Թուրքիան բացեիբաց պաշտպանելով Փաշինյանին՝ զգուշացնում է իրենց հանդեպ ունեցած պարտավորությունների մասին. Հովհաննես Ավետիսյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պետական կառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Հատկապես 2020 թվականի նոյեմբերից հետո, շուտով կլինի արդեն 4 տարի, ճգնաժամի մեջ ենք, որովհետև պարտված ղեկավարը շարունակում է կառավարել, ինչքան էլ իրենք հայտարարեն, թե հրաժարական է տվել Փաշինյանը և վերընտրվել է, միևնույն է, դրանով ճգնաժամը չի հաղթահարվել, որովհետև դրանից հետո Նիկոլ Փաշինյանն իր գործողություններով ավելի է սրել իրավիճակը, և ճգնաժամը խորացել է։ Շարժումը, իհարկե, իշխանություններին անհանգստացնում է, ուշի ուշով հետևում են, կազմակերպված գործողություններ են իրականացնում, որպեսզի շարժումը հանկարծ մեծ թափ չստանա:
  • Կիրանցում շարժումը սկսելուց առնվազն երկու շաբաթ անց Հանրապետության հրապարակում առաջին անգամ 2018-ից ի վեր շուրջ 60.000 մարդ հավաքվեց: Իշխանությունները մոտ երկու շաբաթ էական քայլեր չէին ձեռնարկում շարժման դեմ, հետո սկսեցին մանիպուլյատիվ մեթոդներ ու հնարքներ կիրառել հասարակության ուշադրությունը շարժման հիմնական օրակարգից շեղելու, շարժմանը խանգարելու նպատակով: Այդպիսի հատուկ մտածված մանիպուլյացիոն հնարք էր խորհրդարանում Փաշինյանի Պապ թագավորի բեմադրությունը, հեծանիվ քշելու տեսանյութն ու քաղաքացիներին ուղղված հրավերը, կամ էլ Փաշինյանի կնոջ՝ Երևանի փողոցներից մեկում զբոսանքի տեսանյութը: Դրանից հետո տեղի ունեցավ բնական աղետը՝ ջրհեղեղը: Տարբեր մեթոդներով, մանիպուլյացիոն գործիքներով իշխանություններին հաջողվում է շարժման էական նշանակություն ունեցող օրակարգից շեղել, և ընդդիմության որոշ ներկայացուցիչներ՝ այդ հնարքներին արձագանքելով, թեկուզ ծաղրելով կամ քննադատելով, այդուամենայնիվ դրանով իսկ նպաստում են Փաշինյանի օրակարգի տարածմանը և հենց դրանով աջակցում են իշխանություններին՝ տարածելու իրենց օրակարգը: Մենք շարունակ բացատրում ենք բոլորին՝ մի մտեք իշխանությունների և, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի թելադրած օրակարգի մեջ, մի տրվեք դրան, դրանք հատուկ են անում, ինչպես, օրինակ, հեծանիվ քշելը կամ կնոջ զբոսանքը։ Փաշինյանն ունի պրոֆեսիոնալ աջակցող-հուշող թիմ դրսից, որոնք հուշում են նրան մանիպուլյատիվ այդ քայլերը: Իշխանությունները նաև շարունակաբար իրականացնում են ռազմավարական քարոզչություն։ Ինչպես, օրինակ, երբ Կիրանցում տարածքներ հանձնեցին և հետո հայտարարեցին, թե աննախադեպ իրադարձություն է տեղի ունեցել՝ առաջին անգամ սահման է գծվել Ադրբեջանի և Հայաստանի միջև։
  • Ամերիկյան աջակցությունը քաղաքական է, ունեն քաղաքական շահեր, որոնք սպասարկելու համար օգտագործում են Նիկոլ Փաշինյանին։
  • Փաշինյանը հրաժարվել է մեր ազգային իրավունքներից, ինչպես, օրինակ՝ Արցախից, Արցախում ապրող հայերի իրավունքներից… Փաշինյանի խայտառակ քաղաքականության շնորհիվ Հայաստանը գործոնից դարձավ գործիք: Եվ, որպեսզի արտաքին ուժերն իրենց գործիքին՝ Փաշինյանին, պահեն իշխանության, պետք է ուժեղացնեն ոստիկանությունը։ Այս ծրագրի ռազմավարությունից մինչև դրա իրականացումն ամերիկյան կողմն է կազմակերպել։ Սա այդ պետության քաղաքական շահն է՝ տարածաշրջանում ունենալ իշխանություն, որին պետք է օգտագործել, և նրանց երկարաժամկետ քաղաքականությունն է՝ կտրել Հայաստանին ռուսական ազդեցությունից, հատկապես, երբ հիմա Վրաստանում իրենք ձախողել են իրենց քաղաքականությունը, որը հաջողել էին, երբ Վրաստանի ղեկավարը Սահակաշվիլին էր: Բայց ես չեմ կարող ԱՄՆ-ին կամ որևէ այլ երկրի մեղադրել իրենց սեփական շահերն առաջ տանելու համար: Հիմա ամերիկյան շահերը Վրաստանում վտանգված են, որովհետև ռուս օլիգարխների միջոցով Վրաստանում ստեղծված քաղաքական ուժը՝ իշխանությունը, օտարերկրյա գործակալների մասին օրենքն ընդունելուց հետո դե ֆակտո ռուսական ազդեցության տակ են։ ԱՄՆ-ը մեզ դիտում է այս դաշտում իր շահերին սպասարկող գործիք։ Նիկոլ Փաշինյանի միջոցով Հայաստանը գործոնից դարձել է գործիք։ Ռուսաստանն էլ իր հերթին է Փաշինյանին որպես գործիք օգտագործում իր շահերի համար, և մարդիկ պետք է հստակ հետևեն ժամանակագրությանը, թե երբ Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում՝ հասկանալու համար, թե երբ Ռուսաստանն Արցախը դարձրեց խաղաքարտ: Մեր ազգային իրավունքից հրաժարումը հանգեցրեց նրան, որ նույնիսկ Ռուսաստանը սկսեց մեզ օգտագործել:

Կարդացեք նաև

  • Պետական բյուջեով ոստիկանությանը հատկացվող ծախսերը շարունակաբար աճում են։ Հիմա կասկած չկա, որ դա արվում է իշխանությունն ամրապնդելու համար։ Եվ դա այն դեպքում, երբ հանցագործությունների թիվը երկրում շարունակում է աճել, մինչդեռ ոստիկանության դերը հանցագործությունների կանխումն ու բացահայտումը պետք է լինի։ Այնինչ Հայաստանում այսօր ոստիկանությունն ուժեղացնում են զուտ Փաշինյանի իշխանությունը պահելու համար, և ոստիկանները պարգևավճարներ են ստանում, երբ փողոցում ակտիվ, բռնի գործողություններ են կատարվում։ Ոստիկանությունն այս իշխանության գլխավոր հենարաններից մեկն է։ Բարձրագույն պաշտոններ զբաղեցնողներն ապօրինի հրամաններ են տալիս, կամ աչք են փակում իրենց ենթակաների բիրտ ուժի կիրառմամբ գործողությունների հանդեպ։ Ամերիկյան պետական ծառայողների հատուկ ներկայացուցիչները զբաղվում են ոստիկանության կրթմամբ։ Ոստիկանությունն օգտագործվում է որպես գործիք՝ մարդկանց իրավունքները ճնշելու և իշխանություններին պահելու համար։ 
  • Ոստիկանությունը և իրենց ղեկավարը դարձել են քաղաքական գործընթացի մաս, շարունակում են հասարակական կարգը պաշտպանելու փոխարեն՝ պահել իշխանություններին։
  • Սարդարապատում տեղի ունեցածը՝ Կաթողիկոսի դեմ ոտնձգությունները և նրա մուտքն արգելափակելու փորձերը, եղել է Փաշինյանի հրահանգով, հետագայում ինքն էլ դա խոստովանեց: Ինչո՞ւ է այդ հրահանգը տրվել, որովհետև միակ ազգային ինստիտուտը մնացել է եկեղեցին, որն անհամաձայնության և անհանդուրժողականության գործընթացի առաջնագծում է։ 
  • Սահմանադրությունը չի արգելում, որ եկեղեցականը, օրինակ՝ սրբազանը չի կարող զբաղվել քաղաքականությամբ, այնպես, ինչպես լրագրողները… Ինչպես լրագրող Փաշինյանը, այնպես էլ՝ հոգևորականները կարող են զբաղվել քաղաքականությամբ։ Սահմանադրությամբ Հայաստանը կրոնական պետություն չէ, որը նշանակում է, որ իշխանությունը երկրի վրա ժողովրդից է և ոչ թե՝ Աստծուց։ Այդ տրամաբանությամբ է եկեղեցին անջատված պետական համակարգից, բայց չի նշանակում, որ չի կարող զբաղվել քաղաքականությամբ։ 
  • Իշխանությունները փորձում են շեղել հանրությանը՝ քաղաքական դաշտ նետված մանիպուլյացիաներով, ասելով, թե հոգևորականությունն ուզում է ստեղծել կղերական պետություն։
  • Այս իշխանությունը, հանձինս Նիկոլ Փաշինյանի, հրաժարվել է մեր ազգի բոլոր իրավունքներից՝ այս տարածաշրջանում ապրելու և որոշող լինելու իրավունքից, հետևաբար՝ այս ամբողջ արհավիրքը, որ տեղի է ունենում և հետագայում էլ տեղի է ունենալու՝ բխում է սրանից։ Նիկոլ Փաշինյանը դրա համար է ձգտում հեռացնել այն ինստիտուտը, որը սպասարկում է մեր ազգային իրավունքները։ Իրավունք ասելով՝ միջազգային հանրությունը հասկանում է բնական իրավունքները՝ կյանքի, սեփականություն ունենալու և ազատության: Հիմա մեզ զրկել են ազատությունից, ընտրության հնարավորությունից, զրկել են սեփականության իրավունքից։ Փաշինյանը համաձայնել է հրաժարվել հայկական օրակարգից բխող մեր բոլոր իրավունքներից, որը նշանակում է թուրքական շահերի սպասարկում։ Եվ դա կատարեց այն ժամանակ, երբ ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում, երբ հիմա հրաժարվում է Ցեղասպանության ճանաչումից։ Նիկոլ Փաշինյանը, հրաժարվելով մեր ազգային իրավունքներից, դարձել է թուրք-ադրբեջանական տանդեմի դաշտի խաղացող, նրանց շահերը սպասարկող։ Սա է աղետը։
  • Մեր իրավունքներից հրաժարումը նշանակում է լինել դեկորատիվ կարգավիճակ ունեցող պետություն և գործիք։

