Արգիշտի Քյարամյանի հերթական հաղթանակը՝ Աննա Վարդապետյանի նկատմամբ. Տավուշի մարզի նախկին դատախազը ևս համալրեց ՔԿ-ն

Այսօր Քննչական կոմիտեն (ՔԿ) տեղեկացրեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գոռ Ալոյանը Քննչական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ:

Գոռ Ալոյանի ողջ պրոֆեսիոնալ աշխատանքային կյանքը կապված է դատախազության հետ: Դատախազությունում նրա զբաղեցրած վերջին պաշտոնը Տավուշ մարզի դատախազի պաշտոնն էր: 3 տարի՝ 2021-2024թթ., մարզի դատախազի պաշտոնում լինելուց հետո Գոռ Ալոյանն աշխատանքից ազատվեց 2024թ. ապրիլի 22-ին՝ Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու դեմ սկսված գործողությունների, բողոքի ակցիաների բուռն շրջանում:

«Այսօր զբաղեցված պաշտոնից ազատվել է Տավուշի մարզի դատախազը… Զարգացումների լույսի ներքո սա օրվա առանցքային նորություններից է։ Իրականացվելու են քայլեր, որոնց մեղքն ամեն ոք իր վրա չի կարող վերցնել»,- Գոռ Ալոյանի՝ աշխատանքից ազատվելու հետ կապված՝ գրել էր փաստաբան Երվանդ Վարոսյանը։

Կարդացեք նաև

Ակնհայտ է, որ Գոռ Ալոյանին ՔԿ է տարել գլխավոր դատախազի նախկին տեղակալ, ներկայումս ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետ Գևորգ Բաղդասարյանը: Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, թերևս, հենց նրան ու Գևորգ Բաղդասարյանի կադրային քաղաքականությունը հատկապես դատախազության մասով խրախուսող Արգիշտի Քյարամյանին է պարտական, որ դատախազությունը լքում են բոլոր պրոֆեսիոնալ կադրերը, իսկ նրանց փոխարեն դատախազություն են գալիս նորավարտները: Միգուցե նոր սերնդի դատախազության ձևավորումը Աննա Վարդապետյանը հենց այդպես էլ պատկերացնում է:

Տեսանյութեր

Լրահոս