Պրանկերներն իրենց դիմանկարն են կախել Լուվրում՝ Մոնա Լիզայի կողքը
Բելգիացի պրանկերներ Նիլ Ռեմերին և Սեննե Հավերբիկեն մի նկար են մտցրել Լուվր ու կախել այն ցուցասրահում, որտեղ գտնվում է «Մոնա Լիզան»։ artguide.com-ի հաղորդմամբ` մետաղական դետեկտորներից խուսափելու համար նրանք լեգոյի կտորներից շրջանակ են պատրաստել նկարի համար, իսկ նկարը՝ զույգի հումորային դիմանկարն է։
Նրանց խոսքով, թանգարան են մտել փակվելուց մեկ ժամ առաջ։ Այցելուներին դահլիճից դուրս են տարել փակվելուց կես ժամ առաջ, և պրանկերները շտապ կախել են նկարը պատկերասրահում։
«Մենք գիտեինք, որ դա ռիսկ էր։ Հենց որ կախեցինք նկարը, հեռացանք. չէինք ուզում սպասել անվտանգության աշխատակիցների արձագանքին», – ասել են նրանք։
Աշխատանքը կախված է մնացել երեք րոպեից էլ պակաս, նախքան այն հանելը։a

