Թավիշից՝ հաշիշ․ Փաշինյանը պոպուլիզմը փոխարինում է հեդոնիզմով
2018թ․ իշխանության գալուց/իշխանությունը զավթելուց առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ չի դավանում որևէ «իզմ»-ի։ Դա ճիշտ էր միայն դասական քաղաքականության իմաստով․ նրա իշխանության 6 տարիները ցույց տվեցին, որ իսկապես չի դավանում քաղաքական որևէ սկզբունքի, գաղափարախոսության, և պետական քաղաքականությունն իրականացնում է՝ ըստ իրավիճակի, հանգամանքների՝ այդ ճանապարհին չունենալով որևէ արգելակ։
Դասական քաղաքականության տեսանկյունից չդավանելով որևէ «իզմ»-ի, Փաշինյանի իշխանությունը, այդուհանդերձ, հիմնված է «իզմ»-երից ամենաարատավորի՝ պոպուլիզմի վրա։ Բայց քանի որ պոպուլիզմը որպես պետական քաղաքականություն՝ չի կարող անվերջ շարունակվել, հիմա Նիկոլ Փաշինյանն ընտրել է մարդկանց ուղեղների լվացման տեսանկյունից գուցե ավելի արդյունավետ, կրկին դասական քաղաքականության հետ աղերս չունեցող մեկ այլ «իզմ», որի քարոզչությամբ հետևողականորեն զբաղվում է արդեն տևական ժամանակ։ Խոսքը հեդոնիզմի՝ մարդու վարքագիծը բոլոր հնարավոր միջոցներով հաճույքի ձգտմամբ պայմանավորելու հայեցակարգի մասին է։
Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը գրեթե բոլոր հնարավոր ամբիոններից խոսում է «կյանքից հաճույք ստանալու», «կյանքը վայելելու», «տառապանքին վերջ դնելու» մասին՝ ավելացնելով, որ դրա համար չպետք է ամաչել որևէ մեկից, այդ թվում՝ հազարավոր նահատակներից, որովհետև, ըստ նրա, այդ մարդիկ զոհվել են հենց նրա համար, որպեսզի ապրողները ոչ թե տառապեն, այլ կյանքից հաճույք ստանան։
Կյանքը վայելելը, կյանքից հաճույք ստանալը ոչ միայն դատապարտելի չեն, այլ ցանկացած բանական մարդու առողջ ցանկություններն են։ Հեդոնիզմը, սակայն, որպես հայեցակարգ՝ հիմնված է միայն ու առավելապես հաճույքի ցանկության վրա, որին հասնելու համար ընդունելի/խրախուսելի է համարվում դրան խանգարող ցանկացած խոչընդոտի վերացումը։ Հենց սա է հեդոնիզմը որպես պետական քաղաքականություն ընտրելու՝ Փաշինյանի հիմնական դրդապատճառը։ Նրա անձնական և համակարգային քարոզչությունը հիմնված է այն մոտեցման վրա, որ պետք է վերացնել ամենայնը, ինչը խանգարում է հաճույք ստանալուն։ Իսկ դրան, ըստ փաշինյանական հեդոնիզմի, խանգարում են ազգային ինքնությունը, պատմական հիշողությունը, հայրենիքի գաղափարը, Հայ Առաքելական եկեղեցին, արդեն նաև խաչքարերը, այսինքն՝ ընդհանուր առմամբ այն, ինչը մարդուն/քաղաքացուն, բացի մարմնականից, նաև որոշակի հոգևոր հատկություններով է օժտում։
Ընդ որում, զարմանալի զուգադիպությամբ, Փաշինյանի հեդոնիստական հակումներն առավել ցայտուն դրսևորվեցին հատկապես այն ժամանակ, երբ Հայաստանում հակաիշխանական շարժման հիմքում դրվեցին հոգևոր արժեքներ, երբ այդ շարժումն առաջնորդող Բագրատ Սրբազանը, շարժման բոլոր թերություններով, այդուհանդերձ մարդկանց հետ խոսում է հոգևոր արժեքների մասին։
Փաշինյանը, ահա, հոգևորին հակադրում է մարմնականը՝ այդպիսով իր իշխանության հիմքում դրված պոպուլիզմը վերաֆորմատավորելով հեդոնիզմի՝ հաճույքապաշտության։ Եվ եթե հաշվի առնենք, որ հենց նրա իշխանության տարիներին Հայաստանում աննախադեպ ծավալի են հասել թմրամոլությունը, խաղամոլությունը, մարմնական հաճույքների հետ այս կամ այն կերպ կապված բազմաթիվ այլ երևույթներ, ապա կարելի է չբացառել, որ Փաշինյանի հեդոնիստական պոռթկումը ոչ թե իրավիճակային արձագանք է, այլ նախապես պլանավորված ռազմավարություն, որը ծառայելու է նրա կողմից իրականացվող քաղաքականությանը, որի արդյունքում Հայաստանը վերածվելու է հաճույքապետության՝ վերջնականապես զրկվելով պետականությունից։
Հարություն Ավետիսյան