Բիզնեսի շրջանում համատարած դժգոհությունների ալիք է հասունանում
Անցած տարվա հարկային եկամուտները թերակատարելուց հետո, այս տարի էլ իշխանությունը հույս չունի, թե նախատեսված հարկերը կկարողանա ամբողջությամբ հավաքել։ Անգամ բիզնեսին այսքան ճնշելուց ու քամելուց հետո չի հաջողվում ապահովել բյուջեի պլանավորված մուտքերը։
Միացրել են հարկային մամլիչը, բիզնեսին տեռորի են ենթարկում, տուգանքներով ու տույժերով են վախեցնում, ահաբեկում են, սպառնալիքներով պարտադրում են ավելի շատ հարկ վճարել։ Ովքեր չեն համաձայնում իրենց պահանջներին, գցում են իրավապահների ձեռքը։
Թե ի՞նչ է նշանակում իրավապահների ձեռքն ընկնելը, բիզնեսը լավ գիտի։ Նման իրավիճակները հաճախ ավարտվում են բիզնեսի սնանկացմամբ ու փակումով։
Դրա հետևանքով բիզնեսին ու տնտեսությանը տարեկան միլիարդների վնասներ են հասցնում, բայց դա իշխանություններին քիչ է անհանգստացնում։ Կարճաժամկետ խնդիրներ լուծելու համար՝ սնանկացնում են բիզնեսը, հետագայում նաև բյուջեին զրկելով եկամուտներ ստանալու աղբյուրներից։
Վերջին շրջանում հարկայինում մի այլ արատավոր պրակտիկա են ձևավորել ու բարձրացրել ինստիտուցիոնալ մակարդակի։ Բիզնեսի հետ բանակցությունների մեջ են մտնում։
Նախնական հարկային հաշվարկներով, որոնք հետագայում հիմնականում չեն հաստատվում կամ մասամբ են հաստատվում, ինչ-որ անհավանական խախտումների թվեր են ներկայացնում ու հետո բանակցություններով պայմանավորվում են, թե ինչքան ավել հարկ պետք է վճարեն։ Հնարավոր ավելի ծանր հետևանքներից խուսափելու համար՝ շատերը ստիպված համաձայնում են։
Ամբողջ զավեշտն այն է, որ սա անում են պետեկամուտների կոմիտեի նախագահի գիտությամբ ու հովանավորությամբ։ Անունն էլ դրել են, թե իբր բիզնեսին են օժանդակում՝ իրավապահների ձեռքը չհայտնվելու համար։
Ինչպես հայտնի է, 10 մլն դրամից ավելի տուգանքների դեպքում՝ բիզնեսի գործերը փոխանցվում են քննչական մարմիններին, ու սկսվում է մի իսկական դժոխք բիզնեսի համար։ Խուզարկություններ են անում, ձերբակալում են մարդկանց, պահում են փակի տակ, համակարգիչները, սերվերն ու հեռախոսներն են առգրավում, ամիսներով ու տարիներով հետ չեն տալիս, արհեստական քաշքշուկներ են ստեղծում, խաթարում են բիզնեսմենի կյանքն ու բիզնեսի բնականոն գործունեությունը։
Ահա այսպիսի իրավիճակների մեջ չհայտնվելու համար էլ շատերը համաձայնում են հարկայինի առաջադրած պայմաններին։ Վճարում են այն գումարները, որոնք բանակցություններով պայմանավորվում են տեսուչների հետ։
Վերջում էլ ՊԵԿ նախագահը հպարտանում է, թե բիզնեսի նկատմամբ քննչական գնացող գործերը նվազել են։ Պարզ չէ՞, որ պիտի նվազեին։ Բիզնեսին քննչականով են վախեցնում ու նրանցից գումարներ կորզում։
Պատկերացնո՞ւմ եք, հարկային տեսուչները բանակցում են բիզնեսի հետ, բիզնեսի հետ մտնում են փողի հարաբերության մեջ, գումարների շուրջ են պայմանավորվում։ Եթե նման բան նախկինում լիներ, այն էլ՝ այսպես բացահայտ մեծ աղմուկ ու աղաղակ կբարձրացնեին։ Հիմա համարում են, որ բիզնեսի հետ հարկայինի բանակցելը բիզնեսի շահերից է բխում։
Դժվար չէ հասկանալ, թե սա ի՞նչ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում։
Ո՞վ կարող է երաշխավորել, որ այդ բանակցությունները միայն լրացուցիչ վճարվելիք հարկերի վերաբերյալ են, գումարների մի մասն էլ չի մտնում տեսուչների գրպանը։ Կարծում եք՝ պատահակա՞ն են այն բացահայտումները, որ երբեմն-երբեմն տեղի են ունենում հարկային մարմիններում։
Այսպիսի արատավոր պրակտիկա նույնիսկ տասնամյակներ առաջ դժվար էր պատկերացնել։ Բայց այսօր դա իրողություն է։ Գործ ունենք պետական մակարդակով ռեկետի ու կոռուպցիայի օրինականացման հետ։ Ինչպե՞ս կարելի է բանակցել հարկերի վերաբերյալ, դրանք կան կամ չկան։
Սա շատ վատ պրակտիկա է։ Պատահական չէ, որ բիզնեսում համատարած դժգոհությունների ալիք է հասունանում։ Դրա մասին գիտեն նաև կառավարությունում։
Օրերս Նիկոլ Փաշինյանն իրեն միամիտի տեղ դրած՝ ասում է՝ եթե պարզվի, որ հարկատուներից ավել գումարներ ենք վերցրել, մենք կգտնենք այն վերադարձնելու միջոցը։ Հարկատուներն էլ հերթ կանգնած՝ գալու են ու ասեն, թե իրենց պարտադրել են ավելի շատ հարկեր վճարել։
Բիզնեսի դժգոհություններն այսօր ամենևին էլ միայն բիզնեսին լրացուցիչ հարկեր պարտադրելուց չէ։ Հարկայինը դարձրել են գործիք նաև բիզնեսը խլելու համար։ Ստուգումներով, տուգանքներով ճնշում են ու պարտադրում վաճառել բիզնեսը։
Նման ահազանգեր վերջին շրջանում հաճախ են լսվում՝ հատկապես նորահայտ ու «թավշյա» իշխանության սիրելի գործարարներից մեկ հետ կապված։
Խոսքը Նարեկ Նալբանդյանի մասին է, ով արագորեն ընդլայնում է սեփական բիզնեսը։ Նրան պատկանող ու Նիկոլ Փաշինյանի կնոջ անվան հետ կապվող «88» խանութների ցանցն արդեն մարզեր է հասել (ի դեպ, օրերս Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հերքել էր լուրերը, թե որևէ առնչություն ունի այս սուպերմարկետի հոտ և կոչ էր անում բոյկոտել այս սուպերմարկետն ու գնումներ չանել)։ Հերթով իրենով է անում մարզերի սուպերմակետներն ու խոշոր խանութները։ Տարօրինակ զուգադիպությամբ, այդ սուպերմարկետներն «88» խանութների ցանցին են անցնում հարկային ստուգումներից հետո։
Այսքան պատահական զուգադիպություններից ու խոսակցություններից հետո, զարմանալի է, որ պետական մարմիններն անգամ փորձ չեն անում պարզելու, թե ի՞նչ է կատարվում այդ բիզնեսների հետ, ինչո՞ւ են երբեմնի հաջողված բիզնեսները փակվում ու վաճառվում։
Ցանկացած գործարար կհաստատի, որ այսօր բիզնեսը Հայաստանում ահաբեկված է ու գործում է համատարած վախի մթնոլորտում։ Բոլորը սպասում են, որ ամեն պահի կարող են հայտնվել հարկայինի տեսուչները, որից հետո իրենք կդառնան «օրինական» թիրախ՝ ոչ միայն հարկայինի, այլև՝ իրավապահ մարմինների համար։ 10 մլն դրամի «խախտումներ» հայտնաբերելն ու բիզնեսին իրավապահների ձեռքը տալը մեծ բան չէ հարկային տեսուչների համար։
Տարիներ շարունակ բոլորը կարծես դժգոհում են, որ 10 մլն դրամ ենթադրյալ խախտման համար չի կարելի բիզնեսին գցել իրավապահների ձեռքն ու խափանել նրա բնականոն աշխատանքը։ Բայց այդպես էլ սայլը տեղից չի շարժվում։
Իրավապահների ձեռքն ընկնելու ահից էլ բիզնեսը ստիպված է լինում գործարքի գնալ ու վճարել այն գումարները, որոնք պարտադրվում են իրեն։ Թե սա դեռ ինչքա՞ն կշարունակվի՝ կախված է բիզնեսից։
Որքան երկար տևի բիզնեսի լռությունը, այնքան ճնշումներն ավելանալու ու ահագնանալու են։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ
