ԱԱԾ ՄԵԿՈՒՍԱՐԱՆՈՒՄ ՈՉԻՆՉ ՉԵՄ ԹՈՂԵԼ. ԱՅՆՏԵՂ ՀԱՅՏՆՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԿՅԱՆՔԸ ՍՏԻՊԵՑ ԱՌԱՋ ԳՆԱԼ. ԷՐԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

168TV-ի «Կապիտալի ՈՒԺԸ» հաղորդաշարի հյուրն «Ալեքսանյան» փաստաբանական գրասենյակի հիմնադիր-տնօրեն ԷՐԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆՆ Է։

Հարցազրույցի կարևոր թեզերը՝ ստորև.

– Ինքս ինձ ներկայացնել կդժվարանամ… սովորաբար, երբ ինքս ինձ պետք է ներկայացնեմ, հիշում եմ պրոֆեսոր Արմեն Չարչյանի ասածն իմ մասին։ Նա ասում է. «Էրիկն ունի հնարավորություն՝ թույլ չտալու, որ ճակատագրեր բեկվեն, ունի նաև հնարավորություն բեկված ճակատագրերը վերականգնելու»։ Նրա այս խոսքերը ողջ կյանքում չեմ մոռանա. միշտ ուղեկցում են ինձ։

Կարդացեք նաև

– Ինչպես փոքր տարիքում, այնպես էլ հիմա միշտ ունեմ մարդկանց օգնելու ցանկություն. ողջ կյանքում մեջս այդ միտքը նստած է։

– Ուսանող ժամանակ աշխատում էի փաստաբանի օգնական։ Իմ ուսուցիչ Սարդարյան Կարենին մի անգամ ներկայացրեցի շատ թերի կատարած աշխատանք։ Կարմիր գրիչով ամեն ինչ ջնջեց, ասաց՝ եթե չի ստացվում Էրիկի մոտ, ուրեմն փաստաբանությունն իրենը չէ։ Այդ պահին չեմ կարող ասել, թե հետս ինչ կատարվեց։ Նրան ասացի՝ «Դուք դեռ իմ մասին կլսեք… եթե ես Հայաստանում չլինեմ առաջինը՝ կլինեմ լավագույնը, չլինեմ լավագույնը՝ կլինեմ առաջինը»։

Ուսուցիչս լսեց, շարունակեց՝ լավ, քո ասածն է։ Մի տեսակ թասիբի ընկա տեղի ունեցածից։ Ես դրանից հետո աշխատասիրությունն իմ մեջ զարգացրեցի։ Ինձ համար փաստաբանությունը դարձավ ապրելակերպ։ Ես փաստաբան դարձա 23 տարեկանում։ Հիշում եմ՝ ընդամենը 23 տարեկան էի, երբ 2018 թվականից հետո սկսեցի զբաղվել Մարտի 1-ի գործով։ Ի դեպ, հենց այդ գործով ես թռիչքային աճ ունեցա։

– Բնավորությամբ շատ համառ եմ, նաև՝ շատ զգայուն։ Ինչ իրավիճակում էլ հայտնվեմ, գուցե դա ցույց չտամ, բայց կատարվածն ինձ մոտ նստվածք է թողնում։

– ԱԱԾ մեկուսարանում հայտնվելն ինձ վրա մեծ հետք է թողել։ Սովորաբար, այն, ինչ կատարվում է իմ կյանքում, կա՛մ համարում եմ պարգև, կա՛մ փորձություն, կա՛մ պատիժ։ ԱԱԾ մեկուսարանում հայտնվելն ինձ տրված պարգև էր. դա ո՛չ փորձություն էր, ո՛չ էլ պատիժ։ Ես այդ ամենը հաղթահարել եմ՝ առանց դավաճանելու իմ սկզբունքներին։ Չեմ կոտրվել, որովհետև կարող էր բանը հասնել նրան, որ ես դաշտից մեկընդմիշտ անհետանայի, չեղավ։ ԱԱԾ մեկուսարանում հայտնվելուց հետո կյանքն ինձ ստիպեց գնալ առաջ, լինել ավելի համառ։ Այո, կորցրեցի շատ բան՝ անձնական և աշխատանքային, բայց ԱԱԾ մեկուսարանում ոչինչ չեմ թողել, ես երբեք հետ չեմ նայում։

– Մարդկային հարաբերություններում կարևորում եմ բարությունը, ազնվությունը և Աստծուն մոտ լինելը։ Պետք է լինել ազնիվ՝ ազնիվ ինքդ քեզ հետ, հետո՝ ընկերության։ Ինձ համար բարձրագույն արժեքներից մեկն ընկերությունն է։ Ես դա գործնականում ապացուցել եմ՝ ինչ-որ իմաստով դառնալով նաև ընկերության զոհը։

Վերջում ներկայացնում ենք Էրիկ Ալեքսանյանի հարցը հաղորդաշարի հաջորդ հյուրին.

«Ի՞նչ կփոխեիք ինքներդ Ձեր մեջ, որպեսզի փոխեք աշխարհը»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս