Հայաստանում ներքաղաքական իրադարձությունների առանցքային գեներատորն արտաքին ուժերն են. Մեծ Բրիտանիայի շահագրգռվածությունը շատ ավելի մեծ է. Հակոբ Բադալյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Փաշինյանն ու նրա կինը հեծանիվ քշելու կամ երաժշտության ներքո փողոցում անհոգ քայլելու քարոզչական հնարքներով մի կողմից՝ ուզում են իրենց համակիրներին ցույց տալ իրենց հանգստությունը, մյուս կողմից էլ՝ գուցե անհանգիստ են, բայց այդպիսով ուզում իրենց անհանգիստ համակիրներին հանգստացնել։
- Այսօր Հայաստանի և քաղաքական ղեկավարության ռեսուրսներն այնքան սուղ են, որ քարոզչական մեթոդներին են դիմում։ 2018-ից հետո առկա հնարավորությունները պետք է օգտագործվեին հասարակական-քաղաքական խնդիրները լուծելու համար, փոխարենը՝ գործող իշխանությունները նախկին-ներկա կարճաժամկետ հարցերով էին զբաղված։
- Ընդհանրապես ցանկացած իշխանություն հեռանում է, երբ տեսնում է, որ մնալու հնարավորություն չկա, ընդ որում՝ արտաքին մարտահրավերներին դիմակայելու տեսանկյունից: Այսօր Հայաստանի իշխանություններն իրենց գլխավոր խնդիրը տեսնում են իշխանությունը պահելը, և երկրի հիմնական ռեսուրսներն ուղղվում են այդ խնդիրը լուծելու համար: Իսկ արդյո՞ք Փաշինյանը, որի վրա է ի պաշտոնե մարտահրավերների ծանրությունը, և որը թիվ մեկ պատասխանատուն է, կարող է մտածել իր հեռանալու մասին։ Չեմ բացառում, որ կարող է մտածել, բայց Հայաստանի նման երկրներում հատկապես, աշխարհաքաղաքական ներկա իրավիճակում, իշխանության ղեկավարը, եթե անգամ մտածի հեռանալու մասին, դա այդքան էլ հեշտ բան չէ: Այսպիսի երկրներում, որտեղ չկան ինստիտուցիոնալ մեխանիզմներ, կայացած ավանդույթներ, որտեղ սահմանադրական կարգը չի որոշում իշխանության ձևավորումը, այլ տարբեր սուբյեկտիվ հանգամանքներով է պայմանավորված լինում, իշխանության գալն ավելի հեշտ է, քան իշխանությունից հեռանալը։ Նման իրավիճակներում պետք է փորձեն գտնել նաև անձնական անվտանգության երաշխիքներ: Բացի այդ, այսպիսի իրավիճակներում հանրային առաջնորդողի հարց պետք է ի հայտ գա, որպեսզի զարգացնեն ու ստեղծեն այնպիսի իրավիճակ, որ իշխանությունը մտածի հեռանալու մասին:
- Բագրատ սրբազանի գալով՝ Հայաստանում իրավիճակ փոխելու հնարավորություն կա: Հասարակական պրոցեսները հնարավոր է ճշգրիտ գնահատել և դիտարկել, եթե Փաշինյանը մտածում է հեռանալու մասին. բայց նա հենց այնպես չի հեռանա, դրա համար պետք է ձևավորել հասարակական ճնշման միջավայր, որը պետք է լինի արժեհամակարգային փոփոխություն կատարելու բովանդակությամբ, որն էլ իր հերթին՝ հնարավորություն կստեղծի Հայաստանին դուրս գալ համակարգային խնդիրներից:
- Հայաստանում երկիշխանություն չկա: Բագրատ սրբազանը փորձում է ձևավորել իշխանություն, և երբ այդ պրոցեսը հաջողություն կունենա՝ այդ դեպքում կարող ենք ասել, որ իշխանության հարցը լուծվել է, իսկ առայժմ գործող իշխանությունը գտնվում է իր տեղում։
- Խորքային իմաստով չեմ պատկերացնում այս իշխանությունների հեռանալը։ Իշխանության ձևավորումը փողոցում բարդ պրոցես է, որը կարող է տեղի ունենալ կառավարող տնտեսական էլիտաների փոխհամաձայնությամբ կամ կարող է լինել փոքր խմբերի միջոցով, որի համար պահանջվում է տիտանական աշխատանք։ Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձությունների առանցքային գեներատորն արտաքին ուժերն են։
- Կա տպավորություն, որ թե՛ իշխանությունը, և թե՛ Բագրատ սրբազանն աշխատում են ժամանակի վրա, կարծես կա սպասում դրսից ինչ-որ նշանակություն ունեցող զարգացումների։ Դա կարող է ձևավորվել Հայաստան-Ադրբեջան բանակցային օրակարգի շրջանակում, բայց դա կարող է դառնալ առիթ՝ գործընթացների համար, կամ ասենք՝ Վրաստանում իրավիճակը և զարգացումները կարող են էական ազդեցություն ունենալ ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ Հարավային Կովկասի վրա։
- Ելքն առաջին հերթին հասարակության մտածողության մեջ փոփոխություն կատարելն է, հետո նոր՝ արտաքին դերակատարների մոտ, արտաքին միջավայրում տրամադրություններ ձևավորելը Հայաստանում տեղի ունեցողի հանդեպ։
- Թուրքիայի և Ադրբեջանի աջակցությունը Փաշինյանին կարող է նաև այլ ենթատեքստ ունենալ, օրինակ՝ կարող են հաշվարկել, որ իրենց հայտարարություններով Հայաստանում ինչ-որ գործընթացներ հնարավոր կլինի խթանել։ Պետությունը պարտավոր է ապահովագրվել արտաքին, թեկուզ՝ փափուկ ուժի գործոնից։ Եթե հետևանքը լինելու էր Հայաստանի այս ճակատագիրը, ապա պետք էր կանխել արտաքին ցանկացած աղբյուրի գործողություն, այդ թվում՝ դրսից ֆինանսավորվող մեդիաների, հասարակական կազմակերպությունների գործունեությունը։
- Առաջին հերթին կարևոր է՝ իրավիճակ փոխելուն լծված առաջնորդները աշխատանք տանեն հասարակության հետ, որը բավական բարդ է: Դրանով շահագրգռված չէ արտաքին որևէ դերակատար, այդ առումով ևս բարդանում է Հայաստանում որևէ փոփոխություն անելը։
- Իշխանությունն ասում է, որ Հայաստանի շահը պատերազմից խուսափելն է, բայց կարևոր է, թե ինչպես են խուսափում. եթե ձևն Ադրբեջանի պահանջները կատարելն ու նրա ուզածը տալն է, ապա դա ոչ թե պատերազմից խուսափել է, այլ ուղղակի պատերազմը հետաձգել, և դա տեսնում է Ադրբեջանն ու անընդհատ շանտաժի միջոցով նոր պահանջներ է դնում ՀՀ իշխանությունների առաջ։
- Մեզ պետք է դիմադրության համակարգի ձևավորում, հիմա տեղի ունեցողը ևս մեկ հնարավորություն է։ Բագրատ սրբազանի շարժումը կարող է լինել այն ուժը, որը կարող է ապահովել շարժման համակարգայնությունը։ Շատ կարևոր է այդ համակարգի ձևավորումը, որպեսզի հերթական բռնկումը տեղի չունենա։ Չի բացառվում, որ որևէ արտաքին ուժ ցանկություն ունենա տեսնել դիմադրունակ Հայաստան:
- Հայաստանում տեղի ունեցող զարգացումներն այնպիսի բովանդակություն ունեն, որին չդիմադրելը տարօրինակ կլիներ։
- Աշխարհաքաղաքական բոլոր այն ուժերը, երկրները, որոնք հետաքրքրված են Հայաստանով, հետաքրքրված են նաև այս շարժումով, բայց դա ոչ թե աջակցելու նպատակով է, այլ տեղի է ունենում պարզապես, այսպես ասենք, ձեռքը զարկերակի վրա պահելու պրոցես։ Չեմ կարծում, որ շարժումն ունի արտաքին աջակցող կամ պատվեր։ Այսօր աշխարհաքաղաքական իրավիճակն անընդհատ փոփոխվում է, և դա կարող է մոտիվացվել և որոշակի դրսևորում ձևավորել Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների հանդեպ։
- Եթե չձևավորվի Կենտրոնական Ասիա, Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա Միջին միջանցքը, բրիտանական ռազմավարությունն էական հարված կստանա ոչ միայն այս, այլ նաև գլոբալ հարավից դեպի Մերձավոր Արևելք: Այստեղ տարածաշրջանում Մեծ Բրիտանիայի շահագրգռվածությունը շատ ավելի մեծ է:
- Ֆրանսիային կարող է հետաքրքրել Հայաստանի դիմադրունակությունը, որովհետև նրա համար ձեռնտու չէ, որ Թուրքիան և Ադրբեջանն այստեղ գերակայություն հաստատեն, դա ֆրանսիական ռազմավարությունից չի բխում:
- Իրանի շահերից է բխում դիմադրունակ Հայաստանը, բայց այստեղ կա մեկ այլ հանգամանք. ինչքան էլ դրա մասին խոսի Իրանը, այդ խոսույթը չի անցնի այն գիծը, որը կարող է ենթադրել Իրանի որևէ հակադրություն Ադրբեջանի հետ:
- Ադրբեջան-Իրան, Իրան-Ռուսաստան հարաբերությունները շատ ավելի խորքային են, Իրանի և Ադրբեջանի միջև Խոդա Աֆարինի կամուրջի բացման շուրջ համաձայնագրի աշխատանքները սկսվել էին դեռ 2016 թվականից, այն ժամանակ, երբ այդ տարածքը Հայաստանի վերահսկողության տակ էր։
- Մենք պետք է խորացնենք ոչ միայն Իրանի հետ հարաբերությունները, այլև Հնդկաստանի հետ, որը շահագործելու է Չաբահար նավահանգիստը և դեռ անցյալ տարվանից սպասում է Հայաստանի արձագանքին։
- Վտանգավոր մոլորություն է, եթե Հայաստանում կարծում են, թե ինչ-որ մեկը պետք է գա և մեր փոխարեն մեր գործն անի։
- Հայաստանը կարող է անվտանգային առումով չեզոք լինել այնքանով, որքանով դա ընդունելի կլինի Թուրքիայի, Իրանի համար։ Եթե նույնիսկ համաձայնեն այդ չեզոքության հետ, ապա ամենահարմար պահին կարող են դրա դեմ դուրս գալ՝ կամ փափուկ, կամ կոշտ ուժի կիրառմամբ։
- Պետք է լրջորեն քննարկել Աշխարհի անվտանգության համակարգերում տեղի ունեցող գործընթացները, օրինակ, պետք է հասկանալ՝ ինչ է կատարվում, ասենք, ՆԱՏՕ-ում։ ՆԱՏՕ-ի ապագան բավականին մշուշոտ է, և դրա համար է Մակրոնը հայտարարում, որ պետք է մտածել Եվրոպայի անվտանգության մասին։
- Հայաստանը պետք է այլընտրանքներ ստեղծի, բայց այլընտրանք ասելով՝ Հայաստանի իշխանությունները դիտարկում են ոչ թե «Ռուսաստանից բացի» այլ համագործակցությունների տարբերակը, այլ «Ռուսաստանի փոխարեն» տարբերակը։ Իսկ այս պարագայում ստեղծվում են հակադրություններ: Փնտրտուքը պետք է սկսել մեր ներքին վիճակը կարգի բերելուց և ներքին ինքնաբավ լինելն ապահովելուց հետո։ Դրա արդյունքում մենք կունենանք փոփոխություններ՝ նաև մեր հանդեպ վերաբերմունքի առումով։
- Թե՛ Արևմուտքում, և թե՛ Ռուսաստանում բարդ մեխանիզմների հետ գործ ունենք, իսկ մենք չենք էլ գիտակցում դա։ Մեզանում հասարակական գաղափարի մակարդակի են հասցնում տնտեսական բարեկեցությունը (Թուրքիայի հետ առևտուր կանենք, կապրենք, և այլ թեզերի շրջանառությունը,-հեղ.), որը, իհարկե, առանցքային է, բայց երբ դա ենք դարձնում ամենագլխավոր գաղափարախոսությունը, չափազանց վտանգավոր է։
- Ադրբեջանը թիրախի տակ է դնելու Հայաստանը, և դրանում առանցքային դեր է ունենալու հանքարդյունաբերությունը։
- ՌԴ փոխարտգործնախարար Մ. Գալուզինի հայտարարությունները մանիպուլյատիվ բնույթի են, այսօր խոսել ՀԱՊԿ միասնական տարածքի մասին՝ նույնքան մանիպուլյատիվ է, ՀԱՊԿ-ի ճակատագիրն էլ նույնքան մշուշոտ է, որքան ՆԱՏՕ-ինը։ Այդ հայտարարությունների խորքում այլ իրողություններ են։ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալով՝ ոչ մի հարց չի լուծելու, փոխարենը՝ կորցնելու ենք մի կարևոր լծակ։
- Տեղի է ունենում հայ-ռուսական հարաբերությունների տրանսֆորմացիա, և հիմնական թելը համագործակցությունն է տնտեսության ոլորտում։
- Եթե Գուրգեն Արսենյանի ագրեմանը հաստատվել է, ապա ստացվում է, որ հայ-ռուսական հարաբերությունների փոփոխություն է լինում, դեսպան է դառնում բիզնեսով զբաղվող մեկը, որը տիրապետում է այն համակարգին, որը Ռուսաստանի հետ հարաբերություններում առկա թելն է՝ տնտեսություն, առևտուր։
- Թուրքիայի նախագահ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունների մասին. Հայաստանին դեկորատիվ պետության տեղ են տալիս, այսինքն՝ Հայաստանը չպետք է ունենա որևէ հավակնություն, դեռ չեն որոշել, թե Հայաստանն ինչ սահմանով և քանի հազար քկմ տարածքով են ճանաչելու, պետք է կտրված լինի սփյուռքից, պատմությունից, իրավունքներից… իրենք են որոշելու՝ ինչ և ինչքան մեզ թույլ կտան։
Ընթերցողին հիշեցնենք, որ Բաքվում մեկնարկած միջազգային էներգետիկ ցուցահանդեսի մասնակիցներին հղած ուղերձում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ Միացյալ Նահանգները շահագրգիռ է Հարավային Կովկասում կայունության ապահովմամբ։
«Խաղաղ պայմանագրի ստորագրումը վերջ կտա երկարամյա հակամարտությանը և համաշխարհային մասշտաբով կփոխի Ադրբեջանի և Հարավային Կովկասի դերակատարությունը»,- ասել է նա և հավելել, որ
Ադրբեջանը շարունակում է մնալ համաշխարհային էներգետիկ անվտանգության կարևոր հենասյուն, հատկապես՝ Եվրոպայի համար։
Նիկոլ Փաշինյանին աջակցող Թուրքիայի նախագահ Էրդողանը նոր թրքամետ պահանջներ է դրել.
«Հայաստանը պետք է գիտակցի, որ «իր ապագան կապված է տարածաշրջանի երկրների հետ», և առաջին հերթին պետք է ձերբազատվի երրորդ երկրների և արտերկրի հայկական սփյուռքի վատ ազդեցությունից»,- Իզմիրում՝ EFES-2024 բազմազգ զորավարժությունների շրջանակներում «Բարձրաստիճան դիտորդի օր» կոչվող միջոցառման ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը:
Նա ընդգծել է, որ «Ղարաբաղի ազատագրումից» հետո տարածաշրջանում ձևավորվել է «կայուն խաղաղություն հաստատելու իսկապես պատմական հնարավորություն»։
«Այս հնարավորությունը չպետք է բաց թողնել։ Հայաստանը պետք է ձերբազատվի արտերկրում երրորդ երկրների և իր սփյուռքի վնասակար ազդեցությունից, դա էլ ավելի կմոտեցնի խաղաղությանն Ադրբեջանի հետ: Բացի այդ, հայ ժողովուրդը պետք է գիտակցի, որ ապագան կապված է տարածաշրջանի երկրների հետ, հարևանների հետ, որոնց հետ գոյատևել է դարեր շարունակ և շարունակելու է գոյակցել ապագայում։ Հայաստանը նաև պետք է քաջություն ունենա՝ անելու ամեն ինչ այդ նպատակներին հասնելու համար»,- նշել է Էրդողանը։
- Հայաստանը սփյուռքից տարանջատելու արդյունքում թուլանալու է և՛ Սփյուռքը, և Հայաստանը, դա նշանակում է՝ անդամահատել Հայաստանը։ Սփյուռքի առումով պետք է դիտարկել նաև Հայ Առաքելական եկեղեցին, որը հայերին կապող մեծ ցանց է՝ ինստիտուտ է: Իշխանությունների կողմից Հայաստան-Սփյուռք-Եկեղեցի հակադրությունը վտանգավոր է:
- Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը պետք է ձեռնպահ մնա էմոցիոնալ ծուղակներում հայտնվելուց, հակառակ դեպքում անգամ ամենատարբեր վայրիվերումների մեջ հայտնվելը ռեսուրսների սպառում է նշանակում:
Մանրամասները՝ տեսանյութում.