Ինչպես գողանալ 10.000 դրամ․ Նիկոլ Փաշինյանը խաբում է կենսաթոշակառուներին
Նիկոլ Փաշինյանը թոշակառուների փոխարեն որոշել է, թե ո՞րն է նրանց համար ավելի ձեռնտու՝ թոշակների բարձրացո՞ւմը, թե՞ առողջության ապահովագրությունը։ Որոշել է, որ առողջության ապահովագրությունն ավելի նախընտրելի է, քան թոշակների բարձրացումը։
Իսկ գուցե թոշակաոուների՞ն հարցներ. Հաստատ 10-ից առնվազն 9-ը նախապատվությունը կտար թոշակների ուղղակի բարձրացմանը։ Բայց քանի որ թոշակների ուղղակի բարձրացումն իշխանությանը ձեռնտու չէ, ստիպված էին լինելու իրենց «բերանից կտրել» ու տալ թոշակառուներին, Նիկոլ Փաշինյանը թոշակառուների փոխարեն որոշել է, որ ավելի նպատակահարմար է ապահովագրությունը։
Ասում է՝ եթե թոշակը 10 հազար դրամով ավելացնենք, թոշակառուն իր առողջապահական խնդիրը չի լուծի։
«Եթե մենք մարդու թոշակը ամիսը 10 հազար դրամով բարձրացնենք, ինքն իր առողջապահական խնդիրները կարողանալո՞ւ է շատ թե քիչ պատշաճ ձևով լուծել։ Ո՛չ, չի կարողանալու։ Դրա համար մենք ասեցինք՝ եկեք ոչ թե թոշակն ավելացնենք, այլ առողջապահության համակարգ ներդնենք։ Դրանով մենք 65 տարեկանից բարձր տարիքի թոշակառուների ավելացրած թոշակը, առանց իրենց հարցնելու, դնում ենք այնտեղ, բայց իրենք այնտեղ ստանալու են մի քանի անգամ ավել արժեցող ծառայություններ, որոնց կարիքն իրենք, իհարկե, կունենան։
Մենք ոչ բոլոր դեղերի ոչ ամբողջական ծախսերն ենք փակելու, բայց մենք այս ճանապարհով թոշակառուներին վերադարձնում ենք այնքան գումար, որն էականորեն ավելի է այն 10-11 հազար դրամից, որ մենք իրենց պոտենցիալ ավելացող թոշակից վերցնում ենք և դնում ենք իրենց առողջության համակարգի վրա»,- ապահովագրության ներդրումով՝ թոշակառուների թոշակը չբարձրացնելը փորձում է արդարացնել Նիկոլ Փաշինյանը։
Թվում է, թե ամեն ինչ ճիշտ է, բայց էլի խաբում է։ Ապահովագրության ներդրումն ուղիղ կապ չունի թոշակների չբարձրացման հետ։ Առանց առողջության ապահովագրության ներդրման էլ, թոշակառուները կամ նրանց առնվազն մեծ մասն անվճար բուժօգնությունից օգտվելու արտոնություն ուներ։
Այլ բան, որ ոչ միշտ էր կարողանում օգտվել։ Բայց այնպես չէ, որ այսուհետ կարողանալու է օգտվել ու ապահովագրությունից հետո իր առողջության հետ կապված խնդիրները լուծելու ժամանակ թոշակառուի կյանքում շատ բան է փոխվելու։ Գուցե նույնիսկ ավելի է դժվարանալու անվճար բուժօգնությունից օգտվելը, որովհետև իշխանությունները որոշել են, որ բազմաթիվ բժշկական ծառայություններ դուրս են մնալու տրամադրվող ապահովագրական փաթեթից, ու դրանց համար ապահովագրված քաղաքացիները, այդ թվում՝ թոշակառուները, պետք է վճարեն։ Երբեմն էլ պետք է վճարեն անգամ ապահովագրության մեջ ընդգրկված բժշկական ծառայությունների համար։
Հիմա ո՞րն է թոշակառուների համար ավելի ձեռնտու՝ ապահովագրությո՞ւնը, թե՞ թոշակների բարձրացումը։ Ապահովագրվել ու ստանալ այն բժշկական ծառայություննե՞րը, որոնք նախկինում էլ էին ստանում, թե՞ թոշակների 10 հազար դրամ բարձրացումը։ Այսպես թե այնպես՝ այն անհամար դժվարություններն ու քաքշուկները, որոնց միջով թոշակառուներն անցնում էին պետպատվերից օգտվելու ժամանակ, ապահովագրության ներդրումով էլ չեն վերանալու ու շարունակելու են հետապնդել նրանց։
Այս պայմաններում պարզ չէ՞, որ թոշակառուներին ավելի ձեռնտու էր թոշակների ուղղակի բարձրացումը, քան ապահովագրական ձևական փաթեթների տրամադրումը։
Առավել ևս, որ ոչ բոլոր թոշակառուներն են, որ պարտադիր առողջական խնդիր են ունենալու, որ մի բան էլ դիմեն բժշկի ու ապահովագրությունից օգտվեն։
Հերթական խաբեությունն է, որով փորձում են լվանալ մարդկանց ուղեղները՝ արդարացնելու համար թոշակների չբարձրացումն ու այն, ինչ ուզում են սղացնել առողջության ապահովագրության ներդրման անվան տակ։ Ամեն անգամ մի պատճառ են հորինում, որպեսզի չբարձրացնեն թոշակները։
Բազային թոշակները բարձրացնելու փոխարեն, որով գոնե մի քանի հազար դրամով կավելանար բոլոր թոշակառուների թոշակը, հետվճարով են փորձում կոմպենսացնել իրենց ավանտյուրան։ Բացի այն, որ հետվճարից թոշակառուների զգալի մասը չի կարողանում օգտվել, պարզապես անհնար է նաև ամբողջ թոշակն անկանխիկ ծախսել ու դրա դիմաց հետվճար ստանալ։
Կան բազմաթիվ ծախսեր, որոնք թոշակառուն պարտադրված է կանխիկով անել։ Ու եթե թոշակներն իրականում բարձրացնեին և ոչ թե ձև անեին, թե հետվճարով կամ ապահովագրությամբ անուղղակիորեն բարձրացրել են, թոշակառուի համար շատ ավելի նախընտրելի կլիներ։ Այսօր էլ, չնայած հետվճարի ներդրումից բավական երկար ժամանակ է անցել, գրեթե 4 տարի, էլի բազմաթիվ քաղաքացիներ հետվճարից չեն կարողանում օգտվել, օգտվողներն էլ մասնակի են օգտվում, որովհետև այլ տարբերակ ուղղակի չկա։
Վերջին տվյալներով, 661 հազարից ավելի թոշակառուներից ու նպաստառուներից հետվճար է ստացել ընդամենը 366 հազարը։ Կեսից մի փոքր ավելին։
Գրեթե 300 հազար թոշակառու ու նպաստառու դուրս է եղել դրանից, բայց կառավարությունը շարունակում է համառորեն պնդել, թե թոշակներն ու նպաստները բարձրացրել է։ Եթե նույնիսկ համարենք, որ այս 366 հազար քաղաքացու թոշակն ու նպաստը հետվճարի միջոցով բարձրացրել են, ապա 4 տարվա կտրվածքով խոսքը չնչին գումարի մասին է։
Պաշտոնական տվյալներով, հետվճարի միջին չափը, որը ստացել են դրանից օգտվողները, ընդամենը 4.1 հազար դրամ է։ Հիմա հաշվեք 4 տարում արձանագրված գնաճի ու այդ գումարի տարբերությունը։ Գնաճի ազդեցությունն անգամներով ավելի մեծ է եղել, քան այդ 4.1 հազար դրամի օգուտը։
Հաջորդ տարի էլ, երբ հետվճարը 12-ից դառնա 20 տոկոս, ակնկալվող առավելագույն գումարը, որը թոշակառուն կարող է ստանալ, հասնելու է, լավագույն դեպքում, 6.5-7 հազար դրամի՝ նախկինին ավելանալով հազիվ 2.5-3 հազար դրամով։
Ներդրումից 4 տարի հետո էլ, ինչպես տեսնում ենք, հետվճարից քչերն են ի վիճակի օգտվել։ Չեն կարողանում կամ չեն ուզում հետվճարի ինստիտուտը գլուխ բերել, որովհետև այն իրենց շահերից չի բխում, հիմա էլ առողջության ապահովագրությամբ են ուզում թոշակառուներին «ֆռացնել»։ Իբր թոշակները բարձրացնելու փոխարեն՝ այդ գումարը տվել են թոշակառուների առողջության ապահովագրությանը։ Ու քանի որ ապահովագրական փաթեթի գինը միջին ամսականը գրեթե 11 հազար դրամ է, ուզում են տպավորություն ստեղծել, թե հենց այդքանով անուղղակի ավելացրել են թոշակները։
Իրականում, սակայն, դրանից ո՛չ ուղղակի, ո՛չ էլ անուղղակի թոշակառուների թոշակները չեն ավելանալու, ծախսերն էլ չեն կրճատվելու։ Այս ամենը ընդամենը քարոզչական փուչիկ է, որով կերակրում են թոշակառուներին՝ ոչնչով չավելացնելով նրանց գրպանի պարունակությունը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ
