Անկարան ձգտում է վերահսկողություն ունենալ այն աշխարհաքաղաքական շղթայի վրա, որը Սյունիքի միջոցով կապում է իրեն Ադրբեջանին և Կենտրոնական Ասիային. Շիրազ Խաչատրյան
Օրերս Թուրքիայի Ազգային մեծ ժողովի իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը շարունակում է աջակցություն ցուցաբերել Սիրիային նրա վերականգնման հարցում՝ «Մենք միասին կզարգացնենք և՛ Սիրիան, և՛ Թուրքիան»:
Այնուհետև նա ուշադրություն է հրավիրել կարևոր հանգամանքի վրա, որ Սիրիայի, Պաղեստինի, Սուդանի, Ադրբեջանի, Իրանի, Հյուսիսային Կիպրոսի, Ուկրաինայի և Իրաքի անվտանգությունն ուղղակիորեն կապված է Թուրքիայի անվտանգության հետ:
Ի՞նչ կա այս հայտարարության տողատակում, մասնավորապես՝ Իրանի, Ադրբեջանի առումով, որքանո՞վ է Թուրքիայի անվտանգությունը կապված նրանց անվտանգության հետ, և հակառակը: Այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի հետ:
– Էրդողանի հայտարարությունները, կարծում եմ, նորություն չեն։ Թուրքիան վաղուց ողջ տարածաշրջանն իր սեփական կենսական շահերի գոտին է համարում։ Ասեմ, որ Էրդողանի ռազմավարությունը թույլ է տալիս Թուրքիային համակարգված ձևով ընդլայնել իր ազդեցությունը ռեգիոնում՝ միաժամանակ ձևավորելով անվտանգության հիբրիդային այնպիսի ճարտարապետություն, որտեղ ներառված են՝ ինչպես իր դաշնակիցները, այնպես էլ՝ մնացյալ հարևան պետությունները։ Եվ Անկարան հարևան պետությունների ցանկացած ճգնաժամ փորձում է ներկայացնել՝ որպես սեփական անվտանգության սպառնալիք, և այդ կերպ «արդարացնում» է իր արտաքին քաղաքական ակտիվությունը՝ լինի դա քաղաքական, տնտեսական թե ռազմական միջամտություն։
Գաղտնիք չէ, որ էրդողանյան Թուրքիան իրեն պատասխանատու և առաջնորդող ուժ է համարում՝ ինչպես պանթյուրքական, այնպես էլ՝ իսլամական և տարածաշրջանային բոլոր հարցերում, իսկ Ադրբեջանը վաղուց արդեն ընդգրկված է այդ ազդեցության համակարգում։ Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմաքաղաքական, տնտեսական և անվտանգության ոլորտներում խորացող ինտեգրումը վկայում է, որ Բաքուն ոչ միայն դաշնակից է Անկարայի համար, այլ նաև գործիք է դարձել տարածաշրջանային օրակարգի իրականացման հարցերում։ Իսկ Իրանի պարագայում նման հռետորաբանությունը փաստացի նշանակում է, որ Անկարան մտնում է Թեհրանի անվտանգության շահերի տարածք՝ սահմանափակելով Իրանի մանևրի հնարավորությունները։
– Թուրքիան` ի դեմս Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի, շարունակում է պնդել, որ հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն միայն Ադրբեջան-Հայաստան խաղաղության վերջնական համաձայնագրի կնքումից հետո: Ըստ նրա, եթե Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորի նախքան խաղաղության վերջնական համաձայնագրի ստորագրումը, ապա հնարավոր է՝ Երևանը կորցնի հիմնական խթանը՝ ավարտին հասցնելու Բաքվի հետ բանակցությունները, իսկ իրենք Հարավային Կովկասում կոնֆլիկտի սառեցում չեն ցանկանում: Արդյո՞ք խաղաղության գործընթացն առավել կարագանա:
– Ֆիդանի վերջին հայտարարությունները վերահաստատում են Թուրքիայի այն ռազմավարական կարևոր շեշտադրումը, որ Անկարան պատրաստ է կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները միայն այն դեպքում, եթե կնքվի Ադրբեջանի և Հայաստանի միջև, այսպես ասած, խաղաղության համաձայնագիրը: Դա փաստում է, որ Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են հանդես գալ կոշտ նախապայմաններով, որոնք հաճախ շանտաժի տրամաբանություն ունեն։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Սյունիքով անցնող անխոչընդոտ ճանապարհի հարցին, Հայաստանի սահմանադրության փոփոխության խնդրին և նմանատիպ այլ պահանջներին։
Եվ չնայած, ըստ իս, գործընթացի արագացման հեռանկարը մշուշոտ է, նմանատիպ հայտարարությունների իրական նպատակը նույնն է՝ բանակցությունները պահել մշտական կախվածության, վերահսկելի և շահարկելի վիճակում։ Սա թուրքական կողմից հստակ կիրառվող ռազմավարություն է, երբ ամեն հնարավոր թեմայից առավելագույնը քաղելու ակնկալիքով երկխոսությունները միակողմանի պահանջի են վերածում։
Կարծում եմ, որ Ֆիդանի հայտարարությունն ուղերձ է ոչ միայն Հայաստանին, այլ նաև միջազգային դերակատարներին։ Մեծ հաշվով, Թուրքիան այս ձևաչափով կարողանում է պահպանել կառուցողականի պատրանքն արտաքին գործընկերների աչքում, միաժամանակ խորացնելով ճնշումը Հայաստանի վրա՝ Ադրբեջանի շահերն առաջ մղելու նպատակով։
Եվ այս վատ մղձավանջային շրջապտույտից դուրս գալու համար Հայաստանը պարտավոր է վերագնահատել իր ռազմավարական մոտեցումները։ Հակառակ դեպքում մենք շարունակելու ենք շարժվել թշնամու թելադրած օրակարգով, որը ոչ մի լավ տեղ չի տանելու։
Իսկ Թուրքիայի ռազմավարական ծրագրերը չափազանց ամբիցիոզ են, Անկարան ձգտում է վերահսկողություն ունենալ այն աշխարհաքաղաքական շղթայի վրա, որը Սյունիքի միջոցով կապում է իրեն Ադրբեջանին և Կենտրոնական Ասիային։ Այդ «միջանցքը» Թուրքիան դիտարկում է ոչ թե՝ որպես տրանսպորտային ուղի, այլ՝ ռազմաքաղաքական կարևորագույն լծակ, որի շնորհիվ փորձում է ամրապնդել իր ազդեցությունը մեծ տարածաշրջանում։
– Այն, որ Թուրքիային ձեռնտու է հակամարտության սառեցումը, պարզ է, իսկ որքանո՞վ է մեր տարածաշրջանը կանգնած պատերազմի հնարավոր վտանգի տակ՝ ով ում դեմ, կամ՝ ո՞ւմ դեմ է զինվում Ադրբեջանը։
– Այս պահին Ադրբեջանի ռազմականացումը պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում։ Նախ՝ Ադրբեջանը 44-օրյայից հետո ուներ լուրջ մարտական համալրման, սպառազինության արդիականացման ու վերակազմավորման կարիք։ Ռազմականացման ընթացիկ ալիքը, մեծ հաշվով, նպատակ ունի վերականգնել դեռևս իր պահուստային բացերը։ Թե այս պահին ում դեմ է զինվում՝ Հայաստանի՞, Իրանի՞, թե՞ մեկ այլ հարևան պետության, չեմ կարող ասել, բայց, որ Բաքվի կողմից նոր արկածախնդրությունը կարող է բարդացնել հարաբերությունները բոլոր դերակատարների հետ, դա միանշանակ է, և հաստատ այս պահին իրեն ձեռնտու տարբերակ չէ։ Մյուս կողմից, Ադրբեջանի ռազմաքաղաքական սուր կեցվածքն այս պահին ավելի հավանական է դիտարկել Իրանի ուղղությամբ։ Բայց հարց է՝ արդյո՞ք նրա ռազմական ներուժը բավարար է Թեհրանի ուղղությամբ լուրջ գործողությունների դիմելու համար։
Երկրորդ, այսօր աշխարհը գտնվում է անվտանգության նոր ռազմավարությունների վերանայումների փուլում, պետությունները վերանայում են իրենց պաշտպանական ռազմավարությունները. Եվրոպայում՝ ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին, Ասիայում՝ Չինաստան-Թայվան լարվածության պայմաններում: Իսկ նախնական փուլում այդ ռազմականացումներն իրականացվում են, այսպես ասած, ինքնապաշտպանական տրամաբանությամբ։
Մեր տարածաշրջանում, պատերազմական հնարավոր զարգացումների հետ կապված, հարկ է նկատել նաև, որ, մեծ հաշվով, և՛ Թուրքիային, և՛ Ռուսաստանին տարածաշրջանում կայունություն է պետք՝ վերջնական այստեղից դուրս չմղվելու: Իրանին և Թուրքիային այս կայունությունը պետք է նաև Կենտրոնական Ասիա դուրս գալու համար, իսկ հավաքական Արևմուտքին՝ ռեգիոնում ինչ-որ չափով հիմնվելու համար: Այսինքն, Բաքուն էլ չի կարող հաշվի չնստել այդ կենտրոնների հետ, եթե նույնիսկ նկրտումներ ունենա ինչ-ինչ տարածքների հետ կապված:
Չեմ ուզում սպավորություն ստեղծվի, թե փորձում եմ մեղմացնել ադրբեջանական կողմից եկող վտանգները, խոսքն այլ բանի մասին է: Մյուս կողմից՝ սա չի նշանակում, որ Հայաստանի կառավարիչները ոչ փորձագիտական մակարդակով չպետք է խորքային վերլուծություններ իրականացնեն՝ հասկանալու Ադրբեջանի իրական նպատակներն ու շարժառիթները, չբացառելով վատագույն սցենարը: Այսինքն, ամեն դեպքում, Հայաստանին անհրաժեշտ է առաջնահերթ ռազմական պատրաստվածության անցնել, զուգահեռ՝ կանխարգելիչ, համակարգված և նպատակային քայլեր ձեռնարկելով բոլոր ոլորտներում՝ անվտանգությունից մինչև տեղեկատվական ճակատներ։ Ցավոք, նման նպատակային քայլեր այս պահին ուղղակի տեսանելի չեն։

