Սերժ Սարգսյանը ձայնագրություն է տարածել Նիկոլ Փաշինյանի մասին

«Ես երեկ հայտարարել եմ, որ 24 ժամ եմ տալիս կապիտուլյանտին, որպեսզի իր կողմից տարածված կեղտոտ ստերը ինչ-որ կերպ ապացուցելու համար որևէ փաստ ներկայացնի, որևէ փաստ, և 24 ժամը անցել է, ինչպես տեսնում եք՝ որևէ փաստ չկա: Ես հենց դա էի ուզում, իմ նպատակը դա էր, որպեսզի բոլորը համոզվեն, որ տարիների ընթացքում հերյուրանքներով զբաղվող մարդիկ ուղղակի ստախոս էին, ուղղակի վարկաբեկում էին՝ չունենալով ձեռքի տակ որևէ փաստաթուղթ»,- Գեղարքունիքի մարզում «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Այս հարցը սրելու համար, իմ կյանքում առաջին անգամ սպառնացել եմ, որ ես փաստեր կհրապարակեմ նրա ընտանիքի մասին, և այդ փաստերը այնպիսին կլինեն, որ մեր ժողովուրդը կթքի նրա վրա: Ինձ մոտիկից ճանաչողները տարակուսում էին, և նրանք ասում էին, որ Սերժ Սարգսյանը երբեք չի մտնի ընտանիք, իրենք բացառում էին որևէ փաստ, և իրենք ճիշտ էին: Այո, ես շատ երկար ժամանակ տիրապետել եմ բազմազան ինֆորմացիայի, բայց նաև վկաները դուք եք, երբեք որևէ մեկի ընտանիքի մասին ոչինչ չեմ ասել, չեմ ասել, որովհետև շատ լավ գիտեմ՝ ինչ է նշանակում՝ ընտանիք, և ինչ է նշանակում, ընդհանրապես, կեղտոտ սպիտակեղեն հանել և ցուցադրել մարդկանց: Բայց սա չի նշանակում, որ ես իմ խոստումը չեմ կատարի: Ես հիմա ձեզ կներկայացնեմ մի ձայնագրություն, որ վերջերս բարի մարդիկ են ինձ փոխանցել, և լսելով այդ ձայնագրությունը՝ դուք ամբողջովին կարծիք կկազմեք այս կապիտուլյանտի, այս տգետ մարդու կերպարի մասին»,- ասաց նախագահը՝ միացնելով ձայնագրությունը:

Ձայնագրության մեջ լսվում է Նիկոլ Փաշինյանի ձայնը, որտեղ նա ասում է. «Երբ որ ես 2018 թվի մայիսի 12-ին գնում եմ Սոչի, այնտեղ հանդիպումներ եմ ունենում, այսինքն՝ այնտեղ առաջին իմ ծանոթությունը տեղի ա ունենում, այդտեղ սուրճի սեղանի տեղ կա, որտեղ նիստերից առաջ և հետո հավաքվում են, սուրճ են խմում և այլն, էդտեղ գալիս են Պուտինը, Նազարբաևը և բանը՝ Լուկաշենկոն, և ինձ ասում են հետևյալը՝ դու հիմա այդպիսի մեծ ժողովրդական վստահություն ունես և այլն, և այլն, և պատմական շանս է սա քեզ համար, որպեսզի Ղարաբաղի հարցը լուծես: Ասում եմ՝ օքեյ, հասկանում եմ, որ պատմական շանս ա, հիմա ասեք՝ ինչ է նշանակում՝ լուծել: Ու իրենք նորից ինձ պատմում են էն, ինչ գրված է «Լավրովի պլանի» մեջ՝ զորքերը հետ քաշվի և այլն, մենք կգանք կկանգնենք, ճանճ չի տզզա և այլն, և այլն: Ես իրենց ասում եմ էն, ինչ որ ասացի հիմա, որ առանց կարգավիճակի ճշգրտման, ընդ որում՝ շատ կոնկրետ ճշգրտման, դա ընդհանրապես թեմա չէ, որը կարելի է քննարկել, և այլն:

Նույնիսկ, ես այս տարբերակի հետ համաձայն չեմ, հիմա դուք ինձ լրիվ ուրիշ բան եք ասում: Ու այդտեղ Պուտինն ասում է, Պուտինն էլ, Նազարբաևն էլ, Լուկաշենկոն էլ ասում են, որ Ալիևը հասկանում է, որ Ղարաբաղն այլևս երբեք Ադրբեջանի կազմում չի լինի: Ասում եմ՝ հոյակապ բան եք ասում, եկեք գրենք թղթի վրա, և դա կլինի մի թեմա, որն արդեն կլինի հետաքրքիր, որը սենց դնում եմ թևիս տակ, գնում եմ ժողովրդին ասում եմ՝ ժողովուրդ, մենք սենց առաջարկ ունենք, սա մեզ հետաքրքի՞ր ա, թե՞ չէ:

Չէ, բայց երկրորդ մասն ա ասում, ասում ա՝ պարզապես ինքն ասում ա, եթե ես սա հիմա որևէ ձևով ցույց տամ, ես կդառնամ ազգի դավաճան: Ես էլ էդտեղ իրենց ասացի՝ փաստորեն, ձեր հազար տարվա ընկերն ա, չեք ուզում, որ ազգի դավաճան դառնա, ուզում եք ես դառնամ ազգի դավաճա՞ն, ասացի՝ չի լինի դա, դա չի լինի: Ու այս ամեն ինչի արդյունքում ա, ես բազմաթիվ բանով ասել եմ, ես հասկացա, որ իրենք ինձ ուզում են դնեն էն նույն կանվեյերի վրա, որի վերջում խոսալով, ժպտալով, խմելով, բան, որի վերջում Ապրիլյան պատերազմ էր: Ինձ համար պարզ էր, էդտեղ իմ խնդիրը հստակ ձևակերպվեց, որ ինչ ձևով էլ ուզում ա լինի, պետք ա էս կանվեյերի վրից թռնեմ, թռնել ուրիշ տեղ հայտնվել, հաստատ դրա վրա չլնել: Դա կլինի, կներեք արտահայտությանս համար, մի քիչ գժի տեղ դնելով, դա կլինի մի քիչ նեադեկվատ թվալով, դա կլինի մի քիչ բան լինելով, բայց էդ կանվեյերից պետք ա դուրս պրծնել: Ու այդ ժամանակ իրավիճակը շատ ռիսկային էր, շատ չափազանց ռիսկային էր»:

Սերժ Սարգսյանը անջատեց ձայնագրությունը և ընդգծեց. «Ասում է՝ ամեն ինչ անելու եմ, որ նախկին բանակցած փաստաթղթերը զրոյանան, ես ինձ գժի տեղ եմ դնելու, հասկանո՞ւմ եք: Այսինքն՝ եզրակացությունը հետևյալն է, որ էս մարդը գիժ չի, էս մարդը ուղղակի իրեն գժի տեղ է դնում, գժություններ է անում: Սա ուղղակի, իրոք, անթույլատրելի է, անթույլատրելի՝ երկրի ղեկավարի համար»:

Տեսանյութեր

Լրահոս