Շուրջ 20 տոննա սննդամթերք է այրվել Մոսկվայում բոտուլիզմի դեպքերի պատճառով
Մոսկվայի «Ռոսպոտրեբնադզոր»-ում (ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող դաշնային ծառայություն) հաղորդել են, որ բոտուլիզմի դեպքերի պատճառով, հունիսի 20-ի տվյալներով, շուրջ 20 տոննա ոչ պիտանի սննդամթերք է վնասազերծվել աղբակիզման գործարանում: Այս մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից:
«Ներկայում այս ուղղությամբ աշխատանքը շարունակվում է»,- հայտնել են գերատեսչության մայրաքաղաքային վարչությունում։
Նշվում է, որ «Ռոսպոտրեբնադզոր»-ի Մոսկվայի վարչությունը մայրաքաղաքի բնակիչների շրջանում սանիտարահամաճարակային հետաքննություն է անցկացնում բոտուլիզմով հիվանդանալու դեպքերի գրանցման փաստով։
Բնակչության առողջության համար ռիսկի բացառման նպատակով շրջանառությունից հանվել է այն սննդամթերքը, որի առաքումը թիվ 4 աղբակիզման գործարան օպերատիվ կերպով կազմակերպվել է վարչության աշխատակիցների հսկողությամբ։
Մոսկվայում թունավորման ախտանշաններով և բոտուլիզմի կասկածանքով բժշկի է դիմել ավելի քան 120 մարդ, 55 հոգի գտնվում է ծանր վիճակում։ Բացի այդ, հիվանդ մարդիկ են հայտնաբերվել Մոսկվայի մարզում, Նիժնի Նովգորոդի մարզում և Կազանում։
«Ռոսպոտրեբնադզոր»-ի տվյալներով՝ տուժածները կերակրի մեջ օգտագործել են Lokalkitchen ՍՊԸ-ի արտադրած «Լոբիո աղցանը» և «Գաստրոպորտ» ՍՊԸ-ի «Թյունոսով, լոբով և խնձորով աղցանը»։ Ավելի ուշ «Ռոսպոտրեբնադզոր»-ում հայտնել են, որ Ռուսաստանի մի շարք տարածաշրջաններում բոտուլիզմով զանգվածային վարակվելու պատճառ է դարձել լոբին, որը մատակարարվել է աղցանի համար:
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել մոսկվացիների զանգվածային թունավորման առթիվ, որի շրջանակներում ձերբակալվել է չորս կասկածյալ։