Հայաստանի անկախությունը կարմիր գիծ է. մենք Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների ջատագով ենք, ոչ թե ոմանց նման՝ «шестерка» դառնալու. Էդուարդ Շարմազանով

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գերագույն մարմնի (ԳՄ) անդամ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Փաշինյանին Թուրքիայից և Ադրբեջանից ինչ կասեն, նա էլ կանի։ Որոշողն ինքը չէ։ Նիկոլն ինչպես SMS-ով հեռացնում է ԲԴԽ նախագահին, նույն կերպ էլ Ալիևն ու Էրդողանը SMS-ով նրան հրահանգ են իջեցնում։ Այնպիսի նվեր, ինչպիսին պանթուրքիզմը ստացել է Նիկոլ Փաշինյանից հետո, 1047թ.-ից հետո, երբ թուրք սելջուկները մտան Հայաստան, պանթուրքիզմը չի ունեցել։ Փաշինյանին թուրքերը չեն փոխի, որովհետև նա երկնային մանանա է թուրքերի ու ադրբեջանցիների համար։ 
  • Փաշինյանն աստիճական զիջումների գնով բերել-հասցրել է այնտեղ, որ մնացել է մի երկու պահանջ՝ Զանգեզուրի միջանցք, որը Հայաստանը կդարձնի проходной двор, և 300.000 ադրբեջանցիների վերաբնակեցում։ Եթե այն, ինչ ինքն անում է հիմա, հայտարարեր 2018թ․կամ անգամ 2021թ.-ից հետո, կասկածում եմ, որ բացի Աննա Հակոբյանից նրան որևէ մեկը, անգամ Ալեն Սիմոնյանն ընտրեր։
  • Նիկոլ Փաշինյանին հղում անելը՝ անշնորհակալ, վստահելը՝ կրկնակի անշնորհակալ գործ է, իսկ հավատալը՝ մեղք։ Եթե կան դեռ միամիտ մարդիկ, ովքեր Փաշինյանի խոստումների հետ հույսեր են կապում, ի՞նչ ասեմ։ Հիմա խաղաղության դիսկուրսն է։ Նիկոլ Փաշինյանի բերած խաղաղությունը տեսել ենք Արցախում․ այնտեղ հիմա խաղաղ է, բայց հայ չկա, հայկական են միայն գերեզմաններն ու եկեղեցիները։ 

Սիրելի՛ հայաստանցիներ, դուք ուզում եք, որ Հայաստանում էլ լինի նույն խաղաղությունը, ինչ Արցախո՞ւմ։ Միակողմանի զիջումներով, լացուկոծով, նվնվոցով խաղաղություն չի լինում։ Նիկոլ Փաշինյանը խաղաղություն չի բերում, այլ ստրկացում։ Այսօր մեր միակ խնդիրը եղածը պահելն է, բայց Նիկոլ Փաշինյանով հնարավոր չի պահել։

Կարդացեք նաև

  • Նիկոլ Փաշինյանը, որ հրաժարվում է ԵԱՀԿ Մինսկի խմբից, հասկանո՞ւմ է, որ դրանով Հայաստանի վրա հանցագործի պիտակ է կպցնում։ Եթե ասում է՝ 1991թ.-ից Արցախն Ադրբեջան է, հիմա էլ Մինսկի խումբը փակելու մասին է խոսում, նա Հայաստանը դարձնում է ագրեսոր։
  • Ակնհայտ է, որ մինչպատերազմական իր ողջ գործունեությամբ Փաշինյանն ամեն ինչ արել է, որ Ալիևը պատերազմ սկսելու քարտ–բլանշ ունենա, իսկ պատերազմի ժամանակ պատերազմը կառավարել այնպես, որ ադրբեջանցիները հասնեն Շուշի։ Պատերազմից հետո էլ մատը մատին չի տվել, երբ արցախցիների նկատմամբ թույլ է տրվել էթնիկ զտում։ Հիմա թե փողով է արել, թե այլ կերպ… Բան չի փոխում։
  • Նիկոլ Փաշինյանի 7 տարվա կառավարման տարիները, հակահայ գործունեությունից բացի, աչքի են ընկել նրանով, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններ այլևս դե ֆակտո գոյություն չունեն։ Ինքը Ռուսաստանից նահանջ երգով է անում, կտրուկ չի անում, 3 հակառուսական քայլ է անում, մեկ՝ պրոռուսական։ Իմ հոգսը Ռուսաստանը չէ։ Ռուսաստանը կայսրություն է, կհոգա իր շահերի մասին։ Ես մտածում եմ Հայաստանի մասին։ Հայ ժողովուրդը չպետք է թույլ տա թուրք-ադրբեջանական պրոպագանդայով լուծարել Հայաստանի 3-րդ Հանրապետությունը։
  • Ալիևը շտապում է, որովհետև ավելի նպաստավոր պահ, քան վերջին ժամանակներն են, հասնելու իր նպատակներին, չկա։ Այս պահին դրա միակ խոչընդոտն Իրանն է։
  • Նիկոլ Փաշինյանը կարող է կտրուկ շրջադարձ կատարել դեպի Ռուսաստան, եթե Ռուսաստանը վերջնականապես արձանագրի իր հաղթանակն Ուկրաինայում։ 
  • Մենք հետքայլի ճանապարհ չունենք։ Եթե նախորդ մեր ղեկավարներին հաջողվել է Հայաստանը չվերածել բախման կետի, Նիկոլ Փաշինյանը Հայաստանն ու Սյունիքը մասնավորապես վերածել է ռեգիոնալ բախման կետի։ Պուտինին մի բան է խոստացել, Իրանին՝ մեկ այլ բան, թուրքերին ու ադրբեջանցիներին՝ բոլորովին այլ։ 
  • Հիշո՞ւմ եք, որ 2018-19թթ․պարծենում էր, որ խաղաղ է Հայաստանի սահմաններին, բայց մենք 2021թ․ ընտրություններից հետո Ալիևից իմացանք, որ Փաշինյանն իրեն խնդրել է չկրակել, որ ազատվի նախկիններից՝ հանրապետականներից։
  • Ես թերահավատ եմ ընտրություններով Նիկոլ Փաշինյանին փոխելու հնարավորության նկատմամբ։ Չեմ ասում, որ անհնար է, բայց թերահավատ եմ։ Բացի դրանից, Հայաստանում երբեք ընտրւթյուններով իշխանություն չի փոխվել։ Ինչ վերաբերում է Գյումրիի ավագանու ընտրություններում ընդդիմության հաղթանակին, գրեթե բոլոր համայնքներում ՔՊ-ն պարտվել է, բայց հետո կա՛մ կալանավորել է, կա՛ թույլ չի տվել գնան աշխատանքի, ու ի վերջո իրենք են դարձել համայնքի ղեկավար։ Միացնում են 1937թ․մամլիչն ու հասնում իրենց ուզածին։ Չեմ բացառում, որ տարբեր ուժային կենտրոններ, որ շատ կտրուկ չեն արտահայտվում սրա դեմ, դա անում են Էրդողանի գործոնի հաշվի առմամբ։

  • Քեզ հետ հաշվի են նստում այն ժամանակ, երբ դու քաղաքական կշիռ ունես։ 2015թ․ Հայաստանում նշվում էր Ցեղասպանության զոհերի ոգեկոչման 100-րդ տարելիցը, իսկ Թուրքիայում՝ Գալիպոլիի ճակատամարտի։ Ռուս-թուրքական հարաբերություններն էլ բավականին ջերմ էին։ Բայց Սերժ Սարգսյանի քաղաքական կշիռն այնքան էր բարձրացել, որ Ռուսաստանը Թուրքիա ուղարկեց իր Պետդումայի նախագահին, իսկ Վլադիմիր Պուտինը եկավ այստեղ։ Թուրքիան G 20ի անդամ էր, Հայաստանը՝ չէ։
  • ՀՀԿ-ի համար Հայաստանի անկախությունը կարմիր գիծ է։ Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, հայ-ռուսական պետական պայմանագրերը լիուլի սպասարկում են մեր դաշնակցային պարտավորությունները։ ՀՀ ԱԽՔ-ն էլ էր ժամանակին հայտարարում, թե ռուսները պարտադրում են մեզ մտնել Միութենական պետության կազմ, բայց ՌԴ փոխվարչապետը կտրուկ հերքեց, ասաց՝ չի եղել նման բան, հետո սրանք ասացին՝ փորձագիտական շրջանակներն էին ասում։ Հլը սրանց «լրջությանը» նայեք՝ փորձագիտական շրջանակների ասածներով են առաջնորդվում: Նիկոլ Փաշինյանը, եթե Սահմանադրությունն էլ փոխեց, Հայաստանը դարձնում է Թուրքիայի պրոքսի, մարիոնետային պետություն։
  • Կեղծ է այն պնդումը, թե մեր իշխանությանը չեն ներում Սահակաշվիլուն մեդալ տալը։ Այդ կեղծ լուրերն ընդդիմության կոնկուրենտ օֆիսներից էին գեներացնում։ Սերժ Սարգսյանից «աբիժնիկներն» էին նման բան տարածում։ Բա որ մեզ չէին ներում, ո՞նց «Իսկանդեր» տվեցին մեզ, ո՞նց առաջարկեցին ամբողջությամբ պրոհայկական Կազանի փաստաթուղթը, ո՞նց Երևանում Պուտինը մասնակցեց ՀԱՊԿ նիստին ու մեզ համար օգտակար փաստաթուղթ ստորագրեց։ Մենք Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների ջատագով ենք, ոչ թե «шестерка» դառնալու՝ իհարկե, հստակ գիտակցելով մեր դերն ու Ռուսաստանի՝ գերտերություն լինելը։ Երբեք հայ-ռուսական հարաբերություններն այնքան բարձր մակարդակի վրա չեն եղել, որքան Սերժ Սարգսյանի օրոք։
  • Եթե Հայաստանի տնտեսությունը դեռ մի փոքր շնչում է, մարդիկ կարողանում են աշխատավարձ ու թոշակ ստանալ, դա Սերժ Սարգսյանի՝ Հայաստանը Մաքսային միության ու ԵԱՏՄ անդամ դարձնելու որոշման շնորհիվ է։ Եվ չմոռանանք, որ 2017թ․Սերժ Սարգսյանը CEPA է ստորագրել, որը վավերացրեցին ԵՄ անդամ բոլոր երկրները, այդ թվում՝ Հունգարիան, որի հետ Հայաստանն այդ ժամանակ դիվանագիտական հարաբերություններ չուներ։

  • Ռուսաստանն այս տարածաշրջանից չի գնալու։ Նա լինելու է Հարավային Կովկասի գլխավոր խաղացողը։ Հիմա ՌԴ-ում պետական համակարգն ավելի է ամրապնդվում՝ իրականացվող բարեփոխումների շնորհիվ։ Ռուսաստանը գնում է ազգային-պահպանողական պետությունը պահելու ճանապարհով։
  • Էդ որտե՞ղ է պայքար եղել, որ ՀՀԿ-ն՝ երիտասարդներից մինչև ահելներ, չեն պայքարել, չեն ձերբակալվել։ Մեր կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը մինչև հիմա կալանավորված է այդ պայքարի արդյունքում՝ արդեն 2 տարի։
  • Ես դեմ եմ չհաշվարկված քայլերին, բայց նաև դեմ եմ «նստել թախտին, սպասել բախտին»։ Իմփիչմենթի գործընթացի հետ կապված՝ պատրաստ ենք քննարկումներ ունենալ։ Կողմ ենք ցանկացած պայքարի, որը կարող է հանգեցնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։ Կոնկրետ Նիկոլը վառում է մեր տունը։ Մենք փոխանակ զբաղվենք տունը փրկելով, մտածում ենք՝ տանը ի՞նչ կահույք ենք դնելու՝ գերմանակա՞ն, ռուսակա՞ն, թե՞ ամերիկյան։ Մեր օրվա խնդիրն է, որ յուրաքանչյուրի ուղեղը մտնի՝ Նիկոլը Հայաստանը դարձնում է Էրմենիստան։ Մեղավոր եք ման գալիս, գցեք իմ գրպանն ամեն ինչ։ Ես ո՛չ Բուդյոննին եմ, ո՛չ Չապաևը, որ զենք հանեմ։ Իմ պայքարի զենքն իմ խոսքն է։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս