Չի զանգահարում Պուտինին, զանգահարում է Էրդողանին․ Ինչ վերափոխումներ է անում Փաշինյանը ՀՀ արտաքին քաղաքականությունում
Հարավային Կովկասում և դրա շուրջ «եռացող» աշխարհաքաղաքական իրադարձությունների ֆոնին ՀՀ իշխանությունները չեն դադարում Թուրքիայի իշխանություններին ընդառաջ քայլեր կատարել։
Նախօրեին հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ։ Կարող ենք ենթադրել, որ հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ, ինչպես հայ-թուրքական շփումներում բոլոր քայլերը։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն, Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Թուրքիայի նախագահը շնորհավորել է Փաշինյանին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։
«Նախագահ Էրդողանը ցավակցել է վարչապետ Փաշինյանին Հայաստանի հյուսիսային շրջաններում վերջերս տեղի ունեցած ջրհեղեղի կապակցությամբ։ Առաջնորդներն ընդգծել են իրենց քաղաքական կամքն առանց որևէ նախապայմանի Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման վերաբերյալ։ Այդ համատեքստում առաջնորդներն ընդգծել են երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպումների շարունակականության կարևորությունը և վերահաստատել են մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածությունները։
Առաջնորդները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Թուրքիայի բարձրաստիճան ներկայացուցիչների շարունակական երկխոսությունը։ Նրանք քննարկել են նաև տարածաշրջանի և միջազգային օրակարգի վերջին զարգացումները»,- ասված է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունում։ Ուշագրավ է, որ թուրքական կողմի տարածած հաղորդագրությունը բովանդակային առումով նույնական էր ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությանը։
Առաջին անգամը չէ, որ Կուրբան Բայրամի առիթով Փաշինյանը զանգահարում է Էրդողանին, ավելին՝ իր պաշտոնավարման ընթացքում Փաշինյանը հասցրել է նախաձեռնել մի քանի հեռախոսազանգ Էրդողանին։ Անցած տարի փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ողբերգական երկրաշարժից անմիջապես հետո՝ փետրվարի 7-ին, Փաշինյանը զանգհահարել և ցավակցություն էր հայտնել Էրդողանին, ապա հումանիտար օգնություն և ՀՀ ԱԳ նախարարին ուղարկել Թուրքիա, իսկ այս դեպքում Էրդողանը ցավակցում է Փաշինյանին ոչ թե աղետից անմիջապես հետո, այլ այն ժամանակ, երբ Փաշինյանն է զանգահարում նրան։ Սա, իհարկե, հարաբերությունների որակը գնահատելու համար ուշագրավ ցուցիչ է։
Թուրքական կողմը որևէ քայլ, շփում չի նախաձեռնում Հայաստանի ու ՀՀ իշխանությունների ուղղությամբ, մինչդեռ ՀՀ իշխանություններն առիթը բաց չեն թողնում Թուրքիայի իշխանությունների հետ կապ հաստատելու համար։ Հարկ է հիշեցնել նաև Փաշինյանի այցը Թուրքիա և մասնակցությունն Էրդողանի երդմնակալության արարողությանը։
Այս ամենը, իհարկե, տեղի է ունենում այն ֆոնին, երբ Թուրքիայի իշխանություններն, այդ թվում՝ Էրդողանը, անընդհատ հրապարակային պահանջներ են դնում Հայաստանի, ՀՀ իշխանությունների, հայ ժողովրդի ու Սփյուռքի առջև, ընդգծում հայկական կողմի ստորադասությունը։
ՀՀ իշխանություններն իրենք էլ Թուրքիայի դեպքում կարծես դեմ չեն հարաբերությունների ստորադաս բնույթին, դեմ չեն զանգահարել և այցելել Թուրքիա, անել կարգավորման համար անհրաժեշտ բոլոր քայլերը, չստանալով որևէ արձագանք։ Սրան զուգահեռ, իհարկե, տարօրինակ է, երբ ՀՀ իշխանությունները ՀԱՊԿ անդամ երկու երկրների մեղադրում են Հայաստանի դեմ պատերազմի նախապատրաստության մեջ, Բելառուսի դեպքում անգամ հրաժարվելով պաշտոնական շփումներից և այցերից։
Սակայն Թուրքիայի դեպքում, որն Արցախի և Հայաստանի դեմ պատերազմի պաշտոնական մասնակիցն է, ՀՀ իշխանությունները դեմ չեն ընդառաջ քայլեր կատարել, մեղադրանքներ չհնչեցնել Թուրքիայի իշխանությունների հասցեին, մինչդեռ Ռուսաստանի ու Բելառուսի դեպքում, որոնք ուղիղ մասնակցություն չեն ունեցել հայկական պետությունների դեմ պատերազմին, ՀՀ իշխանությունները հարցերը չափազանց սուր են դնում և այդ հարցերը վերածում միջազգային սկանդալի։
Այնպես չէ, որ Բելառուսը կամ Ռուսաստանը Հայաստանի համար անխնդիր գործընկերներ են, կամ ՀԱՊԿ-ն ամենաարդյունավետ կառույցն է, սակայն, եթե ՀՀ իշխանությունները փորձում են արժանապատվություն դրսևորել արտաքին հարաբերություններում, ապա նույնը պետք է անեն նաև Թուրքիայի դեպքում։ Ինչպե՞ս է ստացվում, որ Փաշինյանը զանգահարում է Էրդողանին, իսկ Պուտինին՝ ոչ։
Ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀ իշխանությունները փոխում են ՀՀ արտաքին քաղաքականության ողջ կոնցեպտը։ Ըստ նրա, այդ կոնցեպտն արևմտյան է, որտեղ ցանկացած պարագայում ՌԴ-ն թշնամի է, ՌԴ-ն վատն է, իսկ Թուրքիան՝ ոչ։
«Երբ հարցին նայեք այս դիտանկյունից, կհասկանաք, որ այդ քայլերում որևէ զարմանալի բան չկա։ Արևմուտքի համար Թուրքիան մշտապես դիտարկվել է խնդրահարույց, սակայն՝ գործընկեր, իսկ Ռուսաստանը և Իրանը՝ ոչ, բնականաբար, Բելառուսը՝ ևս ոչ։ ՀՀ արտաքին քաղաքականության արևմտականացման շրջանակում հարկավոր է հարաբերությունները կարգավորել Թուրքիայի և Ադրբեջանի հետ, վերացնել բոլոր խնդիրները ցանկացած գնով, ասել, որ այդ խնդիրները բխում էին ՌԴ շահերից, և, որ չլինեն խնդիրները, չի լինի նաև ՌԴ-ն Անդրկովկասում։
Ողջ ծրագիրը սա է, ուստի որևէ զարմանալի բան չկա նրանում, որ ՀՀ իշխանությունները զանգահարում են Էրդողանին, այցելում Թուրքիա, իսկ Բելառուսի դեպքում հայտարարում են, որ չեն անի։ Սա արդարության համար պայքար չէ, այլ զուտ աշխարհաքաղաքականություն, որը բացատրում է ՀՀ իշխանությունների բոլոր քայլերը»,- ասաց նա։
Վերլուծաբանի խոսքով, Արևմուտքը ՀՀ-ից ակնկալում է հենց նմանատիպ քաղաքականություն արտաքին դաշտում, որպեսզի Արևմուտքի գլխավոր նպատակներն օր առաջ իրականություն դառնան։
«Մինչ Ռուսաստանի համար կարևոր է ուկրաինական ելքը, որը չի լինելու Արևմուտքի հաղթանակը, Արևմուտքի համար կարևոր է ընթացքը, քանի որ այդ ընթացքում փորձ է արվում թուլացնել ՌԴ ազդեցությունը։ ՌԴ-ն էլ իր հերթին՝ ելնելով իրավիճակային հանգամանքներից, կատարում է որոշակի նահանջներ, իսկ Թուրքիայի ազդեցությունն ավելանում է։ Չի բացառվում, որ փոփոխությունները հանգեցնեն Հայաստանի համար Ռուսաստանի փոխարինմանը Թուրքիայով, հենց այդ պատճառով ուշագրավ է թվում Պուտինի և Էրդողանի հետ ՀՀ-ի շփումների զուգահեռները և փոփոխությունները, որոնք տեղի են ունենում»,- նման կարծիք հայտնեց Խրամչիխինը։
Իր հերթին՝ ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին մեզ հետ զրույցում ասաց, որ հաշվարկը ՀՀ իշխանությունների պարզ է, որ այս քայլերի արդյունքում հարաբերությունների կարգավորումն էլ ավելի հեշտ տեղի կունենա։
Սակայն, նրա համոզմամբ, Թուրքիան ինչպես քննադատում էր հայկական կողմին, այնպես էլ շարունակում է, ինչպես չէր շտապում հարաբերությունները կարգավորել, այնպես էլ չի շտապում։ «Բոլորի համար է պարզ, որ կարգավորման հիմքում կան ծանր նախապայմաններ, ու դա հայկական կողմը շատ լավ գիտի։
Պաշտոնական հաղորդագրությունւմ նշվում է, որ չկան նախապայմաններ, բայց չգիտես թե ինչու, հարաբերությունները չեն կարգավորվում, արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվում, կողմերը բանակցություններում առաջ չեն գնում։ Ուստի ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ ՀՀ իշխանությունների կողմից նախաձեռնված է արհեստական գործընթաց Թուրքիայի ուղղությամբ, առանց որևէ արդյունքի, իսկ արդյունքները կլինեն երևի թե որոշ ժամանակ անց, երբ Հայաստանին ու Ադրբեջանին հաջողվի լուծել բոլոր հարցերը, այդ թվում՝ ճանապարհների շուրջ համաձայնության գալով, քանի որ սահմանազատման գործընթացից հետո ամենածանր հարցը լինելու է ճանապարհների շուրջ վերջնական բանակցությունը»,- ասաց Նադեին-Ռաևսկին։