  • Բայդենի ուղերձները՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, խաղաղության պայմանագրի և տարածաշրջանում Ադրբեջանի դերակատարության մասին, ԱՄՆ քաղաքական շահերից են բխում, բայց ոչ մեր շահերից։
  • Թուրքիայի հաջորդ քայլը լինելու է այն, որ Հայաստանին ասեն, թե ինչու է բանակ պահում, ինչը և անում են արդեն… Եթե իրավունքներդ չես պաշտպանում, քեզ օգտագործելու են, և Նիկոլ Փաշինյանի ցանկացած գործողություն պետք է նայել այս տեսանկյունից, այդ թվում՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացնելու, Թուրքիայի հետ դրանք լավացնելու քաղաքականությունը։ Երբ պետությունը չի պաշտպանում ազգային շահը, իրավունքները, այն դառնում է բուտաֆորիկ։
  • Թուրք-ադրբեջանական ուժերը տեսնում են, որ եթե Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը շարունակվի, ապա հայկական իրավունքներին տեր կանգնողները հասնելու են հաջողության։ Եվ եթե անգամ այս շարժումը չէ, այլ այս իշխանությունների դեմ որևէ այլ շարժում լինի՝ հաջողության հասնելու են և Հայաստանում գալու են ազգային ուժեր, և մենք դա տեսնելու ենք։
  • Թուրքիան բացեիբաց հայտարարություններ է անում, նախ՝ Փաշինյանին սատարելու համար, երկրորդ՝ Փաշինյանին զգուշացնելու համար, որ ունի իրենց հանդեպ պարտավորություններ և իշխանության գլխին նրա մնալը կախված է այդ պարտավորությունները կատարելուց, և երրորդ՝ Թուրքիան անհանգստացած է, և այդ հայտարարություններով փորձում են հայ ժողովրդին հետ պահել նման գործընթացից՝ զգուշացնելով, որ՝ եթե շարունակեք ձեր իրավունքներին տեր լինելու փորձերը, ապա ձեզ համար վատ կլինի, և կարող է պատերազմ սկսել: Այսինքն՝ հայ հանրությունը պետք է որոշի՝ ուզում է լինել իրավունքների համար պայքարող մարտի՞կ, թե՞ ստրուկ:
  • Ազգային պետություն ունենալը չի նշանակում խտրական վերաբերմունք այլ ազգերի հանդեպ. ազգային իրավունքներին տեր լինել է նշանակում։ Օրինակ, ինձ համար շատ ավելի կարևոր է Հայաստանում ապրող եզդի ազգի ներկայացուցիչը, որը մեզ հետ հավասար պայքարում է մեր երկրի համար, քան, օրինակ՝ Լոս Անջելեսում ապրող, մեր ազգային շահերից հեռու գտնվող հայերից շատերը:
  • Մենք մեր այս փոքր պետությունը ստեղծել ենք հարյուրավոր տարիների մաքառումների արդյունքում։ Պետք է հասնենք նրան, որ մեր տեսակը պահպանվի նույնիսկ Թուրքիայի տարածքում։ Հայկական տեսակի իրավունքները պետք պահպանվեն թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում, թե՛ որևէ այլ երկրում, և դա մենք կարող ենք պահպանել հենց այդ պայքարի միջոցով։
  • Պետք է հասկանալ ամենակարևորը՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելուց հետո ի՞նչ է լինելու, կարևոր է կանխել հնարավոր բոլոր ռիսկերը՝ նույնիսկ արտաքին ուժերի ներգրավմամբ՝ թե ռուսական, և թե ամերիկյան։ Եթե մենք չպայքարենք մեր ազգային իրավունքների պահպանման համար, ապա կդառնանք հյուրատուն, դեկորատիվ պետություն։ Չե՛մ ուզում՝ իմ երկիրը դառնա Հայաստան անունով հյուրատուն, ուզում եմ պետություն ունենալ: Եվ մենք կարող ենք լինել այնպիսի պետություն, որտեղ կպահպանվեն մեր իրավունքները։

  • Ի՞նչ պետք է արվի Փաշինյանին հեռացնելուց հետո։ Օրինակ, այդքան ոստիկան չպետք է լինի, նրանցից առնվազն 20 հազարը պետք է դառնա զինվորական և պաշտպանի Հայաստանը, մեզ պետք չէ 40 հազար ոստիկան։ Նիկոլ Փաշինյանի հեռացումից հետո պետք է ապահովել անվտանգային համակարգ, դրա համար առաջին հերթին պետք է ուժեղանալ, Հայաստանը չի կարող չունենալ աշխարհազորի ինստիտուտ, որը ենթադրում է՝ ցանկացած տղամարդ ու նաև կին, ինչպես Շվեյցարիայում է, պետք է ունենա իրեն ամրակցված զենք և իմանա պատերազմել, ներգրավված լինի պաշտպանության կազմակերպման պրոցեսում։ Հայաստանն այլընտրանք չունի, ճանապարհը մեկն է, անվտանգության համակարգը պետք է լինի առաջնային, մյուս պետական ինստիտուտները պետք է լինեն անվտանգություն սպասարկող։
  • Նիկոլը ժողովրդի միջոցով եկավ և հիմա ժողովրդի դեմ քաղաքականություն է իրականացնում։ 
  • Հայաստանը վերափոխելու միակ ճանապարհն անվտանգային համակարգ և դրան սպասարկող ինստիտուտներ ստեղծելն է, եթե դա չիրականացվի՝ մեր վիճակը կարող է ավելի վատանալ։
  • Թող մարդկանց չասեն, որ սա քաղաքական շարժում չէ. ցանկացած բան, որ վերաբերում է պետությանը, քաղաքական է։ Քաղաքականությունը սեփական պետությունն ունենալու և կենսակերպը որոշելու միջոց է, եթե դա չլինի, մարդիկ կմնան իրենց փտած կարտոֆիլի հույսին։ 
  • Դե ֆակտո Ռուսաստանն ունի մեծ ազդեցություն Վրաստանի իշխանությունների վրա, Արևմուտքը փորձում է հասարակական կազմակերպությունների միջոցով իշխանափոխություն անել։
  • Հայաստանը չի կարող լինել թուրքական տնտեսության համար բաց տարածք, որովհետև հաջորդ էքսպանսիան տնտեսական կլինի։
  • Նիկոլ Փաշինյանին պետք է խամաճիկ ընդդիմություն խորհրդարանում, որպեսզի ազգային շահերից հրաժարվելու իր օրակարգն ամբողջությամբ իրականացնի։ Դա կանխելու միակ իրատեսական, բայց բարդ ձևը կոնկրետ ազգային օրակարգի շուրջ համախմբումն է, որն առայժմ չի երևում։

Մանրամասները՝ տեսանյութում.

Տեսանյութեր

Լրահոս