Հաջի ընթացքում Մեքքայում արդեն 1000-ից ավելի ուխտավոր է մահացել
Արդեն հազարից ավելի ուխտավոր է մահացել Սաուդյան Արաբիայում հաջի ժամանակ, հայտնել է France-Presse-ը` հիմնվելով սեփական հաշվարկների վրա:
Հաջը իսլամի հինգ հիմնասյուներից մեկն է, ուխտագնացություն դեպի Մեքքա և Մեդինա, որը յուրաքանչյուր մահմեդական պետք է գոնե կյանքում մեկ անգամ կատարի։
Նշվում է, որ մահացածների կեսից ավելին չգրանցված ուխտավորներն են։
Նշենք, որ այս տարի հաջը սկսվել է անցած ուրբաթ։ Եղանակի դիտարկման AccuWeather կայքը հայտնել է, որ երկուշաբթի Մեքքայում ջերմաստիճանը հասել է 45 աստիճանի ըստ Ցելսիուսի: Ընդ որում, թագավորության օդերևութաբանական ծառայությունն այդ օրը մեծ մզկիթում 52 աստիճան շոգ է գրանցել։
Ռուսական հաջ-առաքելության ղեկավար Հիզբուլլա Ասուևը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ ուխտագնացության ժամանակ մահացել է Ռուսաստանի հինգ քաղաքացի, նրանց կթաղեն Մեքքայում:
Սաուդյան Արաբիայի իշխանությունները մահացածների թվի մասին տեղեկությունն առայժմ չեն հաստատում։
Թագավորության առողջապահության նախարարությունը կիրակի` Հաջի հիմնական օրը, հաղորդել է, որ 2764 ուխտավորներ դիմել են բժշկական օգնության ջերմային հարվածների պատճառով, իշխանությունների խորհուրդներին չհետևելու հետևանքով:
Հիշեցնենք, որ Մեքքան գտնվում է Սաուդյան Արաբիայի արևմուտքւմ՝ Կարմիր ծովից 100 կմ հեռավորության վրա: Այն համարվում է մուսուլմանների ուխտագնացության կենտրոն, ոչ մուսուլմանների մուտքը Մեքքա արգելվում է:
Այն իր նշանակությամբ համարվում է մուսուլմանների գլխավոր սուրբ քաղաքը: 570թ.-ին այստեղ է ծնվել նաև իսլամի կարևորագույն մարգարեն՝ Մուհամմադը։
630թ. ամրապնդելով իրենց դիրքերը՝ 10.000-անոց մադինայական մուսուլմանների զորքը Մուհամմադի գլխավորությամբ մտավ Մեքքա և քաղաքը հանձնվեց առանց ճակատամարտի, իսկ բնակչությունը ընդունեց իսլամ:
Սրբազան Քաաբայի (իսլամական ավանդույթի համաձայն «սև քարը» Ադամին էր իջացրել Ալլահը) հետ Մեքքան դարձավ կրոնական կենտրոն, իսկ մուսուլմանները սկսեցին աղոթքի ժամանակ դեմքով կանգնել դեպի Մեքքա (մինչ այդ կիբլա էր համարվում Երուսաղեմը)։
Մեքքայի կենտրոնում է գտնվում աշխարհում գլխավոր և խոշորագույն Ալ-Հարամ (Արգելված, Մեծ) մզկիթը իսլամի գլխավոր սրբավայր Քաաբայի հետ: