Հին Կապանում հայտնաբերվել է իշխանական գավազանի բրոնզե գլխիկ
Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հին Կապան հնավայրում իրականացվող հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերվել է իշխանական գավազանի բրոնզե գլխիկ։ Այն գտնվել է արքայանիստ միջնաբերդի արքունական ընդունելությունների դահլիճի սալահատակի տակից և փոխանցվել Կապանի երկրագիտական թանգարանին։
Գտածոն կարևոր է միջնադարյան Կապանի արքունական կյանքի և իշխանական խորհրդանիշների ուսումնասիրության տեսանկյունից։
Գավազանը միջնադարում իշխանության, բարձր դիրքի և հեղինակության խորհրդանիշներից էր։ Այն օգտագործվել է թագավորական ու իշխանական հանդիսությունների, պաշտոնական ընդունելությունների և տարբեր արարողությունների ժամանակ։Գավազանի մետաղյա գլխիկները հաճախ ունեցել են նաև զարդաքանդակային ու խորհրդանշական ձևավորում։
Կապանում հայտնաբերված օրինակի ճշգրիտ թվագրումն ու առանձնահատկությունները դեռ պետք է ուսումնասիրվեն։
Հին Կապանում հնագիտական աշխատանքները նոր փուլ են մտել 2024 թվականից։ Պեղումներն իրականացվում են Ողջի գետի աջ ափին՝ պատմական միջնաբերդի և արքունական համալիրի տարածքում։
Նախորդ պեղումների ընթացքում բացահայտվել են վաղմիջնադարյան եռանավ բազիլիկ եկեղեցի, արքայական բնակելի սենյակներ, ընդունելությունների դահլիճ և ձիթհան։ 2026 թվականի աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է նաև սրբատաշ քարերով կառուցված կրակարան-հնոց, որը, հնագետների նախնական վարկածով, կարող էր ծառայել բաղնիքի ջուրը տաքացնելու համար։
Բացի գավազանի գլխիկից, պեղումների ընթացքում գտնվել են մագաղաթյա մատյանի կազմի բրոնզե զարդաքանդակված անկյունակալի և փակիչի մասեր, երկու մետաղադրամ, ապակու բեկորներ, երկաթյա մեխեր ու կավե անոթների հատվածներ։ Այս առարկաները տեղեկություններ են հաղորդում քաղաքի մշակութային, տնտեսական և կենցաղային կյանքի մասին։

