Դու ո՞վ ես, որ իմ եկեղեցու վրա հարձակվում ես… ինչո՞ւ պետք է Ալիևն անխոչընդոտ կապ ստանա. Տաթևիկ Հայրապետյանը՝ Փաշինյանին

«Ադրբեջանում նկատվում է իրենց հռետորաբանությունը թաքցնելուն միտված քաղաքականություն, որովհետև նյութերի մեծ մասը, որոնք կապված են զավթողական կոնցեպտների, հայատյացության և սպառնալիքների հետ, հրապարակվում են բացառապես ադրբեջանալեզու աղբյուրներում: Վաշինգտոնյան հանդիպումից հետո «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անունը կրող համայնքը նամակ է ուղղում Ալիևին, ողջունում, և այդ նամակը լրահոսի մեջ տեսանելի չէր, պետք էր հատուկ որոնել և գտնել, և չէր թարգմանվել ռուսերեն և անգլերեն: Այսինքն՝ ես նկատում եմ, որ իրենք փորձում են այդ քաղաքականությունը քողարկել՝ մտածելով, որ գտնվելու են ավելի մեծ ուշադրության ներքո, բայց խորքային առումով որևէ փոփոխություն չկա»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ, պ.գ.թ. Տաթևիկ Հայրապետյանը:

««Արևմտյան Ադրբեջան»-ը ներառում է ոչ թե ՀՀ տարածքի մեծ մասը, այլ ամբողջ տարածքը, նույնիսկ ավելի շատ, քան Նիկոլ Փաշինյանի «Իրական Հայաստանը». եթե այն 29.743 է, իրենք 29.800 քառակուսի կիլոմետր տարածքի հանդեպ հավակնություն ունեն: Եվ սա քարոզչություն չէ, սա խորքային քաղաքականության մի մաս է, որը մտել է նաև կրթական ոլորտ: Եթե ադրբեջանցի երեխայի 5-րդ դասարանի դասագրքում է գրված, որ Խորհրդային Հայաստանը ձևավորվել է «Արևմտյան Ադրբեջանի» կամ ադրբեջանական հողերի վրա, և այս տարածաշրջանում Հայաստան չի եղել, դա բացարձակ ոչ մի աղերս չունի խաղաղության և բարիդրացիության հետ»,- շեշտեց նա:

Տաթևիկ Հայրապետյանը նկատեց՝ ադրբեջանական հարթակներում հայ գերիների հարցի քննարկումն էլ է լռեցվում. «Միայն մի տղա էր այդ մասին խոսել, որն ապրում է արտերկրում, և այդ հայտարարությունից հետո նրա վրա նորից վերահարուցեցին քրեական գործ: Դա էլ էր ինձ համար ազդանշան, որ անգամ դրա հետ կապված չնչին խոսակցություն թույլ չի տրվում»:

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է կոնկրետ վաշինգտոնյան պայմանավորվածություններին, նա չի հասկանում, թե ինչու պետք է Հայաստանն անխոչընդոտ ճանապարհ տա Ադրբեջանին. «Եթե նոյեմբերի 9-ի փաստաթղթում դա ինչ-որ կերպ կապված էր Լաչինի միջանցքի, Արցախի հետ կապի հետ, ապա ամբողջ էթնիկ զտումից հետո ինչո՞ւ է այդ թեման օրակարգում: Ինչպե՞ս եք բանակցում, երբ անգամ այդպիսի վտանգավոր զիջումներից հետո, երբ Արցախի թեման փակեցիք, դա մնում է օրակարգում: Ինչո՞ւ պետք է Ալիևն անխոչընդոտ կապ ստանար: Եթե Նիկոլ Փաշինյանն այդքան չշտապեր Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, միգուցե հնարավոր կլիներ այսօր ամերիկյան միջնորդությամբ Արցախի հայերի որոշակի անվտանգություն ստանալ ԼՂ-ում»:

Անդրադառնալով այն կարծիքներին, թե խաղաղության պայմանագրի ստորագրումը Փաշինյանին պետք է, որպեսզի փորձի ընտրություններում հանրությանը մոլորեցնել և վերընտրվել, նա հետևյալ հարցն ուղղեց. «Բայց ինչի՞ համար պետք է Փաշինյանը վերընտրվի: Փաշինյանին քննադատողներն են ստեղծում Նիկոլ Փաշինյանի վերընտրման թեզը: Ինչի՞ համար վերընտրվի նա: 7 տարի երկիրը շարունակ զիջումների, կործանումների, պորբլեմների տարած մարդը ինչո՞ւ պետք է վերընտրվի»:

Դիտարկմանը՝ հանրությանը կասի՝ եթե չընտրվեմ, կլինի պատերազմ, նա արձագանքեց. «Այս պայմանավորվածություններով նա պատերազմի թեման փակում է. եթե ասում է՝ խաղաղություն է, այլևս չի կարող գալ և Ալիևի հետ ձեռք ձեռքի տված հայ ժողովրդին սպառնալ պատերազմով, ժողովուրդը կասի՝ խաղաղություն ես բերել, ինչո՞ւ ես պատերազմով սպառնում: Ինքն է, չէ՞, ասում՝ խաղաղություն եմ բերել: Բա գնացել եք, Թրամփի միջնորդությամբ հաստատել եք, էլ ինչո՞ւ եք մեզ պատերազմով սպառնում:

Շատ կարևոր է ընդգծել՝ պայմանագիր չի ստորագրվել: Եթե խելացի բանակցող լիներ, Թրամփի հետաքրքրությունը հաշվի առնելով՝ կարելի էր հասնել ստորագրման, բայց Ալիևը կրկին ապահովեց շարունակականություն՝ պնդելով ՀՀ Սահմանադրության փոփոխության դրույթը… Գոնե կարելի էր գերիների հարցը Վաշինգտոնից լուծած վերադառնալ, ես վստահ եմ դրանում: Մի բան էլ, էլի, ասեմ, որ ինքը մեր պետության բյուջեի հաշվին այդ «Կրթվելը նորաձև է» կամ «Տգիտության ուժը» արշավն անում է, ասենք՝ 7 տարի վարչապետ ես, դժվա՞ր է նորմալ անգլերեն խոսել սովորել, դրա եղածն ի՞նչ է»:

Նրա դիտարկմամբ՝ գործող իշխանությունները երկիրը դարձրել են փորձադաշտ. «Մարդիկ երկիրը դարձրել են փորձադաշտ.

«Ժողովուրդ ջան, այսպես արեցինք, լավ չեղավ, ոնց որ դուք լավը չէիք, բանակը լավը չէր, հիմա այսպես ենք փորձում, տեսնենք՝ ինչ կլինի, էլի չենք կարող երաշխավորել»: Ես հասկանում եմ, որ իրավիճակը բարդ է, բայց մի կողմից՝ գնում ես ցավոտ զիջումների, ինչ արել ես Արցախի հետ կապված, ու դրան զուգահեռ՝ փորում ես իմ պետության, իմ ազգային ինքնության հիմքերը: Ի՞նչ գործ ունես դու իմ ազգային ինքնության հիմքերի հետ, իմ եկեղեցու հետ: Խորքային խնդիրը ոչ միայն այն է, որ Փաշինյանը չի օգտագործում թեկուզ սահմանափակ, բայց եղած հնարավորությունները՝ մեր շահերն առաջ մղելու համար, այլ իրականում գերազանցապես սպասարկում է Բաքվի պահանջները… Դու ո՞վ ես, որ իմ եկեղեցու վրա հարձակվում ես, ես էլ ամբողջ հարցերը թողած՝ ընկնեմ եկեղեցուն պաշտպանեմ: Ինչո՞ւ պետք է ես եկեղեցուն պաշտպանեմ տվյալ ժամանակահատվածի պետության ղեկավարից: Դա ի՞նչ է նշանակում: Բայց մենք դրանով ենք զբաղված, մենք անընդհատ զբաղված ենք հրդեհներ մարելով»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս