Ինչո՞ւ է Տոկաևը Հայաստանի հետ հարաբերությունները մոտեցնում ռազմավարական մակարդակի

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Ղազախստանի Հանրապետություն, որը, թերևս, կդառնա նշանային իրադարձություն հայ-ղազախական հարաբերությունների համար, քանի որ կարձանագրի ու կարտացոլի Ղազախստանի հավակնությունները փոփոխվող հարավկովկասյան քաղաքական միջավայրում:

«Ակորդա» նստավայրում կայացել է Փաշինյանի ու Տոկաևի առանձնազրույցը: Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջույնի խոսքում նշել է, որ հայ-ղազախական հարաբերությունները նոր ազդակ են ստանում։

«Մենք վստահ ենք, որ դա նաև նոր իմպուլս կլինի մեր հետագա հարաբերությունների զարգացման համար։ Սա Ձեր առաջին պաշտոնական այցն է Ղազախստան, հետևաբար՝ մենք դրան մեծ կարևորություն ենք տալիս։ Հուսով եմ, որ այն լավ կանցնի, և վստահ եմ, որ ղազախ ժողովրդի համար, մեր պատմության համար, մեր ավանդույթների համար, մեր մշակույթի համար այս այցի կարևորությունը կլինի էական: Ձեր այցի ժամանակ կարևորագույն մի շարք համաձայնագրեր, փաստաթղթեր կստորագրվեն: Եվս մեկ անգամ ցանկանում եմ Ձեզ ողջունել Ղազախստանում»,- ասել է Տոկաևը։

Իր հերթին՝ Փաշինյանը նշել է, որ հարաբերությունների այս նոր շրջափուլը բացվեց նախորդ տարի Հայաստանի Հանրապետություն Տոկաևի կատարած պաշտոնական այցի արդյունքներով։

Կարդացեք նաև

Նրա որակմամբ՝ սա իսկապես շատ գործնական և ռազմավարական գործընկերություն է:

Այնուհետև տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ընդլայնված կազմով հանդիպումը, որի ընթացքում Ղազախստանի նախագահն ասել է, որ Հայաստանը Ղազախստանի համար հանդիսանում է առանցքային գործընկեր առևտրային և տնտեսական կապերի համար:

«Ես ցանկանում եմ ընդգծել, որ մեր միջպետական հարաբերություններն առանձնահատուկ են, մենք ունենք մեծ հնարավորություններ բազմակողմանիորեն զարգացնել մեր համագործակցությունը: Այսօր մենք կստորագրենք պատմական փաստաթղթեր, որպեսզի բարձրացնենք մեր հարաբերությունները երկու երկրների միջև և դարձնենք ռազմավարական հարաբերություններ»,- ասել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

Փաշինյանն էլ ասել է, թե այցի առանցքային արդյունքը երկկողմ հարաբերությունների զարգացումն է մինչև ռազմավարական գործընկերության մակարդակի:

Նրա խոսքով՝ այս հենքի վրա կողմերը նոր լիցք կհաղորդեն հարաբերությունների զարգացման հետագա ընթացքին բոլոր ուղղություններով՝ քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, տնտեսական համագործակցության խորացող մակարդակ և, իհարկե, նաև հումանիտար ոլորտում գործակցությունը նոր դրսևորումներ է ստանում։

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը քննարկել են առևտրատնտեսական, գործարար կապերի զարգացմանը, ենթակառուցվածքների, տրանսպորտի, գյուղատնտեսության, ավիահաղորդակցության, կրթության, մշակույթի ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նրանք կարևորել են տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը, ինչը նոր ազդակ կհաղորդի տարածաշրջանային հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը: Այդ առումով նրանք նաև կարևորել են երկաթուղով Ղազախստանից Հայաստան ցորենի ներկրման փաստը և հույս հայտնել, որ այդ գործընթացը կլինի շարունակական: Այդ առումով, Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարևոր են համարել TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերի կյանքի կոչումը:

Ռուս վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովի խոսքով, աշխարհում արմատական փոփոխություններ են տեղի ունենում, հարաբերությունների նախկին մոդելները, համագործակցության նախկին ձևաչափերը չեն գործում։ Ըստ նրա՝ եթե նույնիսկ որոշ մոդելներ էլ պահպանվում են, ապա դա իներցիոն բնույթ է կրում, իսկ իրականում նախկին մոդելները չունեն գործունակություն, պարզապես դեռ լիովին ձևավորված չեն նոր մոդելներ, երբեմն՝ չկան նաև այդ որոշումները։

Նա նշեց, որ երկրները շեշտը դնում են սեփական ազգային շահերի ու դրանց իրացման վրա՝ փնտրելով համագործակցության նոր ու տարբեր ձևաչափեր, առաջին պլան են գալիս տնտեսական շահերը, արտաքին քաղաքական ճկունությունն ու ազատությունը։ Ուստի, ըստ Լուկիանովի, Ղազախստանը ևս խորացնում է գործընկերությունը Մոսկվայի, Պեկինի ու Վաշինգտոնի, ինչպես նաև՝ եվրոպական երկրների հետ։ Զուգահեռաբար, նրա խոսքով, զարգացնում է համագործակցություն այն ուղղություններով, որոնք կարող են շահավետ լինել։

«Ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի նոր իրողություններից է այն, որ այս փոփոխությունները փոխում են մեզ հայտնի համագործակցության մոդելներն ու ձևաչափերը, ձևավորվում են նորերը, ինչպիսին ավելի սերտ համագործակցությունն է Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի միջև։ Եթե նախկինում այս ռեգիոնների երկրների միջև համագործակցությունը սահմանափակվում էր կազմակերպություններում հանդիպումներով, ապա ներկայումս այս երկրները փորձում են կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել, տարանցիկ պրոյեկտների միջոցով շահ ստանալ, այսինքն՝ այս համագործակցությունների հիմքում կոնկրետ շահերն են։ Բնականաբար, Ղազախստանը հետաքրքրված է ապաշրջափակման գործընթացով, Թրամփի նախաձեռնություններով Հարավային Կովկասում։

Եվ ուշագրավն ու կրկին նոր երևույթն այն է, որ Ռուսաստանը ևս կփորձի մասնակցել այս մատակարարումներին։ Այսինքն՝ կարող ենք ասել, որ Հարավային Կովկասում Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարը շատերին է հետաքրքրում թե Արևմուտքում, թե Արևելքում, հատկապես՝ ապաշրջափակման հեռանկարի տեսանկյունից, ուստի բոլոր խաղացողներն էլ աշխատում են այս ուղղությամբ»,- 168.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Լուկիանովը։

Ուստի, նրա խոսքով, նոր իրավիճակները թելադրում են նոր որակի հարաբերություններ, դա է պատճառը, որ Ղազախստանը նաև Հայաստանի հետ երկխոսությունն է խորացնում։

«Ռուսաստանի առաջնահերթություններն ու քաղաքական մոտեցումները ևս փոխված են, գուցե դրանք այսօր դեռ լիովին հասկանալի ու ընկալելի չեն, բայց նախկին մոտեցումները չկան, Ռուսաստանը գործում է աշխարհաքաղաքական նոր ռեժիմում, իր գործընկերների հետ շփվում է՝ նոր մոտեցումներից ելնելով։ Սա նշանակում է, որ եվրասիական տարածաշրջանը փոխվում է, ձևավորվում է լիովին նոր համակարգ, հարաբերությունների նոր ձևաչափեր, նոր շահեր կան՝ պայմանավորված մի շարք էական փոփոխություններով։ Այս փոփոխությունները դեռ շարունակվելու են, շատ հանգամանքներ անսովոր են թվում, նույնիսկ՝ արտասովոր, բայց հաշվի առնելով ձևավորվող նոր ստատուս-քվոն աշխարհում՝ բնական»,- ասաց Լուկիանովը։

Տեսանյութեր

Լրահոս