Նիկոլ Փաշինյանի՝ բանակին առնչվող հայտարարությունները մեծ հարված են զինված ուժերի համար. Տիգրան Աբրահամյան
Նոյեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել էր Բանակի կերպափոխման հայեցակարգը: 168.am-ը գրել էր, որ այն մշակվել է ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրի վրա և Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի բացակայության պայմաններում: Մենք ուշադրություն էինք հրավիրել նաև այն փաստի վրա, որ երբեմնի «Սանձահարում/Զսպում» հայեցակարգից անցում է կատարվում հակառակորդից պաշտպանվելու հայեցակարգին, և, որ անվտանգային միջավայրի վերաբերյալ հստակ որևէ գնահատական չկա, որտեղից են այդ սպառնալիքները, և այլն:
Բանակի կերպափոխման հայեցակարգի նախաձեռնող ՀՀ պաշտպանության նախարարությունը վստահեցնում է, որ տարածաշրջանում վերջին տարիներին տեղի ունեցած ակտիվ ռազմական գործողությունների արդյունքները և դրանց հաջորդած զարգացումները վկայում են, որ ՀՀ զինված ուժերի՝ նախկին խորհրդային չափանիշների հիման վրա հետագա զարգացման և ՀՀ պաշտպանության կազմակերպման գործում դրանց ադապտացման հնարավորությունները սպառել են:
Այսինքն, ռազմական պլանավորման և պատերազմավարման ներկայումս գործող ձևերի և եղանակների հետագա կիրառման դեպքում ՀՀ զինված ուժերը տեսանելի հեռանկարում չեն կարողանա ապահովել իրենց առջև դրված խնդիրների կատարումը, ուստի անհրաժեշտ է արմատապես վերանայել զինված ուժերի և դրանց հետագա զարգացման վերաբերյալ մոտեցումները:
Իսկ «Հրապարակման ոչ ենթակա բաղադրիչների տեսլական» գլխում նշվում է, որ ՀՀ-ին մարտունակ և ժամանակակից տեխնիկայով ու սպառազինությամբ համալրված Զինված ուժերն անհրաժեշտ են ՀՀ տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը և որդեգրած խաղաղության օրակարգը պաշտպանելու՝ մեկ կենտրոնին ապավինելու ասիմետրիկ և հիերարխիկ փոխհարաբերությունները փոխարինելով բազմաթիվ կենտրոնների հետ սիմետրիկ և ոչ հիերարխիկ փոխհարաբերություններով:
Այսինքն, իշխանությունն ասում է, որ մեկ կենտրոնին՝ ՌԴ-ին, ապավինելու և կախյալ հարաբերություններ ունենալու փոխարեն՝ ընտրում են բազմաթիվ երկրների կամ հավաքական Արևմուտքի համաչափ և ոչ կախյալ հարաբերություննե՞րը:
168.am-ը ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հետ զրույցում փորձել է պարզել՝ ինչպե՞ս են արտահայտվել այդ «կախյալ» հարաբերությունները, որոնք Հայաստանն ունեցել է մինչև 2018 թվականը՝ նախորդ բոլոր իշխանությունների օրոք, հատկապես, երբ Հայաստանն այդ «կախյալ» հարաբերությունների դեպքում հաղթել է ու պաշտպանել իր տարածքային ամբողջականությունն ու սահմանային անձեռնմխելիությունը: Ավելին, այսօր կարո՞ղ ենք ասել, որ ՌԴ-ին անվտանգային առումով իրականում Հայաստանը փոխարինել է մեկ այլ կենտրոնով կամ երկրով, երբ առկա չեն այնպիսի ռազմական փաստաթղթեր, որոնք գոյություն ունեն Ռուսաստանի և Հայաստանի միջև՝ ՀՕՊ միացյալ համակարգի մասին, ռուս-հայկական միացյալ զորախմբի և այլն:
– Տարբեր երկրների կամ դաշինքների հետ հարաբերություններն առաջին հերթին իրավական կամ փաստաթղթային հաստատում են ունենում: Եվ եթե այս պահին դիտարկենք Հայաստանի՝ տարբեր երկրների հետ ունեցած հարաբերություններն իրավապայմանագրային դաշտում, ապա կարող ենք արձանագրել՝ ունենք, այսպես կոչված, սառեցված հարաբերություններ ՀԱՊԿ-ի հետ, ինչո՞ւ եմ ասում՝ այսպես կոչված, սառեցված, որովհետև ՀԱՊԿ կանոնադրությունը «սառեցված հարաբերություններ» ձևակերպում չի սահմանում:
Այսինքն, մի կողմից՝ ունենք ՌԴ-ի հետ վատթար հարաբերություններ, որովհետև մինչ այդ ունեինք դաշնակցային հարաբերություններ երկկողմ և բազմակողմ ֆորմատով, բայց մյուս կողմից՝ ՌԴ-ի հետ ունենք ամենամեծ իրավապայմանագրային բազան՝ ամենատարբեր ուղղություններով և խորքային ձևակերպումներով, և այստեղ առաջին հերթին հարկ է նշել անվտանգային բնագավառը:
Ու հիմա ի՞նչ է ստացվում. Հայաստանը ՀԱՊԿ-ն դիտարկում է, ըստ էության, որպես սպառնալիք, ՌԴ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ իշխանությունները հրապարակային հայտարարություններում ասում են, որ ՌԴ-ն իր պարտավորությունները և պայմանավորվածությունները չի կատարել, բանակի կերպափոխման հայեցակարգում սահմանվում է, որ Հայաստանը գնում է բազմակողմ հարաբերությունների ճանապարհով, այլ երկրների հետ կառուցում հարաբերություններ:
Իհարկե, կան որոշակի պայմանավորվածություններ, հայտարարություններ մատակարարումների մասին և մատակարարումներ, բայց ասել, որ այս իրավիճակում Հայաստանը կարողացել է այլընտրանք ստեղծել՝ և՛ անվտանգային առումով, և՛ անմիջապես երկրի պաշտպանողականության տեսանկյունից, բնականաբար, հնարավոր չէ: Հայաստանը մսխել է իր հնարավորությունները հիմնական դաշնակցի հետ հարաբերություններում և ռազմաքաղաքական այն դաշինքի հետ, որտեղ նա գտնվում է, բայց նորը, այո, չի ստեղծել: Ի դեպ, երբ ես սա ասում եմ, բնավ չեմ կարծում, որ հատկապես ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում կողմերը «ժամեր ճշգրտելու» կարիք չունեն:
Իսկապես կանոնադրությունում սահմանված որոշակի դրույթներ կան, որոնց հետ կապված՝ այսօրվա պայմաններում պետք է քննարկումներ լինեն՝ հասկանալու, թե ստեղծված իրավիճակում ինչպես կարելի է շարժվել: Իհարկե, սա հայաստանյան իշխանության այսօրվա օրակարգում չէ, ես սա ասում եմ նորմալ հարաբերությունների զարգացման պարագայում: Համենայնդեպս, ՀՀ իշխանություններն այլընտրանք չեն ստեղծել, և այն, ինչ ասել և անում է, Հայաստանն այսօր շատ ավելի մեծ խոցելության մեջ է դնում:
– Ձեր նկարագրած պայմաններում Ձեզ համար հասկանալի՞ է՝ ինչո՞վ է զբաղված այսօր ռուս-հայկական միացյալ զորախումբը, կամ՝ բանակի կերպափոխման տրամաբանության մեջ այն կարո՞ղ է լուծարվել, եթե՝ ոչ, ինչպե՞ս է տեղավորվելու այդ փաստաթղթի գաղափարաբանության մեջ:
– Անկեղծ ասած, այս իշխանության ռազմաքաղաքական տեսլականում հնարավոր չէ որևէ ձևով տեղավորել ռուս-հայկական միացյալ զորախմբի գոյությունը: Ճիշտ է՝ Հայաստանը ՀԱՊԿ-ի հետ է հարաբերությունները, այսպես կոչված, սառեցրել, բայց Հայաստանի և Ռուսաստանի միջև իրավապայմանագրային բազայում կարծես թե բան չի փոխվել, թեև ՀՀ իշխանությունները երբեմն այնպես են խոսում, կարծես թե դրանք չեղարկվել են կամ գոյություն չունեն: Մինչդեռ ՀՀ-ն ՌԴ-ի հետ, այդ թվում՝ անվտանգության ոլորտում, մեծ թվով փոխադարձ պարտավորություններ է սահմանել, նաև՝ հայ-ռուսական միացյալ զորախմբի հետ կապված: Բայց այսօրվա իրականության պայմաններում այս զորախմբի ներկայությունը կամ որևէ գործողության նրա մասնակցությունը իրատեսական չեմ համարում:
– Վերջերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը չպետք է Լեռնային Ղարաբաղում պատերազմեր Հայաստանի համար, քանի որ ՀՀ-ի դեմ արտաքին ագրեսիա չի եղել: Այսինքն, ըստ նրա, Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղը՝ որպես անկախ պետություն, և վստահաբար չի էլ ներառել իր պետական սահմանում, ուրեմն այն, ինչ տեղի է ունեցել Ղարաբաղում, իրավական տեսանկյունից Հայաստանի հետ ուղղակի կապ չունի։ Մյուս կողմից, տարբեր տեղեկությունների համաձայն՝ ՌԴ-ն օգնություն ցուցաբերել է ՀՀ-ին, Նիկոլ Փաշինյանն այդ օրերին նույնիսկ շնորհակալություն էր հայտնում, և ոչ միայն նա: Հիմա, եթե գլոբալ նայենք հարցին՝ որտե՞ղ է, մեղմ ասած, թերացել Ռուսաստանը, և ՀՀ պահանջներն ի՞նչ չափով են արդարացի, ի՞նչ չափով՝ ոչ այնքան: Այսինքն, ուզում եմ առանձնացնեք Հայաստանի և ՌԴ-ի պատասխանատվության չափաբաժինը:
– Հայ-ռուսական հարաբերություններում կան որոշակի հարցեր, որոնք շատ ժամանակ լղոզված են մեր իրականության և պատկերացումների մեջ արտահայտված: Իրականում այլ են ՌԴ-ից սպասելիքները 44-օրյա պատերազմի ժամանակ, այլ են մեր սպասելիքները 2021-2022թթ., կամ՝ 2023թ.՝ նկատի ունեմ Տեղ գյուղում մարտական գործողությունները, և բոլորովին այլ էր 2023թ. սեպտեմբերին Արցախում Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի պայմաններում, երբ ռուսական խաղաղապահ կոնտինգենտն այդտեղ իր ներկայությունն ու պատասխանատվությունն ուներ Արցախի և արցախցիների անվտանգության ապահովման գործում:
Բայց կարծում եմ, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններն այնպիսի ցածր մակարդակի են հասել, որ այսօր շատ դեպքերում շատ իրադարձություններ նույնիսկ իմաստ էլ չունի հավելյալ մեկնաբանելու, քանի որ շատ բաներ կախված են ՀՀ-ի և ՌԴ-ի իշխանությունների միջև առկա հարաբերություններից, ձևավորված խորը անվստահությունից, մեծ թվով հարցերում ներդաշնակության կամ համաձայնության բացակայությունից, և դրանք, բնականաբար, տարբեր դրսևորումներ կարող են ունենալ: Այնպես որ, այս տեսանկյունից առանձին դրվագները մեկնաբանելու իմաստ այլևս չկա, քանի որ այն, ինչ առկա է հայ-ռուսական հարաբերություններում, դա իր արտացոլումն է գտել հատկապես վերջին 4 տարում ՀՀ-ում և Հայաստանի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ:
– Վերադառնանք բանակի կերպափոխման հայեցակարգին, օրերս ֆեյսբուքյան գրառում էիք կատարել, որ այստեղ որոշ ձևակերպումներ վտանգում են հենց իշխանությունների նշած ՀՀ տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը, և, որ փաստաթուղթը վերածվել է «հակա»-ների ու նոր առճակատումների հայեցակարգի»: Հատկապես ո՞ր ձևակերպումները նկատի ունեք:
– Բանակի կերպափոխման հայեցակարգը զինված ուժերի զարգացման և ապագայի հետ կապված այս իշխանությունների մոտեցումներն են, որոնք ուղենիշների ձևով հրապարակված են: Կան կետեր, որոնց հետ կապված կարելի է վիճել, կան կետեր, որոնք, այսպես ասած, կարևոր են քննարկման տեսանկյունից: Սակայն այս փաստաթղթում, որքան էլ տարօրինակ է (իսկ միգուցե այս իշխանության դեպքում տարօրինակ չէ), տպավորություն կա, որ հայեցակարգը կազմված է կոնկրետ կետեր աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններին հանձնելու հասցնելու մասին:
Ինչի եմ ես խոսում առճակատումների մասին, որովհետև պարտադիր չէր այդ փաստաթղթում, գուցե ինչ-որ տեղ առանց անուններ նշելու, բայց ակնհայտ այնպիսի գնահատական տալ ՌԴ-ի հետ այսօր առկա կամ Ռուսաստանի և Հայաստանի միջև մինչև 2018թ. ունեցած հարաբերություններին, որը ոչ թե վտանգավորություն է ստեղծում ներքաղաքական կամ նախորդ բոլոր իշխանությունների հետ հարաբերությունների համատեքստում, այլ ուղիղ ՌԴ-ի: Եթե նույնիսկ որևէ արմատական փոփոխություններ անելու նպատակ կա, ապա պարտադիր չէ դա անել անընդհատ ՌԴ-ին թիրախավորելու ճանապարհով: Խնդիրն այն չէ, որ ՀՀ–ՌԴ հարաբերություններում կնճիռներ, խնդրահարույց հարցեր չկան, հարաբերությունների վատթարացում չկա, կամ՝ ռուսական կողմից չկան գործողություններ, որոնք հարցեր չեն առաջացրել:
Բայց այսպիսի անկայուն տարածաշրջանում ՌԴ-ի նման երկրին, ով այս տարածաշրջանում ունի առաջնային դեր, անընդհատ թիրախավորելը և նրա հետ ունեցած վատթար հարաբերություններն ընդգծելը, չեմ կարծում, որ բխում է Հայաստանի անվտանգային կամ առհասարակ ՀՀ զարգացման տեսլականի տրամաբանությունից:
Կրկնում եմ, միգուցե հարցեր կան քաղաքական, աշխարհաքաղաքական, որոնք փաստաթղթային ձևակերպում պետք է ունենան, հաստկապես՝ տեսլականի առումով, սակայն բանակի կերպափոխման հայեցակարգն այն տեղը չէր, որտեղ պետք է բերվեին այսպիսի թեմաներ, և հայեցակարգը կառուցել է «հակա»-ների ու առճակատումների տրամաբանության ներքո:
– Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներն ի՞նչ ազդեցություն են ունենալու Հարավային Կովկասի, Հայաստանի վրա, վատ կամ վատագույն ի՞նչ սցենար կարող է իրականություն դառնալ, և որքանո՞վ կարող ենք շահեկան դուրս գալ այս իրավիճակից։
– Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Սիրիայում, այս պահին տեղի ունեցող իրադարձությունները և ահաբեկչական հարձակումները, որի ետևում երևում են թուրքական «ականջներ», ըստ էության, սկզբում՝ Պաղեստինի, հետագայում՝ Լիբանանի, այս փուլում էլ՝ Սիրիայում տեղի ունեցողն ընդհանուր մեկ շղթայի մաս է կազմում, թեև այնտեղ դերակատարների մասնակցությունը տարբեր է: Բայց, ըստ էության, Մերձավոր Արևելքում կա երկու մակարդակի պայքար՝ աշխարհաքաղաքական կենտրոնների և տարածաշրջանային տերությունների միջև: Այստեղ մի քանի խնդիր կա մեզ համար. Առաջին՝ Սիրիան և Լիբանանն ավանդական հայ համայնքներ ունեցող երկրներ են, որտեղ հայերի դերը բավականին մեծ է, երկրորդ՝ երկուսն էլ մեզ համար շատ հարազատ բարեկամ երկրներ են, և այդ երկրներում տեղի ունեցող ցանկացած վտանգավոր իրավիճակ, հատկապես՝ պատերազմական գործողություններ, մեզ համար խիստ մտահոգիչ են, երրորդ՝ Մերձավոր Արևելքը՝ որպես մեծ տարածաշրջանի մի բաղադրիչ, բնականաբար, իրենից ռիսկեր է ենթադրում՝ այդ անկայունության քամին մեր կողմ բերելու:
Ինչո՞ւ եմ ես ասում մեր տարածաշրջանի մասին, որովհետև այստեղ նաև իրանական շահեր են բախվում, և որոշակի տեսանկյունից կան երկրներ, որ նաև նպատակ ունեն Սիրիայի, Լիբանանի միջոցով հարվածներ հասցնել Իրանին: Այդ հարվածները, իհարկե, որոշ դեպքերում ուղիղ ձևով են արտահայտվում, բայց շատ դեպքերում դրանք ունեն նաև անուղղակի բնույթ, որոնք ոչ պակաս բացասական ազդեցություն են թողնում Իրանի վրա:
Իրավիճակը, որը մեծ տարածաշրջանում խնդրահարույց է, դա կարող է որոշակի ռիսկեր ստեղծել նաև Հարավային Կովկասում, հատկապես՝ հաշվի առնելով Թուրքիայի մասնակցությունը:
Ընդ որում, բոլոր այն մարդիկ, որոնք կարծում են, թե ՀՀ իշխանությունների արձանագրած՝ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու հարցում դրական ազդակները կարող են զսպել Թուրքիային, ասեմ՝ դա ոչ միայն չափազանցված է, այլև շատ հեռու է իրականությունից: Նույն Սիրիայի հետ մինչև 2011թ. Թուրքիան ուներ հրաշալի հարաբերություններ, բայց դա որևէ ձևով նրան չխանգարեց սիրիական ճգնաժամի ժամանակ ավելի քան 10 տարի առաջ բացասական ազդեցություն ունենալ Սիրիայի տարածքային ամբողջականության խախտման և Սիրիայում տևական պատերազմի հարցում: Այնպես որ, այս իրավիճակը նաև կարող է որոշակի առումով ազատ արձակել Ադրբեջանի ձեռքերը, և որևէ մեկը չի կարող բացառել, որ ինչ-որ փուլում բարենպաստ պայմաններ կձևավորվեն ադրբեջանական գործողությունների համար:
– Ի դեպ, վերջին օրերին ադրբեջանական լրատվամիջոցները դարձյալ քարոզչական հիմքեր էին փորձում ստեղծել՝ մեղադրելով Հայաստանին պատերազմ հրահրելու մեջ, որքանո՞վ է սա լուրջ, եթե նաև Ձեր ասածը հաշվի առնենք:
– Ադրբեջանը որոշակի պարբերականությամբ, դրանք հիմնականում 3-4 ամսվա պարբերականություն են ենթադրում, մամուլը և իր հիմնական քարոզչական հարթակները փորձում է լցնել Հայաստանի կողմից «ագրեսիվ գործողությունների կամ պատերազմի նախապատրաստման մասին» կեղծ նյութերով: Ընդ որում, առկա են լինում հոդվածներ, որտեղ նույնիսկ տրամաբանական կապ գոյություն չունի, որովհետև Հայաստանի այս կամ այն քայլը՝ ԵՄ դիտորդների առաքելությունից սկսած և վերջացրած սպառազինության գնումներով, որևէ կապ չունի Ադրբեջանի դեմ, այսպես ասած, հնարավոր ագրեսիա նախաձեռնելու հետ:
Հայաստանյան իշխանությունների բոլոր քայլերը, լավ թե վատ, ձախողված կամ տապալված, ինչ անում են նրանք, որևէ առնչություն չունեն Ադրբեջանի դեմ հնարավոր գործողությունների հետ: Ավելին, ՀՀ իշխանությունն ինքն է երկրի ներսում խաղաղություն քարոզում, հասարակությանը նախապատրաստում խաղաղության օրակարգին, ինչն իրականում գոյություն չունի: Կարծում եմ, որ շատ երկրների համար, այն հիմնական դերակատարների, ովքեր հետևում և խորապես ներգրավված են մեր տարածաշրջանային իրադարձություններին, ակնհայտ է, որ Հայաստանը որևէ ձևով պատերազմ չի նախաձեռնում: Այլ բան է, որ Ադրբեջանը փորձում է որոշակի պարբերականությամբ պարարտ հող նախապատրաստել հնարավոր՝ ռեգիոնալ բարենպաստ դաշտի ստեղծման դեպքում, որոշակի ուղղություններով իր խնդիրներն ուժի միջոցով լուծելու համար: Եվ ադրբեջանական կողմի այս գործողությունները ես բացառապես այս տրամաբանության մեջ եմ դիտում:
– Ո՞ւմ շնորհիվ է Նիկոլ Փաշինյանը պարտության տարել Արցախին և Հայաստանին, բանակին՝ 44-օրյա պատերազմում, եթե ընդունենք, որ նա միակ մեղավորը չէ: Եվ ե՞րբ է այն ժամանակը, որ և՛ Փաշինյանը, և՛ այլ գործիչներ պետք է հրապարակեն իրենց ձեռքի տակ ունեցած 2020թ. պատերազմին առնչվող փաստերը: Դո՞ւք էլ եք գտնում, որ այսօրվա անվտանգային լարված իրավիճակում դրա ժամանակը չէ, եթե այո, ե՞րբ է դրա ժամանակը:
– Տրամաբանությունը, եղած իրադարձությունները որևէ ձևով կասկածի տակ չեն դնում այն հանգամանքը, որ 44-օրյա պատերազմում Հայաստանի և Արցախի ծանր պարտության, դրան հաջորդած բոլոր իրադարձություններում, այդ թվում՝ ՀՀ-ի դեմ ագրեսիաների, Արցախի ամբողջական օկուպացիայի, թերևս, հիմնական մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է՝ անկախ այն հանգամանքից, որ դա եղել է Ադրբեջանի նախաձեռնությամբ և Թուրքիայի մեծ աջակցությամբ: Նիկոլ Փաշինյանն է Հայաստանի ղեկավարը, նա է պատասխանատվություն կրել ՀՀ սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության համար: Նիկոլ Փաշինյանն է ղեկավարել այն երկիրը, որն Արցախի անվտանգության երաշխավորն է եղել, այդ պաշտոնը ստանձնել է 2018թ. և վերահաստատել Արցախի ինքնորոշման իրավունքը, հետագայում նույնիսկ սահմանելով՝ «Արցախը Հայաստան է»: Ու, բնականաբար, այդ ամբողջ շղթայի գործընթացի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է:
Ինչ վերաբերում է 44-օրյայի հետ կապված բազմաթիվ փաստերին, բնական է, որ յուրաքանչյուրն իր մասով՝ շարքայինից մինչև ԶՈՒ ԳՇ պետ ու պաշտպանության նախարար, ունեն պատասխանատվության տարբեր չափաբաժիններ: Բայց երբ մենք գնահատում ենք իրադարձությունները, պարտությունը՝ դրա խորքային և հիմնական գծերի առումով, եթե մեկ օղակում՝ դասակ-վաշտ-գումարտակ, նույնիսկ՝ զորամաս օղակում, կան ձախողումներ, խնդիրներ և այլն, ապա սա որևէ ձևով չի իջեցնում կամ նվազեցնում Նիկոլ Փաշինյանի պատասխանատվության չափաբաժինը: Եվ այս տեսանկյունից, կարծում եմ, անգամ դիսկուրս գոյություն չունի:
– Ի՞նչ եք կարծում՝ բանակն ունի՞ Ն.Փաշինյանի լիակատար աջակցությունը, եթե հաշվի առնենք նաև վերջին թիրախավորումները բանակի, առանձին անձերի, նախարարի:
– Այս հարցին կարճ կպատասխանեմ: Այն հայտարարությունները, որոնք հրապարակային և ոչ հրապարակային արվում են զինված ուժերի հետ կապված, դրանց գերակշիռ մասը մեծ հարված և բարոյալքում է զինված ուժերի համար, և բավականին ամուր իմունիտետ է պետք բանակին որպես ինստիտուտ՝ հաղթահարելու այդպիսի հայտարարությունները: Մյուս կողմից, սրանք ազդանշան են նաև հասարակությանն առ այն, որ պատերազմական ժամանակ՝ զինված ուժերի գերագույն հրամանատարը, իսկ խաղաղ պայմաններում՝ այսպիսի ծանր ռազմաքաղաքական իրադրության մեջ հայտնված երկրի ղեկավարը սեփական երկրի բանակին անընդհատ ռեսուրսներ, համապատասխան աջակցություն տրամադրելու կամ սատարում ցուցաբերելու փոխարեն՝ անում է ճիշտ հակառակը: Եվ այս պայմաններում նման իշխանության դեպքում նույնիսկ լավ ռեֆորմը դատապարտված է ձախողման: