Ռուսաստանին Զանգեզուրի միջանցքը պետք չէ, ասում է՝ կա՛մ ոչ մի միջանցք չի բացվի, կա՛մ կլինի ռուսական ներգրավվածություն. Բենիամին Պողոսյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն «Ապրի Արմենիա» (APRI Armenia) հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ Բենիամին Պողոսյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Սկսած 2012թ.-ից Վրաստանում պայքար կա իշխող «Վրացական երազանքի» և կոլեկտիվ ընդդիմության միջև։ Ենթադրվում էր, որ «Վրացական երազանքը» կհաղթի։ Անսպասելի էր, որ այն 54% հավաքեց։ Եվ եթե հաշվի առնենք միջազգային դիտորդական առաքելությունների հայտարարությունները, Վրաստանում ընտրությունները չճանաչելու, զանգվածային ընտրախախտումների մասին ոչինչ չի ասվել։ Այս առումով Վրաստանը հնարավոր չի կերպափոխել ու դարձնել 2020 թվականի Բելառուս։ Պարզ է, որ «Վրացական երազանքը» երկրի ներսում ունի լուրջ աջակցություն։ Թե ի՞նչ կլինի Վրաստանում, կախված կլինի բողոքի ցույցերից, հարթակից ելույթ ունեցող անձանցից, ընդդիմադիրների տրամադրվածությունից, ցույցերի խաղաղ բնույթ կամ կոշտ ընթացք կրելուց և իշխանությունների արձագանքից։
- «Վրացական երազանքը» պրոռուսական ուժ չէ։ Վրաստանը փորձում է վարել բալանսավորված արտաքին քաղաքականություն, որը չի նշանակում լինել հակաարևմտյան, բայց փորձում է տնտեսական հարաբերություններ հաստատել Ռուսաստանի և գլոբալ հարավի երկրների, մասնավորապես՝ Չինաստանի հետ։
- Ցավոք սրտի, պարզունակ ընկաումներ կան արևմտյան քաղաքական գործիչների մոտ․ եթե դու բալանսավորված քաղաքականություն ես վարում, ուրեմն պրոռուսական ես։
- Չեմ բացառում, որ եթե «Վրացական երազանքը» մնա իշխանության, 2025 թվականից կսկսվեն ռուս-վրացական շփումներ Հարավային Օսիայի կարգավիճակի մասով։ Աբխազիան ավելի պրոռուսական է, Ռուսաստանի համար այն ունի ռազմավարական նշանակություն, ինչը չես ասի Հարավային Օսիայի մասին, որի բնակչությունը ձմռանը զգալի մասով տեղափոխվում է Հյուսիսային Օսիա, և Հարավային Օսիայում մնում է մոտ 25 000 բնակչություն։
- Եթե «Վրացական երազանքի» հաղթանակը ֆիքսվում է, ակնհայտ է, որ կարճաժամկետ հեռանկարում Վրաստան-Արևմուտք լարվածությունը պահպանվում է կամ նույնիսկ խորանում է։ Այս տարածաշրջանը կդառնա պրոռուսական տարածաշրջան։ Այս համատեքստում մտածել, որ Հայաստանը կդառնա պրոարևմտյան կղզյակ և կստանձնի այն պարտավորությունը, որն ուներ Վրաստանը, շատ քիչ հավանական է։ Լինելով տարածաշրջանի ամենաթույլ ու խոցելի պետությունը՝ Հայաստանը չի կարող դառնալ հստակ պրոարևմտյան երկիր։ Կողմնորոշումը կլինի արևմտյան, բայց քայլեր չեն արվի։ Շատ բան կախված կլինի նոյեմբերի 5-ի ամերիկյան ընտրություններից։ Եթե Քամալա Հարիսը դառնա նախագահ, ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականությունը չի փոխվի, և նույնիսկ այդ պայմաններում Հայաստանը չի դառնա պրոարևմտյան կղզյակ։ Արևմտյան կողմնորոշման դիվերսիֆիկացիան որոշակի փոփոխություններ կկրի։ Փաշինյանի այցերը Ռուսաստան, նրա քայլերը հենց այդ դիվերսիֆիկացիայի տրամաբանության ներքո են։
- Որևէ պետություն չի էլ կարող դառնալ ԲՐԻԿՍ-ի լիարժեք անդամ, և նրա անդամ 9 պետությունները որոշել են, որ որևէ պետություն չի կարող դառնալ այդ կազմակերպության լիարժեք անդամ։ Կարող են դառնալ գործընկեր-պետություն։ Մյուս տարվանից կսկսվեն այդ գործընթացները 13 պետությունների մասով։ Այնպես որ, ԲՐԻԿՍ-ի ընդլայնում չի նախատեսվում։ Եթե պարզվի, որ գործընկեր-պետություն դառնալը տարիներ է տևում, պետք է հասկանալ, ո՞րն է նպատակահարմար։
- Հայաստանը շատ երկար ժամանակ Եվրամիության անդամ չի դառնա, որքան էլ որ դա որոշ քաղաքական ուժերի կողմից որպես նախընտրական հզոր քարոզչական գործիք կօգտագործվի:
- Ցավոք սրտի, միջազգային իրավունքը վերածվում է գործիքի։ Եթե դու փոքր պետություն ես, չես կարող միջազգային իրավունքն օգտագործել քո շահերի առաջմղման համար, հատկապես հիմա, երբ աշխարհը միաբևեռ կառավարումից անցնում է խոշոր պետությունների դերակատարությանը։
- Արևմուտքում գնահատականները փոխվում են։ Այնտեղ հասկանում են, որ Ռուսաստանի պարտությունն ուկրաինական ճակատում անհնարին է, կամ պատերազմը երկար տարիներ կարող է շարունակվել։ Ու հիմա ոչ ոք պատրաստ չէ դրան։ Արևմուտքում արդեն մտածում են սառեցնել պատերազմը ու Ռուսաստանի հետ գնալ որոշակի պայմանավորվածությունների։
- Հայաստանում հակառուսական հռետորաբանության աճի մեջ իշխանությունը նույնպես սկսել էր մտածել, որ Ռուսաստանն Ուկրաինայում պարտվում է, ու հեռանալու է Հարավային Կովկասից, հետևաբար, ըստ ՀՀ իշխանությունների, Ռուսաստանի հետ հույս կապել պետք չէ։ Ցանկացած պարագայում չէր կարելի անտեսել Ռուսաստանի շահը։
- Հայաստանը հիմա անվտանգային առումով շատ ավելի խոցելի է, քան 5 տարի առաջ․ դա փաստ է և քննարկելու բան չէ անգամ։ Այսօր մեր անվտանգային համակարգը խարխլված է, Ադրբեջանը շարունակում է իր նկրտումները, ռազմական բալանսն ի օգուտ Ադրբեջանի է, հետևաբար՝ այս պայմաններում դուրս գալ այն ՀԱՊԿ անվտանգային համակարգից, որում մենք հիմա գտնվում ենք՝ սխալ է: Արևմտյան որևէ երկիր պայմանագիր չի ստորագրելու Հայաստանի հետ, վտանգի դեպքում զենքի ուժով որևէ մեկը չի պաշտպանելու Հայաստանը, և, ըստ այդմ, զրոյացնել Ռուսաստանի տված երաշխիքները, չեմ կարծում, որ կօգնի Հայաստանի անվտանգությանը կամ կուժեղացնի մեր բանակցային դիրքերը, անգամ եթե այդ երաշխիքը 30%-ով է։ Այս համատեքստում Ռուսաստանի հետ հարաբերությունների վերջնական փչացումը, չեմ կարծում, թե մեզ համար օգտակար է։ Կարծում եմ՝ կառավարությունում ոմանք սա հասկանում են, և սա է պատճառը, որ ՀԱՊԿ-ից դե յուրե դուրս գալու հայտարարություն չի հնչում։
- Թե՛ Արցախի հայաթափումը, թե՛ Արցախից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերումը ծանր հարված էին Հարավային Կովկասում Ռուսաստանի շահերին։ Եթե Ռուսաստանը կուլ տվեց Ադրբեջանի այս քայլերը, չեմ կարծում, որ «Զվարթնոցից» ռուս սահմանապահների դուրսբերումը նրանց համար այնպիսի նշանակություն ուներ, որ արձագանքեին կամ միջամտեին դրան։ Մեղրիի պարագայում հայկական կողմն էր 2020թ․ պատերազմի ժամանակ ռուսներին խնդրել տեղակայվել սահմանում, որպեսզի Հայաստան ադրբեջանցիների ներխուժում չլինի։
- Հարավային Կովկասի նշանակությունը Ռուսաստանի համար չի նվազել։ Նրան այստեղ պետք են պետություններ, որոնց միջոցով նա ճանապարհ կունենա դեպի ասիական երկրներ։ Հարավային Կովկասի նշանակությունը Ռուսաստանի համար հիմա ավելին է, քան 20 տարի առաջ։ Ռուսաստանը դուրս չի գալու Հարավային Կովկասից։
- ԵՄ դիտորդները քաղաքացիական դիտորդներ են։ Եթե Հայաստանի վրա հարձակում լինի, դիտորդները կտեղափոխվեն Երևան, որ անվտանգ լինեն։ ԵՄ-ն չի կարող թույլ տալ, որ իր դիտորդները սպանվեն ռազմական գործողությունների ժամանակ։ ԵՄ դիտորդական առաքելությունն Ադրբեջանի դեմ քաղաքական զսպման գործիքներից մեկն է։ Այդ առումով ցանկալի է, որ ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում մնա նաև 2025թ․ փետրվարից հետո։ Բայց ասել, որ եթե դիտորդներն այստեղ են, միջադեպեր չեն լինի, ո՛չ, կլինեն։ Հակառակ պարագայում Տավուշում Փաշինյանը չէր հայտարարի՝ եթե տարածքները չտանք, մի շաբաթից պատերազմ կլինի։ Կգնար, ԵՄ դիտորդներին կդիմեր, պատերազմը կկանխեր։
- Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի կոնկրետ որևէ փաստաթղթի ստորագրումից։ Այդ առումով Ադրբեջանի պահանջները՝ Սահմանադրություն փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի փակման մասին, պատրվակներ են։ Իհարկե, եթե լինի ճնշում, ինչ-որ բան կստորագրի, բայց ես չեմ տեսնում պետություն, որը կցանկանա ճնշել Ադրբեջանին։ Իսկ Ադրբեջանը խուսափում է «Խաղաղության պայմանագիրը» ստորագրել, որ չզրկվի գործողությունների ազատությունից, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ ռազմական ուժի կիրառումից։
- Հարավային Կովկասը վերածվել է նոր բազմաբևեռ աշխարհակարգի միկրոտիեզերքի։ Մեր բախտն այդ առումով չի բերել, որովհետև տարածաշրջանը փոքր է, իսկ արտաքին խաղացողների թիվն այստեղ աճում է։ Հայաստանը պետք է փորձի հաշվարկել՝ որոնք են այն պետությունները, որոնց շահերից չի բխի, որ Հայաստանը կիսվի 2 մասի ու նրա գոյությունը դրվի կասկածի տակ։ Միայն այդ կերպ Հայաստանը կարող է կանխել Ադրբեջանի հարձակումը, քանի դեռ մեր բանակը չի հզորացել։ Սա պետք է լինի առաջիկա 2-3 տարիների ընթացքում մեր հիմնական խնդիրը։
- Չեմ բացառում, որ Հայաստանի կառավարությունը հույս ունի Թուրքիայի հետ որևէ գործընթացի հասնել՝ առանց Ադրբեջանի հետ փոխհարաբերությունների նախապայմանների։ Իմ գնահատմամբ ՝ դա իրատեսական չէ, ու այդ հույսերը գնալով մարում են։
- Ասել, որ Թուրքիան կարող է դառնալ Հայաստանի անվտանգության երաշխավորը, նույն է թե՝ պնդել, որ Ռուսաստանը կարող է դառնալ Ուկրաինայի անվտանգության երաշխավորը։ Մենք մեր աշխարհագրության գերին ենք։ Ցավոք սրտի, ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան այս տարածաշրջանից չեն վերանալու։
- Արցախը Հայաստանի անվտանգության համար չափազանց կարևոր էր։ Դա բոլորն են հասկանում։ Մենք այսօր ավելի խոցելի ենք, քանի որ կորցրել ենք Արցախը։
- Ես վստահ չեմ, որ Ռուսաստանին Զանգեզուրի միջանցքը պետք է։ Այնտեղ կա մտավախություն, որ եթե այդ ճանապարհները բացվում են առանց ռուսական կողմի ներգրավման, իրենց շահերն այնտեղ վտանգվում են։ Կա՛մ ճանապարհները բացվում են, և մենք ունենում ենք ներգրավվածություն, կա՛մ ամեն ինչ մնում է այնպես, ինչպես հիմա է. սա է ռուսների համար ընդունելի տարբերակը: Իսկ եթե ճանապարհները բացվեն, ապա միայն իր ներգրավվածությամբ։ Չի՞ լինի ռուսական ներգրավվածություն՝ չի՛ լինի ճանապարհ։ Սա է Ռուսաստանի դիրքորոշումը։
- Եթե խոսքը բացառապես Հայաստանի տարածքով Ադրբեջանը Թուրքիայի հետ կապող ճանապարհի բացման մասին է, ապա այդտեղ մեր շահը զրո է։
Մանրամասները՝ տեսանյութում։