Ֆիդանի խորհրդանշական այցը Բաքու՝ խաղաղության օրակարգով, բայց Շուշիի հռչակագրի ռազմական տրամաբանությամբ և անվտանգային ֆորմատների շեշտադրմամբ

Ադրբեջանում սեպտեմբերի 15-ին նշում են «Կովկասյան իսլամական բանակի կողմից Բաքվի՝ հայ-բոլշևիկյան ստորաբաժանումների օկուպացիայից ազատագրման 108-րդ տարին»:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, Թուրքիայի նախագահ Էրդողանը, բնականաբար, չի անտեսել այս օրը և շնորհավորական ուղերձ է հղել եղբայրական պետությանը:

Նույն ժամանակ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն այցելել է Բաքու և հանդիպել երկրի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, ինչը խորհրդանշական են համարել կողմերը, և ընդգծվել է, որ Բաքու-Անկարա ռազմավարական հարաբերություններն այսուհետև ևս շարունակելու են զարգանալ «մեկ ազգ, երկու պետություն» տրամաբանության մեջ:

Ալիևի և Բայրամովի հետ հանդիպումներում Ֆիդանը քննարկել է երկկողմ համագործակցությունն էներգետիկ ոլորտում, մտքեր է փոխանակել տարածաշրջանային հարցերի, մասնավորապես՝ Հայաստան-Ադրբեջան օրակարգի, «Զանգեզուրի միջանցքի» շուրջ, սակայն Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի այցի օրակարգում կարևոր տեղ են զբաղեցրել պաշտպանության և անվտանգության ոլորտները:

Կարդացեք նաև

Նշենք, որ թուրքական աղբյուրները հայտնել էին, որ սեպտեմբերի 15-16-ն իր այցի ընթացքում Ֆիդանը հանդիպելու է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ, սակայն ադրբեջանական լրատվամիջոցներն ավելի ուշ հայտնել են, որ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը Չինաստան է մեկնել՝ մասնակցելու սեպտեմբերի 15-17-ը Պեկինում անցկացվող անվտանգության և պաշտպանության հարցերին նվիրված Սյանշանյան 13-րդ ֆորումին: Ի դեպ, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ևս աշխատանքային այցով Չինաստանում է և արդեն հասցրել է հանդիպել ՉԺՀ պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունի հետ:

Վերադառնանք Հաքան Ֆիդանի Բաքվում բարձր մակարդակի հանդիպումներում պաշտպանական հարցերի շուրջ քննարկումներին: Մասնավորապես, Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը 44-օրյա պատերազմի օրերին Թուրքիայի ազգային հետախուզությունը (MIT) ղեկավարած և նաև 2020 թվականի պատերազմում Էրդողանի կողմից պարգևատրված Ֆիդանը քննարկել է Շուշիի հռչակագրում ամրագրված ռազմավարական դաշնակցային հարաբերություններին առնչվող հարցերի ամբողջ շրջանակը, որտեղ զգալի տեղ է հատկացված ռազմական և պաշտպանական հարցերին:

«Թուրքիայի և Ադրբեջանի միջև համագործակցությունը պաշտպանության և անվտանգության ոլորտում շարունակում է խորանալ: Մենք վճռական ենք առաջիկա ժամանակահատվածում ևս շարունակելու աշխատանքն այս ուղղությամբ»,- Բայրամովի հետ համատեղ ասուլիսին հայտարարել է Ֆիդանը:

Սակայն, մինչ այդ ադրբեջանցի հետ գործընկերոջ առանձնազրույցի ժամանակ նաև տարածաշրջանային անվտանգության համատեքստում քննարկում է ունեցել Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա, Ադրբեջան-Պակիստան-Թուրքիա, Ադրբեջան-Ուզբեկստան-Թուրքիա եռակողմ և քառակողմ համագործակցության ֆորմատներից:

168.amգրել է 44-օրյայում դրվեց Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան աշխարհաքաղաքական նախագծի սկիզբը: Լաչինի օդանավակայանի բացման համատեքստում սա հաստատել էր նաև Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը:

Եվ Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան դաշինքի կարևոր բաղադրիչ է ռազմական ուղղությունը, 44-օրյա պատերազմից շատ չանցած սկսեցին եռակողմ զորավարժություններ անցկացվել, այդ թվում՝ հատուկ նշանակության ուժերի ներգրավմամբ: Իհարկե, 44-օրյայից հետո ռազմավարական նշանակության ստացան նաև Պակիստան-Ադրբեջան հարաբերությունները, և դրանց ռազմական նշանակությունը մեծացավ, ըստ էության, JF -17 Block III կործանիչների մատակարարման շուրջ Պակիստան-Ադրբեջան պայմանագիրը:

Նշենք, որ Հայաստանը Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերությունների գնաց, բայց Հնդկաստանի հետ ռազմական սերտ համագործակցող Հայաստանի համար այս ֆորմատում տեղ չի կարող լինել, եթե չասենք, որ այն ինչ-որ առումով հակառակորդն է Հայաստան-Հնդկաստան դաշինքի:

Ինչ վերաբերում է Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ձևաչափին, ապա այս երկրները ևս տարբեր համատեղ զորավարժություններ են ամեն տարի անցկացնում՝ և՛ հատուկ նշանակության ուժերի մասնակցությամբ («Caucasian Eagle»), և՛ համակարգչային հրամանատարաշտաբային («Eternity), վերջինի դեպքում խաղարկվում է երեք երկրների տարածքով անցնող ռազմավարական օբյեկտների և հաղորդակցության ուղիների՝ մարտավարական մակարդակով պահպանության և պաշտպանության սցենար:

Հավելենք, որ զորավարժություններ են անցկացվում նաև Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան- Ուզբեկստան-Ղազախստան-Քաթար ձևաչափով:

Այնպես որ, Հարավային Կովկասում և Հայաստան-Ադրբեջան խաղաղության հաստատման մասին Թուրքիայի՝ տվյալ դեպքում՝ Հաքան Ֆիդանի քաղաքական ցանկությունները դեռ նպատակ չունեն անտեսել Շուշիի հռչակագրից բխող և դրանից դուրս Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական պլանները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930