
Սա ողբերգական սխալ էր Փաշինյանի կողմից. սա միանշանակ ինքնիշխանության կորուստ է, կարող է նոր պատերազմի պատճառ դառնալ, չեմ հասկանում՝ ինչպես կարող են մարդիկ սա ներկայացնել՝ որպես հաղթանակ. Ջեյմս Քարդեն
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Ամերիկյան ռուս-ամերիկյան համաձայնության կոմիտեի ավագ խորհրդական, American Conservative-ի խմբագիր և սյունակագիր և ԱՄՆ Պետքարտուղարության նախկին խորհրդական Ջեյմս Քարդենն (James W. Carden) է։ Զրույցին մասնակցում է նաև Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը։
Ջեյմս Քարդենի հետ զրուցել ենք վաշինգտոնյան եռակողմ հանդիպումից և Դոնալդ Թրամփի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի կողմից համատեղ ստորագրված Հռչակագրից՝ արդյոք այն կարո՞ղ է իրական խաղաղություն բերել:
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Դա չմտածված քայլ էր։ Կան բազմաթիվ անպատասխան հարցեր, և համոզված եմ՝ հայերն էլ ունեն շատ անպատասխան հարցեր, թե ինչո՞ւ պետք է իրենց սուվերեն տարածքը տրվի ԱՄՆ-ին՝ 99 տարի ժամկետով, և վերանվանվի այնպիսի զավեշտալի անվանումով, ինչպիսին է՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»: Թրամփն այս խնդրին վերաբերվում է՝ ինչպես բիզնեսմեն, ինչպես գույքի վաճառքի։ Գաղափարն այն է, որ տնտեսապես զարգանա միջանցքը, դրա ուղիները, դրա տրանսպորտային հնարավորությունները, բայց ո՞վ է դա անելու, արդյո՞ք մենք ամերիկացի աշխատողներ ենք ուղարկելու այնտեղ, և եթե այո, ապա ո՞վ է նրանց պաշտպանելու։ Սա Իրանի սահմանին է։ Արդյո՞ք սա նշանակում է առաջիկայում ԱՄՆ-ի ռազմական ներգրավվածություն տարածաշրջանում, ինչ-որ մեկը մտածե՞լ է այս ամենին Իրանի և Ռուսաստանի ռեակցիայի մասին: Ինչպես երևում է՝ ոչ, չեն մտածել: Կան բազմաթիվ անպատասխան հարցեր, և իմ կարծիքով՝ սա ամերիկյան միջամտություն է ձեր տարածաշրջանում: Թրամփը դա անում է՝ ինչ-որ կերպ Նոբելյան մրցանակի արժանանալու համար:
- Մենք Վաշինգտոնում շատ քիչ տեղեկություն ունենք սրա մասին, պարզ չէ, թե անվտանգության ուղղությամբ ի՞նչ դեր է կատարելու ԱՄՆ-ը, բայց եթե հետևենք Իրանի արձագանքներին, ստացվում է, որ այս պայմանավորվածությունը ոչ միայն խաղաղության չի տանում, այլև անում է ճիշտ հակառակը: Այն կարող է նոր պատերազմի պատճառ դառնալ։ Բազմաթիվ անպատասխան հարցեր կան: Սա կարծես ԱՄՆ-ի կողմից քողարկված փորձ է՝ տարածաշրջանում Ռուսաստանի և Իրանի ազդեցությունը թուլացնելու համար։
- Հաջորդ վտանգն այն է, թե արդյո՞ք այս հռչակագրի ստորագրումը Հայաստանին ու Ադրբեջանին մղելու է ՆԱՏՕ-ի անդամակցության։ Սա շատ կարևոր հարց է, որը, իհարկե, կհատի կարմիր գծերն Իրանի և Ռուսաստանի համար:
- Եթե տարածաշրջանում հայ-ադրբեջանական լարվածություն լինի, ԱՄՆ-ը ոչինչ չի անելու։
- Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդականն ասաց, որ Իրանը չի հանդուրժելու այստեղ ամերիկյան ներկայություն, և, որ սա փորձ է ՆԱՏՕ-ն ընդլայնել դեպի Հարավային Կովկաս: Տագնապալի է նաև, որ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն ողջունեց այդ Հռչակագրի ստորագրումը և ասաց, որ Թրամփը ցույց տվեց ուժեղ առաջնորդի որակներ:
- Եթե Փաշինյանը փորձի Հայաստանը տանել դեպի ՆԱՏՕ, տեղի կունենա սարսափելի տարածաշրջանային պատերազմ. կբախվեն պրոարևմտյան և հակաարևմտյան ուժերը՝ Ռուսաստանն ու Իրանը՝ մի կողմից, Թուրքիան և ՆԱՏՕ-ն՝ մյուս կողմից։ Դա շատ վտանգավոր կլինի Հայաստանի համար, և այդ պարագայում կարող է կրկնվել Ուկրաինայի կամ Սիրիայի սցենարը։
- Չեմ կարծում, որ Ռուսաստանին հնարավոր է դուրս մղել այս ռեգիոնից, և երկրորդ՝ չեմ կարծում, որ դա ցանկալի է հայկական կողմի համար, քանի որ դուք տեսաք՝ Ուկրաինայում պատերազմը շեղեց ՌԴ ուշադրությունը, և Ռուսաստանը կարողություն չունեցավ կանխել այն, ինչ տեղի ունեցավ Արցախում: Ես չեմ կարծում, որ ԱՄՆ-ի՝ այդ ռեգիոնում ազզդեցություն հաստատելը դրական բան է։ Դուք պետք է ուղղակի հետևեք այն բոլոր իրադարձություններին, որոնք տեղի ունեցան Սեպտեմբերի 11-ից հետո։
- Ես չեմ կարծում՝ Հայաստանը որևէ բան շահեց այս փաստաթղթի ստորագրումից: Սա ողբերգական սխալ էր Փաշինյանի կառավարության կողմից։ Նրանք մեծ ռիսկի գնացին՝ վստահելով Ալիևին, ում հնարավոր չէ վստահել։ Այս Հռչակագրի ստորագրումից շահեցին Թուրքիան և Ադրբեջանը։
- Ալյասկայում տեղի ունենալիք հանդիպմանը Պուտինի և Թրամփի կողմից կարող է չքննարկվել Հարավային Կովկասի հարցը, բայց ենթադրում եմ, որ Ռուսաստանը կփորձի քննարկել Թրամփի միջանցքի նախագիծը: Նրանց օրակարգը լիքն է, բայց ես, ի դեպ, որևէ արդյունք չեմ սպասում Ալյասկայում տեղի ունենալիք այդ հանդիպումից նաև Ուկրաինայի համար: Կողմերի դիրքորոշումները շատ հեռու են միմյանցից. Պահանջել Զելենսկուց, որ նա հանձնի տարածքները, որոնք դեռ ռուսների վերահսկողության տակ չեն գտնվում, կնշանակի, որ նրան կհեռացնեն իշխանությունից կամ կսպանեն, իսկ ուկրաինացիները չեն ուզում հրաժարվել անգամ Ղրիմից:
- Թրամփը շատ բաներ է ասում, պետք չէ հավատալ այն ամենին, ինչ այս կամ այն հարցի վերաբերյալ հայտարարում է Թրամփը։
- Ադրբեջանը շահավետ գործարք է ստացել Վաշինգտոնում, մեծ զիջումներ ստացավ, և հնարավոր է, որ Թրամփին կհաջողվի նրանց հետ քննարկել հայ գերիների հարցը: Ալյասկայի հանդիպման պարագայում իրավիճակն այլ է, այնտեղ տարածքային հարցերի մասին է խոսքը, և չեմ սպասում որևէ արդյունք:
- Ես չեմ հասկանում՝ ինչպե՞ս կարող են մարդիկ սա ներկայացնել՝ որպես հաղթանակ Հայաստանի համար կամ Հայաստանի ինքնիշխանության ամրապնդում: Իմ կարծիքով՝ ճիշտ հակառակն է տեղի ունենում: Վերջին անգամ, երբ այսպիսի զիջումներ արվել են, որքան հիշում եմ, դա 20-րդ դարի սկիզբն էր, երբ Պանամայի ջրանցքը զիջեցին ԱՄՆ-ին, և 1970-ականներին դա վերադարձրեց Պանամային: Բայց դա գտնվում էր մեր մերձակա տարածաշրջանում, իսկ այս դեպքում Հայաստանը գտնվում է Ռուսաստանի և Իրանի մերձակա տարածաշրջանում: Սա վտանգավոր քայլ է, որը կարող է բերել շատ և շատ մեծ խնդիրների: Այս Հռչակագրի ստորագրումից որևէ ուրախանալու բան չկա․ սա միանշանակ ինքնիշխանության կորուստ է։ Ես սա ասում եմ՝ որպես մարդ, ում համար կարևոր է Հայաստանը։
Ի դեպ, ամերիկացի աշխարհահռչակ տնտեսագետ, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջեֆրի Սաքսի կարծիքով՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից Հարավային Կովկասում իրականացվող գործողություններն ապակայունացնող են: Neutrality Studies-ի հետ զրույցում նա ասել էր.
«Ես ոչ մի համակրանք չունեմ Եվրոպայի և ԱՄՆ-ի գործողությունների հանդեպ, որովհետև սա տարածաշրջան է, որը գտնվում է մի շարք հզոր պետությունների միջև՝ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Ծոցի երկրների, և այստեղ պետք է զգուշավորություն ցուցաբերել։ Սա Եվրոպա չէ․ աշխարհագրորեն սա Ասիա է, և Եվրոպան պետք է հեռանա այստեղից։
Խոսքն այն մասին չէ, որ Հարավային Կովկասը պետք է վատ հարաբերություններ ունենա Եվրոպայի կամ այլոց հետ, այլ այն, որ այս երեք խոցելի երկրների (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) ներքին քաղաքականության մեջ միջամտելը, այն էլ՝ նման բարդ տարածաշրջանում, պետք է արվի ամենախորը հարգանքով և զգուշությամբ, որպեսզի դրանք չդառնան հաջորդ Ուկրաինան։ Ուկրաինան այրվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի հիմարության պատճառով, և նրանք փորձում են նույնն անել Հարավային Կովկասում։ Ի՞նչ գործ ունի Ադրբեջանը Մերձավոր Արևելքի հակամարտության մեջ՝ աջակցելով Իսրայելին և նրա հարձակումներին Իրանի դեմ։ Կատակ ե՞ք անում։ Սա անհավատալի է։ Եվ սա հենց Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ, Central Intelligence Agency, CIA,- հեղ.) աշխատանքն է՝ այդ «հանճարները», որոնք պատրաստ են ապակայունացնել այս տարածաշրջանը և ստեղծել հսկայական ճգնաժամ»:
Հարցին՝ իր կարծիքով՝ նույնիսկ Ադրբեջանում տեղի ունեցող զարգացումները և՞ս ԿՀՎ-ի ձեռքի գործն է, որպեսզի օգտագործի երկիրն Իրանի դեմ, թե՞ դա տեղային՝ երկրի ներսում ծնված քաղաքականություն է, Ջեֆրի Սաքսը պատասխանել էր.
«Ցանկացած տեղային նախաձեռնություն կսկսեր այսպես․ մենք գտնվում ենք Հարավային Կովկասում, մենք մի շարք ուժերի միջև ենք, ավելի լավ է միասին մնանք, որովհետև մեր տնտեսական և անվտանգության ապագան դրանում է։ Մենք չպետք է թշնամանանք մեր հարևանների հետ, այլ պետք է գտնենք ուղի՝ դառնալու իսկական «Միջին միջանցք», որը կապում է Ասիան և Եվրոպան, և «Հյուսիս-Հարավ միջանցք», որը կապում է Ռուսաստանը և Մերձավոր Արևելքը։ Եվ պետք է հեռու մնանք մեծ տերությունների քաղաքականությունից, որպեսզի չմտնենք Իսրայելի պատերազմների մեջ։ Ամոթ Իսրայելին։ Բայց, իհարկե, Իսրայելն ինքնուրույն չէր կարող անել սա․ սա «Մոսադն» է, ԿՀՎ-ն և Եվրոպան, որոնք խաղում են այս խաղը՝ այս ծայրահեղ պայթյունավտանգ տարածաշրջանում»:
Ամերիկյան ռուս-ամերիկյան համաձայնության կոմիտեի ավագ խորհրդական, American Conservative-ի խմբագիր և սյունակագիր և ԱՄՆ Պետքարտուղարության նախկին խորհրդական Ջեյմս Քարդենը համաձայն է Ջեֆրի Սաքսի արտահայտած մտքերի հետ.
- Կարծում եմ՝ Սաքսը, ինչպես միշտ, ճիշտ է: Միջին կամ փոքր պետությունների համար այս բազմաբևեռ աշխարհում ճիշտ ռազմավարությունը չեզոք մնալն է։ Երբ այսպիսի գործարքի մեջ եք մտնում, դուք միանում եք մի բլոկին՝ արևմտյան, ինչը ձեզ դարձնում է դեմ ռուսական և իրանական բլոկներին: Վրաստանը ճիշտ քաղաքականություն է վարում այս առումով. «Վրացական երազանք» կուսակցությունը Վրաստանը տանում է չեզոք ճանապարհով, որը համապատասխանում է Վրաստանի շահերին: Լավ գաղափար չէ դաշինք ստեղծել մի պետության հետ, որը ձեզնից 7000 մղոն հեռավորության վրա է գտնվում։ Ձեր ներկայիս կառավարությունը կարծես դա չի հասկանում:
- Ես չեմ կարծում, որ Հայաստանի համար լավ միտք է այսպիսի դաշինքի մեջ մտնելը։ Չպետք է մոռանալ, որ ՆԱՏՕ-ն այստեղ ներկայացված է՝ ի դեմս Թուրքիայի, և Թուրքիան է ղեկավարելու այս պրոցեսը: Չպետք է մոռանալ նաև Ադրբեջանի գործոնի մասին։ Այսինքն՝ Հայաստանն Ադրբեջանի հետ միասին պատրաստվում է գտնվել միևնույն դաշինքում։ Ադրբեջանն օգտագործվել է Իսրայելի կողմից հետախուզական և ուրիշ գործողությունների համար Իրանի դեմ, ինչը լրացուցիչ ռիսկեր է ստեղծում Հայաստանի համար:
- Այս «Խաղաղության պայմանագիրը» ոչ միայն խաղաղություն չի բերի, այլև կարող է հանգեցնել նոր ռեգիոնալ ռիսկերի: