
Կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների կենսաթոշակային հատկացումները «սառեցրել» են

Տնտեսական իրավիճակը Հայաստանում գնալով լարվում է։ Ֆինանսական խնդիրներն են գլուխ բարձրացնում, բյուջեն է ձախողման վտանգի տակ։ Կառավարությունը փոխարենը իրավիճակից դուրս գալու ելքեր փնտրի՝ ավելի է խորացնում խնդիրները։
Հունվարին, երբ արձանագրվեց 7,1 տոկոս ակտիվության աճ, տպավորություն ստեղծվեց, թե նախորդ շրջանի բարձր աճի միտումները դեռևս պահպանվում են։ Սակայն արդեն հաջորդ ամսին տնտեսական ակտիվությունն էապես դանդաղեց։ Արձանագրվեց ընդամենը 1,5 տոկոսանոց աճ։
Կտրուկ անկում գրանցվեց հատկապես 2 առանցքային հատվածներում։ Երկու ամսում արդյունաբերության անկումը կազմեց գրեթե 20 տոկոս։ Արտաքին առևտուրը կրճատվեց ավելի քան կիսով չափ։ Եվ սա՝ այն պարագայում, երբ Հայաստանը շարունակում է մասնակցել արտաքին առևտրի վերաարտահանումների գործընթացին։ Դրա վկայությունն է թերևս այն, որ ոչ նախկին ակտիվությամբ, բայց պահպանվում է ֆինանսական միջոցների բավական մեծ հոսքը դեպի Հայաստան։ Այդ գումարները, ինչպես նախկինում, գալիս են հիմնականում Ռուսաստանից և ուղղված են մեծամասամբ արտաքին առևտրի վերաարտահանումների ֆինանսավորմանը։
Տարեսկզբի 2 ամիսներին դրսից մասնավոր փոխանցումների տեսքով Հայաստան է եկել ավելի քան 845 մլն դոլար, որից 700 միլիոնն ունեցել է առևտրային նշանակություն։ Այդ գումարը կրկին դուրս է գնացել՝ արտաքին առևտրի վերաարտահանումների հատվածը ֆինանսավորելու համար։
Սակայն անգամ այդ պայմաններում Հայաստանի արտաքին առևտուրը շեշտակի կրճատվել է։ Կրճատվել է՝ ինչպես ներմուծումը, այնպես էլ՝ արտահանումը։ Արտահանման տեմպերի նվազումը հասել է աննախադեպ 60 տոկոսի։ Այդպիսի երևույթ դժվար է հիշել, թե վերջին անգամ երբ է տեղի ունեցել։ Բայց դա այն է, ինչ արձանագրել է պաշտոնական վիճակագրությունը տարեսկզբի 2 ամիսների տնտեսական գործունեության արդյունքում։
Տնտեսական իրավիճակի սրացումների բացասական ազդեցությունն ակնհայտ է նաև աշխատավարձերի վրա։ Էապես ընկել է միջին աշխատավարձի աճի տեմպը։ Այն կազմել է ընդամենը 4,1 տոկոս. պետականում՝ 4,6, մասնավորում՝ 3,7 տոկոս։
Միջին աշխատավարձի տեմպի նվազումը խորացնում է սոցիալական լարվածությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դա ուղեկցվում է գնաճային ճնշումների ակտիվացմամբ։ Մարտին 12-ամսյա գնաճը հասել է 3,3 տոկոսի, սննդամթերքի դեպքում ավելի շատ՝ 5,4 տոկոսի։
Սա առաջիկայում բերելու է սոցիալական լարվածության խորացման տեմպերի արագացման՝ ոչ միայն չաշխատող, այլև աշխատող քաղաքացիների շրջանում։ Առավել ևս, որ չնայած պաշտոնական վիճակագրության արձանագրած միջին աշխատավարձերի աճերին, դրանք խիստ անհամաչափ են բաշխվում քաղաքացիների շրջանում։ Աճը տեղի է ունենում հիմնականում տնտեսության մեկ-երկու ճյուղերի հաշվին։ Իսկ աշխատանքային գործունեության բազմաթիվ ոլորտներում փոփոխություններ մեծամասամբ տեղի չեն ունենում, կամ դրանք այնքան չնչին են, որ ազդեցությունը գրեթե նկատելի չէ։
Տնտեսական ու սոցիալական իրավիճակի լարվածության ակտիվացման պայմաններում թվում է, թե կառավարությունը պետք է հակված լիներ խթանող քայլեր ձեռնարկել՝ առկա միտումները մեղմելու համար։ Բայց դա էլ չի անում։
Ավելին՝ կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված է տնտեսական խնդիրների խորացմանը։ Մի կողմից՝ հարկային բեռի ավելացման ու հարկային մամլիչի միջոցով են ճնշում տնտեսությանը՝ բյուջեի եկամուտներն ապահովելու ակնկալիքով, մյուս կողմից՝ ի վիճակի չեն ժամանակին իրականացնել նախատեսված ծախսերը։ Փողը փամում են տնտեսությունից, տանում դնում են «բարձի» տակ՝ տնտեսությանը զրկելով շրջանառու միջոցներից։ Ճնշում են տնտեսական ակտիվությունը։
Նախատեսված ծախսերը ժամանակին չիրականացնելու պատճառով, տարեսկզբի 2 ամիսներին պետական բյուջեն կատարվել է գրեթե 72 մլրդ դրամ հավելուրդով՝ առաջին եռամսյակի համար նախատեսված 232 մլրդ դրամ պակասուրդի փոխարեն։ Եռամսյակի համար պլանավորել են իրականացնել շուրջ 817 մլրդ դրամի ծախսեր, տարեսկզբի 2 ամիսներին կարողացել են կատարել ընդամենը 321 միլիարդը։
Եռամսյակային ծրագիրը ձախողել են, նախատեսված աշխատանքները հետ են մնացել ժամանակացույցերից։ Եվ դա վերաբերում է նաև նպատակային վարկային ծրագրերին ու կապիտալ ծախսերին։
Նպատակային վարկային ծրագրերի եռամսյակային 2 ամսում կազմել է ընդամենը 2,1 տոկոս։ Նախատեսել են ստանալ ավելի քան 91 մլրդ պլանի կատարողականը դրամի նպատակային վարկեր՝ ստացել են 1,9 միլիարդը։
Սա ուղղակիորեն կապված է նպատակային ծրագրերը չեն կարողանում ժամանակին իրականացնել ու հաճախ տույժ-տուգանքներ են վճարում դրա պատճառով։
Խայտառակ իրավիճակ է նաև կապիտալ ծախսերի կատարման առումով։ Առաջին եռամսյակի պլանով պիտի իրականացնեն 225 մլրդ դրամի կապիտալ ծախսեր, 2 ամսում իրականացրել են ընդամենը 41-42 միլիարդինը՝ 5-5,5 անգամ ավելի քիչ, քան նախատեսված է եռամսյակային ծրագրով։
Երկու ամսում եռամսյակային ծրագիրը կատարվել է ընդամենը 18 տոկոսով։
Կապիտալ ծախսերի առումով ոչ մի առաջընթաց չկա. դրանք եղել են ճիշտ այնքան, որքան անցած տարի։ Այն պարագայում, երբ հատկապես տնտեսական պրոցեսների պասիվացման պայմաններում, կապիտալ ծախսերի իրականացումն առավել քան կարևոր է՝ տնտեսության համար լրացուցիչ խթաներ ստեղծելու առումով։ Բայց կառավարությունը հակառակ ուղղությամբ է գնում՝ երկկողմանի վնասներ հասցնելով տնտեսությանը։ Հարկային եկամուտների հետ կապված լարվածությունը տեղափոխել են ծախսերի վրա ու կոնսերվացրել բյուջեն։
Տարեսկզբի առաջին 2 ամիսներին նույնիսկ կուտակային կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների կենսաթոշակային հատկացումները չեն կատարել։ Խոսքը տասնյակ միլիարդավոր դրամների մասին է, որոնք պիտի նստեին կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների հաշիվներին ու շրջանառվելով՝ եկամուտներ ապահովեին նրանց համար։
Ֆոնդերի մասնակիցների փողերը չեն վճարել՝ գումարները հավանաբար ավանդ են դրել բանկերում։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