Հնագետներն Իրանում հայտնաբերել են 7 000-ամյա բնակավայր՝ ջրամատակարարման զարգացած համակարգով

Հնագետները հայտնաբերել են 7 000-ամյա մինչպատմական գյուղ Դեհդաշտ պատմական քաղաքի տակ, ինչը լույս է սփռում տարածաշրջանի նեոլիթյան անցյալի եւ վաղ քաղաքային զարգացման վրա։

Ինչպես տեղեկացրել է Mehr գործակալությունը, Դեհդաշտում հնագիտական պեղումների ղեկավար Զաբիհոլա Մասուդինիան պատմել է, որ Դեհդաշտ պատմական տարածաշրջանի հենց սրտում հայտնաբերվել են վկայություններ մինչպատմական գյուղի գոյության մասին՝ թվագրված մ.թ.ա. 6 եւ 5-րդ հազարամյակներով։

Նա նշել է, որ մինչ այժմ Դեհդաշտ պատմական քաղաքում ոչ մի հնագիտական հետազոտություն չի իրականացվել։ Պեղումները առաջին հետազոտական միջոցառումն են այս շրջանում, որտեղ պաշտոնական թույլտվություն ստանալուց հետո մի քանի փորձնական փոսեր են փորվել։

Մասուդինիան բացատրել է, որ թեեւ վերին շերտերը պարունակել են միջնադարյան եւ ուշ իսլամական շրջաների վկայություններ, այդ շերտերը հեռացնելուց հետո հայտնաբերվել են զարմանալի մինչպատմական շերտեր։ Նախնական հետազոտությունները ցույց են տվել, որ այդ շերտերը վերաբերել են մեր թվարկությունից առաջ 5-րդ հազարամյակին։ Մասուդինիան նշել է, որ այս բացահայտումը կարող է շատ կարեւոր լինել եւ զգալիորեն բարձրացնել Դեհդաշտի պատմական նշանակությունը։ Նա ավելացրել է, որ մակերեսին երեւում են իսլամական շրջանի վերջին դարերի ճարտարապետության հետքեր։

Հնագետները ոչ մեծ արհեստանոց են կազմակերպել սելջուկների եւ Սեֆյանների հավանական շինությունների ստորին շերտերի մանրակրկիտ ուսումնասիրման համար։ Պեղումների ժամանակ հայտնաբերվել են խեղեցենի կտորներ եւ մշակութային նյութեր, որոնք վերաբերում են մ.թ.ա. 6-րդ եւ 5-րդ հազարամյակներին։

Հնագետը ուշադրություն է դարձրել մի հետաքրքիր գտածոյի վրա. տաքացած քարերի կտորներ, որոնք մատնանշում են հատուկ տեխնոլոգիան, որն օգտագործել են այդ դարաշրջանի մարդիկ հեղուկները՝ կաթ կամ ջուր, տաքացնելու համար, տաքացվող քարերը տարողության մեջ տեղավորելու միջոցով։ Վկայակոչելով 1956թ. օդից արված լուսանկարները՝ Մասուդինիան նշել է, որ Դեհդաշտ քարվանսարայի մոտ եղել է պատմական բլուր, բայց հետագա քաղաքային կառուցապատումը զգալիորեն քանդել է այն։ Այնուամենայնիվ, ներկայում հայտնաբերվել են նեոլիթյան գյուղի գոյության վկայություններ։

Նա ավելացրել է, որ պեղումները օգնել են ավելի լավ հասկանալ պատմական վայրի հիմնական հատակագիծը՝ ցույց տալով, որ ժամանակակից փողոցները, տները եւ նրբանցքները հիմնականում գտնվել են այդ հին բլրի վերին մասում։ Հետազոտությունների ընթացքում քաղաքի հյուսիսային մասում հայտնաբերվել են նաեւ ջրամատակարարման համակարգերի մնացորդներ։

Տեսանյութեր

Լրահոս