ՀԻՇԵ՛Ք. ՕԾՅԱԼ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԲԱՆՏՈՒՄ ՆՍՏԻ ՏԱԲՈՒՐԵՏԿԻ ՎՐԱ, ԱՅՆ ԿԴԱՐՁՆԻ ԿԱԹՈՂԻԿՈՍԱԿԱՆ ԳԱՀ, ԱՆՕՐԵՆ ՄԵԿԸ ՆՍՏԻ ԿԱԹՈՂԻԿՈՍԱԿԱՆ ԳԱՀԻՆ, ԱՅՆ ԿԴԱՐՁՆԻ ԻՇԱՈՏՆՈՒԿ. ՎԱՀԵ ԲԵԳՈՅԱՆ
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը դիրիժոր Վահե Բեգոյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- Եթե մենք հասկանանք, որ Հայաստանի այսօրվա իշխանությունները դրածո են, կառավարվում են դրսի ուժերի կողմից, հայրենի իշխանություն չեն, դրանց հակահարված տալն ավելի հեշտ կլինի։
- Հակաեկեղեցական լոզունգներն իրենց պես տգետ են․ օրինակ՝ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» կամ «Վեհարանը՝ Վեհի»․ դա ի՞նչ է։
- Այդ խմբակն ագրեսիվ փոքրամասնություն է, բայց ժողովուրդն էլ դեռևս հանդուրժում է դրանց։ Էջմիածնեցիները, Շիրակի թեմը դուրս եկա՞վ։ Ինչի՞ց են մարդիկ վախենում: Եթե մի ամբողջ կյանք պիտի վատնես վախենալու մեջ, հարա՛մ լինի այդպես ապրելը։ Մարդիկ ազատության համար կյանք են տվել։ Ես մինչև հիմա ապշած եմ՝ ո՞նց շիրակցիները չեկան Միքայել սրբազանի հետևից… Անտեր չպիտի թողնեին Միքայել սրբազանին, իրենց համար հոր նման է եղել։
- Ամենայն Հայոց կաթողիկոսը, եկեղեցապետ լինելուց բացի, նաև ազգի գլուխն է։ Եվ երբ դու թիրախավորում ես նրան, դա ուղիղ հարված է ազգի միասնությանը։ Այն միավորում է ողջ աշխարհի հայերին, անգամ միմյանց նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրներում ապրող հայերին՝ ամերիկահայերին ու պարսկահայերին, բոլորին…

- Հայ եկեղեցու ամենախայտառակ, ամենավարկաբեկված կադրերո՞վ պիտի Եկեղեցին մաքրեն սրանք։ Այդ մարդիկ՝ 8-10 հոգին, դուրս են եկել սրբություն պահանջելո՞ւ, Նիկոլն էլ Կճոյանի ձե՞ռքն է սեղմում… Նրանք ոչ միայն կարգալույծ պիտի արվեն, այլև բանադրանքի ենթակա են։ Դա շատ կարևոր բան կտա։ Այդ մարդիկ այլևս չեն կարող ասել՝ մենք հայ եկեղեցու զավակ ենք․ հայ եկեղեցին ինքն է որոշում՝ ովքեր են իր զավակները։ Հստակ պիտի ասեն՝ դու գայլ ես, մնացյալն իմ գառներն են։ Բանադրանքից հետո կարող է գործի դրվել նաև նզովքը։ Բանադրվածների վրա քրիստոնեական ոչ մի ծես չի կատարվում…
- Եկեղեցին պիտի լինի իր օրենքի մեջ ու պարտադրի, որ պետությունն էլ լինի օրենքի մեջ։ Ի՞նչ է նշանակում՝ ԱԱԾ-ն հորդորում է քահանային պատարագի ժամանակ չտալ Վեհափառի անունը, ինչ է թե՝ վարչապետը գալիս է, չի ուզում, որ Վեհափառի անունը հնչի։ Վարչապետն ո՞վ է։ Եկեղեցին Սահմանադրությամբ է անջատ պետությունից։
- Սա տոտալ հալածանք է Հայ եկեղեցու նկատմամբ։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կանեին, եթե նման բան կատարվեր «Եհովայի վկաների» հանդեպ։
- Եկեղեցին կարևոր քայլեր պիտի անի, մշակի իր օրակարգը, օր առաջ, դադարեցնի արձագանքել իշխանության արածներին։ Եկեղեցին պիտի իր օրակարգն ունենա։ 4 արքեպիսկոպոս են ձերբակալված, բանտերում են։ Ինչ-որ մեկը կարո՞ղ է երաշխավորել, որ Ամենայն Հայոց կաթողիկոսին չեն ձերբակալելու։ Ի՞նչ ենք անելու։ Վեհափառը հիմիկվանից պիտի որոշի՝ Աստված մի արասցե, ամենավատ սցենարի դեպքում ո՞վ է լինելու իր փոխանորդը։
- Ինչ էլ անեն, նույնիսկ ցմահ նստեցնեն էլ Վեհափառին, նա գործող կաթողիկոս է, ու ինքը պիտի որոշի՝ ով պետք է ղեկավարի մեր եկեղեցին, որպեսզի քահանաներն իմանան իրենց անելիքը, չմնան մոլոր ու շիվար։
- 100 տարին չի անցել․ այն ժամանակ էլ մնացել էր միայն Կաթողիկոս Խորեն Մուրադբեկյանը, որի երկու եղբայրներին էլ չեկիստները գնդակահարել էին, վերջում էլ իրեն խեղդամահ արեցին։ Հիմա էլ Վեհափառի եղբորն ու հարազատներին են կալանավորել, Հայաստանում գնդակահարությունը թույլատրելի լիներ՝ կգնդակահարեին… սրանք ամեն ինչի ընդունակ են:

- Մասյացոտնիթեմի առաջնորդ Գևորգ սրբազանի անձին չէի ցանկանա անդրադառնալ ընդհանրապես։ Ինձ հանդիպած ամենաարգահատելի մարդկանցից է։ Մարդ է, ով ամեն ինչի հասել է Ամենայն Հայոց կաթողիկոսի և նրա քրոջորդու՝ այժմ կալանավորված Մկրտիչ սրբազանի շնորհիվ։ Նրա կուրսընկերն է եղել, մտերիմ ընկերը։ Ես չգիտեմ՝ Գևորգ սրբազանն իրենց տա՞նն է ավելի շատ հաց կերել, թե՞ բանտում գտնվող Մկրտիչ սրբազանի տանը, Վեհափառի քրոջ ձեռքով տված հացը։
- Վիրահայոց թեմում, ուր պաշտոնավարում էր Վազգեն Միրզախանյանը, քահանաները հրաժարական էին տալիս։ Եվ սա այն մարդն է, ում բազմիցս փրկել է Վեհափառը։ Վրացական մամուլն էր անգամ գրել նրա խայտառակ գործունեության մասին…
- Ես անկեղծորեն հուսով եմ, որ հրավիրված Եպիսկոպոսական ժողովը տեղի չի ունենա, որովհետև հիմա Հայաստանում որևէ ժողով կազմակերպելը շատ վտանգավոր է։ Հայաստան եկող բոլոր եպիսկոպոսները վտանգի տակ են։ Պետական մեքենան աշխատում է նրանց ճնշելու համար։ Եթե Արշակ սրբազանին կարող են կալանավորել նման անհեթեթագույն մեղադրանքով, ինչի՞ դրսից եկած եպիսկոպոսներին չեն կարող ձերբակալել, ասենք, հորինված՝ թմրանյութ բերելու համար։ Եպիսկոպոսաց ժողովն այս պայմաններում անկախ ու ազատ գործել չի կարող։ Նման բան պատմության մեջ էլի եղել է, երբ Վազգեն Վեհափառը ժողով գումարեց Կահիրեում, որովհետև եպիսկոպոսները հրաժարվեցին գալ Խորհրդային Հայաստան՝ վախենալով պետության ճնշումից։ Ոչինչ չի խանգարում, որ Վեհափառ Հայրապետը Եպիսկոպոսաց այսօրվա այդ ժողովը գումարի Եվրոպայում։
- Եթե ինչ-որ մեկը կարծում է՝ Արցախում, 44-օրյա պատերազմի ժամանակ կիրառված ֆոսֆորային ռումբերը Երևանում չեն կարող պայթել, կամ, որ Հայաստանի վանքերի հետ էլ նույն բանը չի կարող լինել, ինչ եղավ Գանձասարի և Ամարասի հետ, չարաչար սխալվում է։
- ՔՊ-ականներն իրենց հատուկ տիեզերական ցինիկությամբ ու լկտիությամբ խոստովանում են՝ ինչի է հայ եկեղեցին թիրախում։ Խնդիրը ոչ թե կաթողիկոսի երեխա ունենալն է կամ այս կամ այն հարցը, այլ թշնամական պահանջը։ Հայ եկեղեցին այսօր պետության կողմից հալածվում է բացառապես ազգային շահը պաշտպանելու համար։ Եվ եթե եկեղեցին էլ ընկնի, կունենանք դրածո կաթողիկոս, որը կնստի Աթաթուրքի նկարի տակ, ինչպես եղել է ժամանակ, որ Կաթողիկոսը նստել է ցարի նկարի տակ։
- Ինձ հետաքրքիր է՝ էդ 10 հոգևորականները, որ ոտքի են ելել Կաթողիկոսի դեմ, նիկոլընտիր լինելուց գետինը չե՞ն մտնում ամոթից։ Դրանից գարշելի բան կա՞։ Ո՞նց կարող է հոգևորականն այդքան կտրված լինել ժողովրդից։

- Ինձ համար անհասկանալի է պատմաբանի, լեզվաբանի ու հոգևորականի՝ նիկոլական լինելը։
- Կճոյանն աղանդավորի զավակ է․ հայրը Ավետարանական եկեղեցու պատվելի թե վերապատվելի էր։
- Արցախի թեմի առաջնորդ Վրթանես սրբազանը, որ գնացել, դեմը նստել էր, չի՞ տեսնում՝ ինչ են անում «Արցախ» բառի հետ։ Կճոյանը չգիտի՞՝ իր մասին ինչ էր ասում Նիկոլը… Բենթլի Սամո…
- Աշխարհում ոչ մի եկեղեցական սուրբ չէ, մարդ է, բայց այս պայքարը սրբության համար չէ։ Եվ ողորմելի են այն թեմակալ առաջնորդները, ովքեր տասնամյակներով իբր խնդիր են տեսել ու լուռ են եղել, ու պետք էր մի Նիկոլ, որ գլուխ բարձրացնեին… Բայց մենք գիտենք, չէ՞, դուք ինչպես եք սողացել Վեհափառի առաջ։ Դուք չե՞ք հասկանում, որ Փաշազադեի պատվերը կատարելու գործում Նիկոլի ձեռքում բութ գործիք եք դարձել։ Ցո՛ւյց տվեք աշխարհում մի եկեղեցի, որ խնդիրներ չունի։
- Մեր եկեղեցին իրեն դարձրել է խոցելի, որովհետև չափազանց ներողամիտ ու ժողովրդավար է եղել։
- ՀՀ քաղաքացի եկեղեցականը ՀՀ լիիրավ քաղաքացի է, ունի ընտրելու և ընտրվելու իրավունք, ու ոչ թե կարող է, այլ պարտավո՛ր է զբաղվել քաղաքականությամբ։ Այսինքն՝ լուրջ կարծում են, որ աղանդավորները կարող են Պառլամենտում լինել, օրենքներ անցկացնել, իսկ Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականը չի՞ կարող։ Սահմանադրությունն ի՞նչ է արգելում, որ Եկեղեցին չմիջամտի պետության գործերին, բայց ո՞վ ասաց՝ քննադատել չի կարող, խոսել չի կարող, երբ տեսնում է՝ ինչպես են երկիրն աղետի առջև կանգնեցնում, կործանում…

- Բա որ էդքան արդար եք, լրագրող տեսնելիս ինչի՞ եք փախչում։ Բա նստեիք, խոսեիք, պատասխանեիք հարցերին։
- Տեսաք՝ «կոմպրոմատներով» չեք կարողանում կոտրել Արշակ սրբազանին, էդ անհեթեթ ծիծաղելի մեղադրանքը բերեցիք։ Ի դեպ, նա միակ տղամարդ հոգևորականն էր, որ կոտրեց էդ «Նոր Հայրապետ» շարժումը։ Գետինը մտնե՛ք։ Հուդան ձեզ ցույց է տվել ճանապարհը, թե ինչ անեք։ Պատիվ ունենայիք, հենց այդպես էլ կանեիք։
- Եթե որևէ մեկը համարձակվի ոչ Շիրակի թեմից, ոչ այդ թեմի առաջնորդի թույլտվությամբ մտնի, պղծի որևէ եկեղեցի, դա կհամարվի հոգևոր անեքսիա, բռնազավթում։ Միայն դա հերիք է, որ այդ քայլին գնացող հոգևորականը կարգալույծ արվի։ Գյումրիի Յոթ Վերք եկեղեցին բացառիկ եկեղեցի է, մարդիկ պիտի տեր կանգնեն իրենց եկեղեցուն, որքան էլ իշխանությունները և նրանց շրջապատը սադրեն, հրահրեն՝ մարդիկ չպետք է բախման գնան։ Չե՞ն տա Կաթողիկոսի անունը, յուրաքանչյուր հավատացյալ տեղից պիտի տա նրա անունը, որից սասանվում է Նիկոլը, և թեմակալ առաջնորդի անունը պետք է հնչեցվի:
- Նիկոլ Փաշինյանը Վատիկանում կաթոլիկ եկեղեցու կողմից հաղորդություն ստացավ, ինչն անթույլատրելի է: Հայ Առաքելական եկեղեցին Կաթոլիկ եկեղեցու հետ հաղորդական հարաբերությունների մեջ չէ։ Կա ուղիղ արգելք։ Լավ հարաբերություններ ունեն, բայց միմյանցից հաղորդություն ստանալ չի՛ կարելի։ Նմանները եկեղեցուց դուրս պետք է դրվեն։ Էդ մարդը ուտելու բան է տեսնում, չոքերը թուլանում են։ Բան լինի, ուտի…
- Պոլսո Հայոց պատրիարք Սահակ սրբազանը բացառիկ հոգևոր հեղինակություն վայելող, իրական հավատավոր ու բացառիկ հոգևոր հատկանիշների տեր մարդ է։ Թուրքիայում, այդ ճնշումների տակ լինելով անգամ՝ նա գիտի իր պատկանելությունը։

- Կարծում եմ՝ կգա ժամանակը, որ Արամ Վեհը կխոսի․ հուսով եմ՝ ուշացած չի լինի։
- Հիշե՛ք. օծյալ կաթողիկոսը բանտում նստի տաբուրետկայի վրա, այն կդարձնի կաթողիկոսական գահ, անօրեն մեկը նստի կաթողիկոսական գահին, այն կդարձնի իշաոտնուկ։
- Ես կերազեի բանտում Միքայել սրբազանի մատուցած պատարագի հաղորդությունը ստանալ։
