Թրամփի վարչակազմում նշել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հիմնական չլուծված երկու հարցի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ուկրաինայում հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը, որը հունվարին պատրաստվում է հեռանալ պաշտոնից, հայտարարել է, որ Ուկրաինայի պատերազմի դադարեցման գործարքը «իրականում մոտ է» և այժմ կախված է երկու հիմնական չլուծված հարցից՝ Դոնբասի ապագայից և Զապորոժիեի ատոմակայանից, հայտնում է Reuters-ը։
Քելոգը Ռեյգանի անվան ազգային պաշտպանության ֆորումում նշել է, որ հակամարտության կարգավորման ջանքերը գտնվում են «վերջին 10 մետրերում», որոնք, ըստ նրա, միշտ եղել են ամենադժվարը։
Ըստ Քելոգի, երկու հիմնական չլուծված հարցերը վերաբերում են տարածքին՝ առաջին հերթին Դոնբասի ապագային, ինչպես նաև Եվրոպայի ամենամեծ՝ Զապորոժիեի ատոմակայանի ապագային, որը գտնվում է Ռուսաստանի վերահսկողության տակ։
«Եթե մենք լուծենք այս երկու հարցը, կարծում եմ՝ մնացած ամեն ինչ լավ կընթանա, – ասել է Քելոգը շաբաթ օրը Կալիֆորնիայի Սիմի Վելիում Ռոնալդ Ռեյգանի նախագահական գրադարանում և թանգարանում։ – Մենք գրեթե հասել ենք։ Մենք շատ, շատ մոտ ենք»։
Քելոգը, որը վետերան գեներալ-լեյտենանտ է և ծառայել է Վիետնամում, Պանամայում ու Իրաքում, նշել է, որ Ուկրաինայի պատերազմի զոհերի և վիրավորների ծավալը «սարսափելի» է և աննախադեպ տարածաշրջանային պատերազմի տեսանկյունից։
Ըստ նրա, պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանը և Ուկրաինան միասին կրել են ավելի քան 2 միլիոն մարդու կորուստ՝ ներառյալ զոհվածներն ու վիրավորները։
