ԱՄՆ կառավարությունն էլ է մեղսակից, քանի որ ոչինչ չարեցին Արցախում կանխելու ցեղասպանությունը, մեծ ամոթ է, որ ԱՄՆ դեսպանը գնաց Շուշի. Եղիսաբեթ Չուլջյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի խոսնակ Եղիսաբեթ Չուլջյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Նիկոլ Փաշինյանի ապրիլքսանչորսյան ուղերձը լսելուց հետո տպավորություն ստացանք, թե նա Ցեղասպանության հարցի վերաբերյալ ներկայացնում է Թուրքիայի կամ Ադրբեջանի կառավարությունների տեսակետները, և ոչ թե՝ հայ ժողովրդի արդարություն հաստատելու իղձերը։ Հայոց ցեղասպանությունից հետո Թուրքիայի իշխանությունները ոչ միայն մերժում են Ցեղասպանությունը, այլև օժանդակում են Ադրբեջանին նոր ցեղասպանություն իրականացնելու համար՝ արդեն 2023 թվականին Արցախում։ Ուստի, հատկապես հիմա լռելու կամ Հայոց ցեղասպանության հարցը մի կողմ դնելու ժամանակը չէ, ընդհակառակը, դրա մասին ավելի շատ պետք է խոսվի, քանի որ, եթե Թուրքիան Ցեղասպանությունը ճանաչած լիներ, Արցախում երկրորդ ցեղասպանությունը տեղի չէր ունենա: ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ջանքերով Հայոց ցեղասպանության ճանաչման համար լուրջ գործ է կատարվել, որի նպատակն է՝ հայ ժողովրդի իրավունքը պաշտպանել: 2021-ին Հայ դատի հանձնախմբի ջանքերով, ի վերջո, ԱՄՆ նախագահը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Եթե արդարությունը չհաստատվի, եթե թուրքական կառավարությունը շարունակի մերժել Ցեղասպանությունը, Հարավային Կովկասի տարածաշրջանում իրական խաղաղություն չի լինի: Իրական խաղաղությունը պետք է հիմնված լինի արդարության վրա:
- Հայաստանի վարչապետը պետք է ներկայացնի հայ ժողովրդի իղձերը, և ոչ թե՝ տեղի տա օտար երկրների քմահաճույքներին: Իհարկե, Ցեղասպանության ճանաչումը ճանապարհ է դեպի հարցի արդար լուծում, բայց միայն ճանաչումը բավարար չէ:
- Եթե Հայաստանի քաղաքական ղեկավարներն ասում են, թե պատմական այդ էջը պետք է մի կողմ դրվի, և, որ Ցեղասպանության մասին այլևս չպետք է խոսել, ապա դրանով փակվում է դուռը հաջորդ սերունդների համար՝ խնդրի արդար լուծման առումով, դա հնարավորություն է տալիս Ադրբեջանին և Թուրքիային շարունակելու ցեղասպանական արարքները։ Ադրբեջանը քայլ առ քայլ առաջ է գալիս, խոսում է Արևմտյան Ադրբեջանի, Սևանա լճի, Երևանի մասին և մտնում է Հայաստանի տարածք, մաս առ մաս Հայաստանը հասցնում են այնպիսի վիճակի, որ չկարողանա ինքն իրեն պաշտպանել։
- Հայ դատի թիվ մեկը գործը Հայաստանի լինելիությունն ամրապնդելն է, և դա կարող է լինել ներկայիս Հայաստանը պաշտպանելը՝ Արցախի ժողովրդի՝ իրենց պապական երկիր վերադառնալու հարցն ապահովելու միջոցով:
- Հայաստանի իշխանությունը ցեղասպանության մասին չի խոսում, իսկ Ալիևը Հայաստանից պահանջում է Խոջալուի համար ներողություն խնդրել։ Ալիևի խոսքերին տեղի տալ պետք չի, քանի որ այս կերպ նա շարունակելու է ափեղ-ցփեղ խոսել։
- Հայ դատի հանձնախումբն աշխատում է, որ հստակ պատժամիջոցներ լինեն Ալիևի կառավարության դեմ՝ կատարված հանցագործությունների համար։ Աշխատում ենք տարբեր իրավաբանների և ԱՄՆ կառավարության հետ, որպեսզի հստակ իրավաբանորեն հաստատված պատժամիջոցներ կիրառվեն Ալիևի կառավարության նկատմամբ՝ կատարած ոճիրների համար:
