ընդունող երկրին. «Եթե գազի գինը պետք է բարձրանա, ապա մենք էլ պետք է հասկանանք, թե ինչ գործիքակազմ ունենք գործընկերների հետ բանակցային գործընթացում, որպեսզի հնարավորինս զսպենք բարձրացումը»: Գաբրիելյանի խոսքով՝ բազայի վարձավճարների հնարավոր բարձրացումը միակ լծակը չէ, որը Երևանը կարող է օգտագործել Մոսկվայի հետ բանակցություններում:

Հիշեցնենք, որ 1995 թվականի մարտի 16-ի՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև ռուսական ռազմակայանի մասին պայմանագրի 19-րդ հոդվածի համաձայն՝ բազայի ֆինանսական ապահովումն իրականացնում է Ռուսաստանի Դաշնությունը։ Միևնույն ժամանակ, դրա բովանդակության ծախսերի մի մասը կրում է Հայաստանի Հանրապետությունը։ 20-րդ հոդվածի համաձայն՝ հյուրընկալող երկիրը ռուսական ռազմակայանն ապահովում է էլեկտրաէներգիայով, ջրով և կոմունալ-կենցաղային սպասարկման այլ տեսակներով։

Դժվար թե պարոն Գաբրիելյանը դա չիմանա, պարզապես ինքնագլուխ հայտարարություններ է անում։ Ավելի վաղ վերջին ճեպազրույցներից մեկի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աներկբա ակնարկել էր, որ եթե Ռուսաստանը բարձրացնի գազի գինը, ապա ինքը պատասխան քայլ կգտնի մինչև 2044 թվականը Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմաբազայի տեղակայման մասին պայմանագրի շուրջ քայլերի տեսքով, կամ էլ դրա գտնվելու համար նյութական փոխհատուցման պահանջի տեսքով։ Ինչպես և սպասվում էր՝ Փաշինյանի էսկապադներն անպատասխան չմնացին Մոսկվայում։ «Եթե Հայաստանը կարծում է, որ ռուսական բազան Հայաստանին պետք չէ, մենք թեկուզ վաղը կհեռանանք։ Բայց Հայաստանը պատրա՞ստ է դրան,- իրավիճակը մեկնաբանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ նշելով, որ Ռուսաստանը լավագույնն է ցանկանում կովկասյան երկրի բնակիչների համար և այդ հարցում հենվելու է բնակչության կամքի վրա,- Եթե հայ ժողովուրդն ուզում է, որ այնտեղ՝ կողքին, լինի ռուսական ռազմական ինչ-որ թև, ապա մենք կմնանք, կաշխատենք»։

«Ռազմաբազայի վերաբերյալ քննարկումներ չեն եղել։ Մենք այս ընթացքում երբեք այդ հարցը չենք բարձրացրել։ Եվ այնպես չէ, որ կարծում ենք, որ Հայաստանի տարածքում 102-րդ ռազմաբազայի ներկայությունը կենսական անհրաժեշտություն է»,- իր վարկածը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Երևանում չեն առարկի Մոսկվայի՝ իր ռազմաբազան դուրս բերելու որոշմանը, բայց եթե ցանկություն հայտնեն մնալ, ապա Հայաստանի իշխանությունները պատրաստ են քննարկել դա, պետք է ենթադրել՝ ոչ առանց իրենց շահի։

Ըստ ամենայնի, այս հարցը շոշափվելու է Մոսկվայում Նիկոլ Փաշինյանի ապագա բանակցությունների ընթացքում, որոնց վերաբերյալ նախնական պայմանավորվածությունները ձեռք են բերվել սեպտեմբերի 1-ին Բիշքեկում: Կարելի է ենթադրել, որ հնարավոր հանդիպման ժամկետների և օրակարգի վերաբերյալ հստակությունը կմեծանա «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի Երևան կատարած աշխատանքային այցի արդյունքում:

Մոսկվայում չեն թաքցնում հետաքրքրությունն ատոմային էներգետիկայի ոլորտում Երևանի հետ համագործակցությունը շարունակելու հարցում՝ ներառյալ հանրապետության կարիքները բավարարող նոր ԱԷԿ-ի կառուցումը, ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինի խոսքով՝ «մեկ դար առաջ նայող»։ Գործընկերների համար սա նաև անկասկած հետաքրքրություն է ներկայացնում Հայաստանում արհեստական ինտելեկտի զարգացման և զգալի քանակությամբ էլեկտրաէներգիա պահանջող տվյալների կենտրոնների տեղակայման հավակնոտ ծրագրերի համատեքստում:

Փաշինյանը վստահեցնում է, որ «ատոմակայանի կառուցման հարցը մեզ համար աշխարհաքաղաքական ընտրության հարց չէ, մեզ գինորակ լավագույն հարաբերակցությունն է պետք։ Ով մեզ ավելի լավ առաջարկ կանի, մենք կգնանք»։

Պետք է ենթադրել, որ այստեղ կա նենգության որոշակի չափաբաժին, սակայն չի կարելի չընդունել, որ 2020-2023 թվականների իրադարձությունների արդյունքում Կովկասում ուժերի դասավորվածությունը կտրուկ փոխվել է։

