«Պայմանավորվածության չկա, բայց Պուտինը հաղթեց». Եվրոպական ԶԼՄ-ները քննադատում են Թրամփին

Միջազգային մամուլը շարունակում է անդրադառնալ օրվա գլխավոր իրադարձությանը՝ Ալյասկայում Թրամփ-Պուտին հանդիպմանը։

Եվրոպական ԶԼՄ-ներն Ալյասկայի հանդիպմանն անդրադառնում են հիմնականում քննադատական որակումներով, արձանագրելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքերի ամրապնդում ու դիվանագիտական հաղթանակ։

«Թրամփն ու Պուտինը պայմանավորվածության չհասան, բայց Պուտինը, միևնույն է, հաղթեց» վերտառությամբ հոդված է պատրաստել TIME MAGAZINE-ը։

Time-ը կտրուկ գնահատական է տալիս, նշելով՝ հանդիպումը որևէ կոնկրետ արդյունք չունեցավ։ «Զինադադար չհայտարարվեց, նոր համաձայնություններ չկնքվեցին։ Բայց Պուտինը ստացավ այն, ինչ իրեն պետք էր՝ միջազգային ճանաչում, ուժեղացված հեղինակություն և պատկեր՝ որպես համաշխարհային մեծ խաղացող։ Թրամփի համար ոչ մի իրական ձեռքբերում չարձանագրվեց»,- գրում է պարբերականը։

Կարդացեք նաև

«Associated Press»ն արձանագրում է, որ հանդիպումը չհանգեցրեց որևէ պաշտոնական համաձայնության պայմանագրի տեսքով, և միացյալ բարձրաստիճան հանդիպման մթնոլորտին զուգընթաց երկխոսության արդյունքները հստակ չեն։

«Թրամփն անվանել է այն «շատ արդյունավետ», սակայն նաև նշել, որ դեռևս կան լուրջ բացեր։ Պուտինը խոստովանել է, որ ցանկանում է «էջը թերթել» Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հարաբերություններում, սակայն, հստակ մանրամասներ չտրամադրեց»,- գրում է լրատվամիջոցը։

«The Guardian»ը ևս թեմայի մասին հոդված է պատրաստել, նշելով՝ Մոսկվան հանդիպումը Պուտինի համար մեկնաբանում է՝ որպես դիվանագիտական «հաղթանակ»։ «Թրամփը հրաժարվել է պահպանել ճնշումը և ընդունել է Պուտինի նախընթաց պայմանները։ Հանդիպման ավարտից հետո ռուս պաշտոնյաները նշել են, որ Պուտինը ոչինչ չտվեց»,- նշում է Guardian-ը։

Իսպանական El País-ն իր հերթին գրում է, որ Թրամփը հատուկ կարևորված ընդունելություն էր կազմակերպել՝ փորձելով մեղմացնել Պուտինի կոշտ դիրքն Ուկրաինայի հարցում։ «Նույնիսկ «La Bestia» ավտոմեքենայով շրջելով՝ հանդիպումն անհաջողություն էր, առանց որևէ կոնկրետ առաջընթացի կամ զինադադարի համաձայնության»,- արձանագրում է եվրոպական այս պարբերականը։

Իր մեկ այլ անդրադարձում «The Guardian»ը նշում է, որ Պուտինին հաջողվեց ցույց տալ, որ իրեն վերաբերվում են հավասարը հավասարի նման, և դա ինքնին կախված էր PR-ից։

«Թրամփը ոչինչ չստացավ»,- իր երկրորդ անդրադարձում գրում է՝ «Չզինադադար Ուկրաինայի համար, բայց PR հաղթանակ Պուտինի համար» վերտառությամբ հոդվածում The Guardian-ը։

Wall Street Journal-ը՝ «Թրամփը կարմիր գորգով ընդունեց Պուտինին․ պատասխան՝ գրեթե ոչինչ» հոդվածում ներկայացնում է՝ Թրամփը ցուցադրաբար մեծարեց Պուտինին՝ կազմակերպելով շքեղ ընդունելություն։

«Սակայն հանդիպումն ավարտվեց առանց որևէ առաջընթացի։ Պուտինը ոչինչ չզիջեց, բայց ստացավ համաշխարհային ուշադրություն, իսկ Թրամփը մնաց առանց ձեռքբերումների»,- գրում է ԶԼՄ-ն։

Ամերիկյան The Washington Post-ը՝ «Թրամփ-Պուտին գագաթնաժողովի հիմնական հետևությունները և զինադադարի շրջադարձը» վերտառությամբ հոդվածում գրում է, որ գագաթնաժողովը չհանգեցրեց որևէ պայմանավորվածության Ուկրաինայի հարցում։

«Թրամփը փորձեց հանդիպումը ներկայացնել որպես «առաջընթաց», բայց իրականում արդյունք չկար։ Ընդհակառակը, Պուտինը կարողացավ ստանալ այն պատկերը, որ նա ԱՄՆ նախագահի հետ բանակցում է հավասարի մակարդակով»,- նշում է հեղինակավոր ԶԼՄ-ն։

Տեսանյութեր

Լրահոս