- 2023-ին Արցախում կատարված ցեղասպանական արարքներում ԱՄՆ կառավարությունն էլ է մեղսակից, քանի որ ոչինչ չարեցին կանխելու ցեղասպանությունը։ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբն իր քաղաքական աշխատանքներով ամեն ինչ անելու է, որպեսզի Հայաստանի անվտանգության, Արցախի և Ցեղասպանության հարցը ներառված լինեն ԱՄՆ նախագահական ընտրությունների օրակարգում։
- Նման դիվանագիտական զիջումները պարտություն են, հատկապես, երբ դիմացդ նստած է ցեղասպանություն իրականացրած երկրի ղեկավարը և քեզ միակողմանի զիջումներ է պարտադրում։
- Հայ դատի հանձնախումբը ոչ միայն ԱՄՆ-ում, այլ նաև աշխարհի տարբեր երկրներում աշխատում է, որպեսզի արդարության հիման վրա իրական երկխոսություն լինի, որպեսզի վերացվի Հայաստանի գլխին կախված զենքը, դրանից հետո միայն երկխոսենք սահմանների շուրջ, միայն այդ դեպքում է հնարավոր գտնել դիվանագիտական լուծումներ:
- Միջազգային հանրությունը և Կառավարությունները կարևոր դեր կարող են խաղալ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելով 2020-ի, 2023-ի և Հայաստանի ինքնիշխան տարածքում ներկայիս միակողմանի զիջումների համար։
- Մայիսի 28-ը սրբություն է, որովհետև, եթե այդ պայքարը չլիներ 1918-ին, ապա այսօր ազատ-անկախ Հայաստան չէինք ունենա, իսկ այդ պայքարում շատ կարևոր դեր է կատարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և Հայ Առաքելական եկեղեցին: Գևորգ 5-րդ կաթողիկոսի շնորհիվ հայ եկեղեցու դերը հայ ազգի ինքնությունը պահելու հարցում չափազանց կարևոր է։ Եվ այսօր ամբողջ հայ ժողովուրդը պետք է մասնակից լինի սեպտեմբերի 28-ի միջոցառմանը՝ հիշելով նաև Գևորգ 5-րդ կաթողիկոսին: Հայ ժողովուրդը պետք է ամուր մնա՝ իմանալով և պաշտպանելով մեր պատմությունը, այդպես կարող ենք հզորացնել մեր երկիրը։
- Դժվար օրեր ենք ապրում և պետք է կարողանանք պաշտպանել մեր մշակույթը, պատմությունը, ինչում մեծ դեր կարող է խաղալ հայկական սփյուռքը, որպեսզի մեր թշնամիների՝ Թուրքիայի և Ադրբեջանի կատարած գործողությունները միջազգային հանրությանը ներկայացվեն:
- Հատկապես վերջին օրերին ոստիկանության գործողությունները ժողովրդավարության դեմ քայլեր էին։ Փաստ է, որ ԱՄՆ կառավարության տրամադրած միլիոնները՝ Հայաստանում ժողովրդավարությունն ամրապնդելու համար, իրենց նպատակին չեն ծառայել: Ամերիկահայ գաղութը և Հայ դատի հանձնախումբը կոչով դիմել է ամերիկյան կառավարությանը, որպեսզի ճիշտ քայլեր անեն, որպեսզի ժողովրդավարությանը չվնասեն։ Պետք է վերարժևորեն իրականացվող ծրագրերը, որպեսզի իրական ժողովրդավարություն հաստատվի, որպեսզի չկատարվի այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում այս շաբաթ:
- Ամերիկահայ համայնքն Արցախի ժողովրդի կողքին է, արդարություն է պահանջում արցախցիների համար և շարունակում է պահանջել պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ 2020-ի և 2023-ի ցեղասպանական արարքների համար։ Եթե ուզում ենք խաղաղություն, պետք է արդար հիմքերի վրա լինի, ոչ միակողմանի զիջումների՝ ի վնաս Հայաստանի։ Եթե արդարություն չլինի, եթե տեղի տան Ադրբեջանի պահանջներին, իրական խաղաղություն չի լինի:
- Հանձնախումբն աշխատում է ԱՄՆ կառավարության հետ, որպեսզի մոտեցումներում փոփոխություն լինի, որովհետև պետք է վերանայվեն ԱՄՆ հարաբերություններն Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի հետ։ Պետք է կարողանանք, որ խաղաղությունը հաստատվի արդարության հիմքով։
- ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան է նշանակվել Լիլիթ Մակունցը, որը դիվանագիտական անցյալ չունի, նշանակվել է զուտ քաղաքական նկատառումներով։ Իսկ յուրաքանչյուր երկիր պատրաստ է առիթն օգտագործել իր շահերը պարտադրելու այլ երկրի կառավարություններին, Հայաստանն էլ պետք է օգտվի յուրաքանչյուր առիթից՝ իր շահերը ներկայացնելու և պաշտպանելու համար՝ այն, ինչը չի կատարվում։ Բայց Հայ դատի հանձնախումբը ներկայացնում է հայ համայնքին, և ով էլ լինի դեսպանը՝ պետք է շարունակի աշխատանքը: Հայ դատի ուղին չի փոխվում, այն շարունակում է մնալ ի նպաստ Հայաստանի անվտանգության, Արցախի ինքնորոշման, Հայոց ցեղասպանության հարցի արդար լուծման:
- ԱՄՆ նախագահական ընտրապայքարն առիթ է հայ համայնքին բացատրելու համար, թե ինչ կեցվածք ունեն նախագահի թեկնածուները Հայկական հարցի վերաբերյալ, մյուս կողմից՝ սա առիթ է, որ թեկնածուները հաշվետվություն տան, թե ինչ են արել։
- Նախագահ Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ իր ելույթում արտաբերելով այդ բառը, բայց մեկ օր առաջ ռազմական օժանդակության ճանապարհ բացեց դեպի Ադրբեջան։ Ցեղասպանությունը ճանաչելով՝ ԱՄՆ Կառավարությունը նաև պատասխանատվություն է վերցնում կանխելու ցեղասպանությունները, իսկ երբ Բայդենի կառավարությունը ռազմական օժանդակություն է տալիս Ադրբեջանին, նպաստում է նոր ցեղասպանությանը։
- Բայդենի վարչակազմը հստակ քայլեր կարող է անել մինչև նոյեմբեր՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու առումով։ Ամերիկահայ գաղութը բանալի դեր կարող է խաղալ ընտրություններին, ուստի երկու թեկնածուներն էլ պետք է բացատրեն իրենց դիրքրոշումները Հայաստանի, Արցախի վերաբերյալ՝ Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցներ սահմանելու առումով, եթե ուզում են շահել ամերիկահայ գաղութի քվեները։
- Արցախահայության՝ Արցախ վերադարձի համար պետք է ապահով երաշխիքներ լինեն: ԱՄՆ կառավարությունը չի խառնվում խաղաղության համաձայնագիր ստորագրելու հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին, այնինչ պետք է ճնշումներ բանեցնի Ադրբեջանի վրա, որպեսզի միակողմանի զիջումներ չլինեն։ Հայաստանի տարածքները միակողմանի զիջումների չեն կարող ենթարկվել։ Կեղծ խաղաղության բանակցություններ են տեղի ունենում։
- Մեծ ամոթ է ԱՄՆ կառավարության համար, որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը գնաց Շուշի, առիթն օգտագործելով՝ նա պետք է գնար Ղազանչեցոց եկեղեցի և Կանաչ ժամ, որպեսզի տեսներ, թե ինչպես են ավերել ադրբեջանցիները։ Դեսպանը սխալ հունի մեջ է, և Հայ դատի հանձնախումբը դատապարտեց այդ քայլը։
- ՆԱՏՕ-ի անդամակցության հարցը կարող է Հայաստանի կառավարության համար հեռանկարային ծրագիր լինել և մաս կազմել դիվանագիտության, բայց դա շուտ չի կարող լինել, այսօր առաջնայինը Հայաստանի անվտանգությունն է, և մեկ երկիր չի կարող երաշխավորել այդ անվտանգությունը, պետք է աշխատել տարբեր երկրների, քաղաքական ուժերի և կազմակերպությունների հետ, որպեսզի երաշխավորվի այդ անվտանգությունը:
- Հայաստանին ռազմական օժանդակություն չի ցուցաբերում ԱՄՆ-ը, բայց, դժբախտաբար, Ադրբեջանին օգնում է։ ԱՄՆ կառավարությունը պետք է սանձի Ադրբեջանին, որը շարունակում է իր հարձակողական դիրքորոշումը Հայաստանի հանդեպ: ԱՄՆ Կառավարությունը կարող է հստակ դիրքորոշում ունենալ՝ հստակ պատժամիջոցներ սահմանելով Ադրբեջանի նկատմամբ։ Հայ դատի հանձնախումբը միշտ զորակցել է հայ ժողովրդին, հիմա էլ պաշտպանում է հայ ժողովրդի իրավունքը։
Մանրամասները՝ տեսանյութում.