Նիկո՛լ, քո ընկեր Ալիևն էր ասում, որ 30 տարի Ադրբեջանը պարտված էր, լացում էր, որ Ադրբեջանի 20%-ը գրավված է. Էդուարդ Շարմազանով
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է։
Նիկոլ Փաշինյանը հերթական կեղծիքների շարքը սկսեց՝ ասելով, թե 1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: Ապա ՀՀ նախկին երեք նախագահներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին բանավեճի հրավիրեց, որը մերժվեց նախագահների գրասենյակների կողմից:
Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակից հայտարարեցին, որ Նիկոլ Փաշինյանը թող բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ, որի արդյունքում երկու կողմն էլ արդարացիորեն կհիմնավորի դիմացինի ստախոս լինելը:
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից հայտարարեցին, որ տիկտոկյան կոմիկ պերսոնաժների հետ ոչ ոք լուրջ թեմաներ, իհարկե, չի քննարկի։
Սերժ Սարգսյանի գրասենյակից հայտարարեցին, որ եթե Փաշինյանը շատ է ուզում բանավիճել, ապա խորհուրդ են տալիս բանավիճել համանախագահ երկրների՝ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների հետ:
Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը 2021 թվականին «44-օրյա պատերազմի ծագումը» վերնագրով հոդված էր հրապարակել՝ կրկին կեղծիք տարածելով, որին Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության կայքէջով արձագանքել էր ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը՝ հերքելով Փաշինյանի տարածած կեղծիքը և նշելով, որ կարգավորման ծրագրի վերջին խմբագրությունը կողմերին փոխանցվել է 2019-ի հունիսին՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից.
«Այդ պլանի հիմքում, որը հիմնականում համընկնում է Կազանի փաստաթղթի հետ, ընկած են Ղարաբաղյան կարգավորման հիմնարար սկզբունքները, որոնց թվում են առաջին փուլում՝ Ադրբեջանին հինգ շրջանների վերադարձը, իսկ երկրորդում՝ երկուսի վերադարձը, ընդ որում, ընդգծեմ հատուկ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելու հետ կապելով։ Երևանի շահերն արտացոլող առաջին փուլի մյուս տարրերի թվում էին Լեռնային Ղարաբաղի իրավունքի ճանաչումը, որը կապահովեր նրա բնակչության լիարժեք կենսագործունեության կազմակերպումը, ԵԱՀԿ նիստերին ԼՂ ներկայացուցիչների մասնակցությունը, շրջափակման վերացումը, սահմանների բացումը, ուժի չկիրառման մասին կողմերի պարտավորությունների ընդունումը և այլն: Ուստի պնդել, որ Ռուսաստանն առաջարկել է վերադարձնել յոթ շրջանները «հենց այնպես», մոռանալ կարգավիճակի մասին և հանգստանալ, չի համապատասխանում իրականությանը»,- գրել էր Պոպովը:
Էդուարդ Շարմազանովի հետ հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախկին նախագահներին բանավեճի հրավիրելու քաղաքական հնարքին դիմել է, որովհետև առջևում նոր կորուստներ են սպասվում։ Նիկոլն արդեն Հայաստանի վերջնական կապիտուլյացիան է ստորագրելու, ու հերթական տեսարանն է ապահովում՝ դրան փորձելով «փայատեր» դարձնել ՀՀ երեք նախկին նախագահներին։
- 44-օրյա պատերազմի օրերին, երբ ՌԴ նախագահ Պուտինը պատերազմը դադարեցնելու առաջարկ էր արել, պատերազմ բերած նույն Նիկոլը դարձյալ ուզում էր այդ պատերազմի պատասխանատվությունը գցել նախկին երեք նախագահների գրպանը։ Բնականաբար, դա նրան չհաջողվեց:
- 2019թ․Արցախում հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ արցախյան հարցի բանակցությունների ժամանակ իրեն դրել է գժի տեղ։ Այդ ձայնագրությունը կա։ Հիմա ո՞նց եք պատկերացնում՝ 3 լուրջ մարդ գնա, բանավիճի գժի հետ։ Նիկոլն ինքն է իրեն ասում գիժ։
- Նիկոլի ասելով՝ ՀՀ նախկին երեք նախագահները Ղարաբաղը տալիս էին, Ալիևն էլ ասում էր՝ չէ՜, չեմ ուզում, ես սպասում եմ Իջևանից Նիկոլը գա ու պարտադիր Նիկոլի ձեռքից վերցնե՞մ… Բա սա գժություն չէ, ի՞նչ է։
- Նիկոլ Փաշինյանն այնքան քաղաքական կշիռ չունի, որ Իլհամ Ալիևը մինչև հիմա ասում է՝ ես հաղթել եմ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի բանակին։
- Նիկոլ, բա եթե, ըստ քեզ՝ Սերժ Սարգսյանը բանակցել է Ղարաբաղը հանձնելու շուրջ, 2016թ․ հոկտեմբերի 7-ին Ալիևը ո՞նց էր ասում՝ միջազգային հանրությունը փակ դռների հետևում մեզ պարտադրում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։
- 2023թ․ հունվարին Իլհամ Ալիևն ինքն է ասել, որ ոչ միայն ԼՂԻՄ նախկին տարածքը, այլև Լաչինի և Քելբաջարի շրջաններն էին մնալու հայերին։
- Նիկոլ Փաշինյանն իշխանազավթումից հետո անձամբ հայտարարել է, որ բանակցությունները սկսում է իր սեփական կետից՝ զրոյական կետից։ Ինքը չէ՞ր Ազգային ժողովում ասել՝ ինչ պետք է, այն էլ բանակցում եմ։ Նիկոլ Փաշինյանի ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանն էր ասում՝ նոր պատերազմ, նոր տարածքներ։ Նիկոլ Փաշինյանն է Արցախում հայտարարել՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», Փաշինյանն է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ֆրակցիայի հետ հանդիպման ժամանակ մեջբերել Մինսկի խմբի համանախագահների խոսքը, որ՝ «Նույնիսկ Ալիևն է հասկանում, որ Ղարաբաղը մնալու է հայերին»։
- Լևոն Տեր-Պետրոսյանը շատ ճիշտ է պատասխանել Նիկոլի բանավեճի հրավերին՝ ուզում է բանավիճել, թող գնա ինքն իր հետ բանավիճի․ վերջում կպարզվի, որ երկուսն էլ սուտասան են։
- Սերժ Սարգսյանի բանակցած Կազանյան փաստաթղթից հրաժարվել է Ադրբեջանը և այդ մասին հրապարակավ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Լավրովը։ Նիկոլ Փաշինյանն ինքն է ասել, որ Կազանյան փաստաթուղթը երբևէ բանակցած լավագույն փաստաթուղթն էր։ Մեզ հետ հանդիպման ժամանակ Փաշինյանն ասել է, որ Ալիևն իրեն ասել է, որ ինքն է հրաժարվել ստորագրել Կազանյան փաստաթուղթը։ Եթե, ինչպես Նիկոլն է ասում հիմա, Կազանյան փաստաթուղթը Ղարաբաղը հանձնելու մասին էր, Ալիևն ինչի՞ հրաժարվեց ստորագրել այն։
- Եթե Սերժ Սարգսյանը բանակցում էր Ղարաբաղը հանձնելու համար, ո՞նց էր նա ԵԱՀԿ գագաթնաժողովում հայտարարում՝ եթե Ադրբեջանը դիմի պատերազմի, կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը։ Բա մեկը չկա՞ր այդտեղ Սերժ Սարգսյանի այդ ելույթի ժամանակ ասեր՝ էդ ի՞նչ եք ասում, մենք բանակցում ենք Ղարաբաղը հանձնելու մասին, իսկ դու, Սերժ Սարգսյան, ճանաչելուց ե՞ս խոսում։
- Սերժ Սարգսյանը մշտապես է խոսել Արցախի ինքնորոշման իրավունքի մասին։ Էդ մեկն ինչի՞ նրան մի օր չասաց՝ ի՞նչ ինքնորոշման իրավունք։ Էլ չեմ ասում CEPA-ի մասին, որը վավերացրել է Եվրոպայի 27 երկիր, որում գրված է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման մասին։
Հիշեցնենք, 2017թ. նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրվեց «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը» (ՀԸԳՀ)։ Եվրամիությունը, որն ամբողջովին ներկա էր Գրանադայում, ունի Հայաստանի հետ ստորագրած փաստաթուղթ, որը կոչվում է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր (CEPA): Դրանում սևով սպիտակի վրա գրված է, որ ամբողջ Եվրամիությունն օժանդակում է Արցախի ինքնորոշման իրավունքին, տարածքային ամբողջականությանը, ուժի չկիրառման հիման վրա կոնֆլիկտի լուծմանը:
- Նիկոլ Փաշինյանը փորձում է հանրությանն արհեստական բանավեճ մատուցել, որ մարդիկ մոռանան իր հիմնական հանցագործությունը՝ 5000 երեխու զոհելը, Արցախի հայաթափումը… Նիկոլ Փաշինյանն ինքնախոստովանական ցուցմունք է տվել, երբ ԱԺ-ում ասել է՝ պատերազմի արդյունքը նույնը կլիներ, միայն թե առանց զոհերի։ Սա դահիճի ցուցմունք է։ Դահիճի, հանցագործի հետ ի՞նչ բանավիճես։
- «30 տարի Ադրբեջանը պարտված է եղել միջազգային բոլոր հարթակներում»,- սա ուղիղ մեջբերում է, Նիկոլ, քո՛ կառուցողական գործընկերոջ՝ Իլհամ Ալիևի խոսքից։ Էդ 30 տարիների ընթացքում, Նիկո՛լ, Հայաստանի նախագահներն էին Լևոն Հակոբի Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Սեդրակի Քոչարյանն ու Սերժ Ազատի Սարգսյանը։
- Նիկոլն ԱԺ-ում ամենախայտառակ բանն է հայտարարել՝ ասելով՝ Հայաստանը կադաստրի վկայական չունի։
- Դավաճանների, հողատուների ու կապիտուլյանտների հետ չեն բանակցում։ Դրանց համար տեղ կա՝ պատմության աղբանոց, ու ձև՝ պատմության դատաստան։
- Մարդիկ պիտի հասկանան՝ 2018թ․մայիսի 8-ից մեզ հետ ինչ կատարվում է, դրա պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։ Իր խասյաթն է՝ բորշը սարքում է, հետո տալիս է, որ ժողովուրդը, նախկին նախագահներն ուտեն էդ բորշը։
- Ակնհայտ է, որ հասարակության ճնշող մեծամասնությունը դեմ է Նիկոլ Փաշինյանին։ Նա էլ, որպեսզի ծածկի նոր սպասվող աղետը, թոշակների չբարձրացումը, հարկերի բարձրացումը, տրանսպորտի թանկացումը, գույքահարկն ահռելի չափերով ավելանալը, սոցիալ-տնտեսական ծանր վիճակը, փորձում է նոր տեսարաններ ապահովել։
- Իմ ու Նիկոլի մեջ 2020թ․ հոկտեմբերի 19-ին շատ կարճ շփում է եղել։ Երբ ինքը փորձեց պարտության մեղքը գցել բանակցային վատ ժառանգության վրա, ես նրան ասացի՝ մենք քեզ թողել ենք 42 000 քկմ-անոց 2 հայկական պետություն՝ Արցախ և Հայաստան։ Դո՛ւ մտածիր՝ ինչ ես թողնելու քեզնից հետո։ Նրա կառավարման 6.5 տարվա ընթացքում մենք ունենք կորսված, հայաթափված Արցախ ու օկուպացված Հայաստան։
- Նախկինացավ է կպել․ ուզում էիր անկում ապրած ռեյտինգը փրկել տեսարաններով, շոուներով։ Դժբախտաբար, մանիպուլյացիայի են ենթարկվում շատ քաղաքացիներ։
- Այ տնաքանդ, եթե դու ասում ես՝ բանակցությունները սկսել ես քո սեփական կետից, причем тут նախորդ բանակցությունները։ Բա եթե դու գիտեիր՝ Արցախը հանձնված է, տղեդ ինչի՞ էր ծառայում Արցախում, կինդ էլ «Էրատո» անունով ջոկատ կազմում, որ Արցախը պաշտպանի…
- Նիկոլ, և, ի վերջո, պատասխա՛ն տուր, եթե Արցախը հանձնված էր, 5000 երեխու գլուխը ինչի՞ կերար։ Արա՛, 5000 դրամ չես, է, փուռը տվել, 5000 կյանք ես մարել, 5000 տղու ես սպանել, այն դեպքում, երբ հոկտեմբերի 19-ին պատերազմը կանգնեցնելու հնարավորություն կար։
- 5 տարի է՝ դու ես իշխանության, էդ դու չպիտի հարցեր տաս, էդ մե՛նք քեզ պետք է հարցեր տանք։ 120 000 արցախցի ես բռնագաղթված սարքել։ Բա որ Արցախը հանձնված էր, կինդ ինչո՞ւ էր Մեհրիբան Ալիևային հրավիրում մուղամ լսելու։ Հյուրը կարա՞ տանտիրոջը հրավեր անի։ Բա որ նախկինում Ադրբեջանին էր տրված Ղարաբաղը, արցախցիներն ինչի՞ էին առաջ իրենց տանը Նոր տարի անում, հիմա՝ Հայաստանի վարձած տներում։
- Խաղաղության պայմանագիր չկա՛։ Ի՞նչ խաղաղություն, եթե Ալիևը մի քանի օր առաջ 4 նոր պահանջ առաջ քաշեց ու հայտարարեց, որ վերջերս Կազանում Նիկոլը համաձայնել է դրանք կատարել:
- Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի համար հազարամյակի ամանորյա նվեր է։
- Բա եթե Արցախը տված էր, ո՞նց էր 2020թ․ պատերազմից հետո Ֆրանսիայի Սենատը ճանաչում Արցախի անկախությունը, Նիկոլն էլ իր ֆեյսբուքյան էջում շնորհակալություն էր հայտնում Ֆրանսիային ու ասում՝ Արցախի անկախությունն այլընտրանք չունի։
- 2023թ․ հունիսի 10-ին Ժոզեպ Բորելը՝ ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարը, Նիկոլի սիրած եվրոպացի պաշտոնյան, ասաց՝ «Նիկոլ Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն էր, որը Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի կազմում»։
- Սերժ Սարգսյանի ստորագրությունը դրված է Շուշիի ազատագրության, հրադադարի հաստատման փաստաթղթերի տակ։ Նիկոլի ստորագրությունը դրված է 2020թ․ նոյեմբերի 9-ի՝ պատերազմում պարտության փաստաթղթի ու 2022թ․ հոկտեմբերի 6-ի՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու՝ Պրահայի փաստաթղթի տակ։
- Քանի որ Նիկոլ Փաշինյանը՝ որպես իր քաղաքական կնքահայր, ընտրել է Ռեջեբ Թայիբ Էրդողանին, ուզում է ասել, որ Հայաստանը վերածելու է Ստամբուլի հայկական համայնքի կարգավիճակի։ Դրա համար էլ Ալիևն ասում է՝ Հայաստանը պիտի բանակցի իր քարոզչական փուչիկի՝ «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի հետ։ Բա առաջ ինչի՞ չէր Ալիևը նման բաներ ասում, ինչո՞ւ էր 30 տարի լացում, որ Ադրբեջանի 20%-ը գրավված է։
- Նիկոլ Փաշինյանն ահավոր նյարդայնացած է։ Նա խառնված է իրար։ Իմ քաղաքական հոտառությունն ինձ հուշում է՝ սա պատրաստվում է մի վատ բանի։ Բան են դեմ տվել, էլ տեղ չունի կռուտիտի։ Ընկել են հետևից։ Էս իր լայվերը, ընտանեկան տիկտոկները դրա մասին են խոսում։
- Նիկոլի յուրաքանչյուր թիմակից արդեն ունի խորը վախ ու կասկածանք Նիկոլ Փաշինյանի հանդեպ։ Իրենք լավ գիտեն, որ այն, ինչ կատարվեց Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հետ, մի օր իրենց հետ է կատարվելու։ Ես մի անգամ ՔՊ-ական մի արդեն նախկին պաշտոնյայի ասել եմ՝ Նիկոլը բոլորիդ օգտագործելու է ու ռասխոդ տա։ Տենց էլ եղավ։ Մի տարի հետո հանդիպեցի նույն մարդուն, ասաց՝ դու ճիշտ էիր, ես՝ սխալ։
- Նիկոլը ցայտնոտի մեջ է։ Ինքը հասկանում է՝ ժողովուրդը կարող է Ղարաբաղի համար բողոքի դուրս չգալ, բայց գրպանին կպար՝ դուրս կգան։ Դրա համար էլ հիմա փորձում է տեսարաններ ապահովել։ Բայց ինչպես Սունդուկյանի հերոսն է ասում՝ «մինք էդ պարը չինք պարում»։ Ինքը նենց ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել, որ ոչ մի փաստաբան իրեն չի կարողանալու փրկել։ Մարդը կանգնել, Անկախության հռչակագրի դեմ ցուցմունք է տվել, ասում է՝ մենք պրոբլեմ ունենք Հռչակագրի հետ։ Նման բան մեկ էլ Ալիևն է ասում։
- Ամենաշատ քանակը, որ ադրբեջանցիներն ապրել են Հայաստանում, 1979թ․ մարդահամարի արդյունքներով՝ 169 000 էր։ Նիկոլ, ի՞նչ 300 000-ի մասին է խոսքը։ 1989թ․ մարդահամարի տվյալներով ավելի քիչ են եղել՝ 89 000։ Եթե մեր քաղաքացիներին թվում է, թե ինչպես Սովետի ժամանակ, ադրբեջանցիները կանաչի ու պոմիդոր են ծախելու, մենք էլ ապրելու ենք, սխալվում են։ Բոսնիական պատերազմի առիթը հարսանիքն էր, էդպիսի առօրյա վեճով սկսվեց պատերազմը։ Կբերեն, կլցնեն, մի օր մի ադրբեջանցի թարս կնայի մի աղջկա, հայերի մեջ մի թասիբով տղա կպաշտպանի, 2 ապտակ կտա, Ալիևը կասի՝ մեր ժողովրդին վտանգ է սպառնում, ու զորքերը կմտցնի Հայաստան։
- Ադեկվատության խնդիր կա։ Ալիևը խոսում է ուժից, սա՝ խաղաղության խաչմերուկից։ Եթե Նիկոլը մնա, Հայաստանը դառնալու է մի հատ մեծ թուրքական շաուրմայանոց։
- Ես պատերազմի կոչ չեմ անում, դիմադրության կոչ եմ անում։ Ի՞նչ է, 2020թ.-ից հետո Թուրքիայի ու Ադրբեջանի հավակնությունները մեր նկատմամբ փոխվե՞լ են։
- Այ տղա, որ Ալիևը վրեդ հարձակվի, Էրդողա՞նն է քեզ օգնելու։ 100 տարի առաջ էլ տենց մտածողներ կային։ Ուզում է գլխներիս Ալեքսանդրապոլի պայմանագիր-2 սարքի։
- Եթե մենք ունենայինք նորմալ կառավարում, Իրան-Ռուսաստան կնքվելիք նոր պայմանագիրը կարող էր մեզ համար մեր մեջքն ուղղելու շանս լինել։ Հայաստանն այս տարածաշրջանում 2 բնական դաշնակից ունի, բայց ոչ մեկի հետ չի կարողանում աշխատել։
- Այ տգետներ, Շարմազանովն էն տղեն ա, որ 2020թ․պատերազմի սկզբին առաջինն է կոչ արել համախմբվել պետության ու իշխանության շուրջ։ ՀՀԿ-ն արեց նման հայտարարություն։ Ընդդիմությունը, բացի բանակի ու պետության կողքը կանգնելուց, ձեզ նման թայֆաբազությամբ չի զբաղվել։ Հենց ընդդիմությունն ակտիվանում է, սրանց ծպտունը չի լսվում։ Պատերազմը դուք եք բերում, դուք եք Ալիևի հետ պայմանավորվում, իրար հետ տալիս-առնում։
- Նիկոլ, Պետրոս Ղազարյանի մոտի հարցազրույցդ ի՞նչ եղավ պատերազմից մի օր առաջ։ Բա ինչի՞ Ադրբեջանը ներսից չես պայթեցնում, ասում էիր՝ նենց բացահայտումներ կանես, որ Ադրբեջանը ներսից կպայթի: Ինչի՞ ես կուռկուռի ձագ դարձել։
- Նիկոլ Փաշինյանը չարիք է։ Ամեն տարի երանի ենք տալիս նախորդ տարուն։ Մյուս տարի էս տարվան ենք երանի տալու։ Եթե մնաց, մեր ժողովրդի գլխին նորանոր փորձանքներ են գալու։
- Մենք՝ հանրապետականներս, քաղաքական հետապնդումներից վախեցող չենք, կարևորը՝ Հայաստան մնա։ Ազգային ուժերի խնդիրը պետք է լինի կարողանալ եղածը պահել, բայց առանց Նիկոլի։ Պետք է աշխատել, ունենալ քայլերի հաջորդականություն։ Բայց դրա համար պետք է լինի նաև աշխարհաքաղաքական միջավայր։ Հայ ժողովուրդը պիտի հասկանա՝ սա Հայաստանի լինելիության խնդիրն է։ Պետք է լինի կոնսենսուս առ այն, որ Նիկոլ Փաշինյանով Հայաստանի Հանրապետություն չի լինելու։
- Դուք պատկերացնո՞ւմ եք՝ Սերժ Սարգսյանը հարցազրույցում ասեր՝ SMS եմ գրել ԲԴԽ նախագահին, խնդրել եմ, որ դուրս գա պաշտոնից, ի՞նչ կանեին միջազգային կառույցները… Սրանից էն կողմ կոռուպցիա կա՞։ Սա Սահմանադրության և ժողովրդավարության բռնաբարում է։
Մանրամասները՝ տեսանյութում։