Բոլթոնի խորհուրդներից մինչև Բայդենի ուղերձ․ ինչ շահեց հայ ժողովուրդը՝ ազատվելով «պատմական կաղապարներից»
Մինչ շարունակվում է արցախյան ողբերգությունը՝ ժողովրդի բռնի տեղահանությունն իր հայրենիքից սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական օպերացիայից հետո, և մինչ նոր «սև ամպեր են կուտակվում» ՀՀ-ի գլխավերևում՝ ի դեմս թուրք-ադրբեջանական ինտենսիվ բանակցությունների, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի շուրջ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին։ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը, ով նախօրեից Հայաստանում է՝ ծանոթանալու համար արցախահայության կարիքներին, Նիկոլ Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակը ՀՀ Անկախության տոնի առթիվ։
Նախ նշենք, որ ԱՄՆ նախագահների կողմից նամակ-ուղերձի փոխանցումը կաբինետի ներկայացուցչի միջոցով տվյալ երկրի ղեկավարին ստանդարտ արարողակարգ է, որը եղել է նաև նախկին իշխանությունների օրոք։ Այս դեպքում ուշագրավ է ոչ թե նամակի առկայության փաստը, այլ դրա բովանդակությունը։ Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորանքի հետ մեկտեղ՝ Բայդենը նշում է, որ այս տարի մենք նաև սգում ենք Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի մահը։ «Ես խնդրել եմ Սամանթա Փաուերին՝ իմ կաբինետի կարևորագույն անդամներից մեկին, անձամբ Ձեզ փոխանցել Միացյալ Նահանգների և իմ վարչակազմի ուժեղ աջակցությունը Հայաստանի ձգտմանը դեպի արժանապատիվ և կայուն տարածաշրջանային խաղաղություն, որը կերաշխավորի ձեր սուվերենությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և ժողովրդավարությունը։
Հայաստանը ցույց է տվել իր հավատարմությունն այդ նպատակին՝ ներգրավվելով Ադրբեջանի հետ խաղաղ բանակցություններում, ինչպես նաև իրականացնելով կարևոր տնտեսական բարեփոխումներ, բարելավելով կառավարության հաշվետվողականությունը և ամրապնդելով ժողովրդավարական ինստիտուտները: Վստահեցնում եմ ձեզ, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Հայաստանին երկրում ժողովրդավարության ամրապնդման և ձեր հարևանությամբ կայունություն հաստատելու ջանքերում։
Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել ձեր կառավարության հետ` հասցեագրելու վերջին բռնություններից բխող մարդասիրական կարիքները, որոնք տիկին Փաուերը Ձեզ հետ մանրամասն կքննարկի։ Մենք նաև կշարունակենք ամրապնդել մեր համագործակցությունն էներգետիկ դիվերսիֆիկացման, դիմակայունության և անվտանգության հարցերում, ինչպես ցույց են տվել մեր վերջին զորավարժությունները»,- գրել է Բայդենը:
Ամերիկյան կողմն ակնհայտորեն գոհ է ՀՀ իշխանություններից և ռեգիոնալ զարգացումների ընթացքից, որոնցում էականորեն թուլացել է ՌԴ դերակատարությունը և դեռ կթուլանա մինչև անգամ Ռուսաստանի՝ Հարավային Կովկասից լիարժեքորեն դուրսմղման հեռանկարով։
Բայդենի և Նիկոլ Փաշինյանի վերջին՝ Անկախության ուղերձների ֆոնին հարկ է հիշել Ջոն Բոլթոնի երևանյան ուղերձները Փաշինյանի պաշտոնավարման սկզբին։ Թերևս, շատերին է հայտնի, որ 2018 թվականի հոկտեմբերին ՀՀ կատարած այցի ընթացքում ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնն ասել էր, որ Հայաստանի համար հիմնարար հարցը ինքնիշխանության ամբողջական իրականացումն ու արտաքին ազդեցությունից անկախությունն է։
«Կարծում եմ, որ ժողովրդի համար կարևոր է համաշխարհային հարթակում լայն հնարավորություններ ունենալ և կաշկանդված չլինել «պատմական կաղապարներով»,։ ԱՄՆ տեսանկյունից որքան հզոր է ժողովրդավարությունը, այնքան մեծ հնարավորություններ կան ԱՄՆ-ի և այդ արժեքները կիսող մյուս երկրների հետ հաղորդակցվելու»,- հայտարարել էր Բոլթոնը, ըստ էության, ՀՀ իշխանություններին խորհուրդ տալով կարգավորել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունները, խզելով Ռուսաստանի հետ դաշնակցային բնույթի հարաբերությունները և դառնալ լիարժեք ինքնիշխան երկիր։
Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ըստ էության որոշ շեղումներով հենց այս ճանապարհով էլ ընթացել է այս տարիների ընթացքում, ձգտելով հնարավորինս արագ ազատվել, այսպես կոչված, պատմական կաղապարներից, որոնք ուղեկցվեցին ահռելի տարածքային ու մարդկային կորուստներով։
ՀՀ իշխանությունները լսեցին Բոլթոնի խորհուրդը, սակայն Թուրքիան ու Ադրբեջանը այդ, այսպես կոչված, «պատմական կաղապարներին» ավելացրել են նոր պահանջներ, որը նախօրեին Ալիևն ու Էրդողանը քննարկում էին Նախիջևանում։ Խոսքը, այսպես կոչված, Զանգեզուրի կամ սյունիքյան միջանցքի մասին է, որի բացման համար այս երկու երկրներն ահռելի ջանքեր են ներդնում։ Իշխանություններն իրենք ևս խոստովանում են, որ Հայաստանը կանգնած է նոր մարտահրավերների առջև, սակայն «պատմական կաղապարներից» ազատվելու խորհուրդ տվող ամերիկյան կողմը 2018-ին կանխատեսե՞լ էր արդյոք նման սցենարներ, իսկ այսօր պատրա՞ստ է արդյոք երաշխավորել ՀՀ անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը, թե՞ ռեգիոնից Ռուսաստանի դուրսմղումն ամենակարևոր նպատակն էր։ Թերևս, ժամանակը տալիս է ու արդեն տվել է շատ հարցերի պատասխաններ։