Բաքվում և Անկարայում շտապում են, Փաշինյանի հարցը հաշված շաբաթների խնդիր է, ՔՊ-ն օդ է վաճառում, Օ՛Բրայենը ռևիզիայի է գալիս. Կարեն Բեքարյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի ներկայացուցիչ Կարեն Բեքարյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Շարժման վերաբերյալ Բագրատ սրբազանի փոխանցած մեսիջների առումով կարևոր էր, երբ մայիսի 10-ին ստրատեգիայի գերակայության կետեր հրապարակվեցին ժամանակավոր կառավարության հիմնական ուղղությունների մասին: Դրանց մեջ առանձնացնենք Հայաստանի արտաքին քաղաքականության օրինակելի օրակարգը, որը չի լինելու հարաբերությունները փչացնելու միտում ունեցող և «հակա»-ներով: Այդ օրակարգը պետք է լինի հայակենտրոն՝ հայկական շահերի ներքո շփվել գործընկերների, հարևանների հետ։ Երկրորդ էլեմենտն օրինակելի օրակարգի հռչակումն էր, այն է, թե Ադրբեջանի հետ հարաբերություններում մենք ինչի՞ հետ գործ ունենք և ինչի՞ հետ պետք է գործ ունենանք: Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ թե բանակցություններ են, այլ մի կողմից՝ պահանջների ներկայացում, իսկ մյուս կողմից՝ պահանջների կատարում։ Մի կողմից՝ ունենք Բաքվում պահվող պատանդների և գերիների հարց, մյուս կողմից՝ այս իշխանություններն անընդհատ հայտարարում են, թե բանակցում են խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամության մասին. սա նորմալ չէ։ Ինչպե՞ս կարելի է խոսել խաղաղության մասին, երբ Հայաստանի սուվերեն տարածքի մի մասը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ, ինչպե՞ս կարելի է այս և այլ փաստերի առկայության պայմաններում, առանց դրանք լուծելու, խոսել խաղաղության պայմանագիր ստորագրելու մասին։
  • Չկա Խաղաղության պայմանագիր կնքելու հիմք, կա միայն առանձնացված մի հատվածի՝ Տավուշի դելիմիտացիա և դեմարկացիա՝ կոնկրետ 1975թ. քարտեզով։ Կա երկու երկրների կողմից ստեղծված սահմանազատման հանձնաժողով, որն առանց կոնկրետ լիազորությունների՝ ստորագրում է մի հակաիրավական փաստաթուղթ՝ արձանագրություն։ Ադրբեջանն էլ հայտարարում է՝ եթե հետագայում սահմանազատման համար այլ հիմք ընդունվի, ապա պայմանները կարող են փոխվել:
  • Ադրբեջանը միակողմանի պոկում է իր ուզածը, իսկ Հայաստանի իշխանությունն ու միջազգային հանրությունն այդ գործընթացը ներկայացնում են՝ որպես լուրջ հաղթանակ։ Այն, ինչ այսօր կա, բանակցություն անվանել հնարավոր չէ։ Այս իշխանություններին հեռացնելուց հետո դա պետք է փոխարինել պատշաճ բանակցություններով։
  • Փաշինյանը բազմիցս հայտարարել է, թե երաշխիք չունի, որ պատերազմ չի լինի։ Եթե երկրի իշխանությունը չի իրականացնում անվտանգության ապահովման իր թիվ 1 գործառույթը, դա չանողն ինչպե՞ս կարող է մնալ իշխանության։ Այս իշխանությունը սեփական ժողովրդին հոգեբանական ահաբեկչության է ենթարկում՝ եթե այս կամ այն չանեք՝ պատերազմ կսկսվի խոսույթով։ Իշխանությունը, որն ավերիչ պատերազմ է բերել, այսօր խոսում է պատերազմ բերելու մասին: Բագրատ սրբազանի առաջնորդած կամ որևէ շարժում, պայքար չի կարող պատերազմ բերել: 
  • Երբ երկրի ներսում որևէ շարժ, պայքար է լինում, իրավապահ համակարգը ռեպրեսիաների է դիմում, որը ևս ահաբեկման մաս է։ Մինչև ոստիկանական համակարգի «բարեփոխում» կոչվածը մի քաղաքացուն երկու հոգով էին ջարդում, բարեփոխման արդյունքում մեկին 40 հոգով են ջարդում։

Կարդացեք նաև

  • Իշխանությունը պետության, երկրի համար պատասխանատվություն կրողն է, բայց այս իշխանությունն իր տեղում չէ, մեր երկրում ողբերգությունների շարքը հենց Նիկոլ Փաշինյանի օրոք է սկսվել. այս պարագայում ինչպե՞ս կարող է այս իշխանությունը մնալ, երբ ամեն ինչ ձախողել է և չի կատարում իր թիվ մեկ գործառույթը, և սրա մասին պետք է ժողովուրդը մտածի։
  • Արտաքին ուժերը Փաշինյանին օգտագործելու են այնքան, ինչքան հնարավոր է։ Մենք ոչ թե պետք է աշխարհին մեղադրենք, որ այդ երկրներից յուրաքանչյուրն իր շահն ունի և դրանով է շարժվում, այլ դա պետք է ընդունենք՝ որպես փաստ։ Մենք պետք է ՀՀ իշխանությունների գործողություններին նայենք ու դատենք ինքներս:
  • Այսօր աշխարհի դերակատարներից ոչ մեկի համար Հայաստանը սուբյեկտ չի: Այս 6 տարիների ընթացքում Հայաստանը սուբյեկտից վերածվել է օբյեկտի, Հայաստանի հետ չեն խոսում, իսկ եթե նույնիսկ խոսում են, ապա խոսում են շուկա անելով։
  • Հավատալ Փաշինյանի և իր իշխանության տարածած թեզին, թե երկրում իշխանությունների փոփոխության դեպքում կլինի պատերազմ, միանշանակ՝ աբսուրդ է, որովհետև հենց ինքն է հայտարարում, որ որևէ մեկը երաշխիք չի կարող տալ, որ պատերազմ չի լինի։ Իշխանությունների նպատակները չեն փոխվել, նույնն են՝ աշխատել ամեն կերպ պահել իրենց իշխանությունը, և դրա համար պատրաստ են զիջել Թուրքիային, Ադրբեջանին: 
  • Իշխանությունների մոտ կա հիստերիկ դրսևորումներով անհանգստություն Բագրատ սրբազանի առաջնորդած այս շարժումից։ Սեփական շարքերում էլ խնդիրները սարերի հետևում չեն, պարզապես հեծանիվ քշելով, փողոցում զբոսնելով՝ հանգստության իմիտացիա են ստեղծում հանրության ուշադրությունը շեղելու և սեփական թիմի ներսում կոնսոլիդացված կեղծ իրավիճակ ներկայացնելու համար։ 
  • Մի բան պարզ է՝ Ալիևը շարունակում է իր, այսպես կոչված, հաղթարշավը՝ նոր պահանջներ ամրագրելով: Այս բոլորին գումարվում է Հայաստանի Սահմանադրության փոփոխության, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ Ալիևի պահանջները Հայաստանից, բացի այդ, առ այսօր հանված չի Զանգեզուրի միջանցքի խնդիրը, սրան զուգահեռ հնչող հայտարարությունները, թե միջազգային վերահսկողության հարցը քննարկելի է։ Ֆիքսենք նաև Ադրբեջանից անընդհատ արվող հայտարարություններն «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզի և Հայաստան ադրբեջանցի փախստականների մեծ վերադարձի մասին։ Սա վկայում է, որ Բաքվում և Անկարայում շատ հստակ հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանի մնալու հարցը հաշված շաբաթների, օրերի խնդիր է, ուստի այս վիճակում ամեն ինչ անում են՝ պոկելու համար հնարավորը, քանի դեռ զբաղեցնում են իրենց պաշտոնները: Հստակ շտապողականություն կա Անկարայի և Բաքվի կողմից, զգացողություն ունեն, որ թուրք-ադրբեջանական՝ ամեն ինչ ստանալու ոսկե դարը կարող է ավարտվել: Կա շտապողականության շղթայական ռեակցիա՝ Թուրքիայի, Ադրբեջանի և, իհարկե, Հայաստանի իշխանությունների կողմից:
  • Այն, որ հաղորդագրության մեջ ասվում է, որ ԱՄՆ-ից Օ՛Բրայենի այցի շրջանակներում խոսելու են Ալմա Աթայի հռչակագրով ընթացող գործընթացների վերաբերյալ, սրանից ավելի ուղիղ ապացույց, որ Ադրբեջանը չի ուզում որևէ թուղթ ստորագրել, որտեղ կա այդ Ալմա Աթայի հռչակագրի մասին, չի կարող լինել: Հիմա օգնություն են մուրում Միացյալ Նահանգներից:
  • Բանակցային գործընթաց կոչվածը հասել է մի կետի, երբ Արևմուտքը շտապում է. հիմա բախման նոր կետ է դարձել Ալմա Աթայի հռչակագրի վրա հենվել-չհենվելը: Այս ամենը վկայում է մեր խղճուկ վիճակի մասին:
  • Կա՞ ներքին համոզվածություն, որ Ադրբեջանն Ալմա Աթայի հռչակագիրը հիմք է վերցնելու, իհարկե՝ չունենք նման համոզվածություն:

  • Դու էնքան բանակցող չես, էնքան չես կարողանում քո օրակարգը, քո ժողովրդին պաշտպանել, որ ամերիկյան կողմը պետք է քեզ պաշտպանի:
  • Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ իրենց նախապայմանի պատասխանն արդեն ստացավ Ալեն Սիմոնյանից, որը հայտարարեց, որ «Խաղաղության պայմանագրից» հետո Մինսկի խումբը կլուծարվի։ Այսինքն՝ Ալեն Սիմոնյանի միջոցով Հայաստանը տվեց իր համաձայնությունը Մինսկի խումբը լուծարելու վերաբերյալ: Համաձայնությունը պոզով-պոչո՞վ է լինում։ Պահանջի բավարարման ուղերձը տվեց Ալենը։ Եվ հիմա այս ամենը ի մի բերելով՝ ասենք՝ ի՞նչ է նշանակում և ի՞նչ գին ունի այս իշխանության մնալու ամեն ժամն ու օրը։ Այս իշխանությունների գործողությունները սեփական հանրությանը հիմարացնելու գործընթաց է։ 
  • Օ՛Բրայենը գալիս է ռևիզիա անելու, պարզելու, թե վերջին խոստումներից ինչքանն է արվել, կամ արվե՞լ է, թե՞ ոչ։ Եթե որևէ մեկին թվում է, թե աշխարհում ցանկացած երկիր բավարարված է ՀՀ այս իշխանությունների գործողություններից, սխալվում է: Արևմուտքը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը պոկում են այն ամենը, ինչ կարող են, բայց բավարարված չեն, տված խոստումները և կատարած քայլերն իրար չեն համընկնում, էս մարդը կարծում է, որ խաբելով, խոստումները չկատարելով՝ կարող է առաջ գնալ: Իշխանության ամպագոռգոռ հայտարարությունները վաճառքի է դրվել Օ՛Բրայենի գալուց առաջ, որպեսզի ինչ-որ ձևով մեղմեն իրենց խոստացածը չկատարելը։ Առհասարակ ո՞վ է զբաղվում օդ վաճառելով. նա, ով ուրիշ բանի համար պիտանի չէ: Էս մարդիկ առավոտից երեկո օդ են վաճառում։
  • Բուչայում ներկա է եղել Ուկրաինայում ՀՀ դեսպանը, որը ներկայացնում է երկիրը, բայց Զախարովան դրա մասին չի խոսում, այլ իր խոսքում ասում է խորհրդարանական պատվիրակություն՝ գուցե դրանով շեղելով բուն խնդրից։

  • Մտածել, որ Փաշինյանի կազմակերպած արտահերթ որևէ ընտրություն կարող է լինել արդար՝ միամտություն է, որովհետև դա հնարավոր չէ։ Դա լինելու է 2021 թվականի նման թակարդ։ 
  • Մեր պետության այսօրվա վիճակը հաղթահարելու և երկիրը բնականոն հուն բերելու համար պետք է տեխնոկրատ կառավարություն և ոչ թե՝ քաղաքական շահեր ունեցող քաղաքական դերակատարներից կազմված կառավարություն։ 
  • Շարժման նպատակը զուտ իշխանափոխությունը չէ։ 
  • Երբ Հայաստանը դառնում է ուժային կենտրոնների բախման կետ՝ մեզ համար իրավիճակը դառնում է խիստ վտանգավոր: Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման արդյունքում ձևավորվելիք տեխնոկրատ իշխանությունը պետք է փորձի իր օրակարգը պահելու ներքո հարաբերվել տարբեր ուժային կենտրոնների հետ:
  • Նախկիններ-ներկաներ ծեծված խոսույթը Հայաստանի նման փոքր երկրի պարագայում չի գործում: Տեխնոկրատ կառավարությունում պրոֆեսիոնալի համար պատասխանատվություն չի ստանձնում որևէ քաղաքական ուժ, պատասխանատվությունն իր վրա վերցնում է մասնագետը։

Մանրամասները՝ տեսանյութում.

Տեսանյութեր

Լրահոս