Երկկողմ փոխգործակցության առանցքային սյուժեները (ընտրություն ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, էներգետիկա, երկաթգծի կոնցեսիոն համաձայնագիր, ռուսական կապիտալով առանձին ձեռնարկությունների աշխատանք և, իհարկե, Հանրապետության տարածքում ռուսական ռազմաբազայի և սահմանապահների գտնվելը) պարբերաբար հայտնվում են էմոցիոնալ հասարակական քննարկումների և փողոցային աղմկոտ ակցիաների դաշտում։ Հաճախ դրանք նախաձեռնվում են իշխանությունների և նրանց հետ սերտ կապով գործող արմատական արևմտամետ քարոզիչների և ոչ կառավարական հատվածի ակտիվիստների կողմից, որոնք քիչ չեն նաև Գյումրիում։

Հենց այնտեղ՝ Թուրքիայի հետ սահմանից ոչ հեռու, տեղակայված է ռուսական 102-րդ ռազմաբազան, որտեղ ծառայություն են անցնում նաև հայ քաղաքացիները։ Օբյեկտում մշտական մարտական հերթապահություն է իրականացվում ԱՊՀ ՀՕՊ միացյալ համակարգի շրջանակներում, ինչը ներկա անհանգիստ ժամանակներում ամենևին էլ ավելորդ չի թվում։ Որոշ գնահատականներով՝ բազայի աշխատանքն ապահովում է մինչև 15 հազար աշխատատեղ։ Զինծառայողներն ու նրանց ընտանիքների անդամները կազմում են Գյումրիի բնակչության մոտ 5 տոկոսը, ինչն ազդում է նաև Հայաստանի մեծությամբ երկրորդ այս քաղաքի հասարակական տրամադրությունների վրա։

Ավիացիոն թևն արդեն ավելի քան 30 տարի տեղակայված է «Էրեբունի» (Երևանում) համատեղ բազավորման օդանավակայանում, իսկ սահմանապահների գործունեությունը կարգավորվում է առանձին համաձայնագրով։ Նրանք «Զվարթնոց» օդանավակայանից հեռացել են 2024 թվականին, իսկ մինչև 2025 թվականի փետրվարը՝ նաև Իրանի հետ սահմանի «Մեղրի» և Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետերից։

2020 թվականի 44-օրյա պատերազմի դեպքերից առաջ Գյումրիի ռազմակայանը ծածկում էր, թեկուզ խորհրդանշական, թուրքական ուղղությունը, այն դեպքում, երբ հայկական բանակի հիմնական ուժերը կենտրոնացած էին արևելյան սահմանին՝ Ադրբեջանի հետ չկարգավորված զինված հակամարտության պայմաններում։ Լեռնային Ղարաբաղում հայկական կողմի պարտությունը և 2023 թվականին երկրամասի նկատմամբ Բաքվի վերջնական վերահսկողության հաստատումից հետո ռուս խաղաղապահների դուրսբերումը չէին կարող չսրել քննարկումները Հայաստանի տարածքում ռուսական ռազմական օբյեկտների հետագա ճակատագրի վերաբերյալ, որոնք մեկուսացված էին Հարավային ռազմական օկրուգի հիմնական ենթակառուցվածքից։

Վրաստանի տարածքով տարանցման սահմանափակումները և փորձագիտական շրջանակների ակնհայտ թերահավատությունը Հայաստանում ռուսական ներկայության և դրա պատմական խորհրդանիշների նկատմամբ ենթադրում են ռազմակայանի մատակարարում անհրաժեշտ ամեն ինչով բացառապես Իրանի տարածքով։ Հարցին լրացուցիչ սրություն կարող են հաղորդել հնարավոր սադրանքները կամ լարվածության ալիքները տարածաշրջանում, որոնց խորապատկերին արտաքին ուժերի ազդեցության և տեղական համատեքստերի բախումը դառնում է առավել զգալի։

Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորումը, սահմանային կապերի վերսկսումն անխուսափելիորեն կուժեղացնեն նրանց ձայները, ովքեր Գյումրիում և Երևանում մի քանի հազար ռուս զինծառայողներին համարում են «անախրոնիզմ» և «անվերադարձ անցած դարաշրջանի խորհրդանիշ»։

Արդյո՞ք թերահավատները ճիշտ կլինեն, ցույց կտա մոտ ապագան։

Ի տարբերություն նախորդ սերնդի քաղաքական գործիչների՝ Նիկոլ Փաշինյանի «չորրորդ հանրապետությունը» ուժերի բալանսի կատեգորիաներում չի մտածում, և Ռուսաստանը՝ որպես ռազմական դաշնակից, նրան, ընդհանուր առմամբ, առանձնապես պետք չէ։ Ուստի Գյումրիում ռուսական ռազմակայանի փակումը միանգամայն հավանական սցենար է»,- կարծում է Ռուսաստանի ԱԳՆ ՄԳԻՄՕ-ի միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը։

Իրոք, չի կարելի բացառել այն տարբերակը, որի դեպքում Մոսկվան և Երևանը կպայմանավորվեն Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմակայանի մասին 1995 թվականի պայմանագրի գործողության վաղաժամկետ դադարեցման մասին, որը միակողմանի լուծման ենթակա չէ։

Միևնույն ժամանակ, ռուսական ներկայության հապճեպ դադարեցումը հազիվ թե համապատասխանի փոքր երկրի անվտանգության երկարաժամկետ շահերին, նույնիսկ Անկարա-Երևան-Բաքու եռանկյունում մնացած վիճելի հարցերի հիպոթետիկ կարգավորման դեպքում։ Պետք է ենթադրել, որ հենց Թուրքիան Ադրբեջանի հետ կշտապեն լցնել ռազմաքաղաքական վակուումը, եթե նախկին Ալեքսանդրապոլի ամրոցի վրա մի օր դադարի ծածանվել ռուսական դրոշը…

infoshos.ru

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930