Ինձ համար խաղաղության պայմանագիրը TRIPP-ն է. սրանք ամեն ինչ անում են, որ ամերիկյան միջնորդությունը հեղինակազրկվի. ԱՄՆ-ը պիտի սա իմանա. Արման Թաթոյան

Այսօր «Միասնության թևեր» շարժման նախագահ, ՀՀ Մարդու իրավունքների նախկին  պաշտպան Արման Թաթոյանի հետ հարցուպատասխանի ժամանակ 168amը հետաքրքրվել է խաղաղության պայմանագրի, TRIPP-ի և անկլավների ճակատագրի, եկեղեցի-պետություն ճգնաժամի հանգուցալուծման և բանակում փոփոխությունների գնալու առարկայական մոտեցումների մասին։

  • Խաղաղության թեման իշխանությունները դարձրել են մոնոպոլիա և շատ լավ խաղարկում են․ «Խաղաղության» պայմանագրի հետ կապված ձեր դիրքորոշմանն եմ ուզում անդրադառնանք, եթե դուք լինեք իշխանության, դուք կկնքե՞ք «խաղաղության պայմանագիր», թե՞ ոչ։
  • Խոսեցիք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ համագործակցության մասին․ արդյո՞ք համագործակցությունը ենթադրում է նաև համաձայնություն TRRIP-ի դեպքում, և համարո՞ւմ եք Միացյալ Նահանգներն այդ համատեքստում երաշխավոր, թե՞ ընդամենը պրոյեկտի մենեջեր։ Ի՞նչ ճակատագիր է սպասվում անկլավներին, որովհետև ստանձնվել են պարտավորություններ, համենայն դեպս, նաև այս առնչությամբ։
  • Բանակի մասին նկատառումներ արեցիք․ ի՞նչ միջոցներով եք գնալու փոփոխություններին, ինչի մասին նշեցիք, մենք ունե՞նք բյուջետային այդ հնարավորությունները (գիտենք, որ վերջին յոթ տարիներին արտաքին պարտքը կրկնապատկվել է):
  • Հայ Առաքելական եկեղեցու շուրջ վերջին իրողությունների անչությամբ հատկապես (չնայած գիտենք, որ 2018-ից՝ Վեհափառի՝ Գնդևանքի ճանապարհի արգելափակումից հետո են սկսվել այս պրոցեսները)․ հանգուցալուծումն ինչպե՞ս եք պատկերացնում, եթե արդեն այս կասկածի ու պառակտման որդը հայտնվել է նաև Եկեղեցուց ներս:

Ի պատասխան մեր հարցադրումներին, Արման Թաթոյանն ասաց. «Եկեղեցու հետ կապված իմ դիրքորոշումը բազմիցս հայտնել եմ: Հիմա Փաշինյանն ի՞նչ է անում. Նա այսօր իր իշխանությունը կառուցել է երեք քաղաքական հենասյուների վրա՝ նախկին նախագահներ, եկեղեցի, Ռուսաստան կամ ռուսներ:

Եկեղեցին ներսից քանդում է, ամբողջությամբ նեգատիվով է լցրել մեր հանրային դաշտը: Մենք պետք է ունենանք այնպիսի պետություն, որտեղ եկեղեցականները քաղաքականության մեջ մտնելու կարիք չունեն, կամ հավակնելու երկրի ղեկավար պաշտոնների, մենք պետք է ունենանք այնպիսի պետություն, որտեղ կառավարությունը, գործադիր իշխանության ղեկավարը, երկրի ղեկավարը չի միջամտում եկեղեցու գործերին և իր հստակ իրավասությունների սահմանները պահպանում է:

Եվ նաև մեկ կարևոր բան՝ մեր եկեղեցին դեմոկրատական օրենքներով եկեղեցի է, նաև եկեղեցիների մեջ առհասարակ ինքը բավականին դեմոկրատական եկեղեցի է, ունի իր ներքին մեխանիզմները, և այդ հարցերը պետք է լուծի մեր եկեղեցին ինքը։

Կարդացեք նաև

Խաղաղության պայմանագիրը կստորագրե՞մ, թե՞ չէ՝ այո՛, կստորագրեմ, ինչո՞ւ չեմ ստորագրի, բայց առաջինը թող Ադրբեջանի նախագահը ստորագրի։ Ադրբեջանի նախագահը կստորագրի, միանգամից նույն րոպեին ես կստորագրեմ։

Բայց եկեք հասկանանք՝ այդ խաղաղության պայմանագիրը մեզ ի՞նչ է տալիս։ Ադրբեջանի նախագահն ԱՄՆ նախագահի այդ հանդիպումից հետո դուրս է գալիս, միանգամից ասում է՝ Հայաստանը պիտի փոխի իր Սահմանադրությունը։ Սա՝ այն պայմաններում, երբ այդ պայմանագրի մեջ գրված է՝ կողմերը չեն միջամտում իրար ներքին գործերի։ Հայաստանը պետք է Սահմանադրությո՞ւն փոխի Ադրբեջանի պահանջով․  ո՛չ այդպիսի բան չկա, ես Ադրբեջանի պահանջով երբեք Սահմանադրություն չեմ փոխելու, ու չի կարող ուրիշ երկրի նախագահ, որը եկել է,  իմ երկիրն ուզում է ոչնչացնել, ես իր պահանջով Սահմանադրություն փոխեմ։ Չկա՛ այդպիսի բան։

TRIPP-ի հետ կապված․ «Խաղաղության» իրական պայմանագիրն ինձ համար TRIPP-ի պայմանագիրն է։ Մենք պետք է ԱՄՆ-ի պես երկրի հզոր միջնորդական առաքելությունն այնպես օգտագործենք, որ ծառայի մեր երկրի շահերին:

Այսօր ի՞նչ է անում Փաշինյանը․ Ադրբեջանի նախագահի պահանջով՝ ինչ ունենք-չունենք տալով՝ ամբողջությամբ մսխում է ամերիկյան այս հզորագույն միջնորդությունը։ Մեր ամերիկյան գործընկերները պետք է իմանան սրա մասին, նա խաղում է, օգնում է Ադրբեջանի նախագահին, որ կոծկեն այն, ինչ անում են, և դրանով հեղինակազրկում են Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդական առաքելությունը։

Բանակի ծախսերի հետ կապված․  անվտանգությունն ու ազատությունն անվճար չեն բաժանվում, դրանք շատ թանկ բաներ են: Եթե դու չունեցար անվտանգություն, դու ուզում ես՝ աշխարհի ամենաուժեղ տնտեսությունն ունեցիր, դու չես կարողանալու ոչինչ ապահովել: Անվտանգությունից կարևոր բան գոյություն չունի: Անվտանգություն չունեցար, տնտեսությունդ չես կարող զարգացնել: Անվտանգություն չունեցար, այնպես կճնշեն, որ չես կարողանա ընդհանրապես զարգացնել այդ տնտեսությունը: Հետևաբար, ինձ համար սրանք կարևոր բաներ են, և այն, որ այդքան ասում են՝ պաշտպանության նախարարության կամ անվտանգության բնագավառի ծախսերն են կրճատվում, և այլն, և այլն․․․ տեսեք՝ ինչ է՝ ես իմ ելույթի վերջում ասացի, որ մեր հասարակությունը նախ պահում են վախերի մեջ:

Ժողովո՛ւրդ ջան, ես ձեզ ուզում եմ ասել՝ մի՛ վախեցեք, լուծումները կան, մենք իրավունք չունենք վախենանք, ժողովո՛ւրդ ջան, մենք ընդամենը 100 տարի առաջ ցեղասպանություն վերապրեցինք, բայց դրանից հետո կարճ ժամանակ անց Երկրորդ համաշխարհային պատերազմում ենք հաղթել, Սարդարապատի ճակատամարտ ենք հաղթել։ Ժողովո՛ւրդ ջան, մենք իրավունք չունենք վախենալ, հզոր պատմություն ունեցող ժողովուրդ ենք․ այս մարդիկ իրենց քաղաքական շահերի համար մեզ, տեսեք՝ ինչ օրն են գցել։

Պատահական այս երեք մեր արժեքները, որ դրել եմ այստեղ՝ խաղաղություն, ուժ, արդարություն․ ուժեղ չեղանք, անվտանգության համակարգ չունեցանք՝ ո՛չ խաղաղություն է լինելու, ո՛չ արդարություն է լինելու։

Անկլավների մասին էլ  կարճ ասեմ․ ինձ համար անկլավներ գոյություն չունեն, ինձ համար գոյություն ունի անվտանգություն։ Ես անկլավների հարց չեմ քննարկելու․ Իմ երկրի անվտանգությունն ինձ համար կարմիր գիծ է, ինչպես որ կարմիր գիծ է ինքնիշխանությունն ու անկախությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս