Թրամփի՞, թե՞ Թուրանի ճանապարհ… Էդ ի՞նչ էր ստացել Ալիևը Վաշինգտոնում, որ այդպես ուրախացել էր. վե՛րջ, ծիծաղով ու ժպիտով ռազմաբազան էլ հանեք, կարևորը՝ արդեն ունեք Թրամփի հեռախոսի համարը. Ռուբեն Մելքոնյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Դժվար է Վաշինգտոնյան եռակողմ Հռչակագրում Հայաստանի Հանրապետության համար որևէ ձեռքբերում գտնել, բացի թղթի վրա գրված խաղաղությունից ու Թրամփին զանգելու հնարավորությունից։ Երրորդ Հանրապետությունը փլվել է, ու մենք Վաշինգտոնում տեսանք փլուզվող պատերի հերթական աղմուկը։ Ավարտվում է էպոխան ու իր հետ տանում է արժեհամակարգեր՝ իրական ինքնիշխանություն, Արցախյան պատերազմ, ազգային հերոսներ

Վաշինգտոնում ծիծաղով ու ժպիտով ստորագրվեց մի բան, որն Արցախի հարցի վերջնական փակումն էր, Մինսկի խմբի լուծարումը։ Սա մեր պարտության, կորստի՝ ժպիտներով, էյֆորիայով ամրագրումն էր Վաշինգտոնում։

Կարդացեք նաև

  • Բանակցողի դեմքը հաճախ անվանում են «պոկեր ֆեյս», այսինքն՝ սառնասրտություն, երբ փորձում են ցույց չտալ այն էմոցիաները, ինչ զգում են այդ պահին: Եվ ուրեմն, պետք է հասկանալ՝ էդ ի՞նչ էր ստացել Ալիևը, որ այդպես ուրախացել էր։ Արդյո՞ք միայն Արցախի կորուստն էր, որ իրենք ամրագրեցին, թե՞ նաև այլ հարցեր կային, օրինակ՝ տարբեր փաթեթավորմամբ՝ «Զանգեզուրի միջանցքը»։ Իլհամ Ալիևի «մարմնի լեզվին» ու «պոկեր ֆեյսին» պետք է ուշադրություն դարձնել… Ի՞նչ էր հերթական անգամ ստացել, ի՞նչ կորուստներ ունեցանք հերթական անգամ… Այսինքն՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ Հայաստանը հերթական կորուստներն է ձեռք բերել, բայց նոր էպոխայում դրանք արդեն կորուստ չեն համարվում… 
  • Թրամփն ասում է՝ Ալիևն ու Փաշինյանն իր լավ ընկերներն են… Էդ ե՞րբ Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը դարձան Թրամփի լավ ընկերները։ Սա հիշեցնում է հռոմեական պատմությունը, երբ փոքր պետություններին «Հռոմի ընկեր» կոչումն էին տալիս, այս դեպքում՝ Թրամփի ընկեր… Թրամփը չի թաքցնում, որ ուզում է Նոբելյան խաղաղության մրցանակ ստանալ, ու նա դա կստանա հայերի հաշվին։ Բայց այդ մրցանակի տակ արյուն է, Արցախի 150.000 բնակչության՝ իր հայրենիքում չապրելը, արցախցի երեխաների՝ իրենց Շուշիի, Ստեփանակերտի, Հադրութի համար թախիծը…  Դա խաղաղության մրցանակ կլիներ, եթե Թրամփն ասեր, որ արցախցիները վերադառնալու են իրենց բնօրրան, հայրենիք ու ապրեն անվտանգ իրենց տներում։ Բայց Թրամփը երաշխավորում է սոսկ Հայաստանի պարտությունը։ Սա ինձ հիշեցնում է թուրք գրող Օրհան Փամուկին, ով հայերի, Հայոց ցեղասպանության մասին խոսելու հաշվին 2006թ․ ստացավ Նոբելյան մրցանակ, հետո արագ մոռացավ այդ թեման։ Երբ մրցանակը ստանալուց 1-2 տարի անց լրագրողները նրան Հայոց ցեղասպանության մասին հարց էին տալիս, նա նյարդայնանում էր ու ասում՝ ինձ ուրիշ հարցեր տվեք, դա ինձ հետաքրքիր չէ… Մենք դարձել ենք մեր հաշվին սեփական հաջողությունները կապիտալացնելու սուբյեկտ։

  • Աշխարհի պատմության մեջ հավերժ խաղաղություններ չեն լինում։ Այնպես որ, ձևակերպումները, թե Հարավային Կովկասում կլինի հավերժ խաղաղություն, ժպիտ են հարուցում։
  • Ադրբեջանն ու Թուրքիան ուզում են կոնկրետ ճանապարհ, որն անցնում է Հայաստան-Իրան սահմանով, Արաքսի ափով, ու դա չի ունենում որևէ խոչընդոտ։ Հարցը սրա մեջ է։ Ոչ թե ճանապարհ են ուզում, այլ կոնկրե՛տ տեղով անցնող ճանապարհ։ Հիմա՝ հարց էդ Թրամփի ճանապարհը մի տեղո՞վ է անցնելու, թե՞ կոնկրետ Ադրբեջանի նշած տեղով։ Եթե այդպես է անցնելու, դա ոչ թե Թրամփի ճանապարհ է, այլ Թուրանի ճանապարհ։
  • Ես չեմ ասում, որ Հայաստանի Հանրապետություն անունով պետություն չի լինելու, բայց նրա մարիոնետության թույլատրելի սահմանը հատելու է բոլոր կետերը։ Հայաստանի կերպը՝ որպես ազգային պետություն, չի լինելու։ Հետևաբար՝ սա իրոք լինելու է նոր Հայաստան, որտեղ մենք մեր տարածքով զգույշ պետք է քայլենք… Այս ճանապարհի գործարկմամբ՝ իրենց գովերգած «ինքնիշխանություն» բառի վրա մի ծանր տապանաքար է դրվելու։ Սա այլևս դառնալու է «Ջենիֆեր Լոպեսի Հայաստան»։ 
  • Նժդեհի՝ տարբեր տեղերում ամփոփված մասունքները երևի իրենց գերեզմաններում շուռ եկան, երբ ինչ-որ «արվեստագետ» Փաշինյանին համեմատեց Գարեգին Նժդեհի հետ, ում անկոտրում հայրենասիրությունը պահեց Սյունիքը…
  • Այս ճանապարհը խնդիրներ է հարուցում Իրանի համար։ Եթե դարավոր իրանական դիվանագիտությունը հավատում է այս իշխանության տված հավաստիացումներին, իրենց խնդիրն է, թեպետ չպետք է մոռանալ Իրանի նախագահ Փեզեշքիանի ադրբեջանական ծագման ու նրա որդու պրոադրբեջանական գործունեության մասին։ Բաց աղբյուրների նյութերին ծանոթանալով՝ ես չեմ հավատացել, որ Թրամփի ուղին Թուրանի ճանապարհը չէ, եթե Իրանում դրան հավատացել են, ինչպես ասում են, իրենք գիտեն…
  • Կարո՞ղ ենք սպասել, որ հաջորդ քայլը լինելու է Հայաստանի պաշտոնական դիմումը ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, մյուս քայլը՝ ռուսական 102-րդ ռազմաբազան դուրս բերելը։ Ինչների՞ս է պետք ռուսական ռազմաբազան, եթե այս իշխանությունն արդեն ունի Թրամփի հեռախոսի համարը 
  • Ես ռուսների մասին չեմ մտածում, բայց երբ այսօր Ալեքսանդր Դուգինն ասում է՝ վաշինգտոնյան պայմանավորվածությունները ապտակ էին Ռուսաստանի համար, թող հիշի, որ մեկն էլ ինքն էր թուրք-ռուսական բարեկամության ջատագովը, կամ թող հիշեն՝ ինչպես Արցախին թողեցին մենակ… Չենք ասում՝ ռուսական զորք մտներ Արցախ, բայց կարո՞ղ էիք այնպես անել, որ Արցախի դեմ միայն ադրբեջանական զորք կռվեր, այլ ոչ թե՝ 4-5 պետության։
  • Սպիտակ տան ու Կրեմլի ստրուկների միջև, փաստորեն, տարբերություն կա։ Օրինակ՝ Սպիտակ տան դռների մոտ սպասելը, Թրամփի ժպիտները ողջունելն ընդունելի է, Կրեմլի պատերի տակ սպասելը՝ թեմա։ Տպավորություն է, որ նույն էյֆորիան եղել է Սևրի պայմանագիրը ստորագրելու ժամանակ, երբ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը ստորագրում էր այն, ու դրանից մեկ ամիս հետո Թուրքիան հարձակվեց Հայաստանի վրա… 
  • Ի դեպ, երբ ստորագրում էին հռչակագիրը, Թրամփի ու Փաշինյանի աթոռները տարբեր էին… Պատկերացրե՛ք, եթե նման բան անեին Կրեմլում, այստեղ ինչ վայնասուն կլիներ…

  • Թե՛ ռուսական, թե՛ ամերիկյան դաշտերում կան մարդիկ, ովքեր չեն հրճվում այդ հռչակագրից ու չեն տեսնում խաղաղության հույսը՝ Սատանովսկի, Ջեֆրի Սաքս, այլ մասնագետներ։
  • Հայաստանը վերածում են բիզնես պրոյեկտի, և եթե այդ բիզնեսի մեջ են Թուրքիան, Ադրբեջանը, ԱՄՆ-և, ապա Ռուսաստանն ինչի՞ պիտի փայ չուզի։ Ռուսաստանում խուսափում են տեսնել իրականությունը։ Օրինակ, Պեսկովը, ով թուրքագետ է, երկար ժամանակ Թուրքիայում ապրել ու աշխատել է, ասում է, որ ոչ մի վտանգ չկա։ Փաստն այն է, որ Արցախը չպաշտպանելով՝ Ռուսաստանը սկսեց իր հետքայլը, նույնը՝ Իրանի քաղաքական հատվածը, երբ ողջունում էին Արցախի կորուստը։
  • Ձրի պանիր միայն թակարդում է լինում, և ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, անկախ դատական համակարգ հասկացություններն այդ թակարդում դրված խայծերն էին։ Ի՞նչ է, Արևմուտքը հիմա չի՞ տեսնում՝ ինչ հարձակումներ են գործում Հայ Առաքելական եկեղեցու դեմ, քաղաքական ընդդիմախոսների դեմ… ԵՄ նախկին դեսպան Սվիտալսկին բոլոր ընդդիմադիրներին դեմքով գիտեր… Ժողովրդավարությունն ամենակեղծ կատեգորիան է։ 

2018-ի հեղափոխություն կոչվածը գործիք էր ասպարեզից դուրս բերելու համար անձանց, ովքեր խոչընդոտում էին նոր «կարկանդակի» ձևավորմանը։ Հեղափոխությունը չարիք է այն պետությունների համար, որտեղ դա արվում է արտաքին շահեր սպասարկելու համար։ Հիշե՛ք Ուկրաինայի, Վրաստանի, Հայաստանի, Սիրիայի ու այլ օրինակներ։

  • Պատմության մեջ չի եղել մի դեպք, երբ պարտվածը դիվանագիտական դաշտում կարողանա ձեռքբերում արձանագրել։ Մենք դա ձեզ ասել էինք, բայց դուք ձեր հեղափոխությունն ավելի կարևորեցիք։ Ու հիմա երբ ասում եք՝ այս իրավիճակում այլ բան հնարավոր չէր անել, հիշե՛ք, որ այդ իրավիճակը դուք եք ստեղծել՝ վերընտրվելով…
  • Կան երկու քաղաքական ինստիտուտներ՝ ընդդիմություն և իշխանություն։ Մեր երկրում երկուսն էլ տապալված են։
  • Մե՞նք ենք որոշելու մեր սահմանային ուղեկալների տեղը, թե՞ մեզ թելադրելու են… Ադրբեջանից և Թուրքիայից: Վրաստան գնալիս մենք անցնում ենք այն սահմանով, որտեղ այն դրել է պետությունը։ Հիմա մեր դեպքում ո՞նց է լինելու։ Փաշինյանի ասած՝ Ադրբեջանի քաղաքացի Մուսաբեկովը մեր դրած ուղեկալո՞վ է անցնելու, թե՞ գալու է ասի՝ որտեղով ուզեմ, այնտեղով պիտի անցնեմ։ Հիմա հարց՝ Ադրբեջանի քաղաքացին Հայաստան է մտնելու նույն կերպ, ինչպես Հայաստան են մտնում Իրանի կամ Վրաստանի քաղաքացինե՞րը։ Այո՞, թե՞ ոչ։ Սարուձոր մի՛ ընկեք։ Հստակ պատասխանե՛ք։ Եթե էդքան մտածում եք Մուսաբեկովի խնդիրների մասին, որ Կոռնիձորով մտնի, գնա Ադրբեջան, ապա քաղաքացի Հակոբյանը, ով Հադրութում հարազատի գերեզման է թողել, կարողանալո՞ւ է անխոչընդոտ գնալ, այցելել իր հարազատի գերեզմանին ու անվտանգ հետ գալ։ Հայաստանի քաղաքացի դարձած արցախցիները կարողանալո՞ւ են գնալ իրենց հայրենիք ու հետ գալ։ Այս հարցերին պատասխանեք։ Եթե Թրամփը ձեզնից աջակցություն էր ակնկալում Նոբելյան մրցանակի համար, կարո՞ղ էիք գոնե ձեր աջակցությունը թանկ ծախել, պարոնայք «հզոր» դիվանագետներ։ Գոնե դրա դիմաց Թրամփը հայտարարեր, որ Բաքվի բանտերում բոլոր պահվող անձինք անհապաղ ազատ են արձակվում։ 
  • Պետք է ֆիքսել, որ Սահմանադրական հանրաքվեն, որին լծվելու են բոլոր կառույցները, լինելու է ադրբեջանական պահանջով։ Այսինքն՝ Հայաստանում լինելու է ընտրական գործընթաց՝ ադրբեջանական պահանջով։ Կգնան քարոզարշավի, կասեն՝ եթե չփոխենք Սահմանադրությունը, Ադրբեջանը կհարձակվի։ Բա էդ դեպքում ի՞նչ խաղաղության մասին է խոսքը։ Պայման դնելով, հրահանգներ տալով՝ խաղաղությո՞ւն է լինում:
  • Դիվանագիտական տեքստերում կարևոր է անգամ ստորակետը։ Հայաստանի նախկին որևէ նախագահի օրոք Ադրբեջանին երբեք տարածքային պահանջ չի ներկայացվել։ Ինչ վերաբերում է արցախյան շարժմանը, ապա Արցախի հայերն ընդվզել են՝ դիմելով ինքնորոշման իրավունքի գործիքակազմին՝ ելնելով Ադրբեջանի կազմում ապրելու անհնարինությունից։
  • Ասում են՝ թշնամանքի էջը փակում ենք։ Ինչպես ասում են՝ օկ։ Հիմա Ադրբեջանի կրթական համակարգում փոփոխություն կատարվելո՞ւ է, հակահայկական քարոզչությունը դադարելո՞ւ է, թե՞ սկսած մանկապարտեզից, ավարտած՝ բուհով, դասագրքերում ու կրթական ծրագրերում գերակա է լինելու հայատյացությունը։

Աննա Հակոբյանը քարոզում է կարդալ Էրդողանի գիրքը, Նիկոլ Փաշինյանը կրծքին սեղմած լուսանկարվում է նույն գրքով:

  • Ընթերցանությունը մարդկության ստեղծած ամենաօգտակար բաներից է, բայց երբ այս իշխանությունն ասում է՝ շատ գրքեր կարդացեք, դա իրենց դեմ է։ Շատ գրքեր կարդացած մարդիկ չեն կարող քվեարկել այս իշխանության օգտին։ Եթե դու թուրքագետ չես, չգիտես Թուրքիայի պատմությունը, չգիտես թուրքական քաղաքական գործընթացները, չգիտես կոնտեքստը, Էրդողանի գիրքը կարդալն ի՞նչ էֆեկտ է ունենալու։ Էրդողանի գիրքն այն մասին է, որ 21-րդ դարը լինելու է Թուրքիայի դարը։ Միգուցե ճիշտ կլինի քարոզել Նժդեհի հատընտի՞րը կարդալ, քանի որ Փաշինյանին արդեն համեմատել են Նժդեհի հետ…

Իրանցի քաղաքագետ Մոհամմադ Ջաֆար Մոհամմադզադեն X-ի իր էջում մտահոգություն էր հայտնել՝ նշելով, որ «Զանգեզուրի միջանցք» կոչվածը շատ վտանգավոր է իր երկրի համար։

 «Եթե ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները հանգեցնեն ներկայիս աշխարհագրական սահմանների փոփոխության՝ «Զանգեզուրի միջանցքի» պատրվակով, Իրանը կարող է և պետք է վերանայի երկու հանրապետությունների ճանաչումը։ Այս պայմանագիրն Իրանի համար ավելի վնասակար է, քան Թուրքմենչայը և Գյուլիստանը»,- հայտարարել էր նա։

Հիշեցնենք, որ Գյուլիստանի (1813) և Թուրքմենչայի (1828) պայմանագրերը կնքվել էին Ռուսական Կայսրության և Պարսկաստանի միջև, որով փաստացի Արևելյան Հայաստանի ներկայիս տարածքն անցավ ռուսական տիրապետության տակ։

  • Մեծ պետությունները խոսում են պատմության լեզվով։ Այն, ինչ Իրանը նախկինում զիջել է Ռուսաստանին, չի հանգեցրել Իրան պետության փլուզմանը, սակայն այն, ինչ կարող է անել հնարավոր Թուրանական ճանապարհը, կարող է հանգեցնել Իրանի փլուզման։ Իրանում դա լավ են հասկանում, և երբ Վաշինգտոնյան հռչակագիրը համեմատում են ռուսների հետ իրենց կնքած ու իրենց համար վատագույն պայմանագրի հետ, Իրանում ճիշտ են գնահատում իրավիճակը՝ ասելով, որ «Զանգեզուրի միջանցքը» կարող է Իրանի համար կործանարար լինել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս