Բաժիններ՝

Օրբանը մերժել է ֆոն դեր Լայենի առաջարկը Կիևի ֆինանսավորման մասին

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նամակ է գրել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին, որտեղ ամբողջությամբ մերժել է նրա առաջարկը Եվրամիության կողմից  Ուկրաինային 135 միլիարդ եվրոյի լրացուցիչ ֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ:

Օրբանը հայտնել է, որ ուղերձն արդեն պատրաստ է և շուտով կուղարկվի Բրյուսել: Ելույթ ունենալով Kossuth ռադիոկայանի առավոտյան ծրագրում՝ Օրբանը պարզաբանել է, որ սպասում է ԱՄՆ-ից վերադառնա ԵՄ հարցերով նախարար Յանոշ Բոկան, որի հետ ցանկանում է քննարկել ֆոն դեր Լայենի նախաձեռնությանը տրվող պատասխանը: 

«Իմ նամակը բովանդակում է ոչ միայն Եվրահանձնաժողովի նախագահի առաջարկի մերժումը, այլև մեր հանդիպական առաջարկներն այդ առիթով», – ասել է վարչապետը:

Նա հիշեցրել է, որ Եվրահանձնաժողովի ծրագիրը նախատեսում է 135 միլիարդ եվրոյի հատկացում Ուկրաինային երեք հնարավոր ճանապարհով՝ Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվների, ԵՄ երկրների բյուջեներից դրամաշնորհների կամ նրանց ընդհանուր  վարկի հաշվին:

Օրբանն այս տարբերակներից ոչ մեկին չի աջակցում։ Մասնավորապես, նրա խոսքով, ռուսաստանյան ակտիվների բռնագրավումը «որոշակիորեն կխախտի ամբողջ համաշխարհային տնտեսական համակարգը, արժութային պահուստների կառավարման միջազգային համակարգը և դրա եվրոպական բաղադրիչը»։

Նա նաև գանգատվել է, որ Եվրահանձնաժողովը ցանկանում է նոր միջոցներ հատկացնել Ուկրաինային այն ժամանակ, երբ այնտեղ խոշոր կոռուպցիոն սկանդալ է բորբոքվել «զինվորական մաֆիայի» մասնակցությամբ, որը յուրացրել է եվրոպացիների միջոցները։ Ընդ որում, Բրյուսելը նույնիսկ չի կարող ստանալ հաշվետվություն այն միջոցների օգտագործման մասին, որոնք ավելի վաղ տրվել են Կիևին, քանի որ ԵՄ-ում դրա համար ոչ մի մեխանիզմ չկա, նշել է Օրբանը։

Ընդհանուր առմամբ, ըստ Օրբանի՝ Ուկրաինայի ֆինանսավորման Եվրահանձնաժողովի ծրագիրն ուղղված է այնտեղ հակամարտության շարունակմանը։ Դրա փոխարեն, ԵՄ-ն պետք է աջակցի խաղաղ կարգավորման ջանքերին և, Օրբանի խոսքով, «դուրս գա այն փողոցից, որը նրա քաղաքականությունը փակուղի է տարել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս