Նիկոլ Փաշինյանն Էրդողանի հետ տարածաշրջանում ավարտին է հասցնում պանթուրքական ալիքը և իրագործում Բոլթոնի ծրագիրը. Վահե Դավթյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, անվտանգության հարցերով փորձագետ, Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրեն Վահե Դավթյանն է:
- Սառը պատերազմի տարիներից ժողովրդավարությունը վերածվեց աշխարհաքաղաքական գործիքի, հատկապես՝ հետխորհրդային, ինչպես նաև՝ Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում պետականության հիմքերը խարխլելու, իշխանափոխություն իրականացնելու համար: Հիմա եկել է Հայաստանի Հանրապետության հերթը:
- Հայաստանում 2018-ին սկիզբ առած պրոցեսը մոտենում է իր հանգրվանին. Փաշինյանը պետք է ավարտի այս տարածքում նախատեսած ծրագիրը: Սա նրա վերջին խաղաթուղթն է:
- Նիկոլ Փաշինյանն Էրդողանի հետ ավարտին է հասցնում մեր տարածաշրջանում պանթուրքական ալիքը, որը Թուրքիան սկսեց Վրաստանից:
- Ինչո՞ւ պետք է քաղաքացին գնա Ֆրանսիայի հրապարակ՝ չգնալու, չպայքարելու դեպքում այլընտրանքն օդանավակայանն է, արտագաղթը:
- Հայաստանն ընկնելու է մեծ ալիքի տակ. խնդիրը պետք է դիտարկվի մեր տարածաշրջանում տեղի ունեցող ակտիվ զարգացումների ֆոնի վրա. Թուրքիան խորացնում է հարաբերություններն Իսրայելի հետ: Իսրայելը լարված հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, Իրանի Իսլամական Հանրապետության հետ:
- Հայաստանում և տարածաշրջանում արագացված տեմպերով իրականացվում է, այսպես կոչված, Բոլթոնի առաջարկած ծրագիրը:
- Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական տրանսֆորմացիաները կարող են սպառնալիք դառնալ Ռուսաստանի ազգային անվտանգությանը:
- Կովկասյան տարածաշրջանում 2 տարբեր վեկտոր է ձևավորվում՝ Թուրքիա- Իսրայել, երկրորդ վեկտորը՝ Ռուսաստան-Իրան, այս բլոկների միջև բախումն անխուսափելի է: Հայաստանը ո՞ր բլոկում է լինելու, երբ տրանսֆորմացիան վերջնականապես իրականացվի: Երևանն այսօր փորձում է Թելավիվի հետ հարաբերություններ ձևավորել, դա, իհարկե, կհակասի Իրանի և Ռուսաստանի շահերին, և սա, իհարկե, ռիսկային է
- Հայաստանը վերածվում է գործիքի, տրանզիտային գոտու, որը շատ մեծ հավանականությամբ կօգտագործվի թուրք-ադրբեջանական ռազմական փոխադրումների համար՝ նաև Իսրայելի օգնությամբ:
- Ռուսաստանի տեսակարար կշռի նվազեցումն անխուսափելիորեն հանգեցնելու է Հայաստանի համար նոր ռիսկերի ձևավորման, աղետն ակնհայտ է. տարածաշրջանում ձևավորվելու է ռազմական վակուում, որը լրացնելու է Թուրքիան:
- Անկարայից արվող հայտարարությունները վկայում են, որ Հայաստանը տարածաշրջանային գործոն չէ այլևս:
- Ժողովրդավարացման պրոցեսն աշխարհաքաղաքական, առայժմ զուսպ, բայց լուրջ բախման առիթ կդառնա:
- Փաշինյանը փորձում է սատելիտ կուսակցություններին օգտագործել՝ որպես սեփական անվտանգության բարձիկ:
- Ադրբեջանին Հայաստանի առաջարկած 6 կետերը տեղեկատվական փուչիկ են՝ ուղղված առավելապես ներքին լսարանին. Որևէ աղերս չունեն Հայաստանի իրական շահի հետ. անատամ, անբովանդակ սկզբունք կոչվածի շարք էր դա:
- Միջազգային հանրությունը հիմնվում է Ադրբեջանի առաջարկած 5 սկզբունքներ պարունակող փաստաթղթի վրա, ոչ թե Հայաստանի 6 կետերի:
- Եթե ներքաղաքական դժգոհության մեծ ալիքը զսպեն՝ կյանքի կկոչեն մշակված սցենարը. երկարաժամկետ առումով անվտանգային ռիսկերն առավել քան հստակ են:
- Կարճաժամկետ առումով, այսինքն՝ սկզբնական փուլում, առաջիկա 5 տարվա ընթացքում 21-րդ դարի Թուրքիան ֆինանսական դիվիդենտներ կտրամադրի, կրթական, մշակութային ծրագրեր իրականացնելու նպատակով գրանտային միջոցներ կհատկացնի, որը հետագայում քաղաքական լուրջ կապիտալի կվերածվի, այնպես, ինչպես արել է Վրաստանում, Բուլղարիայում, այնպես որ, այդ երկրներում անգամ իրենց քաղաքական հարցերն առանց Թուրքիայի հետ համաձայնեցնելու չի լինում:
- Ֆորմալ առումով Հայաստանում կպահպանվի պետականությունը, բայց կդառնա քվազի պետություն, որն առևտրային կետ կարող է դառնալ Թուրքիայի համար:
- Եթե ունենայինք ռազմավարական մտածողություն ունեցող իշխանություն՝ մենք գոնե այս փուլում առնվազն մեկ տարի դադար կվերցնեինք, կսպասեինք հաջորդ տարվան. 2023-ին Թուրքիային բարդ ընտրական ցիկլ է սպասվում՝ նախագահական և խորհրդարանական ընտրություններ: Էրդողանի վարկանիշն իջել է, Ռուսաստանը և ԱՄՆ-ը աշխատելու են Թուրքիայի ընդդիմության հետ, մենք չգիտենք, թե այդ երկրում ինչ է լինելու, հետևաբար՝ պետք է դադար վերցնեինք: