Ընտրություններից հետո կհարկվեն բոլորը
Ասում էին՝ եկամուտների հայտարարագրումը ֆիսկալ նպատակ չունի։ Համոզում էին քաղաքացիներին հայտարարագրեր ներկայացնել, որպեսզի իբր սոցիալական կրեդիտներ ստանան։ Հիմա տեսնում ենք, թե իրականում ինչ է թաքնված եկամուտների հայտարարագրման անվան տակ։
Այս տարի հայտարարագիր ներկայացնողներից ավելի շատ գումարներ են գանձել, քան վերադարձրել են սոցիալական կրեդիտների տեսքով։
Եկամուտների հայտարարագրումից ֆիսկալ նպատակներ չհետապնդող իշխանությունը հասցրել է հայտարարագիր ներկայացրած քաղաքացիներից գրեթե 9 մլրդ դրամ հավաքել։ Ու սա՝ այն պարագայում, երբ հայտարարագրվողների ընդամենը 20 տոկոսն է իրականում հայտարարագիր ներկայացրել։
Խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր մտել ու հայտարարագիր են լրացրել։ Նրանց քանակը վերջին տվյալներով հասնում է 178 հազարի։ Այսքան մարդու եկամուտների հայտարարագրումից 9 մլրդ դրամի հարկ են գանձել։ Հիմա պատկերացրեք, թե ինչքան գումարի ակնկալիք ունեին, եթե բոլորը հավատային իշխանություններին ու եկամուտների հայտարարագրեր ներկայացնեին։
Հիշեցնենք, որ հայտարարագիր ներկայացնողների քանակն այս տարվա համար անցնում է 800 հազարից։
Քանի որ մեծ մասը հրաժարվեցին դա անել, ընտրությունների նախաշեմին վախեցան բոլորին տուգանել ու հանել իրենց դեմ։ Դրա համար էլ փոխեցին հայտարարագրման ձևը։ Հիմա այնպես է ստացվել, որ քաղաքացիների մեծ մասը էլի հրաժարվում է հայտարարագիր ներկայացնելուց, բայց համարվում է հայտարարագիր ներկայացրած։ Նրանց փոխարեն դա պետությունն է անում։ Մարդիկ պիտի մտնեն ու վավերացնեն, սակայն դա էլ չեն անում։ Չանելու համար առայժմ տուգանքներ չեն կիրառի, բայց գալու է նաև դրա ժամանակը։ Ընտրություններից հետո բոլորին պարտադրելու են հայտարարագրվել ու վճարել հարկերը։
Թող որևէ մեկի մտքով չանցնի, թե իշխանությունները հրաժարվել են հայտարարագրեր պարտադրելուց։ Այդպես մտածողները մոլորության մեջ են։ Հայտարարագրումը լուրջ լծակ է լինելու իշխանության ձեռքին ու դրանից նրանք ինքնակամ հրաժարվողը չեն։ Ընդհակառակը՝ պարտրաստվում են արդեն հաջորդ տարի էապես ընդլայնել հայտարարատուների քանակը։
Եթե այս տարի հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ուներ 800 հազար քաղաքացի, հաջորդ տարի բոլորն են ստիպված լինելու հայտարարագրել իրենց եկամուտները։ Խոսքը 3 միլիոնից ավելի քաղաքացիների մասին է։ Բոլորը ենթակա են լինելու հայտարարագրման, ու նրանց նկատմամբ աշխատելու է հարկային մամլիչը։
Եկամուտների հայտարարագրումը լինելու է գործիք՝ քաղաքացիներին ճնշման տակ պահելու համար։ Այլևս չի լինելու այս տարվա «փափուկ ուժի» քաղաքականությունը։ Մինչև ընտրությունները կհամբերեն, կթողնեն շունչ քաշել, ընտրություններից հետո պետական մեքենան գործի կդնեն։ Ոչ մեկն ապահովագրված չէ այդ մեքենայի տակ մնալու վտանգից։
Այսօր դեռ փափուկ բարձ են դնում քաղաքացիների գլխի տակ։ Հայտարարում են, թե առանձին եկամուտներ չեն հարկելու։ Բայց դա էլ ժամանակավոր է լինելու։
Շուտով հրաժարվելու են «արտոնություններից» ու պահանջելու են վճարել նաև դրանց դիմաց։
Հարվածի տակ են հատկապես դրսից եկամուտներ ստացողները։ Խոսքն առաջին հերթին՝ արտագնա աշխատանք կատարողների մասին է, որոնք դրսում եկամուտներ են ստանում, բայց դրանից իշխանություններին փայ չեն հանում։ Դրսում ձևավորող եկամուտների դիմաց պարտադրելու են հարկեր վճարել։ Արդեն հիմքեր են ստեղծել նաև այդ եկամուտների աղբյուրները բացահայտելու համար։ Դրսից ստանալու են ամբողջ տեղեկատվությունը յուրաքանչյուրի եկամուտների վերաբերյալ ու համադրելու են այդ քաղաքացիների ներկայացրած հայտարարագրերի հետ։
Դրանից հետո դժվար չէ պատկերացնել, թե ինչ է սպասվում այդ քաղաքացիներին։
Հարվածի տակ են լինելու ոչ միայն արտագնա աշխատանք կատարողները, այլև այն քաղաքացիները, որոնք դրսից գումարներ են ստանում։ Ընդամենը ժամանակի հարց է։ Անկախ նրանից, թե ինչի համար են այդ գումարները՝ համարելու են եկամուտներ և պահանջելու են վճարել եկամտային հարկ։
Հաջորդ խումբը լինելու են գյուղացիական տնտեսությունները, որոնց եկամուտներն այս փուլում ազատված են հարկումից, բայց հայտարարագրման համակարգը լիարժեք գործարկելուց հետո, նրանց էլ են ներքաշելու հարկման տակ։ Կհայտարարեն, թե դա էլ գյուղացիների համար են անում։ Անում են, որպեսզի նրանք էլ կարողանան հիփոթեքից ու տարբեր սոցիալական ծրագրերից, կենսաթոշակային համակարգի առավելություններից օգտվել, աշխատանքային ստաժ ձեռք բերել։ Հայտարարագրման արդյունքում գյուղացու եկամուտներն էլ կդնեն հարկման տակ ու եկամտային հարկ կգանձեն։ Եկամտի 20 տոկոսը կվերցնեն ձեռքից։
Եկամուտների հայտարարագրման այս ամբողջ իմաստն առաջին հերթին քաղաքացիներից գումարներ հավաքելն է։ Մի բան, ինչն անում են միջազգային ֆինանսական կառույցների պարտադրանքով։ Այս ընթացքում այնքան են ծանրաբեռնել պետական բյուջեն, ինչպես նաև արտաքին պարտքը, որ եղած միջոցներով այլևս անհնարին է ծախսերը սպասարկելը։ Բյուջեում միջոցներ չկան՝ անընդհատ նոր պարտքեր են վերցնում, որպեսզի եղածները փակեն։ Բայց շուտով նոր պարտքեր տվողներ էլ չեն լինելու։
Դրա համար էլ եկամուտների հայտարարագրում են անում, որպեսզի քաղաքացիներից ավելի շատ գումարներ գանձեն։
Գումարներ, որոնք երբեմն անգամ Հայաստանում չեն ձևավորվում։ Բայց դրանցից էլ իշխանություններն իրենց բաժինն են պարտադրելու, որպեսզի կարողանան մի կողմից՝ ապահովել իրենց ճոխ ծախսերը, մյուս կողմից էլ՝ փակել բյուջեի ճեղքերը։
Եկամուտների հայտարարագրումը, բացի նրանից, որ ֆինանսական բեռ է լինելու քաղաքացիների վրա, լինելու է նաև քաղաքական գործիք։
Մի երկրում, որտեղ իշխանությունը ընդդիմախոսներին լռեցնելու համար ոչնչի առաջ կանգ չի առնում՝ սա չափազանց վտանգավոր միջոց է լինելու իշխանության ձեռքին։
Այս փուլում դրա հետևանքները գուցե շատ չեն երևում, դրանք կբացահայտվեն այն ժամանակ, երբ իշխանության ձեռքերն ազատ լինեն հայտարարագրման ինստիտուտն ամբողջությամբ ու լիարժեք գործողության մեջ դնելու համար։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ
