Էրդողանն ու Փաշինյանն իրականացնում են այն, ինչ խորհուրդ էր տալիս Աթաթուրքը Կարաբեքիրին՝ խաբեք Հայաստանին, թուլացրեք նրանց բանակն ու ստացեք այն, ինչ ուզում եք. Կարեն Իգիթյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը տարածաշրջանային հարցերով փորձագետ, «Հայկական նախագծի» համահիմնադիր Կարեն Իգիթյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Ոչ թե Վրաստանն է դուրս եկել Արևմուտքի դեմ, այլ ուղիղ հակառակը։ Այն, ինչ կատարվում է Վրաստանում, պայքար է անկախության համար։ Վրաստանում ազգային իշխանություն է, և նրանք ոչ թե ասում են՝ չենք ուզում ԵՄ անդամ դառնալ, այլ չենք անելու որոշակի քայլեր Ռուսաստանի դեմ, որովհետև արդյունքում հարվածը ոչ թե, ասենք, Մեծ Բրիտանիան է ստանալու, այլ Վրաստանը։ Վրաստանի վերնախավն ասում է՝ իրենք չեն տրվելու շանտաժին, և Արևմուտքի տված 30 միլիոն եվրո գրանտից կտրվելն իրենց չի թուլացնելու, այլ հակառակը, ավելի է անկախացնելու իրենց։
  • Վրաց Ուղղափառ և Հայ Առաքելական եկեղեցիներն ավանդական կառույցներ են ու սպասարկում են կոնսերվատիվ օրակարգ՝ խոչընդոտելով գլոբալիստական արժեքներին։ Եվ բնական է, որ ողջ աշխարհում գլոբալիստական ուժերը պայքար են մղում ավանդական եկեղեցիների դեմ։ Ի դեպ, դրանք Արևմուտքում ընկալվում են՝ որպես Ռուսաստանի ազդեցության կառույցներ, և դրանով է պայմանավորված նաև պայքարը նրանց դեմ։

Վրաց Ուղղափառ եկեղեցին ԱՄՆ-ի կողմից հայտարարված է երկրում իրենց ծրագրերի իրականացման հիմնական սպառնալիքներից մեկը, և ամեն ինչ անում են այն թուլացնելու համար: Վրաց Ուղղափառ եկեղեցին ավանդաբար ուժեղ ազդեցություն ունի Վրաստանի քաղաքականության և հասարակության վրա: Ըստ որոշ փորձագետների՝ ԱՄՆ-ին խիստ դուր չի գալիս Պատրիարք Իլյա Երկրորդի ավանդական, ազգային արժեքներին դավանանքը և Վաշինգտոնում ակտիվորեն նրան փոխարինող են փնտրում։

Կարդացեք նաև

Օրեր առաջ ԵՄ երկրների ղեկավարները համաձայնել են դադարեցնել Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցության գործընթացը: ԵՄ-ն սառեցրել է Վրաստանի Պաշտպանության նախարարությանը 30 մլն եվրոյի տրամադրումը՝ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի պատճառով:

Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին հայտարարել է. 

«Ինչ վերաբերում է ԵՄ-ի և Վրաստանի միջև անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցությանը, ցավոք, պետք է ձեզ տեղեկացնեմ, որ ԵՄ ղեկավարները որոշել են սառեցնել այն գումարը, որը հատկացվել էր Վրաստանի պաշտպանության ուժերի աջակցության համար Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում։ Այս պահին 30 միլիոն եվրո գումարը, որը մենք նախատեսում էինք փոխանցել Վրաստանի պաշտպանության նախարարությանը, սառեցված է»,- Գերչինսկիի խոսքերն է մեջբերում Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը։ 

Դիվանագետի խոսքով՝ դա ԵՄ-ի կողմից ձեռնարկված դեռ միայն առաջին քայլն է Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումից հետո։ 

«Մեր ուղղակի աջակցությունը Վրաստանի կառավարությանը կկրճատվի։ Մենք կաշխատենք այդ ուղղակի աջակցությունը փոխանցել քաղաքացիական հասարակությանը և ԶԼՄ-ներին»,- նշել է Գերչինսկին: 

Վրաստանում աճել է փոքր կրոնական ՀԿ-ների և ամերիկյան պսևդոքրիստոնեական աղանդների թիվը, հարձակումներ են սկսվել Վրաց Ուղղափառ եկեղեցու դեմ: 

Գրեթե նույն իրավիճակն է նաև Հայաստանում 2018-ի «հեղափոխություն» կոչվածից հետո՝ Փաշինյանի հովանավորությամբ քայքայիչ աղանդները շատանում են, դրսի ֆինանսավորմամբ ՀԿ-ների թիվն ավելանում է, ագրեսիվ քարոզչություն են իրականացնում և Փաշինյանի ու նրա թիմակիցների հետ ձեռք ձեռքի տված հարձակումներ իրականացնում Հայ Առաքելական եկեղեցու, Ամենայն Հայոց Գարեգին 2-րդ կաթողիկոսի դեմ:

  • Օ՛Բրայենի՝ Հայաստան այցի ժամանակ վերջինս ասաց՝ ժամանակը քիչ է։ 2018թ․-ից հետո, ըստ նրա, նկատի ունենալով Արցախի կորուստը, շատ լավ հնարավորություն է բացվել Ադրբեջանի և Հայաստանի միջև իբր խաղաղություն հաստատելու համար։ Դրանով է պայմանավորված, որ Փաշինյանը ձգտում է քանդել ազգային կառույցները։
  • Հայաստանում և հետխորհրդային երկրներում իշխանությունն ընտրություններով չի փոխվում։ Նույնը վերաբերում է հանրաքվեներին։ Փաշինյանը կարող է Եվրամիություն մտնելու հարցը ներկայացնել սահմանադրական փոփոխությունների մեջ ու ներկայացնել մի փաթեթով։ Այդ դեպքում նա ահագին մեծ թվով քվե կհավաքի։ Ինքն այդ հնարավորությունն ունի։ Այլ հարց է՝ հիմա՞ կանի, թե՞ հետո։ 
  • Ռուսաստանը գնում է հեշտ ճանապարհով։ Եթե նրա համար ավելի հեշտ է պայմանավորվել Ադրբեջանի հետ, նա հենց այդպես էլ անում է, գնում է այդ ճանապարհով, հատկապես, երբ հայկական կողմը տապալում է յուրաքանչյուր նախաձեռնություն։

  • Չեմ կարծում, որ ՆԱՏՕ-ի հոբելյանական գագաթնաժողովին մասնակցելը Հայաստանին ինչ-որ բան տվեց։ Համագործակցել պետք է, բայց այդ համագործակցությունը չպիտի հակադրվի քո գործընկերների շահերին։ Դու չպետք է համագործակցես ընդդեմ Ռուսաստանի կամ որևէ այլ երկրի, որևէ երկրի հետ պետք է համագործակցես հանուն Հայաստանի։ Կարելի է աշխատել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի հետ, բոլոր երկրների հետ, բայց դա չպիտի արվի հակառուսականության հաշվին։

Օրեր առաջ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, անդրադառնալով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին», հայտարարել է, որ դրա «բացումը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման վերջին քայլն է»։ Բացի այդ, Էրդողանը չի բացառել նաև Հայաստանի հետ սահմանի բացման հավանականությունը։

«Ինչո՞ւ չդիտարկենք [սահմանի բացման] հարցը։ Նախկինում մենք այս մասին արդեն ամեն ինչ ասել ենք Փաշինյանին։ Այժմ ամեն ինչ պետք է անենք խաղաղության համար։ Հուսով ենք՝ շուտով Ադրբեջանի և Հայաստանի միջև հարատև խաղաղություն կհաստատվի։ Զանգեզուրի միջանցքի բացումն այս համաձայնագրի վերջնական քայլն է, ինչին Թուրքիան սրտանց աջակցում է։ Մենք ուզում ենք, որ այս ճանապարհին դրական որոշումներ կայացվեն՝ առանց հապաղելու: Այժմ տարածաշրջանից դրական ազդանշաններ են գալիս, և մենք հուսով ենք, որ դրանք ի վերջո լավ նորություններ կբերեն»,- ասել է Էրդողանը։

  • Թուրքիան ասում է՝ իհարկե, կբացենք սահմանը… բայց Զանգեզուրի միջանցքի հարցը պետք է լուծվի… Այսինքն՝ Հայաստանն էլի կմնա իզոլյացիայի մեջ։ Եթե Զանգեզուրի միջանցքը ստանան, այն աշխատելու է միայն Թուրքիայի և Ադրբեջանի համար։ Իրենք ուզում են պոկել այս տարածքը, որը ռազմավարական է և՛ մեզ համար, և՛ իրենց։ Մեզ համար այն կապ է Իրանի հետ, իրենց համար՝ Արևմուտքի և Արևելքի։ Եթե մենք չենք ունենում Իրանի հետ սահման, մեր ռազմական անվտանգությունը մի քանի անգամ նվազում է։
  • Թուրքիան անում է այն, ինչ գաղտնի նամակով Աթաթուրքն էր գրում Կարաբեքիրին՝ խաբեք Հայաստանին, թուլացրեք նրանց բանակն ու ստացեք այն, ինչ ուզում եք։
  • Այս պահին միակ երկիրը, որը պահում է Զանգեզուրի միջանցքը, Իրանն է՝ իր շահերից ելնելով։ 
  • Փաշինյանի հետ Արցախը հանձնելու, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հետ կապված այս գործարքը նոր չի ավարտվել, այն ավարտվել է 2018թ.-ին, երբ արտաքին այդ ուժերը Փաշինյանին բերեցին իշխանության։
  • Եթե հիմա մենք խոսում ենք ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Օ՛Բրայենի այցի մասին, ապա 2018թ.-ին էլ՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Բոլթոնի։ Նա հենց այդ ժամանակ էր ասել, որ մենք, հնարավոր է, Իրանի հետ սահման չունենանք։
  • Որպեսզի քո քաղաքականությունը որևէ մեկին հետաքրքիր լինի, դու նախ պետք է իրականացնես դա։ Հայաստանը դա չի անում, ի տարբերություն Ադրբեջանի։ Ադրբեջանը մասնակցում է բոլոր տարածաշրջանային նախագծերին, համագործակցում է բոլորի հետ, եթե դա իր շահին չի հակասում։ Հաշվի առնելով, որ Թուրքիայի և Ադրբեջանի շահերը համադրվում են, հարմար պահի նրանք մեզ կհարվածեն։ Հիշենք՝ Ռուսաստանը զգուշացնում էր՝ դուք մեզ սադրում եք, ուշադրություն չդարձրեցին, հետո եղավ 2020թ․ մեծ պատերազմը։ Հիմա նույնն է լինելու։

«Ես այստեղ եմ՝ վերահաստատելու մեր այս երկկողմ հարաբերությունների համատեքստում մեր ամուր աջակցությունը։ Հայաստանի ժողովուրդը վերջին տարիներին քանիցս վերահաստատել է բարեփոխումների իր ցանկությունը, և կառավարությունը՝ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ, ազդեցիկ ջանքեր է իրականացրել բարեփոխումների իրականացման ուղղությամբ, որոնք թույլ կտան ավելի լավ ինտեգրվել գլոբալ տնտեսությանը, և Հայաստանի ժողովրդին հնարավորություն կապահովվի առավել ազատ արտահայտվել ժողովրդավարական միջավայրում»,- Հայաստանում գտնվելով՝ վերջերս հայտարարել էր Օ՛Բրայենը՝ հավելելով, որ ԱՄՆ-ը հպարտ է աջակցել այդ ջանքերին։ 

Օ’Բրայենը Բաքվում Ալիևի հետ հանդիպման ժամանակ էլ ասել էր, որ Հայաստանը պատրաստ է խիզախ քայլերի: Ի՞նչ է դա նշանակում: 

  • Օ՛Բրայենի՝ «Դուք պետք է պատրաստ լինեք խիզախ քայլերի» ամերիկյան ձևակերպումը նշանակում է՝ «Դուք պետք է ինչ-որ բան հանձնեք կամ խզեք հարաբերությունները Ռուսաստանի հետ»։ Առհասարակ ամերիկյան խոսքի ոճը տարբեր է ռուսականից։ Ռուսներն ավելի ուղիղ են։ Ամերիկացիները գեղեցիկ ձևակերպումներով են ներկայացնում իրենց պահանջները, իսկ թե այդ ընթացքում Արցախում էթնիկ զտում կլինի, ինչքան մարդ կզոհվի, ինչքան մարդ կգերեվարվի՝ դա իրենց չի հետաքրքրում։

  • 1918թ․ նոյեմբերին Հայաստանն ու Ադրբեջանը կնքել էին «խաղաղ» փաստաթուղթ, և որոշ մարդկանց թվում էր՝ երկու երկրները հիմա արդեն հանգիստ ու խաղաղ կապրեն, բայց դրանից հետո՝ 1920թ․, եղավ հարձակում Արցախի վրա ու Շուշիի կոտորածը։
  • Արևմուտքն աճեցնում է Արմեն Գրիգորյանին, որ եթե Նիկոլ Փաշինյանը կորցնի իր անձնական ռեյտինգը, առաջ բերեն նրան։
  • 44-օրյա պատերազմի մոտավորապես կեսից Իրանը հասկացավ՝ ինչ է տեղի ունենում, և փորձում էր կասեցնել պատերազմը։ Իրենք փորձում էին զենքով օգնել, բայց Հայաստանը, չգիտես ինչու, չէր ընդունում այդ առաջարկը։ Իրանը լավ էր հասկանում, որ իր երկրի հյուսիսում տեղի ունեցողն իրեն պետք չէ, այն իրենից վտանգ է ներկայացնում։
  • Եթե Ամերիկան է օտարերկրյա գործակալների մասին օրենք ընդունում, դա, ըստ իրենց, ճիշտ է, դեմոկրատիա է, իսկ երբ Վրաստանն է անում՝ դա դեմ է այդ նույն դեմոկրատիային։ Այսինքն՝ դեմոկրատիան նույնացնում են Ամերիկայի պետական շահի հետ։ «Դեմոկրատ» բառը, փաստորեն, պետք չէ ընկալել դասագրքային իմաստով, ըստ իրենց՝ դեմոկրատ՝ նշանակում է Ամերիկայի դաշնակից։ 
  • Կյանքը պայքար է, և այն երբեք չի դադարում։ Նույն Իրանում, պարզ է, որ իրենց ամենամեծ պրոբլեմը ներքին է, և այն նույնպես հրահրված է ԱՄՆ-ի կողմից։ Վրաստանը քաղաքական վեկտոր չի փոխում, բայց պայքարում է իր անվտանգության և անկախության համար։ Ուկրաինայում պատերազմ է գնում, և ամբողջ աշխարհում շատ բան կախված է դրա ավարտից։ Հայաստանը խնդիր ունի Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիվ նպատակների հետ, այս երկրներն ուզում են, որ Հայաստանն առհասարակ չլինի, և Հայաստանի պետությունը պետք է գործի այս ելման կետից, որ մեզ ուզում են ոչնչացնել։ Դրա համար Հայաստանը պետք է ունենա ազգային իշխանություն և շատ ուժեղ պետական ապարատ։ Բայց մեզ այսօր միտումնավոր թուլացնում են։ Ադրբեջանը մոբիլիզացված պետություն է, և այդ մոբիլիզացիան փոխանցում է իր ժողովրդին։ իսկ Հայաստանում Հայաստանի դե ֆակտո ղեկավարությունը քարոզում է դրա հակառակը՝ թուլացնելով մեր երկիրը։ Արդյունքում՝ ունենալու ենք ևս մեկ պարտություն։
  • 2018թ․ «դուխովին» հակառակ՝ կար «խելքով» կոչը։ Խնդրի լուծման բանալին «խելքով»-ի մեջ է։

  • Այն հսկայական միտինգները, որ տեղի ունեցան Սրբազան պայքարի ընթացքում, իրենց դերը խաղացին։ Բագրատ սրբազանի հանրահավաքները ցույց տվեցին, որ հակափաշինյանական միտինգները նույնպես կարող են քանակ հավաքել։ 
  • Փաշինյանն արյունից չի վախենում, նա պատրաստ է ժողովրդին բախման տանել։ Դա ցույց է տվել թե՛ 2008թ մարտի 1-ին, թե՛ հիմա։ 
  • Փաշինյանը վախենում է, որովհետև հոգեբանորեն հասկանում է՝ ինչ է արել այս երկրի հետ։ Նույնիսկ այն ժամանակ, երբ իրեն ոչինչ չի սպառնում, նա վախենում է, դրա համար էլ շրջում է 30-ից ավելի մեքենաներով:
  • Հայաստանի ներսի պայքարը միայն Հայաստանի պայքարը չէ։ Փաշինյանը զավթել է պետապարատը, նրան սատարում են ԱՄՆ-ը, Եվրոպան, Թուրքիան և Ադրբեջանը։ Երբ Փաշինյանն ասում է՝ ես չլինեմ՝ կլինի պատերազմ, նշանակում է՝ Թուրքիան և Ադրբեջանը սատարում են հենց իրեն։ Այս իրավիճակում Հայաստանի ներսի ազգային ուժերի ռեսուրսները բավարար չեն, որ 100 %-ով արդյունքի հասնեն, բայց այդ ուժերի մոբիլիզացիան կարող է արդյունքի բերել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս