ԱՄՆ-ն դրական է գնահատել Ադրբեջանի հետ բանակցությունները Գազայի հատված զորակազմ ուղարկելու վերաբերյալ
Միացյալ Նահանգները ողջունում է Ադրբեջանի և Ինդոնեզիայի հետ բանակցությունները՝ Գազայի հատվածում միջազգային կայունացման ուժեր ստեղծելու համար զորակազմ ուղարկելու վերաբերյալ, հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայք Ուոլցը։
Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։«Շատ երկրներ ՄԱԿ-ի հաստատման կարիք ունեին՝ Գազայի հատվածի կայունացման նպատակով զորքեր ուղարկելու համար։ Բավականին դրական բանակցություններ են ընթացել այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Ադրբեջանը, Ինդոնեզիան և այլ պետություններ», – ասել է Ուոլցը՝ ելույթ ունենալով Սինգապուրում Bloomberg-ի կողմից կազմակերպված «Նոր տնտեսություն» ֆորումում։
Ավելի վաղ Axios-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն փակ բանակցություններ է վարում մի քանի երկրների հետ՝ Գազայի հատվածում միջազգային կայունացման ուժեր ստեղծելու վերաբերյալ։ Դրանց կազմում կարող են ներառվել Ադրբեջանի, Եգիպտոսի, Ինդոնեզիայի և Թուրքիայի ներկայացուցիչներ, ինչպես նաև պաղեստինյան ոստիկանական ստորաբաժանումներ։
Նոյեմբերի 17-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է ԱՄՆ-ի կողմից մշակված բանաձև, որն աջակցում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածում խաղաղության ծրագրին։ Անվտանգության խորհրդի 15 անդամներից 13-ը քվեարկել են բանաձևի օգտին, իսկ Ռուսաստանը և Չինաստանը ձեռնպահ են մնացել։

