Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ն Ադրբեջանի դեսպանին պարզաբանումներ է տվել Կիևում Ադրբեջանի դեսպանատան հարվածի առնչությամբ

Ռուսաստանի ԱԳՆ-ն Ադրբեջանի դեսպանին պարզաբանումներ է տվել Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան հարվածի առնչությամբ. ՌԴ ԱԳՆ-ից նշել են, որ հասցված վնասն, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է Ուկրաինայի ԶՈՒ հակաօդային պաշտպանության համակարգերի սխալ աշխատանքով, ենթադրաբար, Patriot հրթիռի անկմամբ։

Գերատեսչությունը նշել է, որ «հատուկ ընդգծվել է, որ Ուկրաինայում Ադրբեջանի օբյեկտների դեմ ենթադրյալ «հրթիռային հարվածների նպատակային բնույթի» մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը»։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանում ՌԴ դեսպան Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։ Ադրբեջանի ԱԳՆ-ից ՌԴ դեսպանին բողոքի նոտա են հղել։ Պատճառը Կիևի գիշերային հրթիռակոծության ժամանակ Ադրբեջանի դեսպանության շենքի տարածք ռուսական «Իսկանդերի» մնացորդների ընկնելն է, որը վնասներ է առաջացրել, նշում է ադրբեջանական կողմը։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ պայթյունի հետևանքով դեսպանատան տարածքի ցանկապատի մի մասն ամբողջությամբ ավերվել է, վնասվել են ծառայողական մեքենաներ և դեսպանատան շենքը։

Տեսանյութեր

Լրահոս