
Որոշվում է աշխարհի ճակատագիրը. ՌԴ-ն ու ԱՄՆ-ը՝ դաշնակիցներ. Թրամփը Թուրքիայի ախորժակը կզսպի Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում, Եվրոպայում ճաքերը կխորանան. Վարդան Հակոբյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, քաղաքական վերլուծաբան Վարդան Հակոբյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Սաուդիան Արաբիայում ռուս-ամերիկյան հանդիպումից հետո Սերգեյ Լավրովն ամենաճիշտ բնորոշումը տվեց՝ ասելով, որ ամերիկյան կողմը՝ Թրամփը և իր նոր ադմինիստրացիան, նախ և առաջ՝ ուզում էր հասկանալ ռուս-ուկրաինական կոնֆլիկտի էությունը՝ արդյո՞ք այն նույնական է բայդենյան բացատրության հետ։
Թրամփն անկեղծ է, երբ ասում է՝ եթե ինքը լիներ իշխանության, թույլ չէր տա, որ ռուս–ուկրաինական կոնֆլիկտն առհասարակ լիներ։
- Այն, որ Թրամփը, ի վերջո, հասկացավ, որ ռուսական էկոնոմիկան պատառ-պատառ չի լինելու սանկցիաների տակ, ինչպես ներկայացնում էր Բայդենի վարչակազմը, որ Ռուսաստանը չարիք չէ, այլևս իրողություն է։ Թրամփը թերևս ստացավ հետախուզական տվյալները, հասկացավ՝ մինչև ուր կարող է գնալ Պուտինը, որոնք են նրա կարմիր գծերը։ Նա հասկացավ, որ Պուտինը չի նահանջելու։ Դրանում մեծ դեր, կարծում եմ, խաղաց Թաքեր Կարլսոնի հարցազրույցը ՌԴ նախագահ Պուտինի հետ։
- Եվրոպացի քաղաքական գործիչները շատ լավ գիտեն և շատ լավ հասկանում են, թե ինչպես ամեն ինչ սկսվեց Ուկրաինայում և ինչու։ Հիմա Թրամփը Եվրոպային մի կողմ է դնում՝ նպատակ ունենալով, որպեսզի Ամերիկան, ինքը շահեն Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող զարգացումներից։
- Չեմ կարծում, որ Թրամփը կհամաձայնի, որ ուկրաինական կարգավորման հարցում դերակատար լինի Թուրքիան։ Ինձ թվում է՝ ԱՄՆ-ի համար շատ ավելի կարևոր է Մերձավոր Արևելքը, իսկ այնտեղ Թուրքիան ունի դերակատարություն, որը հակասում է ԱՄՆ-ի շահերին։
- Եվրոպացիները շատ լավ գիտեն, որ Ուկրաինան՝ որպես խնդիրներ ունեցող հանգույց, չեն կարող խցկել ԵՄ կազմի մեջ։ Հարուստ Ուկրաինան դեռ մինչև 2014թ․ կարող էին մտցնել ԵՄ, բայց ներկայիս ավերված Ուկրաինային ո՛չ ԵՄ-ում են ցանկանում տեսնել, ո՛չ ՆԱՏՕ-ում։ Եվրոպացիների հիմնական պատվերն Ուկրաինային ձևակերպել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ ասելով, որ պետք է կռվել մինչև վերջին ուկրաինացին։
- Սահմանների վերաձևման պրոցես է ընթանում։ Եվրոպացիների «Ուկրաինան պետք է հաղթի» կոչի խորքում Ուկրաինայի քայքայումն է, մասնատումը՝ հօգուտ Եվրոպայի։ Եվրոպան այժմ պայքարում է ծվատված Ուկրաինայից իր փայը ստանալու համար։
- Թրամփը փորձում է հաղթողի իր կերպարը կերտել։ Դրա համար ինքն ունի մի քանի տարի։ Բացի դրանից, նա փորձում է իրենից հետո հետնորդ թողնել՝ ի դեմս Վենսի։ Եվ երբ Թրամփն ու Պուտինն ասում են՝ որոշվում է աշխարհի ճակատագիրը, դա պատահական արտահայտություն չէ։ Այս երկու անձանցից աշխարհում շատ բան է կախված։ Նոր խաղի կանոններ են ներդնում ու շատ լուրջ են տրամադրված։ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը աստիճանաբար կգան այնպիսի հարաբերությունների, ինչպիսին ԱՄՆ-ԽՍՀՄ հարաբերություններն էին նախորդ դարի 60-70-ական թվականներին։ Մեծ հաշվով, չնայած որոշակի լարվածություններին, ԱՄՆ-ը ու Ռուսաստանը բնական դաշնակիցներ են։
- Թրամփը հասկացավ, որ եվրոպացիներն ու թուրքերը, ԱՄՆ-ի ուսերին նստած, ցանկանում են օգուտ ստանալ։ Ռուսաստանը Եվրոպայի համար միշտ խնդիր է եղել՝ իր ռեսուրսների պատճառով։ Պատմության ընթացքում միշտ ասել են՝ ռուսներն ուզում են հարձակվել, բայց իրենք են հարձակվել։ Եթե հետևեք պատմությանը, միշտ Եվրոպան է Ռուսաստանի դեմ պատերազմներ սկսել: Հիմա էլ ուզում էին ամերիկացիներին էշի տեղ դնել ու նրանց միջոցով ստանալ ռուսական ռեսուրսները։ Դրա համար պետք էր ողջ աշխարհում ռուսներին ու Պուտինին ներկայացնել՝ որպես հրեշ, խորացնել ռուսաֆոբիան… Զելենսկուն և նրա նման կերպարներին հերոսացնում են, բերում են իշխանության, այն դեպքում, երբ տեսնում ենք՝ նա իրենից ինչ է ներկայացնում։ Աղանդավորի նման պաշտպանում են Զելենսկուն։ Գլոբալիստների գործիքները գործի դնելով, ֆիլմեր նկարելով, կեղծիքներ տարածելով, և այլն, բերեցին նրան իշխանության: Եվրոպան նախ իշխանության բերեց հրեա բանդերական Զելենսկուն, ապա զինեց ու ամեն ինչ արեց, որ պատերազմն իրականություն դառնա։
- Եվրոպան պայքարում է ծվատված Եվրոպայից իր փայը ստանալու համար։ Ուկրաինայում, բացի հազվագյուտ հողահանքային մետաղներից, որի համար պայքարում են, կա նաև ուրան։ Ֆրանսիան զրկվել է ռուսական ու աֆրիկյան ուրանից, Հայաստանի ու Զանգեզուրի, այսպես կոչված, միջանցքի տեղը լավ գիտի, բայց մտածում է՝ ինչո՞ւ, լինելով միջուկային տերություն, իր փայը չտանի Ուկրաինայից։ Մակրոնը նաև դրա համար է պայքարում։ Դրանով է պայմանավորված Ֆրանսիայի կողմից Հայաստանի Սյունիքով հետաքրքրվածությունը:
Հիշեցնենք, որ քաղաքագետ Վահե Դավթյանն օրերս հրապարակում էր պատրաստել՝ մանրամասն ներկայացնելով Ֆրանսիայի հետաքրքրությունները. ««Զանգեզուրի միջանցքի» բացումը բխում է Կենտրոնական Ասիայի ուրանով հետաքրքրված Ֆրանսիայի շահերից»,- գրել էր նա:
- Ողջ Եվրոպայում չկա մի քաղաքական ղեկավար, ով իր փորձով, հմտությամբ ու խորությամբ կարող է համեմատվել Էրդողանի հետ։
- Եվրոպայում ճաքերը գնալով խորանալու են։
- Թրամփը թույլ չի տա, որ Մերձավոր Արևելքում Իսրայելն ու Թուրքիան տեր դառնան։ Կօգնի որոշակի հարցերով, բայց տերը մեկն է՝ ԱՄՆ-ը։ Թուրքիային Թրամփը չի թողնի տեր դառնալ Սիրիայում:
- Թրամփը չի կարող հաշվի չառնել Հարավային Կովկասի վերաբերյալ ռուսների և Իրանի դիրքորոշումները։ Նա գիտի Թուրքիայի հետաքրքրությունների մասին, բայց ռուսներն այդտեղ արյուն են թափել, իրանցիները՝ նույնպես։ Հարավային Կովկասում քաղաքական հարաբերությունների նոր էջ է բացվում։ Ալիևը նույնպես փորձում է սանձել իր քաղաքական խուլիգանությունը Հայաստանի նկատմամբ։ Թրամփը գիտի՝ Արցախից արտաքսված ժողովուրդ կա։ Ձեր եթերներում բազմիցս եմ ասել՝ Արցախի էջը փակված չէ՛: Արտաքին ուժեր կան, որ երբեք թույլ չեն տա, որ Արցախի էջը փակվի։ Թրամփն ամեն ինչ կանի, որ այդ հարցը նորից վերակենդանանա։ Արցախի հայաթափման հարցը չփակված հարց է ԱՄՆ-ի, Իրանի ու Ռուսաստանի համար, և վերջինս անհամբեր սպասում է դրան։ Մնում է, որ Հայաստանն օգտվի դրանից, դա շանս է, բայց մենք Հայաստանում ունենք այնպիսի իշխանություն, որին դա պետք չէ, որը ոչնչի ունակ չէ։ ՀՀ գործող իշխանություններին որևէ մեկը բանի տեղ չի դնում:
- Ամերիկյան գլոբալիստները ժողովրդին այն աստիճան էին հիպնոսացրել, որ այսօր ուկրաինացիներն աղանդավորների նման այդպես հանգիստ են տանում իրենց իսկ երկրի քայքայումն ու իրենց զավակների զոհվելը։
- Ռուսները Հարավային Կովկասի ու Արցախի հարցը չեն փակել, և նման մանր խաղերը, ինչպիսին, օրինակ, Հայաստանի կողմից Եվրամիությանն անդամակցելու ընթացակարգ սկսելու մասին օրենքի ընդունումն է, կարող է նրանց խանգարել։
- Փաշինյանին թելադրողն Էրդողանն է։ Վտանգ կա, որ Փաշինյանը կընկնի Զելենսկու գծի մեջ, որովհետև տերն ԱՄՆ-ը չէ, այլ ուրիշ մարդ է։ Եվրոպան մասնակից է այնքանով, որ Էրդողանի օգնությամբ Հայաստանը կարողանա Ռուսաստանին տարածաշրջանից հանել։ Որքան Հայաստանը թույլ լինի, այնքան թուրքական նեոօսմանիզմի հաղթարշավն արագ կընթանա։ Ռուսներին թույլ Հայաստանը ձեռք չի տալիս, որովհետև որքան Հայաստանը թուլանա, այնքան Ռուսաստանի համար դժվարանալու է Հարավային Կովկաս հաղթական վերադարձի ճանապարհը։
- Ալիևը, ի տարբերություն ՀՀ գործող ղեկավարների ու Զելենսկու, ընդունակ է գիծ փոխել ու զգուշավոր է։ Ադրբեջանը հասկանում է տարածաշրջանային իրողությունները։
- Իրանն ուզում է տարածաշրջանում իր կշիռը բարձրացնել։ Նաև դրա համար է պարբերաբար հիշեցնում «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ իր կարմիր գծերի մասին։
- Լավրովն Իրանում հաստատելու է, որ երբեք Ռուսաստանը թիկունքից Իրանին չի խփելու։ Մեծ տերություններ են, լուրջ խաղ։
- Չի բացառվում, որ «Զանգեզուրի միջանցքը» դառնա Թուրքիայի և Իրանի բախման պատճառ։ Սա է, որ Իրանն ու Ռուսաստանը կապում է իրար, իսկ նեոօսմանիզմի հակազդման ուժը Ռուսաստան-Իրան տանդեմն է, որովհետև եթե Օսմանյան կայսրությունը վերականգնվեց, դրա դեմն առնել չի լինելու։ Սա հասկանում է նաև Թրամփը, որին նույնպես դա ձեռք չի տալիս:
- Ինձ թվում է՝ ԱՄՆ-ը Հարավային Կովկասը կտա Ռուսաստանին, բայց որոշակի պայմանավորվածություններով։ ԱՄՆ-ը կճանաչի Ռուսաստանի գերակայող դիրքը Հարավային Կովկասում։ Փոխարենը՝ ինքը կլուծի Սիրիայի, Պաղեստինի խնդիրը։
- Ֆրանսիան տրադիցիոն մեզ բարեկամ երկիր է, բայց հիմա այնտեղ իշխանության են լիբերալ-գլոբալիստները։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի խոսքերն Արցախի ու Ալմա Աթայի հռչակագրի մասին՝ դիտարկենք այդ համատեքստում։ Դա էլ կանցնի։ Ժամանակավոր պաշտոնյաների հայտարարություններ են:
- Այսօր աշխարհում տարբեր լուրջ զարգացումներ են տեղի ունենում բոլոր ուղղություններով, բոլոր երկրներն իրենց շահերն են առաջ մղում, սակայն Հայաստանը չունի իշխանություն, որը մեր շահերն առաջ կմղեր: Ավելին, ՀՀ գործող իշխանություններին որևէ մեկը լուրջ չի ընդունում, սրանց հետ ոչ ոք որևէ բան չի խոսում:
Մանրամասները՝ տեսանյութում։