Երևանցիները կվճարեն տարեկան 1.3 միլիոն դոլար՝ իրենց երթևեկությունը վճարովի դարձնելու համար

 Տիգրան Ավինյանը որոշել է «Երևանի երթևեկության կարգավորման կենտրոն» անվանումով նոր հիմնարկ ստեղծել։ Քաղաքացիների վճարած հարկերի հաշվին, այսօրվա չափանիշներով, աստղաբաշխական աշխատավարձեր վճարել, որպեսզի այդ հիմնարկում աշխատողներն ուսումնասիրեն ու լուծումներ առաջարկեն մայրաքաղաքի խցանումների համար։

Օրինակ՝ կենտրոնի տնօրենի աշխատավարձը կկազմի 1.8 մլն դրամ, փոխտնօրենինը՝ 1.7 մլն դրամ, նախագծի ղեկավարինը՝ 1.6 մլն դրամ, տնօրենի օգնականը կստանա 400 հազար դրամ, անձնակազմի հավաքագրման մասնագետը՝ 550 հազար դրամ, և այդպես շարունակ։

Հիմնարկի պահպանումը երևանցիների վրա բավական կլորիկ գումար կնստի՝ տարեկան շուրջ 1.3 մլն դոլար։

Այդքան գումար քաղաքապետարանը կտա նոր ստեղծվող հիմնարկի պահպանությանը, որի գործունեության արդյունավետությունն այս գլխից կասկածի տակ է։ Ի՞նչ նոր բան պիտի առաջարկեն խցանումները մեղմելու համար, որ հայտնի չէ, ու դրա համար հատուկ հիմնարկ է պետք ստեղծել։

Կարդացեք նաև

Խցանումների մասին ժամանակին էր պետք մտածել և ոչ թե թողնել, մինչև դանակը ոսկորին հասնի։ Որ մի օր Երևանը հայտնվելու էր այս վիճակում, վաղուց էր պարզ։ Ու դա բոլորովին էլ ոչ թե «տնտեսական ակտիվության», ինչպես վերջերս փորձում էր արդարանալ Տիգրան Ավինյանը, այլ քաղաքական ու քաղաքային իշխանության անգործության, ինչպես նաև անփառունակ կառավարման հետևանք է։

Սրա մեղավորն այն մարդիկ են, ովքեր գրեթե 8 տարի, գտնվելով իշխանության աթոռներին, ոչինչ չեն արել քաղաքային ենթակառուցվածքներն ընդլայնելու ու թողունակությունն ավելացնելու համար։ Կարծես նախկինում Հայաստանում ոչ տնտեսական ակտիվություն է եղել, ոչ էլ ավտոմեքենաներն են ավելացել։ Երևանում նախկինում նման խցանումներ չեն եղել ոչ թե այն պատճառով, որ մեքենաներն ավելի քիչ էին, այլ՝ որովհետև մեքենաների ավելացմանը զուգահեռ՝ նաև ենթակառուցվածքներ են ստեղծվել։ Եթե այդ ենթակառուցվածքները ստեղծված չլինեին, այն ժամանակ էլ պակաս խցանումներ չէին լինի։

Իսկ այսքան տարի  ի՞նչ է արել այդ ուղղությամբ «թավշյա հեղափոխականների» իշխանությունը։ Քանի՞ նոր ենթակառուցվածք է ստեղծել Երևանում ու Երևանը շրջանցող, քանի՞ նոր ճանապարհ է կառուցել, քանի՞  էստակադա կամ ստորգետնյա անցում է հանձնել շահագործման՝ մեքենաների շարժն արագացնելու համար։ Թե՞ կարծում են՝ նույն ճանապարհը տարին մի քանի անգամ նորոգելով ու վերանորոգելով՝ մեծ բան են արել։

Ութերորդ տարին է, մետրոյի Աջափնյակ կայարան են կառուցում։ Հիմա վաղուց պիտի կառուցած-ավարտած լինեին, նույնիսկ շինարարությունը չեն մեկնարկել։ Մեկնարկելուց հետո էլ, դեռ հայտնի չէ, թե ինչքան ժամանակ անհրաժեշտ կլինի շինարարությունն ավարտին հասցնելու ու շահագործման մեջ դնելու համար։

Մի կայարանը թղթի վրա կառուցել-ավարտել են, հիմա էլ երկրորդ

են կառուցում։

Այսպես են արել, որը քաղաքը խեղդվում է խցանումների մեջ։ Ոչ մի նորմալ ենթակառուցվածք այս ընթացքում չեն ստեղծել։ Համատարած անգործություն են ցուցաբերել։ Պարզ չէ՞, որ հետևանքը սա էր լինելու։ Մի օր բախվելու էինք այնպիսի իրավիճակի, որ Երևանում մի տեղից մյուս տեղ տեղափոխվելը, հատկապես օրվա պիկ ժամերին, հերոսություն էր լինելու։

Տարիներ շարունակ քաղաքացիները դժոխքի միջով են անցնում՝ Երևանի մի կետից մյուսը հասնելու համար, Նիկոլ Փաշինյանն ու Տիգրան Ավինյանը նոր են հիշել Երևանի խցանումների մասին։ Դա էլ այն բանից հետո, երբ օրերից մի օր Նիկոլ Փաշինյանը հեծանվով հայտնվեց երևանյան խցանումների մեջ։ Մինչ այդ, որ ոստիկանական շարասյուներով ճանապարհներ էին բացում նրա տեղաշարժի համար՝ երևի կարծում էր, թե քաղաքացիներն էլ իր նման ազատ կարող են առանց խցանումների երթևեկել մայրաքաղաքի բանուկ փողոցներով։

Վերջին շրջանում Երևանում 10 բալանոց խցանումները սովորական երևույթ են դարձել։ Ու դրա պատճառներից մեկն էլ այն խառնիճաղանջ բնակարանային շինարարությունն է, որը վերջին մի քանի տարիներին, քաղաքաշինական նորմերն անտեսելով՝ իրականացնում են Երևանի քաղաքապետի թույլտվությամբ։ Այդպիսի համատարած թույլտվություններ շռայլելու ժամանակ էր պետք մտածել խցանումների մասին։ Որտեղ պատահի, ինչպես պատահի՝ շենքեր կառուցելու արտոնություն են տվել՝ առանց հաշվի առնելու քաղաքային ենթակառուցվածքների թողունակությունը։

Ընդ որում՝ սա չի վերաբերում միայն ճանապարհներին։ Վաղը շատ ավելի բարդ խնդիրների առաջ ենք հայտնվելու մյուս ենթակառուցվածքների հետ կապված, չնայած դրանք արդեն սկսել են զգացնել տալ։

Սրա մեղավորն ո՞վ է։ Հավանաբար էլի՞ տնտեսական ակտիվությունը։

Հիմա ի՞նչ, տնտեսական ակտիվություն չպիտի լինի, որպեսզի նման խնդիրներ չառաջանա՞ն։

Այսպես են իրենց չիմացությունն, անկարողությունն ու անգործությունը փորձում արդարացնել։ Հիմա էլ իրենց խելքով լուծումներ են առաջարկում, ասում են՝ ցավոտ միջամտությունների կարիք կա։

Ժամանակին նման մի «ցավոտ միջամտություն» արեցին, տեսանք արդյունքը։ 13 անգամ թանկացրեցին կենտրոնի ավտոկայանատեղիների գները՝ 12 հազարից հասցնելով 160 հազար դրամի։ Արդարանում էին, թե՝ դրանով բեռնաթափում ենք կենտրոնը։ Ի՞նչ փոխվեց, ոչինչ։ Դրանից հետո էլ կենտրոնում կանգնելու տեղ չկա, ինչը նշանակում է, որ կայանատեղիները թանկացնելով՝ կենտրոնի բեռնաթափման խնդիրն ամենևին էլ չլուծվեց։

Բեռնաթափման խնդիրը չլուծեցին, բայց գներն էլ չիջեցրեցին։ Միակ «օգուտն» այն մնաց քաղացիներին, որ հիմա կենտրոնում կանգնելու համար, եթե, իհարկե, հաջողվի, ստիպված են մի քանի անգամ ավելի շատ վճարել։ Դրա արդյունքում քաղաքապետարանը միլիարդներ է աշխատում, հետո էլ քաղաքապետը գլուխ է գովում, թե՝ քաղաքային բյուջեի եկամուտներն ավելացրել ենք։

Այս անգամ էլ կենտրոնը բեռնաթափելու այլ տարբերակ են գտել, պատրաստվում են սահմանափակել տրանսպորտային միջոցների մուտքը։ Ամենապրիմիտիվ բանը, որ կարող էին մտածել։ Չեն ուզում մի քիչ իրենց նեղություն տալ ու ավելի ընդունելի տարբերակներ գտնել, միանգամից սահմանափակումներ, ու վերջ։

Կարգելեն անձնական տրանսպորտային միջոցների մուտքն ու կհամարեն, որ խնդիրը լուծված է։

Չեն հասկանում, որ խցանումներն արդեն դուրս են եկել Երևանի կենտրոնից ու անգամ ծայրամասեր են հասնում։ Պիկ ժամերին ծայրամասերում էլ տեղաշարժվելու դժվարություններ կան, որոնք գնալով սրվելու են՝ նորակառույցների բնակեցմանը զուգահեռ։

Այն, ինչ մտադիր են անել տրանսպորտային միջոցների շարժը սահմանափակելու առումով, ամենավերջին բանն է, որ կարելի է անել այս պարագայում։ Հատկապես հասարակական տրանսպորտի այսօրվա խայտառակ ծանրաբեռնված ու խիստ անկանոն աշխատանքի պայմաններում։

Բայց դա ո՞ւմ է հետաքրքիր: Կարևորը՝ իրենք «պադավատներով» են շրջում։ Ոչինչ, որ երբեմն էլ արժանանում են իրենց համար ճանապարհ ազատելու հետևանքով տևական ժամանակ խցանումների մեջ սպասող քաղաքացիների այդքան խորհրդանշական ազդանշաններին ու հայհոյանքներին։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս