ՀԱՊԿ-ը չպետք է Լեռնային Ղարաբաղում պատերազմեր Հայաստանի համար, քանի որ ՀՀ դեմ արտաքին ագրեսիա չի եղել. Պուտին

ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի ներկայիս վերաբերմունքը պայմանավորված է ներքաղաքական խնդիրներով և Լեռնային Ղարաբաղի թեմայով։ Այս մասին Աստանայում լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մեկնաբանելով Ղազախստանում Հավաքական անվտանգության խորհրդի այսօրվա նիստին հայկական կողմի բացակայությունը։

Պուտինի խոսքով, ՀԱՊԿ-ը չպետք է Լեռնային Ղարաբաղում պատերազմեր Հայաստանի համար, քանի որ այդ պարագայում Հայաստանի դեմ արտաքին ագրեսիա չի եղել։

«Ղարաբաղի հետ կապված իրադարձություններն իրենց յուրահատկությունն ունեն։ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղը որպես անկախ պետություն, և վստահաբար չի էլ ներառել իր պետական սահմանում։ Ուրեմն այն, ինչ տեղի է ունեցել Ղարաբաղում, իրավական տեսանկյունից Հայաստանի հետ ուղղակի կապ չունի։ Տարօրինակ է հավակնել, որ ՀԱՊԿ-ը պետք է կռվեր Լեռնային Ղարաբաղի տարածքում»,- նշեց Պուտինը։

Միևնույն ժամանակ, Պուտինի խոսքով, ցանկացած երկրի իրավունք ունի ինքը որոշել, թե ինչ անել անվտանգության ոլորտում։

ՌԴ նախագահը նաև շեշտեց՝ Հայաստանը չի հայտարարել կազմակերպությունից դուրս գալու մասին, և Երևանի՝ ՀԱՊԿ-ում լիարժեք աշխատանքի վերադառնալու հավանականությունը պահպանվում է:

Նա նկատեց՝ ՀԱՊԿ-ը ոչ միայն ողջ է, այն նաև զարգանում է, անդամ-պետություններն էլ, որոնք ակտիվ գործում են դրա շրջանակներում, հետաքրքրված են, որ պահպանեն այդ կոնտակտները և՛ հիմա, և՛ ապագայում։

Տեսանյութեր

Լրահոս