
Դժվար է ասել՝ որքան կմնա Հայաստանից, բայց միջանցքի հանձնման հետևանքով կորցնողը մենք ենք լինելու․ Հրանտ Բագրատյան
Գոյություն ունի պետության միջով հաղորդակցության երկու ձև՝ տրանզիտ, որը հայերենում տարանցիկն է, և միջանցք։ Եթե ճանապարհը տարանցիկ է, ելքի և մուտքի վրա կա սահմանապահ և մաքսային ծառայություն, իսկ եթե դրանք չկան, միջանցք է։ Չորս-հինգ տարի պայքարելով միջանցքի դեմ՝ անընդհատ ասում էին, թե իբր միջանցք չի լինելու, չնայած այն որևէ թղթով նախատեսված չէր։ Նոյեմբերի 9-ի համաձայնագրի 9-րդ կետով նախատեսված էր անխոչընդոտ ճանապարհ հայ սահմանապահների և մաքսային ծառայության առկայությամբ։ Մենք դրանից հրաժարվեցինք, և դա պատճառներից մեկն էր՝ փակելու Բերձորի միջանցքը։ Փաստորեն, միտումնավոր այնպես արեցինք, որ այն փակվի, հայերը դուրս տարվեն, հիմա էլ արդեն Հայաստանի տարածքում կատարենք նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը՝ խայտառակ ձևով։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
«Նոյեմբերի 9-ի համաձայնագրի տակ ստորագրել է նաև Ռուսաստանը։ Պարզ է, թե այդ երկրի վերնախավում ինչ զզվանք և սրտխառնուք կա Հայաստանի քաղաքականության հանդեպ։ Մի նախադասություն է ասել ՌԴ ԱԳՆ-ն, այն էլ՝ Մարիա Զախարովայի բերանով։ Նա ասել է, թե դրական են գնահատում, նույնն է ասել նաև փոխվարչապետ Օվերչուկը, բայց Օվերչուկի խոսքում այդ թեմայով որևէ դրական բան չկա։ Պարզ է, թե ինչ են նշանակում ՌԴ-ի այդ ժլատ խոսքերը։ Նրանք հո չէի՞ն ասի՝ դեմ ենք։ Նրանց տված գնահատականը համապատասխանում է իրենց վերաբերմունքին, որովհետև Հայաստանի հանդեպ նրանց քաղաքականության մեջ կա հետևյալը՝ տալի՞ս են, թող տան, մեկ է՝ վաղ թե ուշ վազելու են այստեղ, մենք դեռ կորոշենք՝ օգնե՞լ նրանց, թե՞ ոչ։ Ո՞վ է մեզ օգնել մինչև հիմա՝ ոչ ոք»,- ասաց քաղաքական գործիչը։
«Կկրկնվի 105 տարի առաջվա սցենարը, դժվար է ասել՝ որքան կմնա Հայաստանից, բայց հերթական անգամ մենք ինչ-որ բան կկորցնենք։ Հայաստանի տարածքով անցնելիք բեռներից գանձվող փողի 30 տոկոսը գնալու է Ալիևին, թեև ստորագրված է՝ Թրամփի անվան խաղաղության և բարգավաճման ճանապարհ։ Ասենք, Ղազախստանից մի ցիստեռն է գալիս, 44 կմ-ի վրա նա կմ-ի հաշվարկով պետք է վճարի 1-1,5 դոլար՝ ըստ միջազգային գների։ ԱՊՀ-ի գինը 0,5 դոլար է, բայց այստեղ արդեն ԱՊՀ չկա։ Ստացվում է՝ անցնելու համար պիտի վճարի 40 դոլար, որի 30 տոկոսը՝ մոտ 13 դոլարը, մենք հետ ենք փոխանցելու Ադրբեջանի բյուջե։ Ասում են՝ 10 տոկոսն էլ Սյունիքի զարգացմանն է գնալու, բայց բոլորն էլ վտանգը հասկանում են։ Երբ այդ միջանցքն սկսեն կառուցել, Մեղրի, Ագարակ, Լիճք, Լեհվազ, Շվանիձոր բնակավայրերը դատարկվելու են»,- նշեց Բագրատյանը:
Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ Հայաստանը որևէ օգուտ չունի այս միջանցքից. «Կոնցեպտը պարզ չէ։ Այնտեղ լինելու է ինչ-որ ավտոէստակադա, որը թանկ է, չեն կառուցի։ Այնտեղ դա հնարավոր չէ կառուցել։ Միայն Մեղրիի հատվածում՝ գետի ափին, կառուցելու տեղ կա։ Գետի ձախ ափին Հայաստանն է, ժայռեր են։ ԽՍՀՄ-ն այդ թունելը մի կերպ է փորել։ Երկաթգիծը հիմնականում թունելների միջով էր անցնում։ Թունելներն այսօր էլ կան, պետք չէ դրանք նորից կառուցել, բայց երկաթգծի պաստառը չկա։ Աջ կողմում՝ իրանականում, անգամ 10 մետրի տեղ չկա, որ ավտոճանապարհ կառուցեն»:
«Նռնաձորից նորից հարթավայր է սկսվում, մինչև Նռնաձոր՝ Ադրբեջանի կողմից ճանապարհ կա։ Վահագն Խաչատրյանն անհեթեթ բաներ է դուրս տալիս։ Որտեղի՞ց պիտի միլիարդներ հոսեն, եթե միջանցքը մերը չէ։ Երկրորդ, եթե խոսքը վերաբերում է Նախիջևան-Ադրբեջան բեռնափոխադրումներին, տարեկան ծավալն առավելագույնը 200 հազար տոննա է։ Լոգիստիկայի տեսանկյունից՝ Հայաստանի ամբողջ ապրանքաշրջանառությունն արտաքին աշխարհի հետ տարեկան 4-5 մլն տոննա է։ Հայաստանի տարածքը 30 հազար քառ․ կմ է, բնակչությունը՝ 3 մլն։ Իսկ Նախիջևանը թերզարգացած մի տարածք է»,- ասաց Հրանտ Բագրատյանը:
Մանրամասները՝ տեսանյութում