Եկեղեցու բռանազավթումը Ձեզ գոհացնո՞ւմ է, Ձեր եղբայրներին բանտարկում են. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, աղոթելու անվան տակ, խուսափեց Գայանե Ասլամազյանի հարցերից
Նոյեմբերի 27-ին Հայ Առաքելական եկեղեցու մի խումբ եպիսկոպոսներ իրենց ստորագրած հայտարարությամբ պահանջեցին Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացումը և որպեսզի այս հայտարարությունն ամրապնդվի, նրանք նույնը օրը հանդիպեցին Նիկոլ Փաշինյանի հետ։
Ավելի ուշ եղավ մեկ այլ համանման հայտարարություն, որտեղ 10 եպիսկոպոսները նշել էին. «Մենք ակնկալում ենք, որ Գարեգին Բ Կաթողիկոսը, ի սեր մեր եկեղեցու և մեր ժողովրդի, սթափ կգնահատի ստեղծված իրավիճակը, չի տանի մեր ազգն ու մեր Եկեղեցին ավելորդ ցնցումների, կամովին հանգստյան կկոչվի և այդ կերպ հնարավոր կլինի նոր ընտրություններ կազմակերպելու»։
Այս պահանջի տակ ստորագրած բարձրաստիճան հոգևորականներն էին՝ ԱՄՆ հայոց արևմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը,Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։
Ասում են՝ ի տարբերություն Հայաստանում իրենց գործունեությունն իշխանության արևի տակ շարունակող հոգևորականների՝ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը խուսափում է մարդամեջ, մարդաշատ վայրեր դուրս գալուց:
168.am-ը տեղեկացավ, որ նա, օրինակ, «հրավիրյալներով» է պատարագ կազմակերպել Նորթ Հոլիվուդում գտնվող մի փոքրիկ հայկական եկեղեցում. բոլոր այցելուներն իր ծանոթներն են եղել: Ավելին, Սուրբ Ղևոնդաց հայկական եկեղեցում, որտեղ ամեն կիրակի Հովնան սրբազանը պատարագ է մատուցել, այս անգամ առանց իր մասնակցությամբ է կատարվել արարողությունը:
Ի դեպ, հաղորդավար, դերասանուհի Գայանե Ասլամազյանն առիթ է ունեցել հարցեր ուղղել Հովնան արքեպիսկոպոսին՝ նրանից մասնավորապես հետաքրքրվելով՝ Եկեղեցու բռանազավթումը Ձեզ գոհացնո՞ւմ է:
Հովնան Սրբազանը, փաստացի, աղոթելու անվան տակ խուսափել է հարցերից, իսկ դերասանուհին ստիպված է եղել նրան հիշեցնել. «Ձեր եղբայրներին բանտարկում են»:
Հիշեցնենք՝ օրերս կալանավորվել է Հայ Առաքելական եկեղեցու չորրորդ բարձրաստիճան հոգևորականը՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը:
Հիշեցնենք նաև, որ Հովնան Սրբազանը առաջիններից էր, որ 2021 թվականին շտապել էր շնորհավորել Նիկոլ Փաշինյանին ընտրվելու առթիվ՝ արձանագրելով. ««Հիրավի, դուք ունեք ժողովրդի բացարձակ մեծամասնության վստահության քվեն և խորհրդարանական մեծամասնության լիակատար աջակցությունը՝ կյանքի կոչելու մեր ժողովրդի անկեղծ սպասումները և ազգային նվիրական իղձերը։ Լիահույս ենք, որ նոր ձևավորվելիք կառավարությունը՝ Ձեր իսկ գլխավորությամբ, ուժերի գերագույն լարումով և համախմբմամբ ձեռնամուխ կլինեք Հայաստանի խաղաղության և անվտանգության ապահովման, տնտեսական զարգացման, բանակաշինության և հարատև բարօրության ապահովման։
Առ Աստված աղոթքով Ձեզ մաղթում ենք ուժ և կորով, աստվածային իմաստություն և համբերություն, որպեսզի վճռականորեն և անշեղ կերպով իրագործեք մեր ազգի և պետության համար առաջնահերթություն հանդիսացող այնքա՜ն կենսական ծրագրերը։ Տերը թող զորավիգ լինի Ձեզ»:
Նշենք նաև, որ Հովնան Սրբազանը ՔՊ-ական դեսպան Լիլիթ Մակունցի հետ ջերմ հարաբերություններ ուներ և արդեն նաև՝ ՔՊ-ական Նարեկ Մկրտչյանի:
Եվ մի կարևոր դրվագ հիշեցնենք. ի տարբերություն ԱՄՆ Հայոց արևմտյան թեմի և նրա առաջնորդ Հովնան սրբազանի, օրեր առաջ ԱՄՆ Արևելյան Հայոց թեմի հոգևորական ողջ դասը հայտարարություն էր տարածել՝ զորակցություն հայտնելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նրա գահակալին:
Մանրամասները՝ տեսանյութում
