Փաշինյանի «դաբրոն», աղանդավորական էլեկտորատը, «Եհովայի վկաներն» ու Հայ Առաքելական եկեղեցու, կաթողիկոսի դեմ նրա հարձակումները
Փաշինյանի հերթական «պռոխոդը» եհովայի վկաներին՝ հայաստանյան իշխանությունների կողմից Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ ուղղված դեմարշը, որին ականատես ենք դառնում վերջին 6 տարիների ընթացքում, աստիճանաբար նոր ալիք է ստանում։
Ինչպես հայտնի է՝ դեռևս 2018-ի իշխանափոխության օրերին Նիկոլ Փաշինյանը բավական ակտիվ ու սերտ համագործակցության մեջ էր ՀՀ-ում գործող աղանդավորական կազմակերպությունների հետ, որոնք, ինչպես հետագայում պարզվեց, լայն թափով ներգրավվածություն ու մասնակցություն են ունեցել Փաշինյանի հեղափոխության գործում։
Այս առիթով 168.am-ին բավական ուշագրավ ու հետաքրքիր տեղեկություններ են հայտնի դարձել․ օրերս Եղվարդում բացվել է «Եհովայի վկաներ» կազմակերպության հերթական կառույցը, որը բավական ներկայացուցչական է եղել։
Մեր տեղեկություններով՝ «Եհովայի վկաներ» կազմակերպության գլխավոր վարչությունը դիմել է տարբեր երկրների, որպեսզի կազմակերպեն այդ կազմակերպության միջազգային ֆորում, որին նախատեսված է եղել անցկացնել սեմինարներ ու դասընթացներ՝ աղանդի տարածման աշխատանքները կազմակերպելու նպատակով (միջոցառմանը բավական մեծ թվով մասնակցություն է նախատեսված եղել)։
Ըստ տեղեկությունների՝ բոլոր թեկնածու երկրները հրաժարվել են և չեն թույլատրել իրենց տարածքում այն անցկացնել․ մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն «դաբրո» է տվել, այլ անձամբ ներկա է եղել այդ միջոցառման բացման արարողությանը։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ հունիսի 28-ին Եղվարդի տարածքում կառուցված այդ ահռելի մեծ չափերով «եկեղեցու» բացման արարողությանը Փաշինյանը ներկա է գտնվել բավական փակ ֆորմատով ու կարճ ժամանակով։
Մեր տեղեկություններով՝ «Եհովայի վկաներ» կազմակերպության ղեկավարությունը շնորհակալական խոսք է հղել Փաշինյանին՝ այդ միջոցառման թույլտվությունը տալու համար։
Ի դեպ, Փաշինյանից բացի, միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ ևս։
Փաշինյանը ելույթ է ունեցել, նշել, որ «Եհովայի վկաները» Հայաստանում հանգիստ կարող են իրենց գործունեությունը ծավալել, որևէ խոչընդոտ նրանք չեն ունենա, այդ թվում՝ Հայ Առաքելական եկեղեցու կողմից։ Նույն աղբյուրը հայտնում է նաև, որ այս փուլում «Եհովայի վկաները» լուրջ աշխատանք են տանում արցախցիների հետ, որպեսզի նրանց նույնպես ներգրավեն իրենց շարքերը։
Թեմայի առնչությամբ փորձեցինք մի քանի հարց ուղղել Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանին, սակայն մեր բազմաթիվ հարցեր մնացին անպատասխան, նա չարձագանքեց նաև հաղորդագրությանը։
168.am-ը Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանից հետաքրքրվեց՝ արդյոք տեղյա՞կ է Եղվարդում Եհովայի վկանների բացած նոր կառույցից, և, որ դրա բացմանը մասնակցել է նաև Նիկոլ Փաշինյանը։
«Ինքս տեղեկություններ չունեմ և չեմ կարող որևէ բան ասել։ Բնակիչներից որևէ ահազանգ չեմ ստացել, բայց ինքս հետամուտ կլինեմ՝ հասկանալու համար, թե ինչ է եղել։ Մեր քահանաներից կճշտեմ, բացի դրանից, համայնքապետի հետ կխոսեմ՝ Նորիկ Սարգսյանի»,- նշեց Կոտայքի թեմի առաջնորդը։
168.am-ը Եղվարդի համայնքապետարանից ևս փորձեց ճշտել այս տեղեկատվությունը, սակայն համայնքապետարանից մեզ ասացին, որ համայնքապետ Նորիկ Սարգսյանը գտնվում է արձակուրդում, հետևաբար՝ հարցին կարող է պատասխանել փոխհամայնքապետ Կարեն Հարությունյանը։
«Չեմ կարող հաստատել ո՛չ նման կառույցի բացումը, ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը տվյալ կառույցի բացմանը»,- շեշտեց Եղվարդի փոխհամայնքապետ Կարեն Հարությունյանը։
Ի դեպ, այս ամենի վերաբերյալ նաև ֆեյսբուքյան որոշ օգտատերեր են գրառումներ կատարել, մասնավորապես, Սագօ Գասպարեան անուն-ազգանունով օգտատերը գրել էր, որ հունիսի 29-ից մինչև հուլիսի 7-ը Եղվարդում տեղի է ունենալու «Եհովայի վկաներ» աղանդավորական կազմակերպության համագումար-ճամբարը, որին պետք է մասնակցեն 22.000 աղանդավորներ, աշխարհի տարբեր ծայրերից Երևան ժամանող Եհովայի վկաներ։
«Համացանցի որոշ աղբիւրներէ իրազեկուեցանք, թէ 29 Յունիսէն 7 Յուլիս, Քրիստոնեայ առաջին պետութեան՝ Հայաստանի Եղուարդ քաղաքին մէջ, տեղի պիտի ունենայ եհովայի վկաներ կոչուած աղանդի միջազգային համագումար-ճամբարը, որուն պիտի մասնակցին աշխարհի չորս ծակերէն եկած մօտ 22.000 աղանդաւորներ, եւ անշուշտ հայաստանաբնակ եհովաճիներ։ Անոնք ինը օր պիտի անցկացնեն 30 հսկայական վրաններու տակ, իւրաքանչիւրին մէջ՝ 700 հոգի գիշեր-ցերեկելով։
Այս աղանդաւորները վտանգաւոր են որովհետեւ ո՛չ Հայաստանի պետութիւնը ընդունած են իբր պետութիւն, ո՛չ ալ անոնց հայաստանաբնակները Հայաստանի բանակին ենթակայ են։ Ազգային անվտանգութեան խնդիր կա՞յ հոս։ Հը՞:
Եղուարդի այս խայտառակութիւնը, որ տեսակ մը կրօնական «իշխանազավթում» է, Թադէոս եւ Փարդուղիմէոս առաքեալներուն յաջորդող, ազգային եկեղեցւոյ վարդապետներ ոտքի կը հանէ՞։ Հը՞:
Յիսուս Քրիստոսի Աշխարհի ամենամեծ արձանի ներքոյ, Հայաստանի եկեղեցիներուն զանգերը պէտք չէ՞ ղօղանջեն։ Հը՞։
Եթէ այս ինը օրուայ ընթացքին այս վտանգաւոր նախադէպին ի տես լռութիւն տիրէ, ուրեմն եհովայի վկաները եկած են Եղուարդ ըսելու՝ «Խոր Վիրապ՝ պիզիմ տըր»։
Կրօնի, հաւատքի ազատութիւն… հը՞»:
Ի դեպ, 2023թ. ևս Եհովայի վկաները գրեթե այս նույն ժամանակահատվածում, հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության օրը, Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ Արտաշիսյան փողոցում, «Ալաշկերտ» մարզադաշտում վրաններ էին տեղադրել և երեք օր շարունակ բարձրախոսներով աղանդավորական երգեր էին միացրել ու քարոզ արել՝ լարվածության մեջ պահելով տարածքի բնակիչներին: Մարդկանց անդորրը 3 օր շարունակ խաթարված էր: Իրավիճակն այնքան էր թեժացել, որ տարածքում ապրող մարդիկ դիմել էին ոստիկանությանը: Ոստիկանությունը և քաղաքային իշխանությունը՝ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, որևէ քայլ չէր ձեռնարկել՝ կանխելու համար տեղի ունեցողը, այն դեպքում, երբ «Ալաշկերտ» մարզադաշտում իրենց քարոզով հունից հանել էին 15 հազար բնակիչների:
Լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում հաճախ է տեղեկատվություն հրապարակվել այն մասին, որ Փաշինյանն աջակցում է քայքայիչ աղանդավորական կազմակերպություններին, և դրանով է նաև պայմանավորված Հայ Առաքելական եկեղեցու դեմ նրա կազմակերպված ոտնձգությունները:
2018թ. նույնիսկ սփյուռքում նրան հանդիպումներից մեկի ժամանակ նրան նման հարց ուղղեցին, ինչն, իհարկե, այն ժամանակ նա հերքեց.
«Ես իմացա, որ իմ մասին լուրեր կան, թե, իբր իմ ընտանիքը աղանդավորական շարժումների հետ է կապված, ես ինչ-որ աղանդավոր եկեղեցու անդամ եմ։ Առիթից օգտվելով՝ ասեմ, որ կյանքում աղանդավորության հետ որևէ առնչություն չեմ ունեցել, և իմ ողջ ընտանիքը Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներ են»,- ասել էր Փաշինյանը` պատասխանելով լիբանանահայ համայնքի ներկայացուցչի` «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժման և Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ Գնդեվանքում տեղի ունեցած միջադեպի մասին հարցին։ Նաև ասել էր, թե պարբերաբար շփվում է Վեհափառ Հայրապետի հետ։
Հիշեցնենք, 2018թ. հունիսի 6-ից «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնությունը Հայաստանում պարբերաբար բողոքի ակցիաներ էր անցկացնում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ` պահանջելով նրա հրաժարականը։
2018թ. հուլիսի 14-ին, երբ Գարեգին 2-րդը փորձել էր ուխտագնացություն կատարել Գնդեվանք (Վայոց ձորի թեմ), նրանք արգելափակել էին ճանապարհը։
Այսօր, սակայն, արդեն ակնհայտ է՝ Հայ Առաքելական եկեղեցու և Վեհափառ Հայրապետի դեմ արշավը կազմակերպվում և ուղղորդվում է հենց Փաշինյանի կողմից: «Նոր Հայաստան, նոր Վեհափառ» հակաեկեղեցական շարժումը ևս իշխանական շրջանակների կողմից հովանավորվող նախաձեռնություն էր, որի ղեկավար Կարեն Պետրոսյանը հենց Փաշինյանի հովանավորությամբ 2018թ. հուլիսին նշանակվեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնում:
Բացի այդ, Փաշինյանը իշխանությունը զավթելուց հետո ֆեյսբուքյան իր էջում մի քանի անգամ կիսվել էր աղանդավոր քարոզիչներից մեկի՝ Վահե Պետրոսյանի էջում տեղադրված նյութերով՝ գովազդելով այդ աղանդավորին՝ տեղադրելով նրանց նյութերը և գրառումները: Եվ դա այն դեպքում, երբ աղանդավոր այդ քարոզիչով 44-օրյա պատերազմի ժամանակ հետաքրքրվել էր նաև ԱԱԾ-ն՝ խորհուրդ տալով մարդկանց այդ անձին բանակի մասին տեղեկություններ չտրամադրել: Իսկ Փաշինյանը նրան գովազդում էր ֆեյսբուքյան իր էջով և զուգահեռ վարկաբեկում Հայ Առաքելական կկեղեցին և կաթողիկոսին, հոգևորականներին:
Ինչպես եհովականները և այլ աղանդների հետևորդները, Փաշինյանը ևս շատ հաճախ ներկայացնում է Աստվածաշնչյան հատվածներ՝ դրանք նենգափոխելով:
Ի դեպ, մամուլում բազմիցս գրվել է նաև, որ աղանդավորական այդ կազմակերպություններին Փաշինյանը հենց այնպես չէ այդ «լավություններն» անում՝ ոտնձգություններ կատարելով Հայ Առաքելական եկեղեցու դեմ: Օտարերկրյա կազմակերպություններից ֆինանսավորվող քայքայիչ այդ աղանդավորական կազմակերպությունները ընտրությունների ժամանակ Փաշինյանին և նրա կուսակցությանը՝ ՔՊ-ին, ապահովում են ձայներով:
Գործարքն ակնհայտ է: Դրանով է նաև պայմանավորված այն հանգամանքը, որ վերջին տարիներին հայաստանաբնակ Եհովայի վկաները սկսել են ագրեսիվ քարոզչություն, հոգեորսություն իրականացնել՝ իրենց գրականությունը նաև փողոցային շարժական ստենդների միջոցով տարածել ու ներկայացնել Երևանում և մարզերում: Հայաստանում, ըստ տարբեր հաշվարկների, 350 հազարից ավելի աղանդավորներ կան, մոտ 68 և ավելի գրանցված աղանդավորական կազմակերպություններ կան (Եհովայի վկաներ, Կյանքի խոսք, ևն)։ Այս թիվը կազմում է մեր բնակչության 15 %-ը՝ այն դեպքում, երբ ողջ աշխարհում աղանդները կազմում են բնակչության 1-2 տոկոսը, հետևաբար ազգային անվտանգությանը սպառնալիք ներկայացնող պատկեր է։
««Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության ներկայացուցիչներն իրականացնում են բանակում չծառայելու, զենք չբռնելու վերաբերյալ քարոզչություն, ավելին՝ դրա համար մարդկանց առաջարկում են աջակցություն։ Եկեղեցին չունի լծակներ, որ արգելի այս կամ այն կրոնական կազմակերպության գործունեությունը, ուստի, դա պետք է անի պետությունը, որովհետև քարոզում են, թե զենք բռնելը մեղք է, և դա այն դեպքում, երբ շրջապատված ենք որպես պետություն մեր չգոյությանը ձգտող Թուրքիայով և Ադրբեջանով»,- 168.am-ի հետ զրույցում պատմել էր Մասյացոտնի թեմի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարեհ քահանա Աշուրյանը: Նրան աղանդավորները հաճախ սպառնում են.
«Օրինակ՝ ինձ գրում են՝ «Քո վերջը վատ է լինելու», մեկ այլ Եհովայի վկա էլ ինձ գրելով հարցնում է՝ «Զարե՛հ, դու աղոթո՞ւմ ես Ալիևի համար, եթե ոչ, ապա կեղծավոր և գարշելի մարդ ես, որը ձևացնում է, թե իբրև թե քրիստոնյա է»,- Եհովայի վկաների քարոզչությունն անընդունելի համարելու համար եհովականներից ստացած սպառնալիքներից մեկ-երկուսն էր ներկայացրել տեր Զարեհը։
Եվ վերջում, ևս մեկ հիշեցում. ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեռևս 2020թ. լրագրողների հետ զրույցում հայտարարել էր. «Ապարանի տարածաշրջանում Նիկոլ Փաշինյանի համար, այսպես ասած, պայքարողները Եհովայի վկաներ աղանդի անդամներ են»:
2021թ. ««Կոռուպցիայի հակազդման ասոցիացիա» ՀԿ նախագահ, Ազգային և հոգևոր արժեքների պաշտպանության «Ազգային ճակատի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր.
«Այսօրվա դրությամբ՝ աղանդավորները լավագույն էլեկտորատն են նրանց համար, ովքեր ցանկանում են ներխուժել Հայաստան: Նրանցից մոտ 200 հազարը գրեթե ռոբոտներ են, ովքեր կատարում են հովվի հրամանները: Հնարավոր արտահերթ ընտրությունների ժամանակ նրանք 10 հազար ձայնով կապահովեն այն թեկնածուին, ում կորոշի իրենց հովիվը, և իրենք առանց մտածելու՝ պե՞տք է այդ անձին ձայն տալ, թե՞ ոչ, կգնան և կընտրեն»:
Այսօր արդեն Նիկոլ Փաշինյանի շնորհիվ այդ ազգակործան, քայքայիչ և Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնալիք հանդիսացող աղանդները մեծ թափով տարածվում են Երևանում և բոլոր մարզերում՝ հրապարակայնորեն ատելության և զրպարտության խոսքեր հնչեցնելով Հայ Առաքելական եկեղեցու, կաթողիկոսի և բոլոր հոգևորականների հասցեին՝ իրենց ագրեսիվ քարոզչությամբ, իշխանական հովանավորչությամբ: Դրսից ֆինանսավորվող այդ կազմակերպությունները, որոնք նաև թիրախավորում են սոցիալապես անապահով ընտանիքներին, ոչ միայն տեղեկատվություն են հավաքագրում և փոխանցում արտերկրի իրենց տերերին, այլև որպես ընտրազանգված՝ պետք եկած պահին՝ ընտրությունների ժամանակ, ծառայեցվում են Փաշինյանի և ՔՊ-ի շահերին: