Մինչ առասպելներ են հյուսում, միջազգային հայտնի ֆինանսական կազմակերպությունն առաջիկա տարիներին տնտեսական աճի դանդաղում է կանխատեսում

Մինչ իշխանական քարոզիչներն, իրենց խաղաղության խաչմերուկի շրջանակներում, Հայաստանի տնտեսության վերելիքի ու զարգացման նոր հնարավորությունների վերաբերյալ առասպելներ են հյուսում, միջազգային հայտնի ֆինանսական կառույցներից մեկը՝ ի դեմս Համաշխարհային բանկի, առաջիկա տարիներին Հայաստանի տնտեսական աճի տեմպի դանդաղում է կանխատեսում։ Այս տարվա համար գնահատվող 5.2 տոկոս աճի փոխարեն՝ հաջորդ տարվա ակնկալիքը 4.9 տոկոս է։ 2027թ. համար էլ սպասումները 4.7 տոկոսի սահմաններում են։

Թե ո՞ւր մնացին ապաշրջափակման արդյունքում այդքան թմբկահարվող տնտեսական օգուտները, զարգացման հնարավորություններն ու հեռանկարները, թողնում ենք իշխանական քարոզիչներին։

Փաստն այն է, որ առանց այդ կանխատեսումների էլ, վերջին շրջանում Հայաստանի տնտեսական աճի տեմպը սկսել է դանդաղել։ Եթե երկրորդ եռամսյակում տնտեսական աճը կազմել էր 6.4 տոկոս, երրորդում՝ դարձել է 6.2 տոկոս։ Սպասվում է, որ միտումը կշարունակվի նաև տարեվերջին։

Բայց նույնիսկ դա այնքան անհանգստացնող չէ, որքան այն մտահոգիչ ու ծանր իրավիճակը, որն առկա է տնտեսության կառուցվածքում։

Կարդացեք նաև

Հայաստանը տեխնոլոգիապես զարգացող երկրի դարձնող ՔՊ-ականները եղածն էլ այնպես են քանդել, որ տնտեսության առաջատարը դարձել է մեծածախ-մանրածախ առևտուրը, ավտոմեքենաների ու մոտացիկլետների նորոգումը։ Աննախադեպ չափերի է հասել այս ոլորտի կշիռը տնտեսության մեջ։ Փոխարենը՝ նվազել է տնտեսության իրական հատվածի, մասնավորապես՝ մշակող արդյունաբերության ու գյուղատնտեսության դերը։ Մշակող արդյունաբերության կշիռն այս տարի նույնիսկ 9 տոկոսի չի հասնում։ Մինչդեռ 2018թ. գերազանցում էր 11 տոկոսը։

Ի տարբերություն մշակող արդյունաբերության, առևտրի կշիռը նախկին 11 տոկոսից հասել է գրեթե 14 տոկոսի։

Այսպիսին է եղել Հայաստանի տնտեսության տեխնոլոգիական զարգացումը, որը Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականները խոստանում էին իշխանության գալուց առաջ։

Տնտեսության արտադրական կարողություններն ավելացնելու ու տեխնոլոգիական զարգացումներ ապահովելու փոխարեն՝ վերջին տարիներին արձանագրվող տնտեսական աճերի հիմքում առաջնայինը եղել է առևտուրը, որտեղ, սակայն, նյութական արժեքներ գրեթե չեն ստեղծվում։ Եղածն էլ քչերն են վայելում։ Դրա համար էլ տնտեսության արտաքուստ արձանագրվող աճերի պայմաններում քաղաքացիների մեծ մասի եկամուտները չեն ավելանում։ Նրանք գնալով ավելի վատ են ապրում, քան նախկինում էին ապրում։

Սա է Հայաստանի տնտեսության աճի ֆենոմեններից մեկը։ Տնտեսությունն աճում է, իսկ հասարակության հիմնական մասն աղքատանում է։

Ի տարբերություն առևտրի՝ ոչ միայն մշակող արդյունաբերության, այլև գյուղատնտեսության կշիռն է նվազել տնտեսության մեջ։

Այս տարի էլ, չնայած երկար տարիների անկումից հետո որոշ աճ գրանցվել է, էլի գյուղատնտեսության կշիռը տնտեսության մեջ գտնվում է աննախադեպ ցածր մակարդակում։ Ու սա՝ այն պարագայում, երբ Նիկոլ Փաշինյանը հեղափոխական զարգացումներ ու տեխնոլոգիական լուծումներ էր խոստանում գյուղատնտեսությանը, չմշակվող վարելահողերի իսպառ վերացում։ Մինչդեռ՝ այսօր էլ վարելահողերի գրեթե կեսը շարունակում է մնալ չմշակվող։ Զարմանալի չէ, որ գյուղատնտեսության մասնաբաժինը, որտեղ հարյուր-հազարավոր գյուղացիական տնտեսություններ են զբաղված, 10 տոկոսից էլ ցածր է։

Տնտեսության կառուցվածքում աննախադեպ ծավալների է հասել ֆինանսական ոլորտի կշիռը։ Այն գերազանցում է անգամ մշակող արդյունաբերությանը՝ անցնելով 10 տոկոսից։

Սա ևս Հայաստանի տնտեսության անմխիթար կառուցվածքի մասին է խոսում։ Երբևէ ֆինանսական հատվածն այդքան մեծ մասնակցություն չի ունեցել Հայաստանի տնտեսության կառուցվածքում։ 7-8 տարի առաջ այն տատանվում էր 5 տոկոսի սահմաններում, հիմա կրկնակի ավելի է։  Բայց դա բոլորովին էլ առավելություն չէ։ Վաղուց նորություն չէ, թե ինչի վրա են նստած ֆինանսական համակարգի բարձր աճերն ու տնտեսության կառուցվածքում այդ ոլորտի մասնաբաժնի ավելացումները։

Մի կողմից՝ համատարած վարկային բեռն է ավելացել, մյուս կողմից՝ բանկային ծառայությունների գներն են կտրուկ բարձրացել։ Դրա արդյունքում էլ ավելացել է ֆինանսական համակարգի կշիռը՝ իրականում մեծ բան չտալով տնտեսությանը։

Վարկային բեռը հիմնականում կուտակվել է քաղաքացիների վրա՝ պայմանավորված մի կողմից՝ սպառողական, մյուս կողմից՝ հիփոթեքային վարկերի ակտիվ աճով։

Եթե այս աճը լիներ գոնե տնտեսության իրական հատվածի հաշվին, դեռ ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ, բայց իրական հատվածը հիմնականում դուրս է եղել բանկային կապիտալի հոսքերից։ Ոչ թե այն պատճառով, որ նման կարիք չի եղել, այլ՝ որովհետև բանկերի նախասիրություններն ու նախապատվություններն են այլ եղել։

Իրական տնտեսության փոխարեն՝ բանկային կապիտալը, կառավարության ու Կենտրոնական բանկի աջակցությամբ, գնացել են այնպիսի ոլորտներ, որտեղ ավելացված արժեքի պոտենցիալը չափազանց փոքր է։ Այդպիսի ոլորտներից մեկն էլ եղել է շինարարությունը, որը, ինչպես վերջին մի քանի տարիներին, այնպես էլ այս տարի դարձել է Հայաստանի տնտեսության աճի առաջատարը։

Մինչ արդյունաբերությունն անկումային է, շինարարությունը բարձր տեմպերով աճում է՝ կրելով հայտնի գործոնների ազդեցությունը, որոնք թելադրված են հիփոթեքային վարկավորման ու եկամտային հարկի վերադարձի ծրագրից։

Զարմանալի չէ, որ առևտրից ու ծառայություններից հետո, շինարարությունը դարձել է Հայաստանի տնտեսության աճին նպաստող առանցքային ոլորտներից մեկը։ Եթե առևտրի ու ծառայությունների բաժինն այս տարվա 9 ամիսներին արձանագրված 5.9 տոկոս աճի մեջ ունեցել է 4.3 տոկոսային կետի ազդեցություն, շինարարությանը հասել է 1.2 տոկոսի։

Ընդ որում՝ վերջին 2 եռամսյակում էապես ակտիվացել է։ Երրորդ եռամսյակում ընդհուպ ունեցել է 1.8 տոկոսային կետի մասնակցություն։ Այն պարագայում, որ արդյունաբերության, ներառյալ՝ էներգետիկայի մասնակցությունը բացասական է։

Գյուղատնտեսությունն էլ տնտեսական աճի գործում ունեցել է ընդամենը 0.3 տոկոսային կետի մասնակցություն։

Այսպիսի տնտեսության ու տնտեսական աճի կառուցվածքով էլ ուզում են օգուտներ քաղել ապաշրջափակումից ու սահմանների բացումից։ Մինչ տնտեսության արտահանելի կարողությունները, որոնք պիտի շահեին ապաշրջափակումից, հասցրել են նվազագույնի, նախապատվությունը տվել են ոչ արտահանելի հատվածին ու տնտեսության այնպիսի ճյուղերին, որոնք ապաշրջափակման պայմաններում ոչնչով չեն ավելացնում Հայաստանի տնտեսության պոտենցիալը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս