Ինչո՞ւ է ՌԴ-ն ցանկանում հյուպատոսարան բացել Ստեփանակերտում․ ո՞ւմ համար և ի՞նչ խնդիրներ կարող է լուծել ՌԴ հյուպատոսարանը

Օրերս Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասինն Ադրբեջանի Միլլի Մեջլիսի Միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեիդովի հետ հանդիպմանը հայտարարեց, որ Ռուսաստանը հույսեր է կապում Ադրբեջանի աջակցության հետ՝ Ստեփանակերտում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման նախապատրաստական աշխատանքների հարցում, որը կսկսվի մոտ ապագայում։

Կարասինը հայտարարել էր, որ Ռուսաստանը հույսը դնում է Ադրբեջանի աջակցության վրա՝ Ստեփանակերտում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման նախապատրաստական աշխատանքների հարցում, որը կսկսվի մոտ ապագայում։

Նա շեշտել էր, որ իրենց երկկողմանի խնդիրներից կնշեր Ստեփանակերտում գլխավոր հյուպատոսության բացումը, որի նախապատրաստական աշխատանքները նախատեսում են սկսել մոտ ապագայում և հույսեր են կապում Ադրբեջանի աջակցության հետ։

Կարասինի խոսքով՝ իդեալական կլիներ գլխավոր հյուպատոսությունը բացել 2024 թվականին։

Կարդացեք նաև

«Սա մեզ թույլ կտա վերացնել փոխադարձ հյուպատոսական ներկայության անհավասարությունը»,- հավելել էր Կարասինը։

Նա, թերևս, նկատի ունի այն, որ ՌԴ-ում Ադրբեջանն ունի երկու ներկայացուցչություն, ՌԴ-ն ևս ցանկանում է հավասարեցնել ներկայացուցչությունների քանակը՝ հյուպատոսարան բացելով ոչ թե Ադրբեջանի այլ քաղաքներում, այլ Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, սակայն, երեկ իր հերթական բրիֆինգի ժամանակ Ստեփանակերտում հյուպատոսարան բացելու ՌԴ մտադրության մասին հարցն անպատասխան թողնեց, թեև հարցը հենց ՌԴ ԱԳՆ տիրույթում էր։

Այնուամենայնիվ հայտնի է նաև, որ շուրջ երեք տարի շարունակվող խոսակցությունների ֆոնին Թուրքիան ևս Շուշիում հյուպատոսարան բացելու մտադրությունը գործնական փուլ է մտցրել։ Մայիսի 10-ին Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջախիտ Բախչին հայտարարել էր, որ Թուրքիան Շուշիում հյուպատոսություն բացելու հարցում է ուղարկել Ադրբեջանին, այս հարցի շուրջ բանակցությունները երկու երկրների միջև շարունակվում են։

«Մեր երկիրը քննարկում է այդ հարցը, և երբ ժամանակը գա, հյուպատոսությունը կբացվի»,- ասել է դիվանագետը։

168am-ի հետ զրույցում ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն այս թեմայի վերաբերյալ ուշադրություն հրավիրեց մի քանի հանգամանքի վրա։

Նա ընդգծեց այն փաստը, որ այս ամենը տեղի է ունենում Պուտին-Ալիև բանակցություններից հետո, երբ ադրբեջանական կողմը սկսեց հայտարարել, որ սկսվում է Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերման գործընթացը։

Վերլուծաբանը գտնում է, որ կարևոր է նաև արձանագրել այն խորհրդակցությունը, որը տեղի ունեցավ վերջերս ՌԴ ԱԳՆ-ում՝ Անդրկովկասում ՌԴ որոշումների վերաբերյալ։

«Պարզ է, որ Ռուսաստանը նման ցանկության և անհրաժեշտության դեպքում, եթե դա նախատեսված է Ադրբեջանում բնակվող ՌԴ քաղաքացիների համար, կարող էր բացել, օրինակ, ՌԴ նախագահական ընտրություններին ընդառաջ` ապահովելու ՌԴ քաղաքացիների պատշաճ սպասարկումը։ Սակայն սա ավելի շատ կապված է աշխարհաքաղաքական զարգացումների և այն կարևորության հետ, որն ունի այս ռեգիոնը Ռուսաստանի և Թուրքիայի համար, որը ևս պատրաստվում է բացել հյուպատոսություն, որը, բնականաբար, ևս նախատեսված չի լինելու թուրք բնակիչների համար, որոնք չկան»,- նման կարծիք հայտնեց Եվսեևը։

Նա հակված է մտածելու, որ սրանով ՌԴ-ն, ռազմական ներկայությունը փոխարինելով դիվանագիտական ներկայությամբ, յուրատեսակ քայլ է անում՝ դրանով իսկ կրկին նախապատրաստվելով հնարավոր ապագա զարգացումներին այս ռեգիոնում։

«Իսկ զարգացումները կարող են բազմազան լինել։ Հիշեցնեմ, որ մինչ խաղաղապահների դուրսբերումը ՌԴ-ն առաջարկում էր քննարկումների օրակարգ ներառել ղարաբաղահայության վերադարձի հնարավորության հարցը։ Սա կարող է դառնալ զարգացումների մի ուղղություն, որի համար կարող է նախատեսված լինել հյուպատոսարանը։ Ինչպես նաև մի շարք այլ հնարավորություններ ևս կան։

Վստահ եմ, որ Ադրբեջանը հեշտությամբ չի համաձայնելու, թեման ադրբեջանական մամուլում ակտիվորեն չի քննարկվում, և փորձելու են խոչընդոտել այս ծրագրի իրականացմանը։ Սակայն սա չափազանց իրատեսական է»,- նկատեց Եվսեևը։

Տեսանյութեր

Լրահոս